Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»

«Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»
31.10.2013 | 14:59

Առավել է,

մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը:


Ա. ԵՓՐԵՄՅԱՆ

«Հայ գիրք» գրախանութում անցկացվում են հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ: Այս անգամ միջոցառման հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆՆ էր: Սիրված գրողը կարդաց իր հին ու նոր ստեղծագործություններից, ներկայացրեց նաև Բրոդսկու գործերը` իր թարգմանությամբ, մեկ գործ էլ Բլոկից:
Գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանը նկատեց, որ մենք ապրում ենք բացառիկ ժամանակներում ու մեզ պետք է բացառիկ զգանք, որովհետև մեր կողքին Ավագ Եփրեմյանի պես պոետներ են ապրում: Նրա կարծիքով` Ավագ Եփրեմյանին ներկայացնելու կարիք չկա, գոնե այս միջավայրում, ասաց, որ կուզեր՝ հանդիպումը ծառայեր իր նպատակին, բացահայտեինք այն Ավագին, որին մինչև այսօր չենք կարողացել բացահայտել, Ավագի գրչի մեջ որսայինք այն հատկանիշները, այն տրամադրությունները, խորքային ասելիքը, որ գուցե առայսօր չենք կարողացել որսալ:
Հստակ է ընթացքը դեպի սակավախոսություն, խտախոսություն, բոլորը խոսում են, բանաստեղծի գործը բարդանում է, բառի միջոցով բառը հաղթահարելու, բառով լռությունը ֆիքսելու անհրաժեշտություն կա մեր օրերում: Այսպիսի տեսակետ հնչեց, որը ներկայացնում եմ մոտավոր, պատասխանն` առանց խմբագրման:
«Իրականում ոչ մի նշանակություն չունի, թե քանի բառ ես օգտագործում, եթե բառերդ տեղին լինեն: Բանաստեղծությունն ինքը, կարծում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ հաճախականություն: Հիմա, եթե այդ հաճախականություններն ընդունող ալեհավաքն ես, ճիշտ կլինի, ավելորդ բառեր չեն լինի: Իհարկե, չարչարանք է, ինչ-որ տեղ գուցե ոչ երկնահաճո գործ է իմ բանաստեղծելը: Եթե մոլորակի վրա կատարվող մյուս գործերի հետ համեմատենք, գուցե թե արդարացում ունենա: Որովհետև ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ ու ևս մի որովհետև` չարչարանքի մեջ դրված էությանը, ինչպիսին մարդ արարածն է, պիտի թույլ տալ խոսի գոնե, և հատկապես խոսի այն, ինչ ինքն է ուզում ու հատկապես, եթե գլխի է ընկել դա, խոսի բանաստեղծությամբ, որովհետև բանաստեղծությունը բարձրագույն դրսևորումն է խոսքի, լեզվի: Գենետիկ հիշողությունն ասում է գուցե, որ նա, ով արարել է մարդուն, ըստ երևույթին, խոսել է հենց բանաստեղծությամբ, չափով, ռիթմով` իբրև հաճախականություն, իբրև արարչական հաճախականություն, խոսքն այստեղ մեր` այդ հաճախականության մեջ մտնելուն պետք է վերաբերի»:
Պատասխանը խոսք է պահանջում, իսկ խոսքը հարգանք է պահանջում: Հարց տալ ու պատասխան ակնկալելը պարտադրանքի ձև է: Այս կերպ խուսափեց Ավագ Եփրեմյանն իրեն ուղղված հաջորդ հարցերից: «Էդմոն Ավետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասում է` ընկեր ունեմ, պատահում է հարց եմ տալիս, ասում է՝ կմտածեմ, և ասում է, սովորաբար մտածում է մեկ տարի»,- ասաց նա, հետո հավելեց` ֆեյսբուքյան գրառումները երևի հենց հարցերից խուսափելու համար են, բանաստեղծությունն էլ, նկատեց, որ բարձրաձայն կարդալու բան չէ:
Երեկոն «Հայ գիրք» գրախանութում ավագեփրեմյանական էր:
Հավելենք, որ «Պոեզիայի ժամ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆԻ հետ» միջոցառմանը շուտով կհաջորդի գրողի «Վարք. սեւագրություն» գրքի շնորհանդեսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Ավագ Եփրեմյանն ընթերցում է Ժակ Բրելին նվիրված իր բանաստեղծությունը
Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ