Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ծրագրայի՞ն», «լոմբարդայի՞ն», թե՞ «սոցիալական» բյուջե

«Ծրագրայի՞ն», «լոմբարդայի՞ն», թե՞ «սոցիալական» բյուջե
03.11.2013 | 13:05

Քաղաքական դաշտում վերջին մի քանի օրերին իրարանցում է` քննարկվում է 2014-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Առաջին անգամ բյուջեի նախագծով նախատեսվում է նպաստների կրճատում, ինչն էլ բանավեճի հիմնական թիրախներից է։ Թեմայի շուրջ զրուցում ենք ԱԺ պատգամավորների հետ։

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒԾԵԼ ԳՈՆԵ ՄԻՆԻՄԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության անդամ)


-Այդ հարցը մեզ ևս հուզում է, և մենք այն բարձրացրել ենք, նշելով, որ չպետք է նպաստները կրճատվեն, և ամբողջ գումարն ուղղվի այլ ծրագրերի։ Այն, որ պետական միջոցները պետք է նպատակաուղղված լինեն, և այն, որ պետությունը պարտավոր է հոգալ իր ծրագրերի արդյունավետության ապահովման մասին, փաստ է։ Սրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ կառավարության հնգամյա ծրագրում սևով սպիտակի վրա հաստատված է, որ պետք է ստեղծել 100 հազար աշխատատեղ։ Նշվածից ելնելով, կառավարությունը պետք է փնտրի տարբերակներ, որ կարողանա կոմպենսացնել աշխատատեղ փնտրող քաղաքացիներին տրվող փոխհատուցման հարցը։ Թեև աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն իր ելույթում ասաց, որ, ըստ էության, նպաստի գումարները չեն կրճատվելու, այլ մեկ ուրիշ ֆորմատով ուղղվելու են կոնկրետ հասցեատերերին, այնուհանդերձ, կարծում եմ, որ անհրաժեշտ է քննարկել այդ ֆորմատը, որից հետո միայն կկարողանանք հստակ գնահատական տալ։ Սակայն այս պահին մենք կողմնակից ենք, որ մարդիկ ստանան իրենց նյութական աջակցությունը։
-Այ, Դուք ասում եք` կառավարությունը պետք է ստեղծի աշխատատեղեր, բայց «պետք է»-ն իրավական կատեգորիա չէ, այն ցանկությունների դաշտից է, և...
-Ձեզ ընդհատեմ։ «Պետք է» ասելով նկատի ունեմ` պարտավոր է, քանի որ այդ դրույթները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ։ Այսինքն, պետությունը պարտավոր է հոգալ և՛ աշխատատեղերի ստեղծման, և՛ նպաստների ապահովման խնդիրները։ Հիշեցնեմ` 2005-ին, Սահմանադրության փոփոխության ժամանակ, ամրագրվեց սոցիալական մի ամբողջ փաթեթ։ Եվ քանի որ պետությունը պարտավոր է ապահովել նշված խնդիրները, պետք է լրջորեն քննարկենք թե՛ նպաստների հասանելիության, թե՛ հետագայում դրանք նոր ֆորմատով իրականացնելու հարցերը։
-Բյուջեի նախագծի քննարկման առաջին օրը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այն անվանեց «լոմբարդային»։ Դո՞ւք ինչպես կանվանեիք։
-Սա սոցիալական ուղղվածության բյուջե է։
-Անգամ նպաստների կրճատման պարագայո՞ւմ։
-Իհարկե, այն հեռու է սոցիալական բոլոր խնդիրներին լուծում տալուց, սակայն, միևնույն ժամանակ, բոլորս լավ գիտենք, որ նույն այս նախագիծն ապահովում է ավանդների փոխհատուցման գործընթացի, անվճար ծննդօգնության ծրագրի շարունակականությունը։ Սա մեր կուսակցության համար կարևորվում է, քանի որ ի սկզբանե մենք էինք դրանց գաղափարակիրը։
-Այն, որ ավանդների փոխհատուցման գաղափարակիրն ՕԵԿ-ն է, փաստ է, սակայն հավաստագրերով անվճար ծննդօգնության ծրագիրը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությունն է, ոչ թե ձեր կուսակցության։
-Գիտե՞ք ինչ, ով ինչպես ցանկանում է, կարող է պատմությունը մեկնաբանել։ Սակայն, նման պնդում անելուց առաջ, լավ կլիներ ուսումնասիրեիք 2004-2005 թթ. օրենսդրական նախաձեռնությունները։
-ՈՒսումնասիրել եմ, անվճար բուժօգնության պետական ծրագիրը կառավարության նախաձեռնությունն է եղել, իսկ ՕԵԿ-ը 2004-2005 թթ. գործադիր իշխանության առջև բարձրաձայնել է մարդկանց դժգոհությունը ծննդօգնությունում ստվերի առնչությամբ, ինչի հիման վրա էլ առողջապահության նախկին նախարարը պետական ծրագիր մշակեց։
-Մեղմ ասած, չեմ ուզում բանավիճել։ ՈՒղղակի ասեմ, որ վեց տարի առաջ մենք էինք խոսում ուսման վճարների համակարգում պետության կողմից շեմ սահմանելու անհրաժեշտության մասին, հիմա այն քննարկվում է։ Թող մարդկանց համար լավ լինի, մեր ժողովուրդը լավ ապրի, մենք դեմ չենք, մեր նախաձեռնությունները մեր մենաշնորհը չենք համարի։ Սակայն, եթե վերադառնանք բյուջեին, ապա ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ 2014-ի պետբյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածության է։
-Ի՞նչ եք կարծում, առկա տնտեսական իրավիճակի պայմաններում ինչի՞ հաշվին են իրականացվելու 2014-ի սոցիալական ծրագրերը։
-Նախագիծը նախատեսում է տնտեսական աճ։ Թե որքանով այն կիրականացվի, ժամանակը ցույց կտա, համենայն դեպս, 100 մլրդ դրամի հավաքագրում պետք է իրականացվի, և դա պետք է արվի ոչ թե վարչարարության խստացման հաշվին, այլ, առաջին հերթին, տնտեսական աճի խթանման։ Այս դժվարին պայմաններում կանխատեսում անելը լուրջ խնդիր է, բայց որ հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածության է, փաստ է, և մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք սոցիալական ոլորտում լուծել գոնե մինիմալ խնդիրները։

«ՍԽԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՃԻՇՏ ԲԱՇԽՄԱՆԸ»

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
(ԱԺ ՀՅԴ խմբակցության ադամ)
-Պարոն Մինասյան, 2014-ի բյուջեի նախագիծը կառավարությունը գնահատեց ծրագրային, ԲՀԿ-ն «լոմբարդային», իսկ ՕԵԿ-ը` սոցիալական ուղղվածության։ Իրողությունն այն է, որ այս տարի տնտեսական անկում է արձանագրվել, ինչն ի զորու չէ թաքցնելու անգամ վիճակագրությունը։ Ներկա իրավիճակը հնարավորություն տալի՞ս է 2014-ին ապահովելու տնտեսական աճ կամ էլ ունենալու սոցիալական ուղղվածության բյուջե։
-Չորս տարի է` ես խուսափում եմ պետբյուջեներին որևէ անվանում տալուց, որովհետև այն արտացոլում է երկրի հիմնական տնտեսական վիճակը։ Այս պահին որևէ անվանում տալը, կարծում եմ, ճիշտ չէ։ Կարևորն այն է, թե բյուջեի նախագծով ամրագրված միջոցները որքան են արդար բաշխված և որքան են նպաստելու հետագա զարգացումներին։ Սա` մեկ։ Երկրորդ` ի՞նչ հնարավորություն կտա բյուջետային քաղաքականությունը, դրա միջոցով կկարողանա՞ն ապահովել ավելի մեծ բյուջե, որովհետև փոքր բյուջեի դեպքում ևս չես կարող իրականացնել հիմնական նպատակները։ Հետևաբար, այս երկու չափորոշիչներով եթե դատենք, ապա պետք է ֆիքսենք, որ շատ հեռու ենք միջազգային փորձից` արդար բաշխման հայեցակարգից։ Սկսած աշխատավարձերից մինչև եկամուտների վերաբաշխում, ինչպես նաև եկամուտների հավաքագրման արդար համակարգի չգոյությունը թույլ չի տալիս խոսել դրանց արդար բաշխման մասին։ Հաջորդ կարևոր հարցն այն է, որ պետբյուջեն ներկա կառավարության կողմից, ցավոք, դիտարկվում է որպես եկամուտ ապահովող և մնացորդային ծախսեր ապահովող բյուջե։ Օրինակ, նույն կրթության, առողջապահության, սոցիալական, մշակութային ոլորտներն ապագայում զարգացում ապահովող ճյուղեր են, մինչդեռ կառավարությունը դրանք դիտարկում է այլ կերպ. «Այսօր այսքան գումար ունենք, այդքան ենք տալիս, գնացեք ապրեք»։ Այս մտայնությունը դեռ երկար ժամանակ չի կարող զարգացում ապահովել։ Սա նշանակում է, որ պետք է փոփոխություն կատարվի փիլիսոփայության մեջ։ Կարծում եմ` եթե իշխանությունները գիտակցեն այս ամենը, ապա կկարողանան ավելի որակյալ, տրամաբանական և զարգացում ապահովող բյուջեի փաթեթ ներկայացնել։
-Որքան գիտեմ, ներկայացված նախագծում Դուք բազմաթիվ դրական դրույթներ եք ընդգծել, կնշե՞ք մի քանիսը։
-Օրինակ, հանրային ծառայության վարձատրության ծրագրի մեկնարկը։ Մշակութային ոլորտում որոշակի թիրախավորումները։ Սրանք իսկապես կարևորում եմ, այլ դրական բաներ ևս կան, սակայն, այնպես չէ, որ բյուջեն ամբողջությամբ կարելի է դրական գնահատել, որովհետև սխալ տնտեսական քաղաքականությունը չի կարող նպաստել բյուջեի ճիշտ բաշխմանը կամ էլ բյուջետային ճիշտ քաղաքականությանը։
-Հարկային քաղաքականությունը նպաստո՞ւմ է բիզնես ոլորտի զարգացմանը, որն էլ իր հերթին թույլ կտա 2014-ին տնտեսությունից ներգրավված գումարներով լուծել սոցիալական խնդիրներ։
-Ակնհայտորեն` ոչ։ Հարկային քաղաքականությունն այսօր ցավալիորեն դիտվում է որպես բյուջեի մուտքեր ապահովող, ոչ թե տնտեսության զարգացում ապահովող միջոց։ Ընդգծում եմ` զարգացում ապահովող և ոչ տնտեսական աճ, քանի որ սրանք տարբեր բաներ են։ Եթե աճը տնտեսության անվանական մեծությունն է, ապա զարգացումը ստացված մեծության հավասար բաշխումն է հասարակության բոլոր շերտերի միջև։ Իսկ տարվող հարկային քաղաքականությունը բոլորովին չի նպաստում այդ խնդրի լուծմանը։ Սա նշանակում է, որ մենք չունենք արդար, արդյունավետ, տնտեսությանը երկարաժամկետ զարգացում ապահովող հարկային համակարգ։
-Կառավարությունը վստահեցնում է, որ նպաստների կրճատումը հատկացվող գումարներն ավելի նպատակային և հասցեական դարձնելու նպատակ ունի։ Ո՞րն է սրա տրամաբանությունը։
-Այս երկու ծրագրերի միջև տրամաբանական կապ չեմ տեսնում, այն արհեստական է։ Ես դեմ եմ զբաղվածության նոր օրենքի շրջանակներում գործազրկության նպաստի կրճատմանը, անկախ նրանից, այդ գումարները նպատակաուղղվում են այլ ծրագրերի իրագործմանը, թե ոչ։ Դեմ եմ, որովհետև ծախսերի նման կրճատումը հակասում է Սահմանադրությանը, որում ամրագրված է, որ սահմանադրական փոփոխություններից հետո սոցիալական իրավունքները պետք է գործեն առնվազն այն ծավալով, որ եղել են մինչ փոփոխությունները։ Ի դեպ, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններում նույնպես ամրագրված է վերը նշված դրույթը։
-Ի վերջո, չեմ կարծում, թե հատկացվող նպաստի չափն այն գումարն է, որը թույլ է տալիս մարդուն լուծել իր առտնին հոգսերը` առանց աշխատելու։
-Ակնհայտ է, որ այդ գումարը չէ։ Այս հարցում սխալ ընկալում կա։ Իրականում գործազրկության նպաստն անապահովության հետ կապ չունի։ Այս երկու կարգավիճակները խառնել իրար նշանակում է չտարանջատել սոցիալական պաշտպանության և զբաղվածության համակարգերը։ Մյուս կողմից, զբաղվածության քաղաքականության մեջ պետք է ներառել հարկային, մաքսային, ՓՄՁ աջակցության բոլոր ոլորտները։ Եվ եթե մենք զբաղվածության հարցը համալիր չդիտարկենք, ապա ստացվում է, որ մասնակիորեն աչք ենք փակում բազմաթիվ խնդիրների վրա և կոծկում դրանք։

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ Է ՍՏՎԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
(ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ անդամ)
-Պարոն Մելքումյան, 2014-ի պետբյուջեն ինչ-որ տեղ սոցիալական է համարվում, սակայն, դրա հետ մեկտեղ, նախատեսվում է երեք անգամ բարձրացնել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ շարքային աշխատողներինը` 2-3 հազար դրամով։ Սոցիալական արդարության տեսանկյունից սա արդարացվա՞ծ է։
-Մինչ սոցիալական արդարությանն անդրադառնալը առաջին հերթին պետք է հիշել, որ, ՀԲ-ի տվյալներով, տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է` 35 %։ Սա նշանակում է, որ մնացած բոլոր հարցերը պետք է ուղղված լինեն այս խնդրի կարգավորմանը։ Աշխատավարձերի բարձրացման օրինագծով կառավարությունը փորձ է անում առաջին անգամ միասնականացնելու աշխատավարձերի մակարդակի գոյացման սկզբունքը։ Խնդիրը ոչ թե աշխատավարձերի միասնականացման, այլ գործակցի մեջ է։ Ինչո՞ւ պետք է ավելի ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձն ավելի քիչ բարձրանա սահմանված գործակցի համաձայն, իսկ բարձրի դեպքում` ավելի շատ։ Այս առումով սոցիալական արդարությունը պահպանված չէ։ Օրինագիծը տարածվելու է շուրջ 165 հազար աշխատողների վրա, սակայն գործադիր, օրենսդիր և դատական իշխանության աշխատակիցների թիվը 17 հազար 172 է։ Եթե այս թիվը հանենք եղած 165 հազարից, ապա ստացվում է, որ 147 828 -ի աշխատավարձը կտրուկ չի բարձրանա, քանի որ բարձր գործակցով չի հաշվարկվելու։ Այս առումով մենք կողմ ենք, որ գործակիցներն ավելի բարձր լինեն մշակույթի, գիտության, կրթության ոլորտի ոչ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում։ Գաղտնիք չէ, որ գրադարանների, թանգարանների աշխատողներն ամենացածրն են վարձատրվում։
-Ամեն դեպքում, եթե աշխատավարձերի բարձրացման օրինագիծն ընդունվի, դա նշանակում է, որ 2014-ի պետբյուջեով բարձր աշխատավարձեր են սահմանվելու։ Ներկայիս տնտեսության ակտիվության մակարդակը կարո՞ղ է ապահովել այդ բարձր աշխատավարձերը։
-Շատ տեղին հարց էր։ Պետք է հասկանալ, թե որքան է հարկային սահունության գործակիցը։ Անցած տարի 2,7 է եղել գործակիցը։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն փաստում է, թե 1 % ՀՆԱ-ի աճը լրացուցիչ որքան մուտքեր է բերում։ Հիմա 2014-ի պետբյուջեով լրացուցիչ 99,2 մլրդ դրամ մուտքեր են սահմանված, և Դուք իրավացի եք` որտեղի՞ց ենք այն ապահովելու։ Իհարկե, հիմնական աղբյուրը տնտեսական աճն է, որը նախատեսված է 5,2 %։ Սակայն նկատենք, որ 2013-ին նախատեսված 6,2 % տնտեսական աճը չապահովվեց, սպասվում է 4,1 %-ի աճ։ Այս տարի նախատեսված 9,3 %-ի փոխարեն արդյունաբերությունում սպասում են 3 %-ի աճ։ Սա ոչ թե լեռնահանքային ոլորտի խնդիրների հետևանք է, այլ էներգետիկայի ոլորտում էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման կտրուկ նվազման։ Նկատենք, որ շինարարության ոլորտում գործնականում ոչ թե աճ է գրանցվել, այլ մինուսով են աշխատանքներն ընթանում։ Սրանից ելնելով, ակնհայտ է, որ տարեվերջին կունենանք տնտեսական աճի և գնաճի ռիսկեր։ Հաջորդ անհասկանալի խնդիրն այն է, որ կառավարությունն իջեցնում է ՀՆԱ-ներդրումներ հարաբերակցությունը։ Եթե 5 տարի առաջ այդ հարաբերակցությունը 31 % էր, այժմ այն իջեցվել է 16-17 %-ի։ Սա անհասկանալի է, քանի որ մի կողմից` ասում են, որ գործարար միջավայրը բարելավում են, մյուս կողմից` ծրագրում են ցածր ներդրումներ։ Սա նշանակում է, որ 2014-ին կանխատեսված տնտեսական աճը մասամբ կիրականացվի։ Ի դեպ, ասելու եմ մի բան, որն առաջին անգամ եմ ասում. բյուջետային ուղերձում հարկային մասով ամենամեծ հարկը նախատեսված է եկամտահարկի մասով` 225 մլրդ դրամից այն դառնալու է 287 մլրդ դրամ, իսկ ԱԱՀ աճն ավելանում է ընդամենը 21-22 մլրդ դրամով։ Սա ինձ համար անհասկանալի է։
-Գուցե եկամտահարկի 61 մլրդ դրամի ավելացումը նախատեսվում է հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր աշխատավարձերի պահումների՞ց։
-Ո՛չ, դրա հաշվին այդքան ավելացում հնարավոր չէ։ Ցանկացած մարդ դրանում կհամոզվի, եթե հաշվարկ կատարի` քանի՞ մարդու աշխատավարձ է կտրուկ բարձրանալու։ Խնդիրն այն է, որ այս ամենը խթանելու է ստվերայնությունը։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ