Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թե ինչ տեսա Մաշտոցի պողոտայում

Թե ինչ տեսա Մաշտոցի պողոտայում
06.11.2013 | 11:17

Երեկ, ժամը 17.00-ից հետո Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը անմիջապես զուգահեռներ էր հիշեցնում 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդող իրադարձությունների հետ: Ոստիկանները շղթայել էին Մաշտոցի պողոտային և Ազատության հրապարակին հարող տարածքը, ոստիկանական մեծ ու փոքր բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, խմբված ժողովուրդը չէր կողմնորոշվում, թե ինչ է կատարվում: Սկսեցի հարցուփորձ անել, ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացա: Նկատեցի լրագրողների, որոնք նկարահանումներ էին անում: Նրանցից տեղեկացա միայն, որ քսան հոգու, այդ թվում՝ նաև մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանին ձերբակալել են և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկաններն աչալուրջ հսկում էին տարածքը, մերթ ընդ մերթ դիտողություններ անում քաղաքացիներին, թե որտեղով քայլեն: Լրագրողներից մեկի նյարդերը տեղի տվեցին. նա սկսեց աղմկել՝ խորհուրդ տալով, որ ոստիկանները գնան, օրենքը կարդան, հետո քաղաքացիների անցուդարձը հսկեն: Բարեբախտաբար, այդ աղջկա և ոստիկանների միջև բախում չեղավ: Մարդիկ հետևում էին դեպքերի զարգացմանը: Այդ ընթացքում կարգը պահպանող տարբեր ոստիկաններից փորձեցի, որպես լրագրող, տեղեկանալ, թե ուր են տարել Շանթ Հարությունյանին և իր հետևորդներին: Ոչ մի պատասխան չստացա: Ասում էին, որ չգիտեն: Ինչ-որ մի պահից մայթերին խմբված ժողովուրդը լցվեց Ազատության հրապարակ: Այնտեղ ոստիկանական մի մեծ մեքենա կար, որը կարճ ժամանակ անհետացավ: Այդ ժամանակ էլ տեսա, թե ինչպես են ոստիկանները թևերից ու ոտքերից բռնած տանում մի քանի երիտասարդ տղաների: Քիչ անց նկատեցի նաև, որ մի կնոջ են տանում: Հասցրեցի ճանաչել, որ Բուզանդի փողոցից տարիներ առաջ վտարված և այդպես էլ անտուն մնացած Մարիամ Գիշյանն էր: Այն նույն Մարիամը, որը վեց երեխա ունի և 2005 թվականից սկսած, մնացել է անտուն: Նա պայքարում է և պահանջում, որ իրեն օրենքով սահմանված կարգով հատկացնեն բնակարան: Իր երեխաների հետ նա տարիներ շարունակ գիշերում է՝ ուր պատահի: Մարիամը տարիներ առաջ ստիպված ծայրահեղ քայլի էր դիմել՝ մեկնել էր Թուրքիա և այնտեղի իշխանություններից պահանջել, որ իրեն ու իր երեխաներին քաղաքական ապաստան տան: Հետո վերադարձել էր Հայաստան: Նրան միշտ հանդիպել եմ բոլոր հանրահավաքների ու ցույցերի ժամանակ: Երեկ էլ էր այնտեղ:

Ազատության հրապարակում ինձ հանդիպած մարդկանց մեծ մասին ճանաչում էի դեռ 2008 թվականի հանրահավաքներից: Այն մարդիկ էին այնտեղ հիմնականում, ովքեր չեն կարողանում երկրի բախտորոշ իրադարձությունների նկատմամբ անտարբեր մնալ: Չհանդիպեցի քաղաքական գործիչների, հայտնի ու անհայտ իրավապաշտպանների: Միայն մի պահ նկատեցի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ դրանից հետո, կարդացել, լսել եմ բազմաթիվ լուրեր, մեկը մյուսին հակասող: Ոստիկանություն բերման ենթարկվածների, վիրավորների մասին հրապարակվել էին տարբեր տեղեկություններ: Վերջին տվյալներով՝ Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասնում էր 37-ի:

Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ոստիկանության կենտրոնի բաժանմունք են այցելել և այնտեղ գտնվողների ճակատագրով հետաքրքրվել ԱԺ պատգամավորներ, ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում էր, որ ոստիկանությունը պետք է իր գործողություններն ամեն կերպ հիմնավորեր: Սպասվում էր նաև, որ մի երկրում, որտեղ արդեն քանի տարի է, ինչ իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, վերարտադրվում է կեղծիքներով, միշտ էլ գտնվելու են հեղափոխության կոչեր անողներ: Գտնվելու են, որովհետև այդ մարդիկ արդարություն, արժանապատիվ ապրել են ուզում, չեն ուզում գնալ Հայաստանից:

Ի դեպ, հատկանշական է, որ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը բավականին օպերատիվ է արձագանքել Երևանի կենտրոնում երեկ տեղի ունեցած իրադարձություններին: Անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցածին՝ ռուսական ալիքը վազող տողով նշել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել են ութ ոստիկան և մեկ դեռահաս:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ