Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նինո Բուրջանաձեն կասկածի սերմեր արդեն իսկ ցանել է

Նինո Բուրջանաձեն կասկածի սերմեր արդեն իսկ ցանել է
12.11.2013 | 00:24

Եվ այսպես, մեր հարևանները նոր նախագահ ընտրեցին։ Դա կրթության և գիտության նախկին նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է։ «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան, այսպիսով, ապացուցեց, որ խորհրդարանական ընտրություններում իր հաջողությունն օրինաչափ էր և ոչ թե պատահական, և որ Միխայիլ Սաակաշվիլու ու նրա մերժված «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) կառավարման շրջանը տխուր վախճան ունեցավ։
Տխուր, թեկուզ և այն պատճառով, որ նախկին նախագահն արդեն փախել է Վրաստանից, իհարկե, Նիդերլանդներ։ Կնոջ և նրա երկրի պաշտպանության ներքո։ Իսկ Սաակաշվիլու մերձավոր զինակիցներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Բաչանա Ախալայան, արդեն, ըստ էության, քրեական հանցագործ է հայտարարվել։ Նախկին նախագահը ստիպված էր փախչել. կառավարության ղեկավար և «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իր վերջին հարցազրույցներից մեկում հստակորեն հայտարարել էր, որ քննչական մարմիններն ու դատախազությունը «հարցեր ունեն» Սաակաշվիլուն։ Բացի այդ, թափ է առնում սպանված Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի հարազատների բողոքի քննությունը։ Առջևում դիակների արտաշիրմումն է, և թե արդյունքում ինչի կհանգեցնի նոր հետաքննությունը` հազիվ թե որևէ մեկը կարողանա կանխատեսել։ Բայց հասկանալի է. այդ երկուսի միաժամանակյա սպանության ¥ապա դրան հետևած` Նինո Բուրջանաձեի կուսակցության մի շարք անդամների «տարօրինակ մահերը»¤ բոլոր թելերը, միևնույն է, կտանեն դեպի Սաակաշվիլին և ՄԱՇ-ը։ Ժվանիային սպանեցին, որ խափանեն «իշխանության խաղաղ փոխանցումը»: Վերջերս նախկին նախագահ Էդվարդ Շևարդնաձեն ինքը հրապարակավ խոստովանեց, որ իր և «վարդերի հեղափոխականների» միջև գաղտնի պայմանավորվածություն է եղել. Շևարդնաձեն հեռանում է առանց պայքարի, պայմանով, որ «հեղափոխականների հաղթախմբից» նախագահ դառնար հենց Ժվանիան։ Բայց Ժվանիային սպանեցին... Իսկ ահա Բուրջանաձեի կողմնակիցների «տարօրինակ մահերը» հարկավոր էին, որ վրաց «երկաթե լեդի» Նինոն հասկանար, որ եթե չլռի, իր հետ «դժբախտ դեպք» կպատահի, ինչպես Ժվանիայի հետ եղավ։
Այդ ամերիկացիներին ու եվրոպացիներին է, որ կարելի է մի գլուխ խաբել, թե Արևմուտքի օգնությամբ Վրաստանն էլ շատ շուտով «արևմտյան» կդառնա բովանդակությամբ և արտաքին նշաններով։ Սակայն Կովկասը Արևելքի մաս է, իսկ Արևելքը, ինչպես հայտնի է, ոչ միայն «дело тонкое», այլև երբեք չի հրաժարվում իշխանության և քաղաքական մրցակիցների վերացման համար պայքարի իր ավանդական եղանակներից ու միջոցներից։ Վրաստանի հարևաններին հենց սկզբից էլ դա հասկանալի էր։ Արևմուտքը, երևում է, մինչև հիմա էլ չի հասկացել դա։
Հայաստանի համար, ասենք, ոչ միայն Հայաստանի, արդեն լրիվ միևնույն է, թե ով է Վրաստանի նախագահ դարձել։ Բանն այն է, որ Սաակաշվիլին հեռանալուց առաջ սահմանադրական փոփոխություններ արեց, որոնցից հետո նախագահի սահմանակարգի դերն ու նշանակությունը երկրում էապես նվազել են։ Շատ ավելի կարևոր է, թե ով կդառնա վարչապետ. խոսակցություններ կան, թե պարոն Իվանիշվիլին մտադիր է հեռանալ։ ՈՒստի այստեղ հարկավոր է զինվել համբերությամբ և տեսնել, թե երբ «Վրացական երազանքը» կկողմնորոշվի` իշխանությունը թողնե՞լ Իվանիշվիլու ձեռքը, թե՞ իր ղեկավար կազմից մեկ ուրիշին առաջադրել։ Ես կարծում եմ, որ այս հարցը, այնուամենայնիվ, կլուծի անձամբ ինքը` ներկա վարչապետը։ Գայթակղությունները քիչ չեն։ Նախ, իսկ ինչո՞ւ ինքն իր հերթին չվերանայի Սահմանադրությունը, քանի որ «Վրացական երազանքը» անվերապահորեն հաղթել է և դուրս մղել ՄԱՇ-ին։ Եվ մի ժամկետ անց ընտրվել նախագահ։ Երկրորդ, այնուամենայնիվ իրեն պահել վարչապետի ու, փաստորեն, պետության ղեկավարի պոստը, քանի որ նախագահի լիազորությունները խիստ «խուզվել են»։ Եվ երրորդ, անցնել ստվեր և մնալ «գորշ կարդինալի» դերում ու ղեկավարել թե՛ նախագահ Մարգվելաշվիլուն, թե՛ նոր վարչապետին։
Բայց Վրաստանի քաղաքացիներն իրենք թող խորամուխ լինեն այդ հարցերում։ Կամ էլ պարոնայք Իվանիշվիլին ու Մարգվելաշվիլին։ Համենայն դեպս, Նինո Բուրջանաձեն կասկածի սերմեր արդեն իսկ ցանել է` Իվանիշվիլուն ու Սաակաշվիլուն հրապարակայնորեն մեղադրելով իր դեմ դավեր նյութելու մեջ։ Ինքը շատ լավ գիտե, թե ինչպես է դա արվում. չէ՞ որ նրան մեկ անգամ արդեն աղետալիորեն խաբել են, երբ նա պատրաստվում էր լուրջ դերակատարություն ունենալու նախագահ Զուրաբ Ժվանիայի օրոք։ Սակայն... Ժվանիան սպանվեց, և շուտով նոր հետաքննություն կսկսվի։ Իսկ Բուրջանաձեն իր քաղաքական կարիերայում երկրորդ անգամ մնում է խաղից դուրս։ Այդուամենայնիվ, խորհրդարանի նախկին խոսնակի հայտարարությունը նշանակում է, որ բնավ էլ ոչ բոլոր ներվրացական հարցերն են իրենց լուծումը գտել։ Եվ բացառված չէ, որ մեր հարևանները նորանոր ճգնաժամեր, նախագահների ու կառավարությունների փոփոխություններ ապրեն։
Իսկ Հայաստանի համար ի՞նչն է կարևորը։ Առաջին հերթին` իրապե՞ս կփոխվի հարևան Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Միայն այդ դեպքում կարելի կլինի ասել, որ Թբիլիսիում իրական իշխանափոխություն է տեղի ունեցել։ Իսկ եթե Հայաստանի համար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ Վրաստանի քաղաքական կուրսը չփոխվի, ապա այդ դեպքում մենք Երևանում լիիրավ կլինենք պնդելու, որ, այսպես ասած, «հակամարտությունը» «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» միջև սուտ է, ինչպես և պնդում է տիկին Բուրջանաձեն։
Եվ այսպես, թվարկենք այն հարցերը, որոնցում Վրաստանի քաղաքականության փոփոխությունը Հայաստանի համար հիմք կծառայի համաձայնելու այն բանին, որ Թբիլիսիում վերջնականորեն իշխանափոխություն է կատարվել:

1.ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ։ Սա հիրավի ռազմավարական նշանակության հարց է, և այն մեզ համար օրախնդիր է եղել առանց ԱՊՀ Մաքսային միության էլ։ Սա ժամանակի թելադրանքն է և, ցավոք, մեր վատ աշխարհագրության հրամայականը։ Այս հարցը է՛լ ավելի օրախնդիր է դարձել հիմա, երբ արդեն այնքան էլ պարզ չէ, թե երբ է սկսվելու և, համապատասխանաբար, ավարտվելու Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը։ Վերջապես, սա մի հարց է, որը լրջորեն ազդում է մեր տնտեսության ու արտաքին առևտրաշրջանառության վրա։
2. ԿՃԱՆԱՉԵ՞Ն, ԱՐԴՅՈՔ, «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915-23 ԹԹ.։ Սա էլ է հարկավոր համարել ռազմավարական կարևորություն ներկայացնող հարց Հայաստանի համար։ Երկար տարիներ, ով էլ եղել է երկրի նախագահը, Վրաստանը կտրականապես հրաժարվել է քննության առնել այն։ Ավելին, Վրաստանը, փաստորեն, դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական աջակիցը. մի՞թե կարող ենք մոռանալ, թե քանի-քանի անգամ են Վրաստանի ղեկավարները պատրաստ եղել կատարելու թուրքերի ու ադրբեջանցիների բոլոր պահանջները։ Հայաստանում դեռ ոչ ոք չի մոռացել, թե քանի անգամ են «ինչ-որ ուժեր» պայթեցրել Վրաստանով անցնող մեր գազատարը պատերազմի տարիներին։ Ոչ ոք չի մոռանա, թե ինչպես էին խափանվում Վրաստանի հայ համայնքի ջանքերը` հասնելու վրացական խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը։ ՈՒ ոչ ոք չի մոռանա, որ երկար տասնամյակներ Վրաստանը փաստորեն ¥Հայոսի և Քարթլոսի եղբայրության ու բարեկամության մասին բանավոր հռետորաբանությանը զուգահեռ¤ Հայաստանի նկատմամբ ամենևին էլ եղբայրական քաղաքականություն չի վարել։
3. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Սա այնքան լայն ու խորքային հարց է, որ մեկ հոդվածում անհնար է ամեն ինչ ընդգրկել։ ՈՒստի և հիշատակենք միայն մեկ բան. թող Վրաստանը կատարի գոնե իր ստանձնած պարտավորությունները եվրոպական կառույցների առջև, որ այնքան սիրելի են պաշտոնական Թբիլիսիի համար։ Այսինքն, սկսի կատարել «Տարածաշրջանային լեզուների և ազգային փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան»։ 1999 թ. ապրիլին պաշտոնապես ընդունվելով Եվրախորհուրդ (ԵԽ), Վրաստանը պարտավորվեց ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստորագրել ու վավերացնել այդ փաստաթուղթը։ 2013 թ. մարտի 29-ին Եվրախորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժղենտին, փաստորեն, հրապարակայնորեն ընդունեց, որ Վրաստանը մտադիր չէ հաշվի նստել այդ փաստաթղթի հետ և առաջարկեց սոսկ. ա) մեկ անգամ ևս վավերագրել, որ Վրաստանը հավատարիմ է մնում Եվրախորհուրդ մտնելիս ստանձնած պարտավորություններին, ներառյալ «Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան», բ) հրաժարվել խարտիայի վայրկենական վավերացումից, շարունակել և անհրաժեշտության դեպքում ակտիվացնել հարցի վերլուծությունը որակյալ փորձագետների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, այդ թվում` ԵԽ փորձագետների հետ։ Իսկ 2013 թ. մարտի 31-ին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարեց, թե անընդունելի է համարում փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի քննարկման վերսկսումը։
Հիշեցնեմ, որ այդ խարտիան երաշխիքներ է պարունակում, որոնք լիարժեքորեն պաշտպանում են ազգային փոքրամասնությունների քաղաքական իրավունքները` ունենալու, սովորելու և օգտվելու իրենց լեզվից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ