Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ում երեք տարի օրենքին «ձեռք չեն տալիս»

ԱՄՆ-ում երեք տարի օրենքին «ձեռք չեն տալիս»
14.11.2013 | 14:41

«Իրատես de facto»-ի մամուլի ակումբում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ գալիք տարվա բյուջեն որոշ հաշվարկների դեպքում իրատեսական է:

«Նախորդ տարվա համեմատ մենք 99 մլրդ դրամ լրացուցիչ մուտքեր պետք է ապահովենք»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Այս տարվա բյուջեով, ըստ նրա, կրճատվում է վարչարարությունը, որի դեմ ընդվզում է պետեկամուտների կոմիտեն: Նա ծրագրային քայլ է համարում պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Այդպիսով 238 հազար մարդու աշխատավարձ է բարձրացվում, որի մեջ մոտ 680 հոգի են կազմում բարձրաստիճան պաշտոնյաները: Դրանց մեջ են մտնում առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտների աշխատակիցները:
Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ խնդիրներ կարող են առաջանալ մասնավոր սեկտորի հետ:
«Արդյոք մասնավոր սեկտորը պատրա՞ստ է աշխատավարձերի բարձրացմանը, դա չի՞ բերի գործազրկության: Մենք գիտենք, որ բյուջեի հիմնական մասն ապահովում է մասնավոր սեկտորը: Նման քայլ կատարելու դեպքում կատարե՞լ ենք նախապատրաստական աշխատանքներ, դրամավարկային քաղաքականության մեջ ստեղծե՞լ ենք պայմաններ, որպեսզի կարողանանք ապահովել տնտեսական աճ, որը կանխատեսվում էր: Հաջորդ հարցն այն է, թե մենք նախապատրաստո՞ւմ ենք օրենքների փոփոխություններ»,- հարցեր է առաջադրում ԱԺ պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանը մեր երկրի զարգացման հեռանկարը կապում է արդյունաբերության զարգացման հետ:
Վահրամ Բաղդասարյանը լուրջ խնդիր է համարում օրենքների հաճախակի փոփոխությունը: Նա մամուլի ասուլիսում բերեց ԱՄՆ-ի օրինակը, որտեղ եթե օրենքն ընդունվում է, երեք տարի այդ օրենքին չեն անդրադառնում, չեն փորձում փոխել: Իսկ մեր երկրում օրենքների հաճախակի փոփոխությունները դժվարացնում են տնտեսվարողների գործը:
Ըստ ԱԺ պատգամավորի` պետք է կարողանանք մաքսային և հարկային օրենսդրության մեջ կատարել փոփոխություններ:
«Քանի տարի ասում են` մենք պետք է պայմաններ ստեղծենք ներմուծման հետ կապված խնդիրներում: Հիմնականում շուկա մտնելու խնդիրն է, որի համար պետք է որակյալ արտադրանք: Իսկ որակյալ արտադրանք ստանալու համար պետք են որակյալ սարքավորումներ: Մենք ունենք գործարաններ, որոնք անցյալ դարի 70-80-ական թվականների սարքավորումներով են արտադրանք տալիս»,- հիշեցնում է ԱԺ պատգամավորը: Նա առաջարկում է բոլոր սարքավորումների համար, որոնք չեն արտադրվում Հայաստանում, սահմանել զրոյական դրույքաչափ, իսկ մյուսների համար ավելացնել դրույքաչափերը:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին, ապա Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դրանք շատ երկրներում արդարացված են: ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ պարտադիր կուտակային համակարգը վերաբերում է 1974 թվականից սկսած ծնվածներին, իսկ ավելի մեծ տարիք ունեցողների համար այդ համակարգը պարտադիր չէ:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ մեր ձախողումները պայմանավորված են այն բանով, որ ոչ մի ձախողված պաշտոնյա հրաժարական չի տալիս և չի պատժվում դրա համար:
Ինչ վերաբերում է ներդրողներին խրախուսելուն, ապա, ըստ ԱԺ պատգամավորի, առաջացել է նոր իրավիճակ` կապված Մաքսային միություն մտնելու հետ, և պետք է մտածել, թե ինչ հարաբերություններ են ստեղծվելու այն երկրների հետ, որոնք չեն մտնում Մաքսային միություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ