Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Առաջնայինը հասարակության մեջ գրողի ճանաչմանը նպաստելն է»

«Առաջնայինը հասարակության մեջ գրողի ճանաչմանը նպաստելն է»
03.11.2013 | 13:08

Վերջապես փոթորիկը գրողների աշխարհում հանդարտվեց։ Հետաքրքիրն այն է, որ գրողները, ներխուժելով տիեզերական անհուններ, մանրախնդրություն են ցուցաբերում առօրյա կյանքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ զրուցեցինք գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։

-Այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Յուրաքանչյուր գրող առանձին անհատ է, և ընդհանրացնել բոլորի մտածողությունն ու բնավորությունը ճիշտ չեմ համարում։ Երբ որևէ բացասական դեպքի մասին ենք խոսում, ապա պետք է հստակեցնել և խոսել կոնկրետ անուններով։ Իհարկե, գրողը մարդու հոգու խորքերն է թափանցում, սակայն դա չի նշանակում, թե գրողը նպատակ չպետք է ունենա ապրելու բարձր արժեքներով։ Իհարկե, ցանկացած մարդ իրավունք ունի իր տեսակետն ունենալու, չհամաձայնելու, վիճելու, սակայն այդ բոլորը պետք է լինի ընդունելիի սահմաններում՝ առանց վիրավորանքների և որակումների։
-Գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի հետ աշխատել եք տարիներ շարունակ, իսկ վերջերս միության նախագահի պաշտոնակատարն էիք։ Ի՞նչ ժառանգություն է թողել Լևոն Անանյանը։
-Շատ լուրջ և ծավալուն ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել։ Շնորհիվ ինչի էլ զգալիորեն աշխուժացել և բազմազան է դարձել գրական կյանքը։ Մասնավորապես, նրա ջանքերով կազմավորվեց Մանկական գրքի շաբաթը, վերականգնվել է Թարգմանչաց տոնը, որը հավուր պատշաճի սկսեցինք տոնել։ Փորձ է արվել Հայաստանի գրողներին ու գրականությունը դուրս բերելու միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, համահայկական համաժողովների միջազգային փառատոներ։ Իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ տարբեր ուղղություններով։
-Փաստորեն, հետագա աշխատանքների համար ստեղծված է բարենպաստ բազա և այժմ պետք է եղածը զարգացնել։
-Այո, ցանկացած լավ գործ, որն ընդունել է գրական աշխարհը, պետք է պահպանել ու զարգացնել։ Չեմ կարող չնշել, որ գրողների միությունից հաճախ պահանջում են ավելին, քան այն կարող է անել։ Զորօրինակ, ինքնաֆինանսավորման հնարավորություններով, բնականաբար, հնարավոր չէ լուծել գրողների և ընդհանրապես միության բոլոր խնդիրները։
-Որպես գրողների միության նախագահ, ո՞րն է լինելու Ձեր քաղաքականությունը։
-Ինձ համար առաջնայինը գեղարվեստական բարձր ճաշակի չափանիշների պահպանումն է, հասարակության մեջ գրողի ճանաչմանը նպաստելը, նոր և լավ գրքերի տարածումը, աշխարհում դրանք ճանաչելի դարձնելը և բազում այլ հարցեր, որոնք կարևորվում են այսօր։
-Դուք առանձնացրիք գեղարվեստական բարձր ճաշակի պահպանումը։ Այսօր, սակայն, այդ իրողությունը համարում են կորած։ Ավելին, ինչպես պետք է այն պահպանենք, երբ մեր կյանքում թելադրող են դարձել հեռուստասերիալներն իրենց անճաշակությամբ։ Ըստ իս, դրա դեմ պայքարելը դժվար կլինի, չէ՞ որ այն առնչվում է բիզնես շահերին, իսկ Ձեր ասածը քիչ եկամտաբեր է լինելու հեռուստաընկերությունների համար։ Ի դեպ, ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունն այս հարթությունում։
-Նախ ոչ թե կորցրել ենք բարձրաճաշակությունը, այլ կորցնում ենք։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա այդ խնդիրը ոչ թե գրողների միությանն է, այլ դրա համար կան ազգային, ինչպես նաև հանրային հեռուստառադիոյի հանձնաժողով և խորհուրդ։ Մենք պետք է աշխատենք այս երկու կառույցների հետ, համագործակցելով կարողանանք ներկայացնել մեր գրողներին և նրանց ստեղծագործությունները։
-Կարծում եմ, կարելի է նաև հեռուստասերիալներ նկարել ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա։
-Իհարկե։ Եթե ուսումնասիրեք, թե վերջին տասը տարում ի՞նչ են արել մեր հեռուստաընկերություններն ու թատրոնները, մանկական գրականությանն արվեստի այդ միջոցներով հաղորդակցվելու ուղղությամբ, ապա կտեսնեք, որ ոչ մի սցենար, բեմականացում չի արվել։ Իսկ սա կարևոր և լուրջ աշխատանք է ոչ միայն գրողի ստեղծագործության պրոպագանդման, այլև մատաղ սերնդին ճիշտ կրթելու, ճաշակ ձևավորելու հարցում։ Հիմա եթե մեր մշակույթի այդ ճյուղերը նշված գործը չեն անում, գրողն ի՞նչ անի։ Եթե մի Հարրի Պոտերը ողջ աշխարհը գրավել է, դեռ չի նշանակում, որ հայ գրողն այդպիսի բան ստեղծած չունի։ Իհարկե, ունի։
-Անկեղծ ասած, առանձնապես Հարրի Պոտերով հիացած չեմ։
-Ապրեք։ Հիմա եթե նրանք իրենց այդ գրքային հերոսին ֆիլմերի, մուլտֆիլմերի, հաղորդումների միջոցով ամբողջ աշխարհով մեկ տարածում են, մենք մեր Հայաստանում դրա մեկ քառորդն անգամ չենք անում։ Գոնե ստացված մի վիպակի հիման վրա ֆիլմ նկարահանվի, մի պիես բեմադրվի, մանկական պոեզիային և գրողների հետ հաղորդակից արվեն մեր երեխաները, օրինակ, հանդիպում կազմակերպվի գրողի հետ, ընթերցեն մանկական բանաստեղծություններ և այլն։ Այսինքն, նոր մոտեցումներ են պետք, և բոլորովին պարտադիր չէ, որ տիկնիկային թատրոնում երեխաները դիտեն միայն շունը հաչեց, կատուն մլավեց։ Իհարկե, եթե հարցնեք թատրոններին, գուցե իրենց խաղացանկում մեկ պիես լինի, սակայն դա խնդրի լուծում չէ։
-Կարծում եմ՝ սա այն հարցն է, որի առնչությամբ պետությունը պետք է ազգային ծրագիր ունենա, որը լրջորեն միտված կլինի և՛ Ձեր նշած բարձր ճաշակի պահպանմանը, և՛ մեր գրողների ստեղծագործությունների տարածմանը։
-Նույն Հարրի Պոտերի տարածումը հենց էնպես չի եղել, դա մշակված քաղաքականության արդյունք է։ Հեղինակին պրոպագանդելը և նրա ստեղծագործությունը տարածելը սկզբում հրատարակչի, այնուհետև պետության բիզնես ծրագիրն է դառնում։ Այնպես որ, եթե մեր երկերը, մեր հրատարակիչները կարողանան ըստ արժանվույն ներկայացնել մեր գիրքն ու գրականությունն աշխարհին, ապա կտեսնեք՝ ինչպես է այն տարածվում։
-Որպես գրող և որպես մարդ Ձեզ համար ո՞րն է կյանքի արժեքը, դրանք նո՞ւյնն են, թե՞ տարբեր են։
-Գրողի համար ամենակարևորն իր ներսի և դրսի աշխարհի փոխհարաբերությունների ներդաշնակությունն է։ Իսկ մարդու համար կյանքի արժեքը հավերժական սկզբունքներն են, որոնք ձևավորվել են աշխարհի սկզբից ի վեր։
-Ասում են՝ մեր կյանքի ռիթմի մեջ հնարավոր չէ պահել հավերժական սկզբունքները. դրանք փոխվում են։
-Հավերժականը փոփոխության չի ենթարկվում, որովհետև այն հավերժական է։ Իսկ ընթացիկ բաներ յուրաքանչյուր հասարակություն յուրաքանչյուր ժամանակ ինչ-որ բան փոխում է։
-Ձեր մեջ ի՞նչն է փոխվել։
-Դժվարանում եմ ասել։ Երևի ձեռք եմ բերել ավելի փորձառություն, ներողամտություն, համբերատարություն խնդիրներին անմիջապես գնահատական չտալու, այլ այն սկզբում ուսումնասիրելու բնավորություն եմ ձեռք բերել։


Զրույցը վարեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ