Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիգրան Սարգսյանը ցրում է մտավախությունները

Տիգրան Սարգսյանը ցրում է մտավախությունները
07.11.2013 | 11:14

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական Сегодня-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԼՂ հարցը որոշի՞չ է եղել Եվրոպական միության և Մաքսային միության միջև ընտրություն կատարելու հարցում, Տիգրան Սարգսյանն ասել է. «Ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ունի։ Լեռնային Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի, հենց այդ պատճառով էլ մեր պլանները կառուցվում են՝ հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և արարելու իր հողի վրա։ Սակայն ամեն դեպքում ԼՂ հարցը չէի կապի տնտեսական ինտեգրման ընտրության հետ»։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ անվտանգության, տնտեսական բարեկեցության, մշակութային զարգացման հարցերը հանգեցնում են նրան, որ ռազմավարական համագործակցությունը ՌԴ-ի կամ Մաքսային միության այլ երկրների հետ բխում են մեր ժողովրդի կենսական շահերից։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Տիգրան Սարգսյանն ասել է. «Անխոս, մենք ձգտում ենք դրան և հասկանում ենք, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ։ Բանակցային գործընթացը, որը բավական երկար ժամանակ շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ձևավորել է մի շարք մոտեցումներ, որոնք ենթադրում են որոշակի փոխզիջումներ ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Մենք տրամադրված ենք շատ կառուցողական»։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ՝ առանց նախապայմանների։
«Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան դրան պատրաստ չէր։ Նա աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը և չի կարող կտրվել դրանից»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե գուցե Թուրքիան ավելի հավատարիմ կլիներ, եթե Հայաստանում տեղի չունենար Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի սրբացումը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա ոչ թե ՀՀ կառավարության, այլ Հայոց եկեղեցու նախաձեռնությունն էր։
«Հայաստանն աշխարհիկ պետություն է, և որքանով հայտնի է, Թուրքիան նույնպես որպես աշխարհիկ պետություն է ներկայանում։ Ես կարծում եմ, որ եկեղեցու կողմից նման որոշումը չպետք է խոչընդոտեր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Եթե խառնենք երկու գործընթացները, դժվար կլինի գտնել երկու հարևան պետություն, որոնք պատմության ընթացքում որևէ հակամարտություն չեն ունեցել»,-ասել է նա։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է նայել ապագային՝ չմոռանալով անցյալի դասերը, իսկ անցյալում պետք է փնտրել փաստարկներ՝ առաջ շարժվելու համար։
«Այդ տեսանկյունից՝ մեր նախագահի նախաձեռնությունն ուղղված էր ապագային, և ես կարծում եմ, որ այդ հարցի լուծումը ժամանակի հարց է։ Թուրքիան դեռ պատրաստ չէ քաղաքական կամք դրսևորել այդ հարցում։ Այլ կողմից՝ այսօր նա իրեն դրսևորում է որպես մեկ ազգ՝ երկու պետություն։ Թուրքիան հենց այդ հարթակում աջակցում է Ադրբեջանին»,-ասել է նա։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի շրջափակմանն ու դրա տնտեսական հետևանքներին։
«Հայաստանի զարգացման համար լուրջ խնդիրներ է հարուցում այն փաստը, որ մեր երկիրը փաստացի շրջափակված է երկու հարևանների կողմից։ Արտաքին առևտրային գործողությունների իրականացման համար դժվարություններ են ստեղծում նաև Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները։ Եվ միակ ճանապարհն անցնում է Վրաստանով»,-ասել է նա։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դրա պատճառով հայկական տնտեսության բազմաթիվ ոլորտներում մրցունակությունը նվազում է։
«Մենք խթանում ենք այն ոլորտների զարգացումը, որտեղ ունենք համեմատական առավելություն և արտահանման պոտենցիալ։ 2.5 տարի առաջ մենք Համաշխարհային բանկի աջակցությամբ ուսումնասիրեցինք հայկական տնտեսության պոտենցիալը և որոշեցինք առաջնահերթ ոլորտները։ Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, բավական լուրջ զարգացման ենք հասել դեղագործական արդյունաբերության, կոնյակի արտադրության, գինեգործության, ոսկերչության և այլ ոլորտներում։ Այսօր մեր առջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների և արտաքին կապերի դիվերսիֆիկացիան է, հենց այդ պատճառով էլ եվրաինտեգրման և եվրասիական ինտեգրման ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և, և»-ի հարց է»,-ասել է վարչապետը։

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ