«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Նա, որին ճանաչում էին ծովերից անդին, կորցնում էր ժառանգներին

Նա, որին ճանաչում էին ծովերից անդին,  կորցնում էր ժառանգներին
15.11.2013 | 11:00

Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր:
Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից: Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից` ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից` թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին: Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից: Բայց հիմա, երբ մինչև Անգլիա շատ քիչ էր մնացել, տախտակամածի վրա ծալովի փայտե բազկաթոռին նստած, անթարթ հայացքը հառած մթնշաղով պարուրված խաղաղ ջրերին, ցավագին գիտակցում էր, որ իր կյանքը դժբախտ հունով է ընթացել, որ այն, ինչ տասնամյակներ շարունակ արել-դրել էր` սխալ էր: Այս մտքից նա ավելի էր նեղվում, չէր ուզում հաշտվել իրողության հետ, և անելանելիությունից քիչ էր մնում սիրտը տեղից դուրս թռչի: Ծնվել էր 1730 թ., Նոր Ջուղայի կաթոլիկների Շահրիմանենց թաղում: Ռաֆայել հայրը առևտրային գործերով տարիներ շարունակ դրսում էր, Հնդկաստանում. հերթական տունդարձից հետո նա ինչ-որ տարօրինակ հիվանդությունից հանկարծակի մահացավ: Երբ Էդուարդը դարձավ 10 տարեկան, մայրը` Նանաջանը, որդուն հանձնեց քարավանբաշուն, և մանչուկը համաքաղաքացիների, ուղտերի ու ջորիների խմբի հետ հասավ Բանդար-Գյազ: Այստեղից վաճառականների հետ նավ նստեց ու ճանապարհվեց Հնդկաստան` մորական պապ Խոջամալի մոտ: Պապը վաճառական էր, համեմունք, ակնեղեն, ծխախոտ բարձած Հնդկաստանով մեկ դեսուդեն էր թափառում և համարում էր, որ միայն ուսումը մարդուն մարդ կարող է դարձնել: Թոռանը տեղավորեց Փոնդիշերի անգլիական վարժարան, որտեղ Էդուարդը տիրապետեց անգլերենի ու ֆրանսերենի, կարդաց բազմաթիվ գրքեր, բայց անգլիացիների ու ֆրանսիացիների միջև ծագած պատերազմի պատճառով ստիպված եղավ ուսումը կիսատ թողնել:
Տասնվեց տարեկանից սկսեց պապին օգնել, առաջին քայլերն արեց առևտրում, ու երբ Խաջամալը մահացավ, Էդուարդն արդեն բավական փորձառություն ուներ: Բայց 1761-ին դժբախտություն պատահեց. սիկխ ավազակները նրան թալանեցին, ապրանքը տարան, ձախ ձեռքից էլ վիրավորեցին, և միայն մեկ օր անց ձկնորսները նրան կիսամեռ վիճակում գտան ու բերեցին Փոնդիշեր: Միանգամից կորցրեց այն ամենը, ինչ տքնանքով ձեռք էր բերել:
Ծանր հարվածին դիմացավ, որովհետև անտերությունը, պանդխտությունը, զրկանքներն ու չարչարանքները անընկճելիություն էին ձևավորել: Ամեն ինչ սկսեց սկզբից. առևտուր էր անում ոչ միայն Բենգալիայում, այլև ապրանքներն առած հասնում էր Չինաստան ու Ֆիլիպինյան կղզիներ: Շուտով մեծ հարստություն դիզեց, առաջնակարգ վաճառականի համբավ վաստակեց և 1772-ին ամուսնացավ Սահրադենց Հեղինեի հետ: ՈՒնեցավ հինգ զավակ` Հովհաննես, Ալեքսանդր, Լուի, Աննա և Աննա-Մարիամ: Երեխաների հետ հարաբերությունները բարդ էին. նրանք հորը համարում էին ինքնիշխան, իրասածի, կոշտուկոպիտ մարդ, որին, սակայն, ստիպված էին հլու հնազանդվել:
Նոր ձախորդության պատճառ դարձան Վենետիկի Մխիթարյանները: 1785-ին Մադրաս եկան վարդապետներ Նիկողայոս Բուզանյանն ու Պողոս Մեհերյանը` Սբ. Ղազարի համար դրամական նպաստ հանգանակելու: Ղարամյանը մի ծածուկ երազանք ուներ, որի մասին պատմեց հայրերին: Նա անչափ շատ էր սիրում Դիոնիս Կասիուսի «Հռոմի պատմությունը» անգլերեն հրատարակությունը, որը պարբերաբար վերընթերցում էր: Դա համարում էր լավագույն աշխատությունը և ամբողջ սրտով ուզում էր, որ այն թարգմանվի հայերեն: Այդ իսկ պատճառով Մխիթարյաններին 8000 ռուփի տվեց թարգմանության, տպարանական ծախսերի համար, 5000 ռուփի էլ խոստացավ Սբ. Ղազարին նվիրաբերել, երբ հայերեն գիրքը ձեռքը կվերցնի: Վարդապետները հանձն առան, բայց չորս տարի անցավ, իսկ Ղարամյանը ոչ թարգմանությունը տեսավ, ոչ էլ փողը հետ ստացավ:
Սակայն, փողից բացի, միաբաններին տվեց նաև... ավագ որդուն` Հովհաննեսին: Խոջամալ պապն իրավացի էր` մարդ կրթությամբ կարող էր մարդ դառնալ, հասարակությունում դիրք ու ազդեցություն գրավել, և այն, ինչ ճակատագիրն իրեն չէր վերապահել, Ղարամյանը որոշեց տալ զավակներին: Հնդկաստանում բարձրակարգ կրթություն ստանալու մասին խոսք լինել չէր կարող, միայն Անգլիայում էր դա հնարավոր, ահա թե ինչու նա Մխիթարյանների հետ Լոնդոն ուղարկեց նախ ավագին, ապա նաև Ալեքսանդրին ու Լուիին:
Աննային ամուսնացրեց թոքատցի Մկրտչի որդի Սամուելի հետ` Մուրատենց տոհմից, և շատ գոհ էր: Փեսան առաջնակարգ վաճառական էր, կիրթ ու խելացի մարդ ու թերևս միակն էր, ով հասկանում էր իրեն: Դա էր պատճառը, որ 1789 թ. դեկտեմբերի 31-ին Ղարամյանը կտակ գրեց ու հանձնեց Սամուելին, որով նրան թողնում էր 65 հազար ֆրանկ և պատվիրում իր մահից հետո Եվրոպայում հայ երեխաների համար մի կրթօջախ հիմնել, որը կկրեր հոր` Ռաֆայելի անունը:
Տասը տարի էր անցել այն օրից, ինչ որդիներին Անգլիա էր ուղարկել: Եվ ահա մի քանի ամիս առաջ Լոնդոնից մարդ եկավ ու հայտնեց, որ որդիները մտադիր են անգլիկան եկեղեցու դավանանք ընդունել, ամուսնանալ անգլուհիների հետ և այլևս չվերադառնալ:
Դա մահվան բոթի հավասար մի բան էր: Աշխարհը փուլ եկավ Ղարամյանի գլխին: Նա, որ Մադրասի ամենաերևելի մարդկանցից մեկն էր, որին ճանաչում էին ծովերից անդին, որի հետ հաշվի էին նստում անգամ հոխորտ անգլիացիները, կորցնում էր ժառանգներին:
Բանուգործը թողեց Սամուելին, նստեց այս անիծյալ «Նորդը», որպեսզի գնա որդիների հետևից, նրանց դարձի բերի, հետ պահի անմիտ քայլերից: Եվ հիմա, տախտակամածի ծալովի բազկաթոռին նստած ու մթնդած ծովին նայելով, մտածում էր որդիների հախից գալու մասին: Կսպառնա ժառանգությունից զրկել, հայրական անեծք կթափի, ի վերջո, իշխանություններին կդիմի, որ նրանց արտաքսեն երկրից... Ոչինչ, քիչ մնաց:
Կեսգիշերին մոտ հերթապահ նավաստին նավապետին զեկուցեց, որ տախտակամածի վրա, բազկաթոռի մեջ մեռած մարդ կա:
Նավի բժիշկը դին զննեց և արձանագրեց, որ մարդը մահացել է սրտի կաթվածից: Նավապետն իսկույն ճանաչեց հանգուցյալին. դա եվրոպացու հագուստով, թուխ մաշկով, ալեհեր այն հայն էր, որ ամբողջ ճանապարհին ամեն ինչից դժգոհել և բոլորի հետ կռվշտել էր:
Նավագնացության օրենքի համաձայն` դին փաթաթեցին սավանով ու նետեցին ծովը:
Մինչև Անգլիա մնացել էր մեկ օրվա ճանապարհ։ 1829 թ. Ալեքսանդր Էդուարդի Ղարամյանն այցելեց Եղիսաբեթպոլիս և 15600 ֆիորին գումարով հիմնեց իգական հայուհյաց վարժարան: 1847-ին նա մասնակցեց խորհրդարանական ընտրությունների, բոլոր թեկնածուներից ավելի քվե ստացավ և դարձավ Լոնդոնի պառլամենտի առաջին հայ անդամը: Մահից հետո` 1851 թ., թողեց 16 միլիոն ֆրանկ, բայց ազգին` ոչինչ. նրա ուծացման գործընթացն ավարտվել էր, նա վաղուց արդեն անգլիացի էր:

Սամուել Մկրտչի ՄՈՒՐԱՏՅԱՆԸ (1760-1816) աներոջ վերջին կամքը կատարելու համար հատկացրեց 1 մլն 700 հազար ոսկե ֆրանկ: Հոգին ավանդելիս նա ցանկություն էր հայտնել, որ իր թաղման ծեսը կատարի հայ լուսավորչական քահանա, այլ ոչ կաթոլիկ: Երբ հայտնել էին, թե լուսավորչական քահանա չկա, կարգադրել էր. «Կաթոլիկ քահանա չը մերձենայ իմ դիակին, այլ մի աշխարհական մարդ կարդայ իմ մարմնոյ վերայ «Հայր մեր» եւ յետոյ դնեն գերեզման»: Այդպես էլ վարվեցին:


1834 թ., նախ, Մուրատյան անվամբ վարժարան բացվեց Բաթավիայում (Ջակարտա), ապա 1846-ին տեղափոխվեց Փարիզ, 1855-ին` Վենետիկ: Այստեղ դեռևս 1836-ին բացվել էր Ռաֆայել անվանմամբ դպրոց, որին միանալով` վարժարանն սկսել է կոչվել Մուրադ-Ռաֆայելյան, որտեղ կարող էին ուսում ստանալ տարբեր դավանանք ունեցող հայ պատանիները:
Վարժարանը փակվեց 1995 թվականին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao