Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիահայերի 2012-13 թթ. դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

Սիրիահայերի 2012-13 թթ.  դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից
08.11.2013 | 00:02

(սկիզբը` այստեղ)

Փոխանակ, վերջապես, պատշաճը հատուցելու Կիլիկիայի հայերին, որոնք արդեն մեկ անգամ խաբվել ու զոհաբերվել էին, Արևմուտքը հիմա էլ էր նրանց համար ցեղասպանություն նախապատրաստել, այն է` տեղային և ռազմավարական բնույթի այլևայլ հարցերին զուգընթաց, Արևմուտքը Սիրիայում (հերթը, հնարավոր է, Լիբանանինն է) ձգտում է լիովին կամ մասամբ ոչնչացնել, բնականաբար, ոչ միայն հայերին, այլև բոլոր քրիստոնեական համայնքները։ Բանն այն է, որ Սիրիայի ու Լիբանանի բոլոր քրիստոնեական համայնքները չեն ցանկացել և չեն ցանկանում, որ, նախ, իրենց երկրներում հաստատվի սուննիական արմատական վարչակարգ, լինի դա «Մահմեդական եղբայրների» կատարմամբ, թե միանգամայն «բացահայտ» սալաֆական-վահաբականների։ Երկրորդ, չեն ցանկացել և չեն ցանկանում, որ իրենց բնակության տարածքները, փաստորեն, դառնան Թուրքիայի կողմից «մեղմ օկուպացման» գոտիներ, ուստի և մեծանան Անկարայի դերն ու ազդեցությունը։ Արևելյան քրիստոնյաները, և, առաջին հերթին, հայերը, չեն հավատացել և չեն հավատում, թե Թուրքիան «փոխվել է»։ ՈՒ եթե Սիրիայի ու Լիբանանի հայ համայնքների ոչնչացման հարցում Թուրքիայի շահագրգռությունը հասկանալի է և տրամաբանական բացատրություն ունի, ապա այն հարցին, թե այդ երկրներից հայերի հեռանալը ինչո՞ւ է ձեռնտու դարձել թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Իսրայելին, թե՛ Եվրամիությանը, թող բարի լինեն պատասխանելու այդ երկրների քաղգործիչներն ու դիվանագետները։ Այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ երկրների դիվանագետները Սիրիայի և, համապատասխանաբար, սիրիաբնակ քրիստոնյաների հարցում, այդ թվում նաև` հայերի, միանգամայն հավասարազոր է հայերի այն ցեղասպանությանը, որ 1915-23 թթ. կատարեցին երիտթուրքերն ու քեմալականները։
Այդ դեպքում ո՞րն է սիրիահայերի փրկությունը։ Ո՛չ այն, որ փախչեն Հայաստան և այստեղից էլ մեկ այլ երկիր։ Տխուր նախադեպեր կան, որոնք հանգեցրել են եթե ոչ ցեղասպանության, ապա հայերի նկատմամբ ցեղասպանության փորձերի` այնտեղ, ուր նրանք մինչև վերջին վայրկյանը ձգտել են չեզոքություն պահպանել պատերազմում։ Առաջինը` Սիրիայի հարևան Լիբանանում դեռ 20-րդ դարի 70-ական թթ.։ Միայն այն բանից հետո, երբ Բեյրութի հայերը զենք վերցրին ու իրենց ժողովրդական դրուժինաներով սկսեցին հակահարված տալ թե՛ իսլամական ֆանատիկոսներին, թե՛ իսրայելական զորամիավորումներին, տարածաշրջանի ներքին և նրա սահմաններից դուրս գտնվող շահագրգիռ ուժերը հասկացան, որ հայերն այդքան հեշտ չեն լքի Բեյրութը։ Պետք եղավ ընդամենը մի փոքր քաղաքական հանդգնություն, և հայերին թիկունք կանգնեց գերտերություն ԽՍՀՄ-ը (սա պայմանականորեն, իրականում իր շահերի համար, որոնք այն ժամանակ համընկնում էին լիբանանահայերի շահերին)։ Եվ դադարեցին ոտնձգությունները Բեյրութի հայաբնակ թաղամասերի նկատմամբ։
Երկրորդը Հայաստանի հարևանությամբ է. 90-ականների սկզբին որքա՜ն Երևանից փորձեցին համոզել Աբխազիայի հայերին` կամ «հայրենադարձվեք», կամ անցեք Վրաստանի կողմը, կամ էլ «փախեք Ռուսաստան»... Փառք Աստծո, աբխազահայերը բավականաչափ խելք ունեցան չլսելու այդ կոչերը։ Ճիշտ է, նրանք, ինչպես հիմա սիրիահայերը, անընդհատ ձգտում ու ձգտում էին չեզոք լինել։ Սակայն արյունալի կոտորածը հայաբնակ Լաբրա գյուղում ¥տիպիկ ցեղասպանություն¤ և հայերի զանգվածային կոտորածը Աբխազիայի մայրաքաղաքում, այնուամենայնիվ, աբխազահայերին դրդեցին ճիշտ որոշման. նրանք կազմավորեցին մարշալ Բաղրամյանի անվան կամավորական գումարտակ և պատերազմի մեջ մտան որպես ինքնուրույն գործոն Աբխազիայում։ Այստեղ կարևոր է բուն փաստը. թե՛ Լիբանանում` 70-ականներին, թե՛ Աբխազիայում` 90-ականներին, ինքնակազմակերպվելու և իրենց անվտանգության ապահովումը իրենց ձեռքը վերցնելու ունակության շնորհիվ հաջողվեց եթե ոչ խույս տալ ողբերգությունից, ապա, գոնե, նվազագույնի հասցնել վնասը։ Բայց Սիրիայում ավելի հեշտ է հայերի համար. կողքներին կան թե՛ օրինական կառավարություն, թե՛ ալավիների, շիականների, դրուզների և այլ համայնքներ։ Սիրիայի նախագահը, ըստ էության, արդեն վաղուց է «պարի հրավիրել» թե՛ սիրիահայերին, թե՛ բուն Հայաստանին. կառավարությունում դեռ 2012-ից երկու տեղ հատկացվել է հայերին։
Սիրիայում, առնվազն կատաղի մարտերը Հալեպի ու Դամասկոսի քրիստոնեական թաղամասեր տեղափոխվելու պահից սկսած, սիրիական կանոնավոր բանակի ստորաբաժանումների և շիականների, ալավիների, դրուզների, ասադամետ պաղեստինցիների ժողովրդական միլիցիայի, քրդական տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների ինքնապաշտպանության ջոկատների հետ մեկտեղ ուս ուսի կռվել ու կռվում են Սիրիայի հայկական աշխարհազորի ջոկատները։ Երկրի հյուսիսում, որտեղ վերջին ամիսներին կառավարական զորքերը և աշխարհազորը Արևմուտքի խամաճիկներին, փաստորեն, սեղմել են Թուրքիայի սահմանին, սիրիահայերը հաճախ կռվում են քրդական ջոկատների հետ փոխգործակցությամբ։ Եվ պատահական չէ, որ թուրքերն անհանգստացան ու հոկտեմբերի 7-ին հայտարարեցին, որ մտադիր են պարիսպ կառուցելու Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչպես նաև սկսեցին «խուսանավել» Սիրիայի հյուսիսում իրադրությունը վերահսկող տարբեր ուժերի միջև։ Անկարան հասկանում է, թե ինչ սպառնալիք կարող է գալ Սիրիայից, բացի Արևմուտքի փախչող խամաճիկներից, ընդ որում` Սիրիային սահմանակից Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մի շարք քաղաքներում, փաստորեն, խաղաղ ապստամբության պայմաններում, ուր ալավիներն ու քրդերը մի քանի ամիս իրենց իրավունքների պահպանում են պահանջում։ Ով չի հավատում պատերազմին սիրիահայերի ակտիվ մասնակցության մասին իմ խոսքերին, խնդրեմ, թող բացի սիրիահայերի վկայությունները ներկայացնող տեսահոլովակը` հետևյալ համացանցային էլ. հասցեով։ Եվ Հայաստանի ցանկացած իշխանության, հասարակայնության ցանկացած խավի խնդիրն է (ինչ համոզմունք ու հայացք էլ ունենան քաղաքական կողմնորոշման հարցում) ամեն կերպ աջակցություն ցուցաբերել սիրիահայերի զինված պայքարին հանուն պապենական հողերի, թեկուզ և դրանք այսօր գտնվեն Սիրիայի կազմում։
Իսկ առայժմ Արևմուտքի խամաճիկներն այդ երկրում շարունակում են վայրագությունները։ Ահա ընդամենը մի քանի հաղորդագրություն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջից-հոկտեմբերի սկզբից. Սիրիայում «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների գրոհայիններն այրել են Սիրիայի հյուսիսում գտնվող եկեղեցիների սրբարձաններն ու խաչերը և ջարդել եկեղեցիներից մեկի զանգակատան խաչը։ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության ¥ISIL¤ այդ հանցագործները թափանցել են Սիրիայի հյուսիսային Ռակկա քաղաքի Աստվածածնի Ավետման հունական կաթոլիկ եկեղեցի և այրել ներսի կահավորանքը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով ընդդիմադիր մոնիթորինգային կազմակերպության հրապարակած տեղեկությունները։ Նրանք նույն կերպ են վարվել նաև հայկական կաթոլիկ Սբ. Նահատակաց եկեղեցում, ինչպես նաև ոչնչացրել են եկեղեցու զանգակատան խաչը և այն փոխարինել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դրոշով։
2013 թ. հոկտեմբերին պաշտոնական այցով Մոսկվայում էին Սիրիայի հինգ քրիստոնեական բարձրաստիճան հոգևորականներ, որոնք հանդիպում ունեցան Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Պատվիրակության կազմում էին Դամասկոսի թեմի առաջնորդական տեղապահ եպիսկոպոս Իսահակ Ապամեցին ¥Անտիոքի պատրիարքություն¤, արքեպիսկոպոս Իոսիֆ Աբսին ¥Հունական մելքիտական կաթոլիկ եկեղեցի¤, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը ¥Հայ առաքելական ուղղափառ եկեղեցի, Էջմիածնի կաթողիկոսություն¤, արքեպիսկոպոս Մար Սիլուան Պետրոս ալ Նեմեհը ¥Սիրիայի օրթոդոքսալ եկեղեցի¤ և արքեպիսկոպոս Սամիր Նասսարը ¥Մարոնական եկեղեցի¤։ Սիրիացի հյուրերը պատմեցին, որ արևմտամետ «ընդդիմության» գրոհայինները հակամարտության ընթացքում ավերել են 60 եկեղեցի, այդ թվում` Հոմսում, Հալեպում, Մաալյուլում և այլ քաղաքներում։ Մոտ կես միլիոն քրիստոնյա հարկադրված է եղել հեռանալ երկրից։ «Մենք չենք ուզում լքել Սիրիան։ Մենք չենք ուզում, որ մեզանում կրկնվի նույն բանը, ինչ Իրաքում եղավ, որտեղից պատերազմի ժամանակ մեկուկես միլիոն քրիստոնյա հեռացավ։ Հիմա նույնը կատարվում է Եգիպտոսում։ Մենք չենք ուզում, որ մեզ մոտ երկարամյա քաղաքացիական պատերազմ լինի, ինչպես Լիբանանում։ Եվ հիմա ջանում ենք կարելին անել, որ բնակիչներին համոզենք մնալու երկրում»,- հայտարարել է արքեպիսկոպոս Մար Սիլուան Պետրոս ալ Նեմեհը։
Անհնար է չզգալ Սիրիայի քրիստոնյաների վիճակի ողբերգականությունը։ Եվ առաջին հերթին (թող ինձ ներեն Սիրիայի մյուս դավանանքների ներկայացուցիչները, որոնք տառապում են արևմտամետ խամաճիկների ձեռքից) սիրիահայերի։ Նրանց կյանքում դա, առնվազն երրորդ ցեղասպանությունն է, վերստին Թուրքիայի կողմից եկող։ Քաղաքացիական պատերազմի երկու տարում Սիրիայում ահաբեկիչների զոհ է դարձել մոտ տասը հազար քրիստոնյա, 138 հազարը հարկադրված է եղել հեռանալ երկրից։ Եվ զոհվածների ու փախածների մեջ մեծ թիվ են կազմել նաև հայերը... Քրիստոնյա բնակչության զանգվածային ոչնչացման վերջին միջադեպը դարձավ զինված ավազակների հարձակումը Մաալյուլ հուշարձան քաղաքի վրա։ Գրոհայինները մահվան սպառնալիքով պահանջում էին, որ մարդիկ հրաժարվեն իրենց քրիստոնեական հավատից։ Եվ դա բնավ միակ դեպքը չէ։ Ավելի վաղ իսլամականները ավերել էին բազմաթիվ քրիստոնեական սրբավայրեր, մասնավորապես` Սբ. Աստվածամոր գոտու տաճարը, Սբ. Գևորգ զորավարի տաճարը, Սբ. Աստվածամոր ծննդյան վանքը Սեյդնայա քաղաքում։ Հրկիզվել են Հալեպի, այլ քաղաքների ու վայրերի հայկական եկեղեցիները։ Դեյր Էզ Զորում փետրվարին ոչնչացվեցին Սբ. Մարիամի եկեղեցին, ալ Ահդայի քրիստոնեական դպրոցը և այլն։ Փաստերը վկայում են, որ Սիրիայում տեղի է ունենում քրիստոնյա բնակչության ցեղասպանություն և քրիստոնեության ոչնչացում։ Եվ դա լիովին վերաբերում է նաև սիրիահայերին։ Ահա թե ինչը պետք է ամենագլխավոր մտածմունքը լինի Հայաստանի բնակչության և ամբողջ աշխարհի հայկական համայնքների համար Սիրիայի իրադարձությունները գնահատելիս։
Երբեմն ներհայկական քննարկումներում շատերն այն հարցն են արծարծում, թե ժամանակակից Հայաստանն «անզոր» է որևէ բան հակադրելու Արևմուտքի ճնշմանը Սիրիայի և, համապատասխանաբար, սիրիահայերի անվտանգության հարցում։ Բայց արդյո՞ք այդպես է։ Ընդունենք, որ, իրոք, կան հարցեր, որոնց մեծ տերություններն ուղղակի թույլ չեն տա միջամտել փոքրիկ և առայժմ խիստ սահմանափակ ¥համաշխարհային քաղաքականության չափանիշներով¤ հնարավորությունների տեր Հայաստանին և ունենալու ակտիվ դերակատարի կարգավիճակ։ Սակայն ոչ ոք իրավունք չունի Հայաստանին ու նրա պետական մարմիններին արգելելու կամ թույլ չտալու մասնակցել սիրիահայերի ոչ թե «հայրենադարձման», այլ հենց Սիրիայում նրանց անվտանգության հարցերի լուծմանը։ Չի կարող պաշտոնակա՞ն մակարդակով, հոգ չէ, կան այլ կառույցներ, կան ավանդական հայկական քաղաքական կուսակցություններ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` իրավապահ։ Կա, վերջապես, Հայ առաքելական եկեղեցի։ Երկու կաթողիկոս։ Երկո՛ւ։ Ինչո՞ւ է, օրինակ, Սիրիայից եկած եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը օգնության և աջակցության համար մեկնում Մոսկվա և ոչ թե Էջմիածին։ Հասկանալի է, Սիրիայի քրիստոնյաների ընդհանուր հոգևոր պատվիրակություն է։ Հասկանալի է, Ռուսաստանը 2013-ի հոկտեմբերին ապացուցեց, որ մտադիր է մինչև վերջ ինչ-որ կոնկրետ բան պաշտպանել Սիրիայում։ ՈՒ նրան սիրիացի քրիստոնյաները դիմում են իբրև խոշորագույն ուղղափառ տերության, որին չեն կարող անտեսել աշխարհում։ Բայց չէ՞ որ սիրիացի քրիստոնեական քահանայապետերը Մոսկվա մեկնել են ոչ թե նախագահ Պուտինի, այլ ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի մոտ։ ՈՒրեմն, Սիրիայի հայ հոգևորականները լիովին կարող էին գալ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոտ։ Բայց չեկան:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքն առաջիններից մեկը մոլորակում իր ձայնը բարձրացրեց ի պաշտպանություն Սիրիայի քրիստոնյաների, ընդ որում` բոլոր քրիստոնյաների, ոչ թե միայն ուղղափառ։ Նա եղավ Սիրիայում, անգամ եկեղեցական արարողություններ կատարեց Սիրիայի ուղղափառ եկեղեցիներում, ընդ որում, նույնիսկ նաև, այսպես ասած, ճակատամերձ քաղաքներում։ Իսկ որևէ մեկդ լսած կա՞, որ կաթողիկոսներ Գարեգին Երկրորդը կամ Արամ Առաջինը հովվապետական այցեր կատարած լինեն Սիրիա։ Լուր առած կա՞ք, որ նրանք արարողություններ կատարած լինեն հանուն Սիրիայի խաղաղության և սիրիահայերի փրկության, բայց հենց սիրիահայերի հողում։ Ոչ։ Նույնիսկ հիմա, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ևս բացահայտորեն դիմել է Արևմուտքին, պահանջելով թույլ չտալ, որ Սիրիայում ոչնչացվի քրիստոնեությունը, մեր հայ հոգևորականները, ըստ էության, լռում են։ Ինչո՞ւ... Մի՞թե Սիրիայի հայերը մեր միս ու արյունը չեն։ Մի՞թե նրանց զավակները մեր հայ զավակները չեն։ Մի՞թե սիրիահայերի եկեղեցին, նրանց գերեզմանոցները, մշակույթի մյուս օբյեկտներն ու նյութական արժեքները հայկական չեն։
Հայոց պետությունն ու Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններն այժմ պարտավոր են Սիրիայի հայերի մասին հոգ տանելու բնավ ոչ պակաս, որքան, ասենք, Հայաստանի և Արցախի հայերի մասին։ Հայաստանի և Արցախի հասարակայնությունը, հայերի բոլոր շատ թե քիչ խոշոր սփյուռքյան կազմակերպություններն աշխարհում պարտավոր են սիրիահայերի անվտանգությունն իրենց հայրենիքում պաշտպանելու հարցը դարձնել համար մեկ խնդիր։ Եվ աշխարհի հայերի այն ուժերը, որոնք կհրաժարվեն դա անելուց, ազգովին պետք է համարվեն հայ ժողովրդի դավաճաններ։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ