Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»

«Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»
01.11.2013 | 11:55

Երևանի քաղաքապետարանի 36Ա համարի երթուղային ավտոբուսը, որն ավելի քան տասը տարի սպասարկում էր Կոտայքի մարզի Զովունի համայնքին, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հանվել է երթուղուց: Նշված բնակավայրը Երևանին կապող միակ ավտոբուսի ծառայությունից զրկված բնակչությունը (շուրջ 8000 մարդ), որի կեսից ավելին աշխատում կամ ուսանում է մայրաքաղաքում, ժամանակին տեղ հասնելու համար ստիպված վեր է կենում ծեգին` ոտքով կամ պատահական տրանսպորտով մի կերպ տեղ հասնելու: Միակ ուղևորահավաքը գյուղի մայրուղիով անցնող «Երևան-Եղվարդ» 74 համարի միկրոավտոբուսն է, որը միշտ ծանրաբեռնված լինելով՝ չի հասցնում սպասարկել նաև վերջիններիս:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացանք, որ վերոհիշյալ երթուղին նոր ավտոբուսով սպասարկելու համար դեռևս օգոստոսի վերջին հայտարարվել է մրցույթ, սակայն ինչպես նախկին 36Ա երթուղին սպասարկող «Տիգրան Մեծ» ՍՊ ընկերությունը, այնպես էլ մնացած 18 կազմակերպությունները հրաժարվել են մասնակցելուց` ասելով, որ «ուղեվարձն իրեն չի արդարացնում»: Երկրորդ մրցույթը, որին մասնակցելու հայտ դեռ ոչ մի ընկերություն չի ներկայացրել, նախատեսվել է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 12-ին: (Տատս կասեր` երանի ձե՜զ, բա մեղք չե՞ն էդ մարդիկ):
Ասեմ, որ երևանամերձ Զովունի համայնքը (նախկինում՝ Նաիրիի շրջան, ներկայումս` Կոտայքի մարզ) 1965 թվականին հիմնադրել են Ապարանի շրջանի նույնանուն գյուղի 1040 վերաբնակիչները (132 տնտեսություն): Գյուղի այսօրվա ավելի քան 1200 տնտեսության կորիզը նախկին զովունեցիների սերունդներն են: ՈՒնի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, արվեստի և երաժշտական դպրոցներ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Բնակիչները, բոլոր հայ գյուղաբնակների պես, պարզ, մարդամոտ, հյուրասեր լինելուց բացի, իրենց աշխատանքին նվիրված պատվախնդիր, ավանդապաշտ մարդիկ են:
Խորհրդային տարիներին խաղողի 400 հա այգետարածքներ մշակող, մեկ հա-ից 42 ց գինեհումք ստացող տնտեսությունը զբաղվել է նաև անասնապահությամբ:
-Զովունուց Երևան ուղևորափոխադրումների հարցը կանոնակարգելու ուղղությամբ այսօր ի՞նչ քայլեր է ձեռնարկում գյուղապետարանը: «Տիգրան Մեծ» ՍՊ ընկերության կողմից 36Ա համարի երթուղային ավտոբուսի սպասարկումը դադարեցնելը միտված չէ՞ այդ տրանսպորտի ուղեվարձի հետագա բարձրացմանը:- Այս և այլ հարցերով դիմեցինք Զովունու համայնքապետ ՍԵՐԺԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:
-Իհարկե, իմ կարծիքով, հենց ուղեվարձի բարձրացմանն է նպատակաուղղված: Եթե ոչ, ուրիշ ի՞նչ պատճառով է ուղևորաշատ այդ երթուղու սպասարկումից հրաժարվել «Տիգրան Մեծ» կազմակերպությունը: Ասեմ, որ Զովունուց մինչև Էրեբունի թաղամաս հասնող 36 համարի երթուղային ավտոբուսի ուղեվարձը, որը 10 տարուց ավելի 100 դրամ էր, գոհացնում էր, և այդ առնչությամբ ոչ մի բողոք չենք ունեցել: Նշված ավտոբուսի ծառայությունից զրկված զովունեցին, որն այսօր քաղաքի ծայրամասից գյուղ և գյուղից քաղաք ճանապարհը (Երևանից Զովունի ընդամենը 1,5-2 կմ է) ստիպված է հաղթահարել ոտքով, դեմ է 100 դրամից ավելի ուղեվարձի վճարմանը: Ինչպես համայնքապետարանը, այնպես էլ գյուղացիները, որոնք այս հարցով համապատասխան գերատեսչություններին դիմելուց արդեն հոգնել են, լարված սպասում են ստեղծված դրության վերջաբանին:
-Ինչո՞վ է զբաղվում Զովունու բնակչությունը։
-Բնակչության մի մասն զբաղվում է հողագործությամբ (պտուղ, հացահատիկ)` մշակելով համայնքի հողերի 30 տոկոսը, մի մասն էլ անասուններ է խնամում: Խաղողի նախկին տնկարկները, որոնք հողատարածքների 70 տոկոսն են կազմում, ոռոգման ջրի բարձր և գինեհումքի մթերման ցածր գների պատճառով բարձիթողի վիճակում են: Եթե ոռոգման ջրի («մատակարարը» «Արզնի-Շամիրամ» ջրատարն է) վարձավճարի հարցը լուծվի, ապա նշված տարածքները համայնքային համապատասխան ծրագրով աստիճանաբար կլրացվեն և՛ խաղողի տնկարկներով, և՛ պտղատու տարբեր ծառատեսակներով: Այսօր գյուղացու առաջին մտահոգությունը ոռոգման ջրի տարեցտարի աճող արժեքի հարցն է և դրան սերտորեն կապված չջրվող տարածքների խնդիրը, որոնց լուծումը զովունեցուն առավել ամուր կկապի հողին: Ասեմ, որ 1993 թվականից ոռոգման ջրի բարձր սակագնի պատճառով Զովունիում ավելի քան 400 հա գյուղատնտեսական հողեր չեն մշակվում:
-Ոռոգման ջրի հարցի լուծման համար դիմե՞լ եք համապատասխան գերատեսչություններին:
-Ոռոգման ջրի սակագինը, որի մեկ խմ-ն վերջին երկու տարում 11 դրամից հասել է 16 դրամի, նվազեցնելու կամ որևէ ձևով փոխզիջման գնալու վերաբերյալ բազմիցս դիմել ենք ՀՀ կառավարություն, սակայն մնացել անարձագանք: Օրինակ, ցորենի ցանքը, որը մինչև բերքահավաքի ավարտը գյուղացին ոռոգում է երեք անգամ` վճարելով տարեկան 100-120 հազար դրամ` մեկ հա-ից ապահովում է ընդամենը 2-3 տոննա բերք (մեկ կգ-ն 150 դրամ է): Եթե դրան գումարենք սերմնանյութի, հողի հարկի, վարի, ցանքի և կուլտիվացիայի գինը, ապա ստացված ինքնարժեքը կկազմի համարյա այն գումարը, որը գյուղացին ծախսել էր ցանքսի սկզբից: Իսկ ո՞ւր մնաց չարչարանքը: Այսօր միայն տնամերձ հողամասի ջրի վարձն է կարողանում ժամանակին վճարել գյուղացին (1000 մետրի համար` տարեկան 16 հազար դրամ)՝ իր առանձնատան շրջակա տարածքի կանաչն ու տնամերձ պտղատու այգին պահպանելու համար:
-Գյուղացիների հոգսը թեթևացնելու ուղղությամբ ի՞նչ է արվում ջուրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) կողմից:
-Դեռևս խորհրդային տարիներին հիմնված ոռոգման համակարգերով գյուղին «Արզնի Շամիրամ» ջրանցքի ջուր մատակարարող ՋՕԸ-երը սպասարկումն իրականացնում են հողագործների հետ «նոր բնույթի» պայմանագրեր կնքելով կամ կուտակված պարտքերն ավելացնելով: Այդ ավելացող պարտքերից հողագործներին ազատելու համար գյուղապետարանն ամեն տարի մինչև 1 մլն դրամ է տրամադրում ՋՕԸ-երին (այս տարի` 400 հազարից ավելի): Նույնը կարող եմ շեշտել գյուղն սպասարկող «Երևան ջուր» ընկերության մասին, որը «բարեխղճորեն» և «ճիշտ ժամանակին» է գանձում կոյուղատարների և խմելաջրի սպասարկման վարձերը, իսկ նույն կոյուղատարների խցանումների և այլ վթարների ժամանակ ջուրսպառողներին ուղղորդում է գյուղապետարան` ասելով` գնացեք, այդ հարցով դիմեք ձեր համայնքապետին:
-Քանի՞ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է խնամվում գյուղում, և ինչպե՞ս է իրացվում ստացված կաթնահումքը:
-Հպարտությամբ կարող եմ ասել, որ Զովունին Կոտայքի մարզի ամենամեծ անասնապահական տնտեսությունն է, որտեղ խնամվում են ավելի քան 3400 գլուխ խոշոր, 3000 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Գյուղի անասնապահական տնտեսությունների պատրաստած կաթնամթերքի մեծ մասը մինչև վերջերս սպառվում էր մայրաքաղաքում: Սակայն արդեն լրիվ հզորությամբ գործող «Նորմա-կաթ» և «Անի» կաթնավերամշակման ձեռնարկությունները համարյա ամբողջությամբ գնում են այդ տնտեսությունների կաթը` զգալիորեն թեթևացնելով համայնքի կարևորագույն հոգսերից մեկը: Հումքի որակական ցուցանիշներից ելնելով, ձեռնարկությունները մեկ լիտր կաթի համար վճարում են 150-200 դրամ:
-Որտե՞ղ է աշխատում և ազատ ժամերին ինչո՞վ է զբաղվում գյուղի երիտասարդությունը:
-Գյուղի երիտասարդության հիմնական մասն աշխատում է մայրաքաղաքի շինարարական, վերամշակման, սննդի, սպասարկման և առևտրական կազմակերպություններում, մի հատվածն էլ համալրում է բուհերում սովորողների թիվը: Երիտասարդության առօրյան ակտիվացնող, հասարակության ժամանցը լրացնող, եվրոպական չափորոշիչներով կահավորված մշակույթի տանը գործում են երգի, պարի համույթներ, սպորտային տարատեսակ խմբեր: Վերջինիս մեջ ընդգրկված են 15-28 տարեկան շուրջ 50 անվանի մարզիկներ, որոնք միջազգային մրցույթներում արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների: Անցած տարի պատանեկան բռնցքամարտում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 17-ամյա զովունեցի Կորյուն Սողոմոնյանը: Եվրոպայում անցկացվող միջազգային ամենամյա մրցումներում այս տարի արծաթե մեդալներ նվաճեցին զովունեցի բռնցքամարտիկներ Տարոն Սողոմոնյանը, Արմեն Մաշկարյանն ու Հայկ Հովհաննիսյանը, իսկ աշխարհի կարատեի (արևելյան մարզաձև) ֆեդերացիայից հաղթողի գավաթով գյուղ վերադարձավ այս մարզաձևի բազմակի չեմպիոն Արման Հարությունյանը:
-Որո՞նք են գյուղի այսօրվա հիմնախնդիրները։
-Զովունեցիների համար առաջնայինն այսօր Արագածոտնի մարզի նախկին Զովունի գյուղի հողատարածքների հետագա տնօրինման հիմնահարցի լուծումն է: Նշված հողերի 50 տոկոսը սեփականաշնորհումից հետո մշակում էին հին կամ վերաբնակեցված զովունեցիները, իսկ մնացած մասը` պետական կառավարման լիազորությունների շրջանակներում համայնքը: Այդ հողերը, ՀՀ կառավարության որոշմամբ, վերջերս միացվեցին Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղին: Նույն որոշման համաձայն՝ սեփական հողերը մշակելու համար զովունեցիներն այսուհետ պարտավոր են Եղիպատրուշի համայնքապետարանի հետ վարձակալության ամենամյա պայմանագիր կնքել, իսկ հարկերի հետ կապված խնդիրները ժամանակին գնալ-լուծել-պարզաբանել այդ հեռավոր համայնքի ղեկավարության հետ: Մինչև վերջերս գյուղի ավելի քան 200 ընտանիք ապրում էր այդ հողերից ստացված միջոցների հաշվին (հացահատիկ, կարտոֆիլ)` տեղի խոտհարքներից ստացված կոշտ կերերով պահել-կերակրելով շուրջ 400 գլուխ խոշոր և ավելի քան 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Նշված գյուղացիները, որոնց գլխին դամոկլյան սրի պես արդեն կախվել է սեփական հողերի օգտագործման իրավունքից զրկվելու վտանգը, և որոնք ժամանակին երբեք չեն կարողացել հողի հարկի վճարումները կատարել, դժգոհում-բողոքում են: Կեր հայթայթելու և կերակրելու հնարավորությունից զրկվելու մտավախությունից դրդված՝ վերջիններս արդեն այս կամ այն կերպ ազատվում են այդ կենդանիներից: Ասեմ, որ վարձակալած հողերի մեծ մասն արդեն չի մշակվում, իսկ խոտհարքներում և անտառամերձ տարածքներում հաճախակիացել են հրդեհները: Ամենացավալին այն է, որ մեր հին գյուղի սրբավայրերը, պատմական կոթողները, պապենական գերեզմանները նույնպես վարձակալված հողերի մեջ են:
Այդ սև պատնեշը վերացնելու համար գյուղացիները դիմել են ինչպես ՀՀ կառավարություն, այնպես էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խնդրելով հին Զովունու հողերը գրանցել որպես նոր Զովունի գյուղի սեփականություն, սակայն պատասխան դեռ չկա:
-ՈՒրիշ ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումով կբարելավվի համայնքային կյանքը:
-Դեռևս չլուծված է մնում գյուղի կոյուղատարի, խմելաջրի խողովակաշարերի հիմնանորոգման և տնամերձ հողամասերի ինքնահոս եղանակով ոռոգման խնդիրը: Առավել քան վթարային վիճակում է գյուղի դպրոցը, որտեղ այսօր սովորում է շուրջ 600 երեխա: Դպրոցի մի մասնաշենքն իր ընթացիկ ծրագրերի հաշվին մասամբ նորոգել է մարզպետարանը, սակայն մյուս մասնաշենքերը հիմնանորոգման կարիք ունեն, ինչը, սակայն, այդպես էլ չի նախաձեռնում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ համայնքի ուժերով վերջերս ավարտվեցին մանկապարտեզի շենքի նորոգումն ու գազիֆիկացումը, որտեղ գյուղապետարանը ներդրեց 39 մլն դրամ: Սակայն, նախադպրոցական խմբի երեխաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ, նոր խմբերի բացման կարիք կա կառույցում: Լավ կլիներ գոնե այս հարցում սատար լիներ պետությունը, ախր պահանջարկը շատ մեծ է, մարդիկ աշխատել են ուզում:
-Վերջին երկու տարում համայնքային նշանակության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել գյուղում:
-Սոցներդրումների ծրագրի շրջանակներում վերջին տարիներին հիմնանորոգվել է մշակույթի տունը, որը, գյուղի գլխավոր կառույցներից մեկը լինելով, նաև նրա կենտրոնական հավաքատեղին է:
«Բարեկարգում» համայնքային ամենամյա ծրագրի շրջանակներում, 2003 թվականից սկսած, շուրջ 10 մլն դրամի սահմաններում տարեկան Զովունիում կառուցվում է մինչև 4500 քառ. մ նոր ճանապարհ, գազիֆիկացվում` առանձնատներ: Ասեմ, որ գազիֆիկացումն իրականացվել է համայնքապետարանի միջոցներով և համայնքի աշխատուժով: Նախկին 240 գազսպառող աբոնենտների թիվն այսօր գյուղում 1000-ից ավելի է: Համայնքը, հնարավորության սահմաններում, ֆինանսապես նպաստում է նաև գյուղում գործող շուրջ 140 փոքր, միջին ձեռնարկությունների և արտադրամասերի զարգացմանը: Թող զարմանալի չթվա, բայց գյուղում արտագաղթ համարյա չկա, բնակչության քանակի ավելացման հետ նոր թաղամասեր են հիմնվում, վերջին տարիներին աճել է նաև ծնելությունը: Լինելով շրջահայաց ու չընկճվող, զովունեցին մայրաքաղաքում և հարակից բնակավայրերում փնտրում-գտնում է աշխատանք, կառուցում նոր, բարեշեն տուն` փորձելով ամուր մնալ և տեր կանգնել իր հայրենի հողին:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ

53/ZkcHN0jpDWgAje9ingi2d6XY03.jpg" alt="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" title="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում