Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համաշխարհային տերությունները գիտակցեցին, որ փոքրիկ Լեռնային Արցախ աշխարհը իրապես սպառնում է վերաճելու «Տիեզերքի կենտրոնի»

Համաշխարհային տերությունները գիտակցեցին, որ փոքրիկ Լեռնային Արցախ աշխարհը իրապես սպառնում է վերաճելու «Տիեզերքի կենտրոնի»
19.11.2013 | 00:11

Եվ այսպես, դատելով ըստ ամենայնի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը հերթական անգամ հովանավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, տեղի կունենա հենց նոյեմբերին։ Համադրելով տարբեր տվյալներ, պետք է սպասել, որ նախագահների հանդիպումը կկայանա մոտավորապես նոյեմբերի 20-ին կամ դրանից շատ չանցած։
Հասկանալի է, թե ինչու հանկարծ 2013 թ. ավարտից առաջ համանախագահները բուռն փորձեր ձեռնարկեցին` «ակտիվացնելու» բանակցային գործընթացն Արցախի հարցի շուրջ։ Իրոք, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպումից հետո տարածաշրջանում ընտրությունների մի տևական շրջան սկսվեց, ընդ որում` ամենուր։ Միջազգային միջնորդներն ավանդաբար նման դեպքերում կտրուկ թուլացնում են իրենց ակտիվությունը։ Համապատասխանաբար, ընտրություններից հետո սկսում են «ակտիվանալ»։ Մենք «ակտիվանալ» բառը չակերտում ենք, որովհետև, ըստ էության, համանախագահներն առանձնապես անելիք չունեն։ Նրանք իրենք են 2011-13 թթ. ընթացքում բազմիցս ասել, որ բանակցությունների սեղանին էլի նույն տխրահռչակ Մադրիդյան սկզբունքներն են։ Եթե կողմնորոշվելու լինենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական շրջանակների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարություններով, անցած ժամանակաընթացքում ոչ ոք ոչ մի նոր բան չի առաջարկել հակամարտության մասնակից երեք կողմերին։ Բնական է, որ դժվար է հասկանալ. մի՞թե իրենց պետությունների ղեկավարներ ընտրվելու «խաթեր» Իլհամ Ալիևը կամ Սերժ Սարգսյանը կարող են ավելի բարեհաճ լինել միմյանց և, բնականաբար, Մադրիդյան սկզբունքների նկատմամբ։ Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ի մասին մենք չենք խոսի, քանի որ, նախ, նա ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին, առավել ևս` «նախագահների հանդիպման» ձևաչափով։ Երկրորդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը ամբողջ 2013 թ. ընթացքում, այդ թվում` հոկտեմբեր-նոյեմբերին, քանիցս տարբեր մակարդակներում (այդ թվում նաև` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին) հայտարարել է, որ «Ղարաբաղի անկախությունն ու անվտանգությունը որևէ սակարկության ենթակա չեն», ինչպես նաև, որ «Ղարաբաղի պաշտպանունակության բարձրացումը նրա զարգացման առանցքային ուղղությունն է»։ Այսինքն, Ստեփանակերտում ավանդաբար քիչ են ուշադրություն դարձնում բանակցությունների տարատեսակ ձևաչափերին ու «թեմաներին», որոնց ԼՂՀ-ն անմիջական մասնակցություն չունի, և շարունակում են ամրապնդել իրենց զինված ուժերն ու քաղպաշտպանությունը։
Բայց այդ դեպքում դժվար է հասկանալ` ինչի՞ համար է Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումը հենց 2013-ի նոյեմբերին։ Կամ ավելի ճշգրիտ` ո՞ւմ է պետք այդ հանդիպումը և ինչի՞ է կոչված։ Ասենք թե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի մի շարք զինված սադրանքների և պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ Անգլիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից հնչող որոշ «կանխատեսումների» առթիվ։ Այդ դեպքում, ինչպես կարելի է ենթադրել, իրոք, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կուզեին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից «պոկել» հրապարակային հավաստիացում, որ պատրաստ են շարունակելու բանակցությունների արդեն առկա ձևաչափը։ Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ եռյակ համանախագահության հովանու ներքո։ Երկրորդ կողմը. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար կարևոր է, որ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը հրապարակավ հավաստեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջվա նման համաձայն են «պտտվելու» Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Դե, իսկ ավելի ծանրակշիռ իրադարձություններն ու նախաձեռնություններն էլ, դատելով ըստ ամենայնի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երեք երկրները «համաձայն են» հետաձգելու 2014 թվականին։
Մնում է ուշադրության առնել մի քանի մանրամասն։ Հազիվ թե տեղին լինի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ս. Սարգսյանի արած հայտարարությունն ուղղակիորեն կապել արհեստականորեն ակտիվացվող բանակցային գործընթացի հետ։ Թեև եղել են տարրեր (օրինակ, եվրախորհրդարանականների ցուցադրական «բանաձևերը» և այլն), որոնք վկայել են այն մասին, որ Արևմուտքում վճռել են «գրոհել» թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ բանակցային գործընթացում հաստատված ստատուս քվոն։ Բայց եղել են շատ ավելի նշանակալի նրբություններ։ Հիշենք, որ ամռանը ամերիկացիները փոխեցին իրենց համանախագահին. հիմա դա հայտնի և փորձառու դիվանագետ Ջեյմս ՈՒոռլիկն է։ Սեպտեմբերին նա այնքան ակտիվ էր, լինելով և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և նույնիսկ Արցախում, որ մի շարք փորձագետներ ենթադրություն արեցին. կարո՞ղ է Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայից ընդունելու նախագահներ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի կանոնավոր հանդիպումների կազմակերպման «էստաֆետը»։ Բանն այն է, որ սեպտեմբերին Ջ. ՈՒոռլիկը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ինչ-որ «անձնական ուղերձներ» է փոխանցել, և եթե կողմնորոշվելու լինենք մամուլի տարբեր ծառայությունների հաղորդումներով, այդ փաստաթղթերը գրեթե նույն բովանդակությունն ունեն։ Երկու դեպքում էլ ամերիկյան առաջնորդն ընդգծում է, որ «փոխադարձ զիջումներն ընդհանուր գծերով արդեն ճշգրտվել են և ժամանակն է նոր ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»։ Դրա համար, Օբամայի կարծիքով, անհրաժեշտ է հակամարտ կողմերի ղեկավարների ուղղակի երկխոսություն, ընդ որում` այն պետք է վերսկսվի արդեն «մոտակա ամիսներին»։ Եվ ահա նոյեմբերի 5-ին Ադրբեջանի «Թրենդ-5» գործակալության հետ ունեցած հարցազրույցում Ջ. ՈՒոռլիկը հայտարարել է. «Տեսնելով, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից և մինչ այդ Հայաստանում կայացած ընտրություններից հետո հնարավորություններ են առաջացել, մենք խոսեցինք նախագահ Իլհամ Ալիևի հետ, նախատեսում ենք Երևանում խոսել Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։ Կարծում եմ, որ երկու երկրների` Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և բարգավաճման։ Մենք պետք է ձևը գտնենք, և սա է պատճառը, որ ես ձեռնամուխ եղա այս աշխատանքին որպես համանախագահ, որովհետև ես կարծում եմ, որ կարելի է խաղաղության ուղի գտնել»։ ՈՒ էլի մեկ մեջբերում ՈՒոռլիկից. «Մենք ձգտում ենք ջանքեր գործադրել այս տարի հանդիպում անցկացնելուն նպաստելու համար»։
Ամերիկացիների ջանքերը զուր չանցան։ Նախ համաձայնություն տվեց Ադրբեջանը, ապա, և ոչ պակաս օպերատիվ, Հայաստանը։ Եվ անմիջապես էլ հետևեց Բ. Օբամայի ողջույնը` հասցեագրված Ս. Սարգսյանին և Ի. Ալիևին։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահի դեպքում Բ. Օբաման «համատեղեց» նաև շնորհավորանքն ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ։ Թեև Արցախի հարցի առնչությամբ ընդամենը մեկ նախադասություն կա Ի. Ալիևին հասցեագրված ուղերձում. «Մենք պատրաստ ենք համագործակցելու Ձեզ հետ, որպեսզի պատմական հնարավորությունն օգտագործենք բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար, և ողջունում ենք Ձեր և նախագահ Սարգսյանի ընդունած որոշումը այս ամսվա վերջին հանդիպում անցկացնելու մասին»։ Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն առաջինը (երեքից) ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին նոյեմբերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության առթիվ։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները... լռեցին։ Եվ միայն նոյեմբերի 11-ին ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանը «հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին։ Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ չի փոխվել, և դա սկզբունքային դիրքորոշում է», սակայն այդ հայտարարությունը չէր արվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա նոյեմբերյան հանդիպման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ։
Ի՞նչ է, ուրեմն մենք գործ ունենք զուտ ամերիկյան նախաձեռնության հետ, և հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումների վրա ԱՄՆ-ի «հովանի՞ն է սփռված»։ Ամենայն հավանականությամբ այդպես է։ Այլապես, առաջվա նման, Բ. Օբամայի ողջույններին անպայման կմիանային նաև Մոսկվայի ու Փարիզի հավանությունները։ Հասկանալի է, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների միջև տարաձայնություններ, նույնիսկ հակասություններ կան։ Բավական է հիշել թեկուզ միայն Սիրիայի «քիմիական զենքի» հարցը և թեժ վեճերն այն խնդրի շուրջ, թե ներսիրիական զինված հակամարտությանը «միջազգային» ռազմական միջամտություն պիտի լինի, թե ոչ։ Աշխարհը հիշում է, որ հենց Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը` Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և մի շարք ազդեցիկ եվրասիական պետությունների աջակցությամբ, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային թույլ չտվեցին ռմբակոծություններով սանձազերծել հերթական «արաբական հեղափոխությունը»։ Բայց դա Անդրկովկասի սահմաններից դուրս էր, իսկ մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի առնչությամբ, այդ երեք տերությունները նախընտրել են «չմատնել» իրենց հնարավոր տարաձայնությունները։ Հնարավոր է` Ռուսաստանն ինչ-որ բան է սպասում. հայտնի է դարձել, որ նոյեմբերի 20-ի կողմերը մի շարք նոր միջոցառումներ են նախատեսվում, որտեղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը նույնպես շատ ակտիվ կլինեն։ Օրինակ, Սիրիայի առնչությամբ, այսպես կոչված, «Ժնև-2»-ը կամ ատոմային հարցի շուրջ Իրանի հետ «վեցյակի» վերսկսված բանակցությունների երկրորդ փուլը (նույն Ժնևում)։ Տողերիս հեղինակը դժվարությամբ կարող է պատկերացնել, որ այդքան տարբեր հարցեր կարող են միահյուսված ու փոխկապակցված լինել, բայց միևնույն ժամանակ բոլոր հիմքերը կան համարելու, որ «նոյեմբերի 20» կամ «դրանից շատ չանցած» մոտավոր ժամկետը բոլոր երեք դեպքերում (Արցախ, Սիրիա, Իրան) «պատահական զուգադիպություն» չէ։ Եվ վերջապես, երբ Արցախին նվիրված բանակցություններում հակասություններ էին ծագում, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երեք երկրները շտապում էին հանդես գալ հայտարարություններով այն մասին, որ իրենք հանդես են գալիս նախապես համաձայնեցված տեքստերով ու առաջարկություններով, համերաշխորեն։
Այս ամենը, ի տարբերություն նախընթաց տարիների, 2013 թ. աշնանը գոյություն չունի։ Մեկ անգամ ևս ընդգծենք. Մոսկվան լռում է։ Միգուցե այն պատճառով, որ խոսակցություններ կան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն այս տարի Հայաստան հնարավոր այցի մասին։ Գուցե նաև, որովհետև Մոսկվայից առանց այդ էլ քիչ անուղղակի ազդանշաններ չկան այն մասին, թե ինչ մտքի է Ռուսաստանը։
Իսկ ահա ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ չի կարելի ասել, թե Փարիզը «խուլ լռություն» է պահպանում։ Հետևելով ֆրանսիացի դիվանագետների առնվազն 2013 թ. հունիսից ի վեր արած հայտարարությունների ժամանակագրությանը, կարող ենք նկատել, որ Փարիզն այժմ նախընտրում է Արցախի հարցում իրեն հեռու պահել թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից։ Բերենք օրինակներ. հոկտեմբերի 14-15-ին Եվրոպայի հայերի Բրյուսելում կայացած երրորդ երկօրյա խորհրդաժողովում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն շատ հետաքրքիր ու կարևոր հարցեր բարձրացրեց։ Նա խոսեց հակամարտության հետ կապված իր պատկերացումների մասին, ընդգծելով, որ Արցախն անմիջական մասնակցություն պետք է ունենա բանակցություններին, և դրանք պետք է շարունակվեն համանախագահների ներկայացրած փաթեթի շուրջ։ Նա նաև կոչ արեց Ռուսաստանին հրաժարվել «Բաժանիր, որ տիրես» քաղաքականությունից, իսկ ԱՄՆ-ին` միջնորդ լինելով Արցախի հարցում, հաշվի չառնել Թուրքիայի հետ ունեցած դաշինքը։ Սա կարելի էր անտեսել և Բ. Ֆասիեի անձնական կարծիք համարել, եթե հոկտեմբերի 29-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն չհաստատեր ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի թեզիսները։ Մեջբերենք Ֆրանսիայի դեսպանի խոսքերը. «Համանախագահները մտածում են բանակցային գործընթացին նաև ԼՂՀ-ի մասնակցության մասին։ Բանակցությունների մասնակիցները, հավանաբար, իրենք պետք է որոշեն, թե երբ հարմար պահը կլինի, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցությունների մասնակից։ Բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար»։ Ընդ որում, լրագրողներին հիշեցրեց, որ «վերջնական որոշումը պետք է ընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը»։ Դա անմիջապես հիշեցրեց Ա. Ռենոյի հուլիսի 14-ի խոսքերը, երբ նա, պատասխանելով Առաջին լրատվականի այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման պարագայում տեղի ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխություն, պատասխանեց. «Ղարաբաղյան հակամարտության կողմերը կորոշեն, թե ինչ կարգավիճակ կշնորհվի Ղարաբաղին Ասոցացման պայմանագրում»։
Վերը շարադրված բոլոր մեջբերումներն անուղղակիորեն մատնանշում են այն, որ Սիրիայի և սիրիական «քիմիական զենքի» վերաբերյալ, կարծես, մի ինչ-որ կոնսենսուսից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երեք երկրների միջև տարաձայնություններն ու հակասությունները սաստկացել են, և հիմա մենք կարող ենք վկա լինել այն բանի, որ Արցախի վերաբերյալ բանակցությունները լիովին կարող են դառնալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագետների ընդհարման նոր ասպարեզ։ Եվ այս պայմաններում Բ. Օբաման մի տեսակ կազմակերպում է «տեղեկության արտահոսք», թե իբր «փոխզիջումներն ընդհանուր առմամբ արդեն ճշգրտվել են»։ Սակայն փոխզիջումների մասին լռում են ինչպես Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը, այնպես էլ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունները։ Դժվար է պատկերացնել, թե Մոսկվայում և Փարիզում «տեղյակ չեն» այն «ընդհանուր առմամբ ճշգրտված» փոխզիջումներին, որոնց մասին խոսում է ԱՄՆ-ի նախագահը։ Բայց Ռուսաստանն ուղղակի լռում է. եթե հաշվի չառնենք նրա ԱԳՆ-ի նոյեմբերի 11-ի վերոհիշյալ հայտարարությունը, ինչպես նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական բազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հոկտեմբերի 31-ի` իր անսպասելիությամբ տարօրինակ հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում ընդունի ուժային եղանակով վերականգնելու իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ռուսական ռազմական բազան կարող է զինված ընդհարման մեջ մտնել ԱՊՀ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին համապատասխան։ Հենց այդ հայտարարության պատճառով էլ Բաքուն մի շարք դեմարշներ ձեռնարկեց Ռուսաստանի հասցեին, բայց իզուր... Գնդապետը պարզապես շտապել էր. նա կարող էր ամենևին էլ չվկայակոչել ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունները։ Չէ՞ որ Մոսկվան շատ ավելի լայն պարտավորություններ ունի և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի կարգավիճակով (ընդհուպ մինչև խաղաղության հարկադրելու ձևաչափով գործողության կիրառումը), և՛ Հայաստանի հետ կնքված «Մեծ պայմանագրի» պայմանադիր կողմի կարգավիճակով։
Բայց առայժմ մի կողմ թողնենք «նախագահների հանդիպման» ձևաչափն իր հովանու ներքո «քարշ տալու» ԱՄՆ-ի ջանքերին Ռուսաստանի արձագանքի այդ ռազմական կողմը։ Բարեբախտաբար, Հայաստանն էլ, Արցախն էլ, ըստ էության, «հանգստացրին» Ադրբեջանին, հայտարարելով, որ ներկա իրավիճակում ադրբեջանցիների կրկնվող ագրեսիային հակահարված տալու համար անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից երկրների ուժերին։
Վերադառնանք Ֆասիեի և Ռենոյի հայտարարություններին։ Ստացվում է, որ Ֆրանսիան Ռուսաստանին և ԱՄՆ-ին մեղադրում է և նրանց առաջարկում է շտապ փոխել քաղաքականությունը ԼՂՀ-ի հարցում։ Հաշվի առնելով Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ գնահատականները Մոսկվայի դիրքորոշման անփոփոխ լինելու մասին և գնդապետ Ա. Ռուզինսկու «սառը ցնցուղը», մենք այնպես ենք հասկանում, որ Ռուսաստանն ինչպես Ֆրանսիային, այնպես էլ հակամարտող կողմերին արդեն հասկացրել է, որ եթե ինքը Ադրբեջանը, կամ երրորդ երկրներ Ադրբեջանի ձեռքով փորձեն պատերազմ սանձազերծել տարածաշրջանում, Ռուսաստանը, ինչպես ասում են, ձեռքերը ծալած չի նստի։ Ավելին, աշնանը Իրանից հնչած մի շարք հայտարարությունների առանձին երանգային հատվածներ գալիս են ասելու մեզ, որ ձեռքերը ծալած չի նստի նաև Իրանը։ Այսինքն, Ռուսաստանի առնչությամբ Փարիզը միանգամայն կոնկրետ պատասխան է ստացել այն մասին, որ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը կդադարի գործելուց այն դեպքում, եթե Բաքուն հանկարծ լրջորեն երևակայի իրեն իբրև ինքնուրույն և հզոր երկիր և ինքը կամ այլ երկրների թելադրանքով փորձի պատերազմ սկսել։
ԱՄՆ-ի հասցեին ուղղված մեղադրանքները շատ ավելի լուրջ են։ Դրանք մեզ ցույց են տալիս, որ Ֆրանսիան Հայաստանի ու Արցախի աչքում «պատռում է ամերիկացիների դիմակը» և աներկմտորեն ասում, որ հենց ԱՄՆ-ն է պաշտպանում, այսպես կոչված, «հայ-թուրքական արձանագրությունների» առթիվ Հայաստանին Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմաններն ու պահանջները։ Պարզ է, որ ընդհանուր առմամբ Ֆրանսիան այս ձևակերպումներում, նախ և առաջ, դժգոհություն է արտահայտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների առնչությամբ, և, ավելի շուտ, նույնիսկ ոչ Արցախի հարցում։ Արցախն այստեղ երկրորդական գործոն է։ Չէ՞ որ սեպտեմբերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված երկկողմ գաղտնի պայմանավորվածությունը, փաստորեն, Սիրիայի գծով կարգավորման գործից դուրս մղեց բոլորին և առաջին հերթին հենց Ֆրանսիային, ինչպես նաև... Թուրքիային։ Եվ քանի որ Սիրիայի առնչությամբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը «ամեն ինչ լա՜վ քամել են» նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, ապա ՄԱԿ-ի շրջանակներում, և այն էլ Սիրիայի առնչությամբ, Փարիզն արդեն չի կարող խոսել ռուսների ու ամերիկացիների հետ իր «անհամաձայնության» մասին։ Մնում է ամենացցուն նիշը դրա համար` այսինքն, մեր Արցախն ու հակամարտության կարգավորման բանակցությունները։ Կարող են ասել, թե կա նաև Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Պատասխանեմ` Ֆրանսիան նման ծրագիր չունի, այն Գերմանիայինն ու կանցլեր Անգելա Մերկելինն է։
Ֆասիեի և Ռենոյի հայտարարությունների մյուս շատ հետաքրքրական գործոնը նրանց տեսակետն է այն մասին, որ, պարզվում է, «համանախագահները մտածում են բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցության մասին», և որ «Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է որոշեն, թե երբ հարմար կլինի Լեռնային Ղարաբաղն ընդգրկել բանակցություններում որպես լիարժեք մասնակից»։ Զարմանալի է։ Երկար տարիներ տողերիս հեղինակը բազմիցս նույն հարցը տվել է և՛ պարոն Ֆասիեին, և՛ համանախագահության գծով նրա գործընկերներ Յուրի Մերզլյակովին ու Մեթյու Բրայզային։ Հենց այն մասին, թե ինչու նրանք, որպես համանախագահներ, որ ժամանակ առ ժամանակ, համենայն դեպս, այցելում են Ստեփանակերտ, իրենց նեղություն չեն տալիս համոզելու Ադրբեջանին, որ համաձայնի բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնմանը։ Բարեբախտաբար, միշտ ավելացրել է տողերիս հեղինակը, Ադրբեջանը 1993 թ. սեպտեմբերից արդեն մասնակցել է ԼՂՀ-ի հետ անմիջական բանակցությունների։ Այդ բոլոր տարիներին, ընդհուպ մինչև ներկա ֆրանսիական հայտարարությունը, համանախագահներից ոչ մեկը, ոչ էլ բոլոր երեքը միասին, երբեք չեն ասել, թե «եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն», ապա Արցախն անմիջապես կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ ընդսմին նրանք շեշտը դրել են այն բանի վրա, թե իբր հենց Հայաստանի իշխանություններն են «իրենց նախաձեռնությամբ» ստանձնել բանակցություններում ԼՂՀ-ն ներկայացնելու բեռը։ Համանախագահները միշտ ելակետ են համարել 1998 թ.։ Այդ դեպքում տողերիս հեղինակը նրանց մանրամասնորեն հիշեցրել է, որ նրանք ինչ-որ բան շփոթում են. Արցախը Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունները դադարեցրել է մեկ տարի առաջ, այն է` այն բանից հետո, երբ 1997 թ. հունվարին ամերիկացիները ԵԱՀԿ Մինսկի խումբ «խցկվեցին» որպես երրորդ համանախագահ։
Ես, իհարկե, Մ. Բրայզայի երեսին ուղղակի մեղադրանք չեմ նետել, թե այդ հենց ԱՄՆ-ն է նախաձեռնել Արցախի «դուրսմղումը» բանակցություններից, իսկ Հայաստանի իշխանություններն էլ չեն համարձակվել առարկել ամերիկացիներին։ Եվ դա տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների կապակցությամբ, այդ թվում նաև` այն պատճառով, որ շատ ու շատ կարևոր ամերիկյան դիվանագետներ (օրինակ, Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթենլի Էսկուդերոն և ուրիշներ) անձամբ խորապես կաշկանդված էին 1995 թ. Բաքվում ստորագրված, այսպես կոչված «դարի գործարքով»։ Եվ ԱՄՆ-ի մուտքը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ զուգադիպեց Ապշերոնում արևմտյան ընկերությունների փաստական ակտիվացմանը. ի դեպ, ԱՄՆ-ը Հեյդար Ալիևին նախապես ստիպեց «դարի գործարքից» հանել ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» ֆիրման։ Սակայն հույս ունեմ, որ ոչ ոք` ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, այդ բանը չի մոռացել։ Ինչպես և չի մոռացել, թե 1998-99 թթ. Հայաստանի իշխանություններն ինչպես էին հարկադրված մի քանի անգամ «արդարանալ», թե, իբր, ռազմաճակատի գիծը հեռու է ապագա (այն ժամանակվա դրությամբ) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ուղեգծից, և հայկական կողմերը մտադրություն չունեն «խանգարելու» այդ խողովակին։
Անմիջական բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության մասին Ֆասիեի հայտարարության (որ նա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արել էր համանախագահության ձևաչափից իր հեռանալուց առաջ) և նույն հարցի վերաբերյալ Ռենոյի հայտարարության երանգային տարբերությունն ակնհայտ է։ Մնում է հասկանալ. արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Ֆրանսիան պարզապես հերթական անգամ ուզում է խաղալ Ֆրանսիայի քաղաքացի հայերի զգացմունքների հետ, թե՞ դա լուրջ հայտ է այն բանի, որ Հայաստանը պաշտոնական Փարիզին աջակից լինի Անդրկովկասում։ Չէ՞ որ Վրաստանում Ֆրանսիայի «խաղերը» նույնպես ձախողվեցին` հենց նույն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռքով, իսկ Ադրբեջանում Փարիզի նշանակությունը միշտ էլ նվազագույն է եղել։ Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի և Արցախի համար Ֆասիեի և Ռենոյի խոսքերում բացահայտվեց ևս մեկ, միանգամայն հարմար ասպարեզ, բնականաբար, Մոսկվայում և Վաշինգտոնում քաղաքական խուսավարման և հայամետ լոբբինգի ուժեղացման համար, քանի որ Ֆրանսիան իրեն «նեղացած» և կարևորագույն խնդիրներից մեկուսացված է զգում ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, ընդ որում` մոլորակի ամենակարևոր տարածաշրջաններում։ Միևնույն ժամանակ Բ. Ֆասիեի և Ա. Ռենոյի հիանալի «փոխանցումները» իրական նախադրյալներ են ստեղծում այն բանի, որ համաշխարհային տերությունները, ասենք նաև ամբողջ համաշխարհային ընկերակցությունը, գիտակցեցին, որ փոքրիկ լեռնային Արցախ աշխարհը իրապես, ինչպես ասում են, սպառնում է վերաճելու «Տիեզերքի կենտրոնի»։ Լավ է դա, թե վատ, պիտի որոշենք մենք ինքներս, ազգային ամենաբարձր մակարդակով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ