Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում

Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում
03.11.2013 | 14:13

Այն բանից հետո, երբ ընդդիմությունը դադարեցրեց հրապարակային, հանրահավաքային պայքարը և այն տեղափոխեց Ազգային ժողով, օրախնդիր դարձավ սոցիալական ցանցերում ու տարբեր կայքերում ամեն օր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Եվ մինչ Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում շարունակում է պայքար մղել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց հետաքրքրության տիրույթից դուրս գտնվող օլիգարխների դեմ, նրա համակիրներն այս ընթացքում օրը քսանչորս ժամ սոցցանցերը հեղեղում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ավելին՝ թեստ էին ներկայացնում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն կեղծ ընդդիմադիր են, որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան ԱԺ-ում և դրանից դուրս: Իսկ ահա իրենք պահանջում են: Ամեն օր ու ամեն ժամ: Փույթ չէ, որ ԱԺ-ում Գլխավոր դատախազ ընտրելիս էլ չկարողացան ազատ, արդար ընտրություն ապահովել, որպեսզի հանրությանն այդպես էլ պարզ լիներ, թե ովքեր էին այն երեք (կամ՝ գուցե ավելի-Թ.Հ.) խիզախները, որոնք հանդգնել էին դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:

Հիմա գտնվել է մի մարդ՝ Շանթ Հարությունյանը, որն իր մի քանի ընկերների հետ քանի օր է, ինչ նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Շանթն էլ է պահանջում Սերժ Սարգսյանի և գործող իշխանության հրաժարականը: Շանթ Հարությունյանը հանրահայտ «Յոթի գործով» քաղբանտարկյալ էր: Նա 2008 թ. Մարտի 1-ին մինչև վերջ մնաց Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում, ելույթներ ունեցավ, պայքարեց իր երկրի անկախության և ազատության համար, ազատազրկվեց նույն մեղադրանքներով, ինչ՝ մյուս քաղբանտարկյալները, հետո ազատ արձակվեց: Ովքեր Մարտի 1-ին, մինչև ողբերգական դեպքերի ավարտը, եղել են Մյասնիկյանի արձանի մոտ, անշուշտ, կհիշեն Շանթի աննահանջ պահվածքն ու ելույթը: Շանթ Հարությունյանը ԱԺ պատգամավոր չէ, ԵԽԽՎ պատվիրակ չէ, հանգամանքների ու իրերի դասավորության բերումով կաշկանդված չէ և ստիպված չէ համագործակցության ձեռք մեկնել այս կամ այն օլիգարխին պատկանող արհեստածին կուսակցությանը, դաշնակիցներ փոխել, երբեմնի պայքարող և բանտեր նետված կուսակիցներից հրաժարվել: Շանթի կենսագրությանը ծանոթ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է միայն հպարտանա, որ իր երկրում, իր կողքին նման անհատ է ապրում:

Հիմա Շանթը կանգնել է Ազատության հրապարակում և ասում է՝ «Ես սկսում եմ հեղափոխություն»: Եվ ամեն օր, օրը քսանչորս ժամ, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերից, անհատներից ու կուսակցականներից ոչ մեկը չի միանում նրան՝ այդ պահանջն ի կատար ածելու: Ավելին՝ սոցցանցերում այդ ակտիվ ընդդիմադիրները հասցրել են արդեն նրան հեգնել՝ պիտակավորելով որպես անհավասարակշիռ, անլուրջ մարդու, նրան «տուն են ուղարկում»: Պատճառներից մեկն էլ այն է, որ Շանթը, գործող իշխանությանը քննադատելուն զուգահեռ, քննադատել է նաև ըննդիմությանը:

Շանթ Հարությունյանը տուն կգնա՞, թե՞ կշարունակի իր միայնակ պայքարը՝ իր որոշելիքն է և այն քաղաքացիների, ովքեր մինչ օրս հետաքրքրվել են նրանով և իրենց աջակցությունը հայտնել: Իսկ սոցցանցերի օգտատերերը թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը միայն վիրտուալ տարածքում չեն պահանջում, և հենց վիրտուալ տարածքում էլ այդ պահանջին չմիացողներին բարոյական իրավունք վերապահելը կեղծ ընդդիմադիր կամ ծախու անվանելը ազնվությունից ու բարոյականությունից չի բխում ամենևին:
Շանթ Հարությունյանը ՔԱՅԼ է արել: Եվ այդ ՔԱՅԼԸ արել է ոչ ամենևին վիրտուալ տարածքում ամիսներ, տարիներ շարունակ այլոց սպառնալով, այլ կարծիք ունեցողների մեջ ծախվածների ու դավաճանների փնտրելով: Նա իր տեսակետները հայտնում է՝ ելնելով իր դավանած արժեհամակարգից, ոչ թե այն բանից, թե այսօր ովքեր են իր դաշնակիցները, ովքեր՝ ոչ: Շանթը հենց դրա համար էլ պայքարի և իրեն միանալու կոչ է անում անհատ քաղաքացիներին: Այն քաղաքացիներին, որոնք, ելնելով կոնյունկտուրայից, պարբերաբար կուսակցություններ, դաշնակիցներ ու համախոհներ չեն փոխել և, ըստ այդմ էլ՝ ՀՀ քաղաքացիներին չեն բաժանել «մերոնք»-ական, «ձերոնք»-ականների, յուրայինների ու դավաճանների, Արցախյան ազատամարտի հերոսին մե՛րթ չեն մեծարել, կանգնեցրել պատվանդանին, մե՛րթ էլ՝ նրա վաստակն ու ներդրումը ուրացել, մոռացել: Ու Շանթը ճիշտ է ասում, որ պետք է լինի արժեհամակարգի փոփոխություն, ոչ թե՝ անձերի, քաղաքական թատերաբեմը երկու տասնամյակից ավելի զբաղեցրած թիմերի: Պե՛տք է լինի այն փոփոխությունը, որպեսզի երկրում հերոսը ճանաչվի որպես հերոս, հանցագործը՝ հանցագործ, քաղաքական գործիչը՝ քաղաքական գործիչ, օլիգարխը՝ օլիգարխ, ոչ թե նրանց տեղերը փոխվեն՝ ըստ իշխող կամ իշխանության հավակնող էլիտաների հայեցողության:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ