Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:               
 

«Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»

«Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»
18.11.2013 | 16:45

«Այս երկիրը քեզ նման է», «Անձրևի երգը», «Ճամփեն բռնեցի», «Դու»... ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հեղինակային երգի սիրահարները ճանաչում են այս և այլ երգերով: Ապրում է Բելգիայում: Աշխատում է պետական համակարգում, ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրների առողջապահական համակարգերի, բուժծառայությունների մատչելիության վերաբերյալ: Տարին մեկ-երկու անգամ գալիս է հայրենիք, մասնակցում է «The Club» ակումբում անցկացվող հեղինակային երգի ուրբաթօրյա երեկոներին: Առաջին` «Երբ ծաղկում են ծառերը» ձայնասկավառակը թողարկել է 2001-ին, 2011-ին Բելգիայում լույս է տեսել նրա «Ночные размышления» ռուսերեն երգերի սկավառակը: 90-ականներին թողարկված «Զրույց»-ը համերգային ձայնագրությունն է, որտեղ հնչում են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Տաթևիկ Աղամիրյանի և Արեգ Նազարյանի կատարումները: Նրա երգերը տեղ են գտել նաև հեղինակ-կատարողների մեկ տարի առաջ հրատարակված գիրք-սկավառակում: «Իրատես de facto»-ի հետ զրույցում Արեգ Նազարյանն ասաց, որ ձայնագրության համար պատրաստ է 15 երգ, որոնցից մի քանիսը ներկայացրել է «The Club»-ում և արդեն շրջանառվում են համացանցում: Մի մասը ոչ մի տեղ չի հնչել: Նոր սկավառակի թողարկումը մի քիչ հետաձգվում է, որովհետև ուզում է նոր, էքսպերիմենտալ ձևով ներկայացնել երգերը, ոչ միայն կիթառի, այլև կամերային գործիքների նվագակցությամբ` դուդուկ, ջութակ, ակորդեոն և հարվածային գործիքներ: Տեսահոլովակ գուցե նկարահանի` հեղինակային երգը սփյուռքում ներկայացնելու համար: Բայց առայժմ, նրա խոսքով, օրակարգում այդ հարցը չկա:

-Արեգ, ասում եք` «Այս երկիրը քեզ նման է»: Սովորաբար, նմանատիպ արտահայտությունները ակնարկում են, որ ստանում ենք` ըստ արժանվույն: Ձեր երգը դրական ենթատեքստ ունի, ինչո՞վ է պայմանավորված այդչափ լավատեսությունը` հեռվում ապրելո՞վ:
-Երբ ես այդ երգը գրեցի, հեռվից չէի նայում, դա շատ հին երգ է: Այսօր էլ չեմ կարող ասել, թե միայն բացասական կամ դրական կողմերն եմ տեսնում: Այս երկիրն ինձ համար ոչ միայն ծննդավայր է, այլև անբուժելի հիվանդություն, հորոսկոպի նշան, բնավորություն, այս երկիրը անքակտելիորեն կապված է իմ մտածելակերպի հետ, ինձ հետ: Թե դրական, թե բացասական իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, որտեղ էլ լինեմ, ինձ վրա շատ են ազդում: Երբ գրում ես երգը ինչ-ինչ իրադարձությունից ազդված, այդ ազդեցությունն ընդմիշտ չի մնում, իհարկե, բայց մարդիկ ընկալում են երգը յուրովի ու այն սկսում է ապրել իր սեփական կյանքով: Այդպիսի մի բան պատահեց «Այս երկիրը քեզ նման է» երգի հետ: Երբ գրեցի երգը, այն ժամանակ կային ինչ-ինչ հանգամանքներ, որոնք այսօր չկան, բայց երգը շարունակում է ապրել: Դա հեղինակային երգի առավելություններից մեկն է: Ինչ վերաբերում է լավատեսությանը, ես փորձում եմ բոլոր երևույթները տեսնել տարբեր կողմերից, չտեսնել միայն սևը կամ սպիտակը, այդպես չի լինում, պարզապես:
-Նույն երգում ասվում է` «Մեր երկինքը անսահման է, մեր երկիրը ձեզ նման է, մենք երբեք այն չենք տա ոչ ոքի», բայց մենք գնում ենք՝ թողնելով նրան չգիտես թե ում: Արտագաղթը անհանգստացնող չէ՞, կարո՞ղ եք ինչ-որ բան ասել` ինքներդ հեռվում լինելով:
-Նախ և առաջ ասեմ, որ ես երբեք, անգամ 90-ականների ամենաբարդ տարիներին չեմ ցանկացել մեկնել Հայաստանից: Մեկնել եմ զուտ անձնական պատճառներով, իմ ծնողական պարտականությունները կատարելու համար, որովհետև արտասահմանում պիտի ծնվեր իմ երեխան: Մանրամասները, կարծում եմ, հետաքրքիր չեն լինի ընթերցողին: Նույն պատճառով ես դեռևս չեմ կարող վերադառնալ, բայց մեծ ցանկություն ունեմ վերադառնալու: Ինչ վերաբերում է արտագաղթին, իհարկե, անհանգստացնող է, բայց դա պետք է անհանգստացնի ոչ միայն հասարակ բնակիչներին, այլև այն մարդկանց, ովքեր պատասխանատու են երկրի պետականության, անկախության համար, նրանց, ում ձեռքին է երկրի ղեկը: Երբ սոցհարցում են անում, պարզվում է, որ գերակշռող մասը ցանկանում է լքել երկիրը: Եթե բնակչությունն այս տեմպերով պակասի, հետևանքները կլինեն ողբերգական: Ես չգիտեմ ինչքան են ճիշտ այդ տվյալները, մամուլում կարդացի, որ վեց ամսում Հայաստանը լքել է մեոտ 120 հազար մարդ: 3 միլիոնի համար, եթե համարենք, որ այստեղ բնակվում են 3 միլիոն, սա դեմոգրաֆիկ ողբերգություն է: Մարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան, Եվրոպայում այլևս հնարավորություններ չկան օրինական բնակություն հաստատելու: Կացության քարտ ստանալը շատ դժվար է. մարդիկ կամ պիտի ապրեն ոչ լեգալ կամ պարզապես վերադառնան ու գտնեն ուրիշ ելք, եթե չեն կարողանում իրենց կյանքն այստեղ կազմակերպել:
-«Առանց սպասող մեկի քայլելը ցավ է»: Իսկ ի՞նչ, եթե ինքդ չես սպասում:
-Եթե ինքդ չես սպասում, ավելի հեշտ է: Այդ երգն էլ վաղուց եմ գրել: Իմ մասին, իմ երգարվեստի մարդիկ դատում են 10-15 տարի առաջ գրված երգերով: Այդ ընթացքում որոշ բաներ, բնականաբար, փոխվել են, ես այն ժամանակ ուսանող էի, իմ մտածելակերպը նույնը չէր, երգերի մեջ գերակշռում էր լիրիկական թեման: Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է, լինի սպասված, թե սպասող, մեկ է, միայնակ է: Կան պահեր, երբ այդ դատարկությունը լցվում է երեխաներով, սիրած էակով, աշխատանքով, բայց այդ պահերը ժամանակավոր են: Ես չեմ ընկալում դա որպես բացասական երևույթ: Ինչպես ասում էր Քաջ Նազարը հայտնի մուլտֆիլմում՝ «Գետն ունենա երկու ափ, սարերը ձորերից բարձր լինեն», իմ կարծիքով՝ այդպիսի մի ակնհայտ ճշմարտություն էլ այն է, որ մարդը միայնակ է:
-Սիրո՞ւմ եք լռությունը:
-Տոտալ լռություն չի լինում երբեք, որովհետև իմ կյանքում աղմուկը, շարժումները շատ են` երեխաներ, երաժշտություն, աշխատանք: Երեկոյան ժամը 21-ից հետո իմ սենյակում լռություն է, և երբեմն այնքան եմ զգում լռության կարիքը, որ չեմ ցանկանում անգամ նվագել: Ես իրոք երբեմն լռության կարիք ունեմ, երևի այդ ժամանակ կարող ես լսել ինքդ քեզ: Էգոիստական նարցիսական պահով չեմ ասում, ուղղակի առօրյա հոգսերի հետևից ընկնելով չես կարողանում լսել քո ներքին ձայնը, ինքդ քեզ հետ լինել, ինքդ քեզ հասկանալ: Ես հանդիպել եմ տիբեթական լամաների, որոնք ասում են` դուք այդտեղ` Արևմուտքում, չեք հասկանում, թե ինչպես կարելի է 30- 40 րոպե հատակին նստած՝ ոչինչ չանել, ձեզ համար դա ժամանակի կորուստ է, այնինչ դուք ձեզ կորցնում եք ամբողջ օրվա ընթացքում, հենց այդ 40 րոպեն է, որ գտնում եք ինքներդ ձեզ այդ աշխարհում: Եվ ես կարծում եմ, որ իրենք ճիշտ են:
-Մեր աշխարհում ինքդ քեզ գտնելը ուրիշ կերպ է արտահայտվում, մարդիկ խմում են, զվարճանում, այսպես ասած` լիցքաթափվում են տարբեր եղանակներով:
-Բայց այդ մեթոդները խնդիր չեն լուծում: Երբ այստեղ եմ լինում, առավոտից երեկո ծխում եմ, որովհետև մթնոլորտն է տրամադրում դրան, ուր գնում ես, բոլորը ծխում են: Այդ մեթոդները` խմելու, ծխելու և այլն, առողջության համար ավելի վտանգավոր մեթոդները (չնայած դրանք էլ պակաս վտանգավոր չեն) խնդիր չեն լուծում: Ինքնախաբեության հաստ շերտ են դնում. սիրածս աղջիկն ինձ լքել է, այնքան կխմեմ, որ կմոռանամ: Մինչդեռ պիտի հասկանա, որ ոչինչ` լքել է, լքել է:
-Ռուբեն Հախվերդյանն ասում է` ես իմ կյանքն եմ երգում: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Հախվերդյանն ասում է` ես իմ կյանքն եմ երգում, Զորիկյանն ասում է` եթե ես երգում եմ արդուկի մասին, դա չի նշանակում, որ արդուկը ես եմ: Ես կարծում եմ, որ արդուկը, այնուամենայնիվ, ես եմ: Որովհետև, եթե անգամ երգում ես արդուկի մասին կամ մեկ այլ երևույթի, քո սեփական ընկալումն ես ցույց տալիս: Օրինակ, ես երգ ունեմ, որ գրված է քաղաքացիական ակտիվիստի անունից, բայց ես քաղաքացիական ակտիվիստ երբեք չեմ եղել: Երբ տեսնում եմ այդ երիտասարդներին, երբեմն նաև ոչ երիտասարդներին, խոնարհվում եմ իրենց առջև, ես ուրախ եմ, հպարտ եմ, հույսով եմ լցվում: Ես երբեք իրենց արածի կեսն էլ չեմ արել, բայց երգը գրված է ակտիվիստի անունից, ես չեմ, բայց իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս:
-Հայաստանում Ձեզ ճանաչում են, համենայն դեպս, հեղինակային երգի սիրահարները: Դրսում նույնպե՞ս ներկայանում եք հեղինակային երգով:
-Դրսում` ոչ, որովհետև, նախ և առաջ, Բելգիայում հայկական համայնք որպես այդպիսին չկա: Հայկական համայնքներ կան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որոնք կազմակերպում են համերգներ, միջոցառումներ, լոբբինգ են անում և այլն: Բելգիայում չկան նման բաներ: Կա մի կազմակերպություն, որ կոչվում է «Հայ տուն», երբ ես նոր էի գնացել, զանգեցի, առաջարկեցի համերգային ծրագիր, ասացի, որ ֆինանսն ինձ չի հետաքրքրում, ոչինչ պետք չէ, ես պարզապես ուզում եմ շփվել հանդիսատեսի հետ: Եվ նրանք ինձ տվեցին հետևյալ պատասխանը. երկու ամիսը մեկ մենք հանդիպում ենք ճաշի, մենք կուտենք, դուք` կերգեք: Դրանով վերջացավ իմ կապը հայկական կազմակերպությունների հետ: Բելգիայում է բնակվում Տիգրան Տեր-Ստեփանյանը, հանճարեղ կիթառահար է, ունի կամերային երաժշտության խումբ, «Արաքս» է կոչվում: Կոմիտաս, Սայաթ-Նովա են նվագում, խմբի անդամների կեսը հայկական արմատ չունի. թավջութակը ֆլամանդուհի է նվագում, ֆլեյտան` բելգիացի, հարվածային գործիքները` բրազիլիացի: Ես շատ եմ ափսոսում, որ Հայաստանում նրանք այդքան էլ հայտնի չեն: Որակով ու գեղեցիկ երաժշտություն են մատուցում, Տիգրանը հաճախ համագործակցում է Ռուբեն Հախվերդյանի հետ: Բելգիայում ապրում ու ստեղծագործում է նաև Նառա Նոյանը, ով գրում է ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն երգեր, հետաքրքիր էքսպերիմետներ է անում, հյուսում է իրար հետ արևմտյան և արևելյան երաժշտությունը: Նա մեծ թվով երկրպագուներ ունի: Բայց հեղինակային երգ ներկայացնելը դժվար է, որովհետև մարդիկ զբաղված են լրիվ ուրիշ բանով: Հայաստանում, ըստ իս, կա հեղինակային երգի պահանջարկ:
-Ձեր երգերը ուրիշները կատարո՞ւմ են, կամ կուզեի՞ք, որ կատարեն:
-Կուզեի, իհարկե, ցանկացած հեղինակային երգիչ կուզեր, որ մարդիկ իր երգը վերցնեին ու դարձնեին իրենցը: Հիմա մենք համատեղ ելույթների ժամանակ երբեմն կատարում ենք միմյանց երգերը կամ բոլորս ենք ներկայացնում երգը: Նոր ձայնագրության մեջ նպատակ ունենք 5-6 երգ ներկայացնելու Արմինե Հայրապետյանի հետ:
-Բայց կարծես հեղինակային երգերը ավելի նախընտրելի է լսել հեղինակի կատարմամբ:
-Ցանկացած հեղինակ իր երգն ավելի լավ կկատարի: Օրինակ, Ժակ Բրելը ոչ թե կատարում, այլ ապրում էր բեմի վրա իր երգերը: ՈՒրիշների կատարմամբ` ոչ բնօրինակով, ոչ առավել ևս թարգմանված այդ երգերը ոչինչ չեն տվել:
-Ինչո՞վ են առանձնանում Ձեր երգերը:
-Ինչպես ցանկացած մարդ ունի իր ձեռագիրը ստեղծագործելիս` ամեն մեկի ձեռագիրը յուրահատուկ է: Ինձ ասել են, որ քո երգերը երգելիս պատկերացնում ենք նկարներ, դա հաճելի է, բայց ես նույն բանը չէի ասի իմ մասին: Ես ունեմ թերությունների շատ մեծ ցուցակ, բաց անհամեստությունը այդ ցուցակում երբեք չի եղել: Ինչո՞վ է տարբերվում, երևի նրանով, որ քաղաքական երգեր երբեք չեմ գրում, չեմ կարողանում անդրադառնալ բացասական երևույթներին, ինչպես Հախվերդյանն է անում` ժողովրդական լեզվով, սիրուն կոլորիտով, և այդ երգերը երգվում են 30-40 տարի: Ես բացասական երևույթների մասին կնախընտրեի խոսել, քան երգել: Չնայած խոսելուց էլ վատ եմ:
-Հեղինակային երգիչ, որ միգուցե եղել է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-7-8 տարեկան էի, երբ լսեցի Վիսոցկու երգերը: Շատ երկար ժամանակ ճանաչել եմ միայն նրան, հետո սկսել եմ ծանոթանալ հայ և ռուս հեղինակային երգիչների երգերին` Հախվերդյան, Մեսչյան, Յուրի Վիզբոր, Բուլատ Օկուջավա, սիրում եմ Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմեն Մովսիսյանի երգերը:
-Քննադատությունների հանդիպո՞ւմ եք:
-Ամենավատ քննադատությունը, որ երբևէ ստացել եմ, հետևյալն էր. «Վայ, ինչ պուպուշ երգ է»: Մազերս բիզբիզ են կանգնում այդ նախադասությունից, ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ: Դա շատ վատ քննադատություն էր այն իմաստով, որ քննադատություն չէր, այլ ճշմարտության արտացոլում: Երևի իմ լիրիկական երգերը պուպուշ երգեր են և դրանցով դատել իմ այժմյան արածի մասին, այդքան էլ ճիտ չէ: Երբ նուրբ թեմաների ես դիպչում, երկու կարծիք է լինում. մարդիկ կամ համաձայն են լինում քեզ հետ, կամ համաձայն չեն լինում: Նոր եմ սկսել անդրադառնալ այդ թեմաներին և դեռ չեմ հասցրել քննադատություն լսել:
-Ի՞նչ թեմաների մասին է խոսքը:
-Գրում եմ այն մարդկանց մասին, ովքեր տարբեր են, օրինակ, «Սպիտակ ագռավների պատերազմը» երգը մի մարդու կամ մարդկանց խմբի մասին է, ովքեր տարբեր են:
-Սպիտակ ագռավը մուտացվա՞ծ տեսակ է:
-Սպիտակ ագռավը նախ և առաջ գոյություն չունի, դա խորհրդանիշ է և ֆիզիոլոգիայի տեսանկյունից դիտել պետք չէ: Ջոն Լենոնն ասում էր` մի ատիր այն, ինչ դու չես հասկանում: Եթե քեզնից տարբեր է, դեռ չի նշանակում, որ վատն է, միակ չափանիշը պետք է լինի` վնա՞ս պատճառում է, թե՞ ոչ:
-Սոցցանցում «ֆեյսընկերներով» երգ էինք գրում արևից թխահարված կնոջ մասին: Այսինքն` փորձում էինք երգի համար ճիշտ, հարմար բառ գտնել: Գրվե՞ց այդ երգը:
-Այդ երգը ես առաջին անգամ ներկայացրի հեղինակային երեկոյի ընթացքում: Երգե՞մ: (Արեգը կիթառով կատարեց երգը, թվում էր՝ սիրած էակին է նվիրված, վերջում, պարզ դարձավ, որ երգը Երևանի մասին է- Ա.Ս.):
-Ինչպե՞ս է վերնագրված:
-«Առաջին անգամ»:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ