Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վերջում նվագեցի Ֆրանկի «Վարիացիաները», նայեմ, տեսնեմ Մազուրը կանգնած ժպտում է ու ծափահարում»

«Վերջում նվագեցի  Ֆրանկի «Վարիացիաները», նայեմ,  տեսնեմ Մազուրը  կանգնած ժպտում է ու ծափահարում»
08.11.2013 | 11:57

Մաեստրո ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ Երևանի «Տրիումֆ» սրճարանում։ Հիրավի, միջազգային մրցույթներում հաղթանակների սովոր վարպետի լսողությունը շոյող, այս անունը կրող սրճարանը հարմար վայր էր զրուցելու իր անցած ուղու և նվաճումների մասին։
1983 թ. դաշնակահար Վահանն առաջին անգամ հանդես եկավ Երևանի կամերային նվագախմբի հետ՝ Յոզեֆ Հայդնի ռե-մաժոր կոնցերտի կատարմամբ։ Իսկ այսօր նա նույն նվագախմբի (այժմ՝ Ազգային կամերային նվագախմբի) գեղ. ղեկավարն ու դիրիժորն է։ Ընդ որում, Վահան Մարտիրոսյանը ղեկավարում է նաև Ֆրանսիայի Կան քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը։ Մի առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մստիսլավ Ռոստրոպովիչին, որին վտարել էին Խորհրդային Միությունից, հարցրել էին, թե որտեղ է նա ապրում։ Դիրիժորը պատասխանել էր. «Ինքնաթիռում»։ Նույնը կարելի է ասել և Մարտիրոսյանի մասին։ Սակայն Վահանը, ինչպես և իր արվեստակիցներ Սերգեյ Խաչատրյանը, Սերգեյ Բաբայանը, Վարդան Մամիկոնյանը, Մաքսիմ Վենգերովը, Ալեքսեյ Լյուբիմովը և այլք, ավելի ստույգ, ապրում են բեմում, ապրում են և ապրեցնում։ Սա է տաղանդավոր երաժիշտների ճակատագիրը և առաքելությունը։
Որպես ղեկավարի՝ Վահանի առաջին հանդիպումը նվագախմբի հետ հուշեր արթնացրեց։ Ահա թե ինչ է պատմում մաեստրոն. «Ես եկա և տեսա, որ նվագախմբի արտիստներից երկուսը աշխատում էին դեռ առաջին կազմում։ Նրանք ինձ հիշում էին «շորտիկով», մայրիկիս կարած «բաբոչկայով» և «ժիլետիկով», Զավեն Վարդանյանն էլ դիրիժորն էր։ Նվագում էինք Հայդնի ռե-մաժոր կոնցերտը։ Տարիներ անց մեր այս նոր հանդիպումը հետաքրքիր է և հուզիչ։ Այսօր նվագախումբը համալրվել է նաև իմ մանկության ընկերներով, որոնց հետ ժամանակին չարություն էինք անում, ֆուտբոլ խաղում։ Փորձում էինք երաժշտության մեջ «հեղափոխություն» անել՝ Էդուարդ Թոփչյանն իր «Սերենադ» անսամբլով, ես՝ իմ խմբով»։

-Հարգելի մաեստրո, վերջերս ես հետաքրքրվում էի հրաշամանուկների կյանքով և ընթերցեցի Արթուր Ռուբինշտեյնի «Իմ երիտասարդության օրերը» հուշագրությունը, որը սկսվում է իր առաջին երաժշտական տպավորություններից։ Մեծ իրադարձություն էր ծնողների նվիրած դաշնամուրն իր քույրերին, որը նա բնորոշում է որպես «Աստվածային նվագարան», որից անբաժան էր ամբողջ կյանքում։ Երբ տղային փորձում էին հեռացնել գործիքից, նա լալիս էր և աղաղակում։ Ո՞րն էր այն առաջին կայծը, որից Ձեր սրտում բռնկեց երաժշտության անշեջ հուրը։
-Շատ հետաքրքիր զուգադիպություն՝ մայրս նույնպես քրոջս ծննդյան առիթով դաշնամուր էր նվիրել։ Բայց, ի տարբերություն Ռուբինշտեյնի, ես այդքան չէի սիրում այդ գործիքը։ Ինձ երաժշտությունն էր հետաքրքրում, այլ ոչ այն, թե ինչ միջոցով, ինչ գործիքով են հնչեցնում, ինձ համար կարևորն արդյունքն է։
-Ե՞րբ էր Ձեր առաջին ելույթը։
-7 տարեկանում, նոր էի սկսել ուսումս, 3 ամիս անց արդեն մասնակցեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի համերգներին՝ մեկ-երկու մանրանվագով, հետո շրջագայեցինք մարզերով՝ Լենինական, Կիրովական, Ալավերդի։
Առաջին մենահամերգս տեղի ունեցավ նույն տարվա մայիսին։ Ես հասկացա, որ սա է իմ ապագան։ Ամեն անգամ, երբ բարձրանում էի բեմ, տեսնում էի, որ չորս կողմս մարդիկ հուզվում, վախենում են, անհանգստանում, իսկ ես, ընդհակառակը, սիրում էի, որ բեմի վրա եմ, որ բոլորի հայացքներն ուղղված են ինձ, վերջում էլ ծափահարում են։ Ես ասում էի, որ կյանքում ուրիշ նման գործ չեմ գտնելու, որի համար ինձ ծափահարեն։ Օրինակ, քանի՞ անգամ եք տեսել, որ փականագործը խողովակներ է նորոգել, ինչ-որ մաս փոխել, և դրա համար նրան ծափահարել են, նույնիսկ պահանջել «բիս», որ նա կրկին փոխեր ծորակը...
Մանկուց ինձ շատ էր հուզում նաև սիմֆոնիկ նվագախումբը՝ գործիքների իր բազմաձայնությամբ ու գույներով։ Մայրիկս ձեռք էր բերել բազմաթիվ ձայնասկավառակներ։ Մեր տանը հաճախ հնչում էր դասական երաժշտություն։
-Իսկ Ձեր տանը երաժիշտներ կայի՞ն։
-Ո՛չ։ Հայրիկս ռադիոֆիզիկոս էր, մայրս՝ էլեկտրամեխանիկ։ Բայց մայրիկս հոյակապ նկարում էր և լավ լսողություն ուներ. հենց մի ֆալշ էի անում, անմիջապես լսում էր։ Երազում էր երաժիշտ դառնալ, բայց իր ծնողները հետամուտ չեղան։ Երբ նա նկատեց, որ ես լավ լսողություն ունեմ, մաքուր եմ երգում, որոշեց ինձ երաժշտության տալ։
Ես մեծացել եմ դասական երաժշտության ներքո. Չայկովսկի, Բեթհովեն, Մենդելսոն և այլն։ Ցանկը շատ մեծ էր։ Իսկ երբ այնքան մեծացա, որ ձեռքերս հասնում էին սկավառակներին, ինքս էի միացնում։ Եվ առավոտից մինչև երեկո այնքան էի լսում, որ տնեցիները չգիտեին՝ ինչ անել։ Ժամերով լսում էի Մենդելսոնի կոնցերտը՝ Յաշա Հայֆեցի կատարմամբ։
-Այո, հիանալի կատարում է, այդ ձայնագրությունը մենք էլ էինք լսում։ Հայֆեցին նվագակցում էր Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Շառլ Մյունշի ղեկավարությամբ։
-Այո, հենց դա էր։
-Այդ նույն տարիներին, և հիմա էլ, մենք հիացած էինք նաև դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերով։
-Այո, ես լսում էի Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան՝ Ֆուրտվենգլերի կատարմամբ, հատկապես 1-ին մասը։ Մերոնք ասում էին, որ այլևս տանել չեն կարող այդ ճնշումը, և մի օր ուզում էին թաքցնել բոլոր սկավառակները։
-Փաստորեն, Ձեր ուսումը, վերելքը, ճաշակը ձևավորվել են բարձրագույն նմուշներով, էտալոնային կատարումներով։
-Ճիշտ է, երբ հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում որևէ նվագախումբ, ես բարձը դնում էի էկրանի առաջ, կանգնում էի վրան և սկսում ղեկավարել։
-Եվ ի՞նչ, հեռուստացույցի միջի նվագախումբը ենթարկվո՞ւմ էր Ձեր շարժումներին։
-Այն ժամանակ ինձ թվում էր, թե ենթարկվում է։ Հիշում եմ, որ Սպիվակովենք եկան՝ «Մոսկվայի վիրտուոզները», երկու համերգով։ Հիշում եմ նաև մի հետաքրքիր դեպք։ 7 տարեկան էի, մի օր մայրիկս մտավ սենյակ և տեսավ՝ նստած լացում եմ՝ ատամս էր ցավում։ Մայրիկս ասաց. «Համբերիր, վաղը կտանեմ բժշկի, հիմա ուշ է՝ ժամը վեցն է, պոլիկլինիկան փակ է։ Արի՛ գնանք համերգ, ցավը կանցնի»։ ՈՒ, իսկապես, երաժշտությամբ տարվեցի, և ատամիս ցավն անցավ, մոռացա։ Հիմա արդեն տարածված է երաժշտաբուժությունը։
-Դեռ միջնադարյան Հայաստանում գիտեին երաժշտության բուժիչ հատկությունների մասին։ Սայաթ-Նովան իր «Քամանչա» տաղում, մեծարելով իր նվագարանը, ասում է. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կտրիս հիվընդի դողն»։
-Հիմա բուժում են Մոցարտի երաժշտությամբ։ Հայտնի են մոցարտաթերապիան, մոցարտոլոգիան։
-Բացի երաժշտությունից, ուրիշ ի՞նչն էր Ձեզ հետաքրքրում։
-Ասեմ, հայրս աշխատում էր ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ Պարիս Հերունու տեղակալն էր։ Բյուրականից վերև ամենամեծ անտենան էին սարքել։ Հետագայում հայրս մրցանակ էր ստացել, Միջազգային ակադեմիայի անդամ էր։ Նա ուզում էր, որ ես դառնամ ֆիզիկոս, որովհետև և՛ ֆիզիկա, և՛ մաթեմատիկա լավ էի հասկանում։ Հիշում եմ, հայրիկիս օգնությամբ մի փոքրիկ համակարգիչ եմ հավաքել՝ միկրոսխեմաներն իրար կպցրել, «պայկա» արել։ Հետո սկսեցինք ծրագրավորել։ Միացնում էինք հեռուստացույցին, սկավառակների վրա երաժշտություն էինք ձայնագրում։ Այն ժամանակ մեզ մոտ դեռ համակարգիչներ չկային։ Դա 1984-86 թվականներն էին։ Հայրս նկատում էր, որ իմ մեջ արտիստիզմը գերակշռում է ճշգրիտ գիտությունների նկատմամբ հակմանը։
-Սակայն Ձեր դիրիժորական արվեստում զգացվում են նաև ռացիոնալ մտածելակերպը, մտքի կարգապահությունը։
-Այո, բայց ես միշտ ձգտել եմ ճշգրիտ արվեստը վերածել, դարձնել ազատ արվեստ։ Ես գիտեմ, որ բնության մեջ գործում են ֆիզիկայի, մաթեմատիկայի օրենքները։ Այստեղ որևէ բան չես փոխի, Երկիրն իր հունով պտտվում է, անկախ մարդու կամքից։ Իսկ արվեստում ես ձգտում եմ ճշգրտությունը ծառայեցնել երաժշտությանը։ Ես սիրում եմ ազատություն, ես ուզում եմ հնչյունային զանգվածը, հոսանքը ժամանակի մեջ ձգձգել, հնչյունային հյուսվածքը «ռետինի» պես ձգել ու հետո թողնել, որ վերադառնա իր տեղը, նորից իր ձևն ընդունի, սիրում եմ տանել վեր ու վար և այլն։ Բայց այնքան, որ ձևը չաղավաղվի, ճանաչելի լինի։
Ես չեմ մասնակցում հնչյունի ծագման «խոհանոցին»՝ ակուստիկայի օրենքներ կան, լարի տատանման 440 հերց հաճախականություն կա, և այդ բոլորը ֆիզիկա են։ Ես այդ պատրաստի բաղադրիչներից արվեստ եմ ստեղծում։
-Այսինքն, մասնակցում եք «բերքահավաքին», մեղվի պես «պատրաստի» ծաղիկներից նեկտար եք հավաքում և մի նոր որակ ստեղծում։
Ըստ էության, այստեղ խոսքը նյութականի և հոգևորի փոխհարաբերության մասին է՝ հոգևորի, որի անհրաժեշտությունը օգտապաշտները պատշաճորեն չեն կարևորում...
-Հիշո՞ւմ եք՝ «Եռանկյունի» ֆիլմում հերոսն ասում է. «Զարմացրիր, էլի, չէ՞ որ ջութակիդ լարերն էլ դարբնի սարքածն են»։
-Հիրավի, ասում են՝ պատահական չէ, որ արվեստում այն, ինչ ճիշտ է, միշտ չէ, որ գեղեցիկ է։ Սակայն այն, ինչ գեղեցիկ է, միշտ ճիշտ է... Հետաքրքիր է՝ Ֆրանսիայում համախոհներ ունե՞ք, թե՞ ոչ։ Եվ, առհասարակ, ի՞նչ հիշարժան հանդիպումներ կնշեք։
-Ես շատ մտերիմ էի երջանկահիշատակ Ռոստրոպովիչի հետ։ Երբ Սլավան գալիս էր Փարիզ, այսինքն՝ կյանքի վերջին հինգ տարիներին, միշտ զանգահարում էր ինձ ու ասում. «Վագանչիկ, բալիկ ջան (նա միշտ այդպես էր դիմում ինձ)...»։
-Հայերենո՞վ։
-Այո։ «Приходи ко мне вечерком, поиграем вместе»։ Գնում էի, նստում էինք (նա նոտաներ էր դնում) ու նվագում։ Նա վերջին տարիներին առաջվա պես թավջութակ չէր պարապում, բայց «ֆորմա»-ն պահում էր։ Նվագում էինք, հետո զրուցում, հաց էինք ուտում, հետաքրքիր բաներ էր պատմում։
Զարմանալի է, անբացատրելի. նա այն մարդկանցից էր, ում ներկայությամբ չես կարող վատ նվագել։
Մի օր իրենց տանն էի, պարապում էի, զանգեցին։ Սլավան դուրս եկավ, որ հանգիստ խոսի։ Ինձ մոտ մի «պասաժ» երաժշտական առումով չէր ստացվում։ Որոշ ժամանակ աշխատեցի և արդեն հոգնել էի, որոշեցի վերջին անգամ փորձել։ Ձեռքերս դրեցի ստեղներին, և ինքնըստինքյան ստացվեց։ 15 րոպե նվագում էի, ոչինչ չէր ստացվում։ Մի պահ, ստվերից հանկարծ զգացի, շրջվեցի՝ տեսնեմ աթոռիս մոտ Ռոստրոպովիչը կանգնած նայում է։ Հարցրի. «Վաղո՞ւց եք կանգնած»։ Ասաց. «Ո՛չ, հենց նոր մտա, էս ի՛նչ լավ էր»։
-Սա հիշեցնում է Պետրոս առաքյալին, որի ստվերն ընկնելով հիվանդների վրա, բուժում էր նրանց։
-Ռոստրոպովիչի նման ազդեցիկ էր նաև դիրիժոր Կուրտ Մազուրը, որի «մաստեր-կլասին» (վարպետության դասերին) մասնակցել եմ որպես դիրիժոր՝ առաջին անգամ։ Մինչ այդ ես նրա հետ նվագել էի, և նա ասաց. «Դու լավ դաշնակահար ես, լավ երաժիշտ։ Հրավիրում եմ քեզ Նյու Յորք՝ իմ «մաստեր-կլասին», բայց եթե որպես դիրիժոր դժվարանաս, ես ուրիշների հետ կպարապեմ, իսկ դու կնստես ու կլսես, եթե կուզես»։ Բայց ի՞նչ եղավ։ Պրոֆեսիոնալ կոչվող դիրիժորները դժվարացան։ Վերջում՝ «Գալա-համերգին» հնչեցին Չայկովսկու 6-րդ և Մոցարտի 40-րդ սիմֆոնիաները։ Ինձ բաժին ընկավ Մոցարտի 40-ի 1-ին մասը։
-Չքնաղ է։
-Չքնաղ, հետաքրքիր է, որ համերգը հենց Մոցարտի ծննդյան օրն էր։
-Հունվարի 27-ին։
-Այո, դա 2006 թիվն էր, Մոցարտի 250-ամյակն էր, Նյու Յորքում էր։ Եվ հետաքրքիրն այն էր, որ Մոցարտի այդ սիմֆոնիայի պարտիտուրան իմ առաջին պարտիտուրաներից էր։ Ի դեպ, իմ առաջին պարտիտուրան Շուբերտի «Անավարտ սիմֆոնիան» էր։ Յոթուկես տարեկան էի։ Հաճախում էի նաև կոմպոզիցիայի դասերին։ Մի օր դասատուս՝ Սվետլանա Բոյաջյանը, ինձ տարավ Տիգրան Մանսուրյանի տուն։ Նվագեցի իմ գործերը։ Նա ինձ շատ ջերմորեն ընդունեց ու ասաց. «Մանկական սոնատ էլ պիտի գրես»։ Հետագայում գրեցի, աչքիս առաջ ունենալով Արամ Խաչատրյանի հայտնի «Սոնատինան»։ Իսկ այդ օրը Մանսուրյանն ինձ հարցրեց. «Ի՞նչ ես ուզում դառնալ»։ Ասացի. «Դիրիժոր»։ Մի պահ նայեց դեմքիս ու մոտեցավ իր գրադարանին, հանեց Շուբերտի «Անավարտ սիմֆոնիայի» պարտիտուրան, մակագրեց ու նվիրեց ինձ։ Եվ ավելացրեց, որ դեմքիս կլորությունը, ակնոցներս, խուճուճ մազերս իրեն հիշեցրին Շուբերտին։ Այդ պարտիտուրան հիմա Փարիզում իմ տանն է։
-Ի դեպ, Մանսուրյաննն էլ է ծնվել հունվարի 27-ին՝ Մոցարտի աստղի ներքո:
-Երկրորդ պարտիտուրան մայրիկս գնեց իմ խնդրանքով։ Դա Մոցարտի 40-րդ սիմֆոնիան էր։ Հետագայում ես այդ սիմֆոնիաները բազմիցս կատարել եմ՝ Շուբերտը. Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, Մոցարտը ավելի հաճախ եմ կատարում։
-Նախախնամություն է։ Զուգադիպությունների մի ամբողջ շղթա։
-Ավելացնեմ։ Մոտ 9 տարեկան էի, երբ դաշնամուրի դասատուս՝ Արա Գեորգիևնան (Արքուհի Հարությունյանը), ինչ-որ վերին ներշնչմամբ ասում էր. «Ապագայում դու արտասահման պիտի գնաս»։ Հարցնում եմ. «Ո՞Ւր»։ Ասում է՝ «Փարիզ»։
-Հետաքրքիր է, որ դաշնակահար Վարդան Մամիկոնյանն էլ է սովորել Արքուհու մոտ և հետագայում նույնպես տեղափոխվել է Փարիզ։
-Այո, հիշում եմ, Վարդանը վեցերորդ դասարանում էր, ես՝ առաջին։
-Կարելի է ասել, որ Սպենդիարյանի անվան դպրոցը «ֆրանսիական թեքումով» է` «իմպրեսիոնիստական»։
-Այդպես է ստացվում։ Եթե լուրջ, ապա դա Արա Գեորգիևնայի շնորհքն էր, նա, պարզապես, հանճարեղ դասատու է։
-Ո՞րն է նրա մանկավարժական գաղտնիքը։
-Վերլուծելով չեմ կարող ասել։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է բացատրել Մոցարտի հանճարը։ Նա վերցնում է երկու հնչյուն և հնչում է հանճարեղ, նույն երկու հնչյունը ուրիշ կոմպոզիտորի մոտ այդպես չի հնչում։ Ինչ վերաբերում է դասատուիս, ինչպե՞ս ասեմ, չգիտեմ ինչու, միշտ հաճույքով էի գնում նրա դասերին։ Ազատ էի զգում։ Միշտ սիրել եմ «ֆոկուսներ» անել, և դասատուս ոչ թե արգելում էր, այլ քաջալերում։ Վերցնում էի լուցկին, ա՛յ, ոնց որ հիմա, փչում էի, և լուցկին անհայտանում էր, ու հետո հետ էի բերում։
-Ինչպես հիմա, իմ ականջի հետևից։ Զարմանալի է, Դուք տեղից չշարժվեցիք, ինչպե՞ս լուցկին հայտնվեց ականջիս հետևում։
-Հենց դա է գաղտնիքը։
-Սա երևի «ռադիոֆիզիկայի» գաղտնիքներից է։
-Այո՛, ռադիոֆիզիկայի... Բացի այդ, դասատուս շատ համբերատար էր և տանում էր իմ համառությունը։ Իսկ ես շատ համառ եմ։ Հենց առաջին դասարանից «ոտքս խփեցի գետնին» ու հայտարարեցի. «Ես գամմաներ չեմ նվագելու»։ Եվ իրոք, մինչ օրս գամմաներ չեմ պարապում։ Ես զարգացրել եմ մի բան, որը ձեռք չէի բերի, եթե գամմաներով ու բթացնող վարժություններով տարվեի։ Ես սիրում եմ իմպրովիզացիա, և մատների իմպրովիզացիա, այսինքն՝ նույն բանը նվագել տարբեր մատներով...
-Մաեստրո, Դուք այնքան կարևորեցիք իմպրովիզացիոն սկզբունքը, հանկարծաբանությունը, որ ես էլ ցանկացա մեր զրույցում իմպրովիզացիա անել, կտրուկ վերադառնալ Կուրտ Մազուրին։ Ձեր հանդիպումներում նա երբևէ հիշատակե՞լ է, որ Երևանում եղել է, ելույթ է ունեցել մեր սիմֆոնիկ նվագախմբով։
-Չէ, չի ասել, բայց եթե հիշատակեցիք Մազուրին, մի քանի խոսք էլ ես ասեմ։ Մազուրը Ֆրանսիայի ազգային նվագախմբի գլխավոր դիրիժորն էր։ Նա պարբերաբար ունկնդրումներ էր անցկացնում՝ երիտասարդներից լավագույններին բացահայտելու և նրանց հետ ծրագրեր պատրաստելու համար։ Մի օր էլ ինձ հաջողվեց մասնակցել հինգ-վեց դաշնակահարի հետ։ Նրանք մեկական կոնցերտ էին բերել, իսկ ես ձեռքիս տակ միշտ ունեմ մոտ 30 կոնցերտ, որոնցից յուրաքանչյուրը կարող եմ մեկ ժամվա ընթացքում վերհիշել, վերականգնել։
Երբ Մազուրը հարցրեց, թե ինչ պիտի նվագեմ, ասացի, թե ունեմ Մոցարտի, Լիստի, Ֆրանկի գործերը։ Նա ցանկացավ Մոցարտ լսել։ Նվագեցի Մոցարտի 20-րդ կոնցերտի 1-ին մասը, նվագախմբի բաժիններն էլ հետը։ Լսեց հատվածներ մյուս մասերից, հետո պահանջեց Լիստը...
-Ո՞րը, առաջի՞նը, թե՞ երկրորդը։
-Առաջինը։ Սկիզբը միշտ չէր, որ ստացվում էր։
-Օկտավաները...
-Այո, այդ անգամ լավ ստացվեց։ Բախտս բերեց։
-Երևի Մազուրի ներկայությունն է ոգեշնչել, ինչպես Ռոստրոպովիչի դեպքում։
-Վերջում նվագեցի Ֆրանկի «Վարիացիաները», նայեմ, տեսնեմ Մազուրը կանգնած ժպտում է ու ծափահարում։
-Այ սա «տրիումֆ» էր, հաղթահանդես՝ ծափեր նախքան համերգը, այն էլ ո՜ւմ կողմից։
-Նա ընտրեց «Վարիացիաները», և այդ համագործակցությունը իմ ամենավառ հուշերից է։
-Վերադառնանք Կուրտ Մազուրին, որին առաջին անգամ ինձ բախտ է վիճակվել հանդիպելու Երևանում։ Ինչպես տեսնում եք, զուգադիպությունները շարունակվում են։
-Ե՞րբ էր դա։
-ՈՒսանող էի, մոտավորապես 1960-ականների վերջին էր։ Մեր սիմֆոնիկի առավոտյան փորձից հետո ես նրան հրավիրեցի «Աիդա» օպերայի ներկայացմանը։ Ընդմիջմանը, ինչպես հիմա Ձեզ հետ, մաեստրո Մազուրի հետ սուրճ էինք խմում, հափշտակված լսում էի նրա դատողությունները դիրիժորական արվեստի վերաբերյալ։ Հարմար պահին, հպարտությամբ տեղեկացրի, որ Աիդայի դերում Մետրոպոլիտեն-օպերայի մեներգչուհի Լուսին Ամարան հայուհի է և, որ մեծ ջութակահար Իսահակ Ստեռնը նրա ձայնը համեմատել է ջութակի հետ։ Մազուրը համաձայնեց ու ավելացրեց. «Այո, նա ջութակի նման է»,- և իր ձեռքերի պլաստիկ շարժումով օդում «գծագրեց» «Եթովպիայի արքայադուստր» Աիդայի մարմնի ջութականման ուրվագիծը, ինչպես կասեր Դմիտրի Կարամազովը, «մարմնի դժոխային կորագծերը»։
Հետագայում Մազուրին տեսել եմ Մոսկվայում, «Սյունազարդ դահլիճում»՝ իր համերգին, որտեղ նա կատարեց Մոցարտի նվիրական 40-րդ սիմֆոնիան, Ռիխարդ Շտրաուսի «Թիլ ՈՒլենշպիգելը»։ Հիշում եմ նաև, որ համերգին ներկա էր և անվանի դիրիժոր Կոնստանտին Իվանովը։
-Հետաքրքիր է, անսպասելի էր։ Ի դեպ, Կուրտ Մազուրը և Ալեքսանդր Զանդեռլինգը եղել են Եվգենի Մռավինսկու «ասիստենտները»։ Դրանք միակն էին գերմանացիներից, որոնց թույլ տվեցին գալ Սովետմիություն պատերազմից հետո, լենինգրադյան բլոկադայից հետո։ Իհարկե, Մազուրը լեհական ծագումով գերմանացի է, բայց և այնպես...
-Զարմանալի է, դա արվեստի հաղթանակն էր. պատերազմներում հաղթում են, պարտվում, բայց մեծ արվեստը միշտ հաղթանակ է և վեր է սահմաններից ու ժամանակից։
-Պատահական չէ, որ Բեռլինի պատի փլուզումից հետո Մազուրին առաջարկում էին ստանձնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը։ Սակայն նա հրաժարվեց, ասելով. «Ես երաժիշտ եմ, այլ ոչ քաղաքագետ»։
-Գերմանացիք գլխի չեն ընկել, որ Հայաստանից մի քանի կանցլեր հրավիրեին։ Այնքան պաշտոնամոլներ ունենք, որ ցանկացողներ շատ կլինեին, հերթով կղեկավարեին Գերմանիան, մենք էլ մի քիչ շունչ կքաշեինք։
-Այո, միայն թե մեզ հանգիստ թողնեին։
-Գերմանացիք երաժշտապաշտ ժողովուրդ են։ Պատահական չէ, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերին համարում էին միացյալ Գերմանիայի, նրա ոգու խորհրդանիշ։ Իսկ մեզանում ինչպե՞ս վարվեցին Օհան Դուրյանի հետ։ Մազուրին և Զանդեռլինգին հրավիրեցին Լենինգրադ, մինչդեռ Մոսկվան տապալեց Դուրյանի պայմանագիրը Լայպցիգի «Գևանդհաուզ» նվագախմբի հետ։ Հայաստանում էլ առանձնապես լավ չվարվեցին վարպետի հետ։ Մեր մի զրույցում Օհան Դուրյանը խոստովանել էր, որ Կուրտ Մազուրի անցած ճանապարհը «Գևանդհաուզից» մինչև Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբ ճակատագրորեն նախատեսված էր հենց իր համար, սակայն այս անգամ նախանձը, չարը ճակատագրից ուժեղ գտնվեցին։
-Ասում են՝ Նապոլեոնին մի զինվորի են ներկայացնում ու նշում զինվորի խիզախությունը, տաղանդը, նվիրվածությունը։ Նապոլեոնն ընդհատում է ու հարցնում. «Իսկ այդ զինվորը բախտավո՞ր է»։ Ինչ խոսք, Մազուրը Կարայանի աջակցությամբ «Գևանդհաուզին» նոր շունչ հաղորդեց և արժանի էր դրան։ Այո, մերոնք երաժշտությամբ, դասականով այդքան չեն ներծծված, որքան գերմանացիք։
-Ասում են՝ մենք անհատների, վառ կոնտրաստների ժողովուրդ ենք, ինչպես մեր եղանակը, մեր սար ու ձորերը...
-Ի դեպ, տաքսի եմ պատվիրում ու ամբողջ ճանապարհին վարորդին բացատրում, թե որտեղ է գտնվում և ինչ է կամերային երաժշտության տունը։
-Լավ է, որ չի տարել ուրիշ «կամերա» (բանտախուց)։
-Մեկ ուրիշ տաքսու վարորդ Նալբանդյան, Իսահակյան փողոցների անունները լսելուն պես, ասում է. «Ձեզ կամերային երաժշտության տո՞ւնն է պետք»։ Պարզվեց, որ բարձր ինտելեկտի տեր մարդ էր, բարձրագույն կրթությամբ, բայց ստիպված է վարորդություն անել ընտանիքը պահելու համար։
-Սա է մեր իրականության «պերճանքն ու թշվառությունը»։ Ինչպե՞ս եք վերաբերվում մերօրյա «դիրիժորության էպիդեմիային» (ինչպես կասեր Ռիմսկի-Կորսակովը), որ գնալով երիտասարդանում է, մինչդեռ, ըստ Արթուրո Տոսկանինիի, դիրիժորությունը կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն է։
-Այո, դիրիժորը պիտի երկար, մեծ ճանապարհ անցնի։ Ես սկսել եմ նվագախումբ ղեկավարել 16 տարեկանից, բայց դրանք իմ ընկերներն էին։ Երբ հայտնվեցի Փարիզում, ինձ սկսնակ էի զգում, մի ճուտիկ, ավելի շուտ՝ ձու։ Բայց երբ դաշնամուրով կատարելագործվեցի, արդեն 30 տարեկանն անց էի, ես պատրաստ էի, բայց որպես աշակերտ։ Իսկ Մազուրի հետ իմ հանդիպումը ինձ համար բախտորոշ եղավ։ Վարպետի արտահայտությունը 10 տարվա դասընթացի արժեք ուներ։ Նա ասել էր. «Ես տանել չեմ կարող քո ձեռքերի ծանրությունը, բայց խենթանում եմ քո երաժշտականությունից»։ Ես խնդրեցի, որ մի անգամ էլ լսի ինձ։ Կենտրոնացա, ձեռքերս թեթևացրի, ու հանկարծ երաժշտությունը սկսեց շնչել։ Մազուրը ասաց. «Տեսա՞ր»։ Ինչպե՞ս կարողացա հաղթահարել այդ խոչընդոտը։
Որովհետև պատրաստ էի դա անելու և այդ մի «կայծն» ամեն ինչ տեղը դրեց։ Այսօր շատ են այն դիրիժորները, ովքեր նվագել կարգին չգիտեն, բայց ուզում են ղեկավարել նվագախմբի փորձառու, տարեց երաժիշտներին։ Դրանք ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ բարոյական իրավունք ունեն նման լուրջ գործով զբաղվելու։ Չգիտեն, որ երաժիշտ չեն ծնվում, այլ դառնում են, հասունանում, արժանանում։
-Մաեստրո, թույլ տվեք մի հարց ևս։ Ինչպե՞ս կբացատրեք, որ երաժշտությունը, լինելով ազնվացնող զորեղ ուժ, էապես չի բարեփոխում շատերին։ Երաժշտությո՞ւնն է քիչ, թե՞ չարն է շատ։
-Մենք՝ երաժիշտներս էլ մեղքի բաժին ունենք։ Տեսնելով, որ ապաշնորհները մատչելի, էժանագին հակամշակույթ են մատուցում, մոլորված ժողովրդի փողերը կորզելով ճոխ կյանք են վարում, բազմաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտներ ևս հետևում են այդ վարակիչ օրինակին։ Եվ փոխանակ բարձրացնելու ժողովրդի կուլտուրան, իրենք են իջնում, հաճոյանում ու խոչընդոտում զարգացմանը։ Մենք կոչված ենք կրթելու ժողովրդին, ճշմարիտ, հոգևոր ճանապարհով ուղղորդելու, որպեսզի բարձր չափանիշներով ապրենք և կարողանանք ներդաշնակ հասարակություն ձևավորել, արտագաղթը կանխել։ Իսկ ոմանց դա խանգարում է, մեզ դիմադրում են։ Ոմանց պետք է ոչ թե կիրթ ժողովուրդ, այլ անգրագետ ամբոխ։ Չէ՞ որ անգրագետներին հեշտ է կառավարել, ենթարկեցնել։
Ես Ֆրանսիայում ղեկավարում եմ սիմֆոնիկ նվագախումբ, կազմակերպում եմ նորագույն երաժշտության փառատոներ։ Եթե իմ յուրաքանչյուր համերգին ոչ մի նորամուծություն չանեմ, ունկնդրին մի քայլ ևս չմոտեցնեմ բարձր արվեստին, ապա կթողնեմ այդ գործը և ուրիշ գործով կզբաղվեմ։
-Երաժիշտներից ովքե՞ր են Ձեզ հոգեհարազատ, ովքեր կարող են Ձեզ հուզել, Ձեզ, որ այդքան մարդկանց ինքներդ եք հուզում, բերկրանք պատճառում։
-Անցյալի մեծերից՝ Արթուրո Տոսկանինին, Էրիխ Կլայբերը, թեպետ իր որդին՝ Կառլոս Կլայբերը, կարծես, շատերի ուշադրությունն իր վրա էր սևեռել։ Կան, մեծ դիրիժորներ կան։ Մեծ դաշնակահարներից նշեմ Արթուր Շնաբելին, Հենրիխ Նեյհաուզին, Էմիլ Գիլելսին, Սվյատոսլավ Ռիխտերին։ Ինձ համար հայտնություն էր աշխարհահռչակ ջութակահար Եվրի Գիտլիսը, որը 90 տարեկան է, բայց մինչ օրս նվագում է։ Ժամանակին Իսահակ Ստեռնը, Մենուհինը ասում էին, թե նման տաղանդ երբևէ չեն տեսել։ 2000 թվականից Գիտլիսը ելույթներ է ունենում միայն Մարթա Արգերիխի և ինձ հետ։ Շուտով Գիտլիսի հետ կրկին ելույթ կունենանք Ճապոնիայում։ Գիտլիսը ցնցող է, նրա մի հնչյունը բավական է, որ մարդն արտասվի։ Հիմա էլ բջջային հեռախոսիս մեջ պահում եմ նրա ձայնագրությունը։ Լսի՛ր և կհամոզվես։
-Օ՜, Պագանինի, «Կամպանելլա», շնորհակալություն...
Բացի երաժշտությունից ի՞նչն է Ձեզ առավել հուզում։
-Անշուշտ, պոեզիան։ Հաճախ եմ քնելուց առաջ Պուշկին կարդում։ Բացում եմ «Եվգենի Օնեգինի» ցանկացած էջ ու զարմանում։ Բովանդակության առումով արտառոց մի բան չեմ տեսնում, մեր «Անուշի» պես է. նույնպես սեր, երկու ընկեր, սպանություն, բայց ինչպիսի՛ հանճարեղ արվեստ, ի՛նչ գեղեցկություն և գերագույն արտահայտչականություն։ Նույնը և Մոցարտը՝ հիշո՞ւմ եք 23-րդ կոնցերտը, 2-րդ մասը, որ մենք Ազգային կամերայինի հետ կատարեցինք։
-Անմոռանալի՛ է։
-Մտածում ես, ինչպե՞ս կարող է սովորական մահկանացուն ստեղծել նման հանճարեղ գլուխգործոց։ Զգում ես, որ երկնքից մի ուժ է ուղղորդում։ Ահա սա է, որ վկայում է Աստծո գոյությունը։
Հիրավի, վկայություններ շատ կան, ամենուր։
14-ամյա Մենուհինի կատարմամբ Բախի, Բեթհովենի կոնցերտները լսելուց հետո Ալբերտ Էյնշտեյնը բացականչել է. «Հիմա ես հաստատ գիտեմ, որ Աստված կա»...
-Մաեստրո, մեզ հայտնի է, որ մեր Ազգային կամերային նվագախումբը շուտով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հյուրախաղերի։ Ցանկանում եմ հաջողություն, բարի վերադարձ։
-Շնորհակալություն։
-Ես էլ եմ շնորհակալ։

Զրույցը վարեց
Դանիել ԵՐԱԺԻՇՏԸ

Դիտվել է՝ 2530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ