Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեծ աղմուկ ոչնչից

Մեծ աղմուկ ոչնչից
01.11.2013 | 00:07

Ամենասկզբում, երբ տարբեր, այդ թվում էլեկտրոնային, լրատվամիջոցներով, ինչպես նաև տխրահռչակ «սոցիալական ցանցերով», սկսեց տարածվել հայտնի հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, ղարաբաղյան շարժման վետերան Զորի Բալայանի «Բաց նամակը»՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, անկեղծ ասած, չէր թվում, թե այդ նամակի տեքստը և հենց Զորի Բալայանի այդ քայլն այդքան տարօրինակ արձագանք կգտնեն և այդպիսի տարատեսակ գնահատականների կարժանանան։
Ամենաշատը, երևի, «ի՞նչ է ուզում դրանով ասել» հարցն էր հուզում։ Ի՜նչ ասես չէին փորձում տեսնել այդ բաց նամակում։ Առավել «խելոք գլուխները» սկսել էին անգամ մի ամբողջ հակաքարոզչություն ընդդեմ... արքեպիսկոպոս Պարգև սրբազանի՝ Արցախի հոգևոր թեմի առաջնորդի, իբր այդ նրա հետ համաձայնեցված «ակտն» է հենց իրականացրել Զորի Բալայանը։ ՈՒրիշները Զորի Բալայանին մեղադրում էին «ստրկամիտ հոգեբանություն» ունենալու մեջ և այսպես շարունակ։ Մի երրորդ խումբ հասել էր այնտեղ, որ ասում էր, թե, իբր, Վեհափառ Հայրապետը շատ է զայրացած Զորի Բալայանի և Պարգև սրբազանի վրա, այնքա՜ն խիստ է զայրացած Գարեգին Երկրորդը, որ...
Ծայր առան հասարակական ու քաղաքական այլ գործիչների, կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներ ու մեկնաբանություններ։ ՈՒ քանի գնում կենացները քաղցրանում էին։ Ինքը` Զորի Բալայանը, հարկադրված էր հրապարակային երկխոսության մեջ մտնել իր ընդդիմախոսների հետ և պատասխանել նրանց գլխավոր մեղադրանքին. Զորի Բալայանը, իբր, մեր Արցախը «նվիրել է» Ռուսաստանին։ Սակայն ոչ մի կերպ չէիր կարողանում ազատվել մի ինչ-որ թատերականացվածության զգացողությունից՝ կապված թե՛ բուն բաց նամակի ի հայտ գալու մթնոլորտի, թե՛ բուռն արձագանքի ու քննադատության հետ, կրկնեմ, ուղղված ինչպես Զորի Բալայանին, այնպես էլ, չես հասկանում ինչու, Պարգև արքեպիսկոպոսին։
Իմ կարծիքով, կարիք չկա վերադառնալու նամակի քննարկման մանրամասներին, նամակի բովանդակությունը մեկնաբանելն էլ ավելորդ է։ Հրապարակումներն ու այլ արձագանքները նույնիսկ չափազանց շատ էին։ Սակայն, անկեղծ ասած, երբ շրջանառվեց նաև պատերազմի վետերան նախկին մարտական հրամանատարների դիմումը՝ «Մեր պատասխանը Զորի Բալայաններին» վերտառությամբ, մի տեսակ տագնապ զգացի. ստացվում է Հայաստանում ու, երևի, նաև Արցախում, մարդիկ մի տեսակ մոռացել են կարդալ կամ հասկանալ կարդացածը։
Ինձ իրավունք չեմ վերապահում ո՛չ գովաբանելու, ո՛չ էլ դատապարտելու ո՛չ Զորի Բալայանին, ո՛չ բոլոր նրանց, ովքեր հանդես են եկել և շարունակում են հանդես գալ ընդդեմ գրողի ու նրա «Բաց նամակի»։ Սակայն իրադրությունը, այնուամենայնիվ, պարզել, համոզված եմ, պետք է։ Որովհետև ինձ էլ է երբեմն տանջում մի հարց. դե, լավ։ Ոչ մի առանձին գերնոր բան, որ վերաբերելիս լինի Արցախին, կամ Գյուլիստանի ռուս-իրանական հաշտության պայմանագրին, Բալայանի նամակում չկա։ ՈՒ չէր կարող լինել։ Ոչ մի նոր բան չկա նաև Նախիջևանի հայության ողբերգական ճակատագրի առնչությամբ։ Տարիներ շարունակ Զորի Բալայանն ինքն էլ հանգիստ լռել է և բաց նամակով չի դիմել Ռուսաստանի նախագահներին (Պուտինը լինի, թե Մեդվեդևը), որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լիներ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելու ցանկության հետ և այլն։ Այդ դեպքում ինչո՞ւ այս ամենն սկսվեց և նման սրընթաց զարգացում ստացավ հենց հիմա՝ 2013 թ. հոկտեմբերին։
Ավելին, որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը նույնպես ի հայտ բերեց մի ոչ պակաս կարևոր նրբերանգ, որը Բալայանի նամակի քննարկման առաջին փուլում հայտնի չէր, ու տպավորություն էր առաջանում, թե հանրաճանաչ գրողն ասես որոշել էր «ավելի բարեհաճ» վերաբերմունք ցուցաբերել հենց Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Սակայն, ինչպես պարզվեց, Բալայանի բաց նամակի տեքստը, և այն էլ հենց Հայկ Քոթանջյանի միջոցով, հոկտեմբերի 18-ին կրկնօրինակվել էր և ուղարկվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջին դեմքերին. «Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան, ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Զորի Բալայանի նամակում բերված գնահատականների և առաջարկությունների կարևորությունն ու ակնհայտությունը նկատի առնելով, պատիվ ունի սույն հայտարարությունն ու «Բաց նամակը» ուղարկելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանություններին՝ Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Բարաք Օբամային, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդին փոխանցելու համար, խնդրելով քննության առնել «Բաց նամակի» հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները և դրանք ի գիտություն ընդունել համապատասխան որոշումներ ընդունելիս»։ Այսպիսով, Պուտինին ուղղված «Բաց նամակը» այլևս այդպիսին չի հանդիսանում, սա արդեն այլ փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթուղթը հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հանձնվել է Երևանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններ Իվան Վոլինկինին, Ջոն Հեֆեռնին և Անրի Ռընոյին։
Հայաստանում շատերը, հնարավոր է, մոռացել են, որ 2013-ին լրանում է Գյուլիստանի պայմանագրի ուղիղ 200 տարին։ Համենայն դեպս, միայն Սլավոնական համալսարանում միջոցառում տեղի ունեցավ. դա այդ իրադարձությանը նվիրված կլոր սեղան էր՝ «Գյուլիստանի հաշտության պայմանագիրը 1813-2013 թթ. պատմական զուգահեռներում» թեմայով։ Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցի մեծ դահլիճում էլ հոկտեմբերի 31-ին էր նախատեսված միջազգային խոշոր գիտագործնական խորհրդաժողով` «Գյուլիստանի հաշտության պայմանագիր. պատմություն և արդիականություն» թեմայով, որն անցավ Ռուսաստանի «ԱՊՀ երկրների ինստիտուտի» հովանու ներքո։
Ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին առնվազն 25-30 տարվա ընթացքում Զորի Բալայանը եղել է առավել իրազեկ անձանցից մեկը Երևանում (հնարավոր է, հիմա էլ)։ Բացի այդ, նա միշտ այս կամ այն չափով ձգտել է հասկանալ տալ կամ հիշեցնել մեր հասարակայնությանը, շրջակա աշխարհին, որ ինքն առհասարակ կա և պատրաստ է գործելու։ Թե՛ Սլավոնական համալսարանի կլոր սեղանին, թե՛ այն մյուս միջոցառումներին մասնակցությունը, որ այս կամ այն չափով կապված են Արցախի թեմայի հետ, ինձ ակնբախորեն ցույց տվեցին, որ Զորի Բալայանն իր գլխավոր նպատակին արդեն հասել է։ Ինչպես Երևանում հոկտեմբերի 24-ին, այնպես էլ Մոսկվայում հոկտեմբերի 31-ին Գյուլիստանի պայմանագրի թեմայով համարյա բոլոր ելույթ ունեցողները, կամա թե ակամա, հարկադրված էին խոստովանելու, որ իրենք տեղյակ են կամ գոնե լսել են Բալայանի նամակի մասին։ Քանի որ խոսել Գյուլիստանի պայմանագրի մասին և չհիշատակել արցախյան խնդրի կարգավորված չլինելը, փաստորեն, անհնար է։
Համոզված եմ, գոնե որպես նախկին ԽՍՀՄ-ի նախկին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Զորի Բալայանը հիանալի գիտեր, որ իր «Բաց նամակը» կարող է անպատասխան մնալ։ Եվ, ավելի շուտ, հենց այդպես էլ կլինի։ Նա գիտեր և գիտե, որ մեծ տերությունների ղեկավարների հետ «հետադարձ կապի» մեխանիզմները միանգամայն այլ են։ Անգամ «Բաց նամակի» պատասխանը, եթե գա էլ, ապա կգա ոչ հրապարակային ձևով, այլ ուրիշ կերպ` կուլիսային եղանակով, «հայտնի ուղիներով»։ ՈՒ քանի որ նրան դժվար է կասկածել ու մեղադրել «Արցախը հանձնելու» մտադրության մեջ` առհասարակ ում էլ որ լինի, ապա, հետևաբար, «հարցի գինն» էլ Բալայանի համար այն չէր, թե ինքը «Բաց նամակից» հետո նստել-սպասելու էր, թե տեսնես կպատասխանի՞ իրեն, թե՞ ոչ Վլադիմիր Պուտինը։ Ինչ-ինչ, բայց Զորի Բալայանին քաղաքական միամտության մեջ էլ կասկածել չի լինի, դա ավելի դժվար կլինի, քան, ասենք, դավաճանության կամ որևէ օտար պետության առջև «ստորաքարշության» մեջ մեղադրելը։ Եվ, կարծում եմ, որ փորձել Բալայանի նամակը կապել այն բանի հետ, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարություն արեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, դա արդեն աներևակայելի դիլետանտություն է։
Սակայն ամեն ինչ սահմանափակել միմիայն այն բանով, թե Բալայանն ուզում էր գործուն «օգնություն ցուցաբերել», ասենք, Երևանի կլոր սեղանին կամ Մոսկվայի խորհրդաժողովին` նվիրված Գյուլիստանի պայմանագրին, երևի, նույնպես ճիշտ չի լինի։ Համոզված եմ, Զորի Բալայանը հաստատ գիտեր, որ երկու մայրաքաղաքներում էլ ձգտում կա գոնե ինչ-որ քննարկումներ անցկացնելու Գյուլիստանի պայմանագրի առնչությամբ։ Եվ ոչ միայն գիտական ու փորձագիտական ընկերակցության, այլև ավելի բարձր մակարդակով։ Բացառված չէ, որ Գյուլիստանի պայմանագրի ստորագրման 200-ամյակի նկատմամբ առանձնակի ուշադրության դրսևորման վերաբերյալ որոշման ինչ-որ «ստորջրյա խութերի» մասին է նա տեղեկություն ունեցել։ Այդուամենայնիվ, դա էլ չի նշանակում, որ ճանաչված գրող-հրապարակախոսը Վ. Պուտինին ուղղված նամակի հրապարակման իր որոշումը «վերևներում ինչ-որ մեկի հետ համաձայնեցրած է եղել»։ Առավել ևս` եկեղեցու հետ։ Նա միանգամայն ինքնուրույն է իբրև հասարակական գործիչ և մեր հանրության անդամ, շրջապատի խորհուրդների կարիք առանձնապես չի զգացել և չի զգում։
Բայց ես անձամբ երբեք չեմ համաձայնի Զորի Բալայանի այն պնդմանը ¥կամ ենթադրությանը¤, թե արցախյան խնդիրը ոչ միայն հայերի, այլև հենց Ռուսաստանի խնդիրն է։ Դա այդպես չէ։ Այդ դեպքում, քանի որ մեր գրողը նամակում շոշափել է Գյուլիստանի թեման, ապա նա պարզապես պարտավոր էր նույնպիսի վերաբերմունքի արժանացնել նաև հարևան Իրանին։ ՌԴ-ն իրավահաջորդն է ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի, իսկ ժամանակակից Իրանը իրավահաջորդն է Պարսից կայսրության։ Եվ հենց այդ երկու տերություններն են Գյուլիստանի պայմանագիրը կնքել, ոչ թե Ղարաբաղի խանությունն առանձին, Արևելյան Հայաստանը առանձին (այսպես կոչված, Ադրբեջանի մասին առհասարակ լավ կլինի չխոսել. այն ժամանակներում նույնիսկ բացահայտ հոգեկան հիվանդների «մտքով» չէր անցնի այդպես անվանել Արաքսից հյուսիս ընկած հողերը)։ Այնպես որ, Բալայանի տրամաբանությամբ, ստացվում է, որ մեր խնդրի լուծմանն առանց այն էլ ակտիվորեն մասնակցող նախագահին հրավիրելով, նա մի տեսակ «մոռացել է» Իրանը, թեև պետք է հիշի, որ մեր հարավային հարևանները «ոչ ակտիվ», բայց նույնպես մասնակցում են մեր խնդրի լուծմանը։ Եվ առնվազն 2001 թ. մայիսից։ Թեև, երբ Բալայանը Պուտինին «հիշեցնում է» թե՛ Գյուլիստանի, թե՛ Թուրքմենչայի պայմանագրերը վերանայելու իրանական խորհրդարանի «ցանկությունների» մասին, ապա կարծես ցույց է տալիս, որ ինքը տեղյակ է իրանական գործոնին։ Այդ դեպքում բանն ի՞նչն է։
Որքան էլ տարօրինակ լինի, սակայն այդ պայմանագրերի վերանայումը կամ չվերանայումը զուտ ռուս-իրանական հարաբերությունների հարց է։ 1918-20 թվականներից հետո Ռուսաստանն ու Իրանը բոլոր հետագա երկկողմ պայմանագրերով, փաստորեն, միայն հաստատել են Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի տարածքային իրողությունները։ Եվ որ այսօր Մոսկվան և Թեհրանը նախընտրում են հենվել հենց խորհրդային շրջանի իրենց պայմանագրերի վրա և ոչ թե Գյուլիստանի և Թուրքմենչայի, դա ևս զուտ Ռուսաստանի և Իրանի գործն է։ Նույնիսկ ո՛չ հայերի, ո՛չ էլ ադրբեջանցիների, որքան էլ տարօրինակ լինի։ Այլ հարց է Անդրկովկասում արտաքին դեկորների փոփոխությունը, երեք ճանաչված, երկու մասամբ ճանաչված և մեկ առայժմ չճանաչված նոր պետության ի հայտ գալը։ Բոլոր վեցի միջազգային իրավասուբյեկտ լինելը առարկայական է, գտնվում է հենց Ռուսաստանի ու Իրանի ձեռքին, և ոչ թե «միջազգային ընկերակցության» կամ, ասենք, ԱՄՆ-ի ու Եվրոպայի։ Միայն Նախիջևանի և Աջարիայի պարագայում ռուս-իրանական այդ «երկխոսության» մեջ խցկվել է նաև Թուրքիան։ Բայց նա խաղից դուրս է շատ պատճառներով։
ՈՒ դրա համար էլ արցախյան խնդիրը նախ և առաջ մեր խնդիրն է։ Քանի որ Ռուսաստանն ու Իրանը իրենց փոխհարաբերությունների և սահմանների շուրջ պայմանավորվածության եկել են, և այն էլ ոչ մեկ անգամ։
Իսկ ահա Բալայանի առաջարկությունը Ռուսաստանի նախագահին և Մինսկի խմբի մյուս մասնակից երկրների ղեկավարներին` այցելելու Արցախ-ԼՂՀ ¥«այցելեք Ղարաբաղ... բարձրացեք գոնե Գանձասար, և Դուք կտեսնեք ապագան» և այլն¤, սա արդեն, խոսքի, կիսաթափանցիկ ակնարկ է այն բանի, որ նամակն ունեցել է նաև մի ինչ-որ ներքաղաքական բաղկացուցիչ։ Թեև, հնարավոր է, որ ես շատ եմ խորանում իմ կասկածներում։ Բայց մենք չենք մոռացել, չէ՞, թե ինչ կապակցությամբ և ում կողմից հենց վերջերս առաջարկություն արվեց Հայաստանի երեք նախագահներին` հավաքվելու Արցախում և հենց Գանձասարում։ Գանձասարի վրա ուշադրություն հրավիրելը (լինի Պուտինի, Օբամայի, թե Օլանդի) լավ քայլ է։ Կհավաքվե՞ն, թե՞ ոչ Հայաստանի երեք նախագահները (պետք է ենթադրել, որ կհրավիրվեն նաև ԼՂՀ-ի բոլոր երեք նախագահները) Գանձասարում, միայն Աստծուն է հայտնի։ Կկարողանա՞ն, արդյոք, մի ինչ-որ պայմանավորվածության գալ առհասարակ, անհնար է կանխատեսել։ Փոխարենը հանդիպման վայրի անվանումն արդեն խորհրդանշական իմաստ է ստացել. կբարձրանա՞ն, արդյոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից երկրների նախագահները Գանձասարի շրջակա բարձունքները, այնտեղից կտեսնե՞ն, արդյոք, հենց ապագան, դա արդեն երկրորդ պլան է անցնում։ Իսկ առաջինում Գանձասարն է։ Եվ, բնականաբար, համաշխարհային ընկերակցության կողմից Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը։
Թերևս, այստեղ էլ ավարտեմ մտորումներս։ Ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ