«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ
19.11.2013 | 11:10

«Տղա ջան, էդ խեղճ հալիվորին ու իրա կնկան բոլ-բոլ խորոված դիր, թող ուտեն»

Այս տարվա վաղ աշնանը լրացավ կլոր մի տարեդարձ, որը, թվում է, պիտի հետաքրքրեր մեր ԶԼՄ-ներին, բայց մատնվեց լռության և անցավ աննկատ: Լուռ էր նույնիսկ գրական-մշակութային մամուլը, մինչդեռ նրանք պիտի որ անպայման անդրադառնային…
50 տարի առաջ` 1963 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու օրով Հայաստան ժամանեցին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը: Ես բախտ ունեցա մի ամբողջ օր անցկացնելու նրանց հետ, լուսանկարելու և նույնիսկ զրուցելու: Այդ լուսանկարները և 90-ականներին ֆրանսիական մամուլում տպագրված իմ հուշագրությունը ավելի ուշ՝ 2002-ին, հիմք դարձան ֆրանսիացի նշանավոր կինովավերագրող Պատրիկ Կազալսի համար` նկարելու մեկժամանոց մի ֆիլմ, որի աշխատանքներին պատիվ ունեցա մասնակցելու նաև ես:
Միամտաբար ենթադրելով, որ այդ ֆիլմը կարող է հետաքրքրել մեր հեռուստատեսությանը և հաշվի առնելով սպասվելիք տարեդարձը, «խոսեցի» մեր երկու՝ ամենախոշոր հանդիսասրահն ունեցող ընկերությունների հետ, որպեսզի այդ այցելության միակ վկայի իրավունքով ներկայացնեմ իմ կենդանի տպավորությունները, ցուցադրեմ մոտ երեսուն լուսանկարները (որոնց մեծ մասն առայսօր անտիպ է), և, վերջապես, ցուցադրվի վավերագրական ֆիլմը, որի արտոնությունը սիրահոժար մեզ տվել էր բեմադրիչը:
«Խոսել» բառը դրել եմ չակերտների մեջ, որովհետև ես չարժանացա այդ ընկերությունների «շեֆերի» հետ ուղղակի հաղորդակցվելու բարձրագույն պատվին: Առաջին դեպքում ինձ պատասխանեց քարտուղարուհին, որին հարցի էությունը հանրամատչելի ներկայացնելու համար ստիպված էի անցնել ռուսերենին: Վստահ չեմ, թե նա կամ, մանավանդ, իր «շեֆը» գիտեն, թե ով է Սարտրը, բայց խոստացավ անպայման զեկուցել և ինձ տեղյակ պահել հնարավորինս արագ: Ավա՜ղ, քարտուղարուհու քաղցրանուշ ձայնը բախտ չունեցա երկրորդ անգամ լսելու:
Որոշեցի այդ հարցով այլևս որևէ մեկին չզանգել, բայց բարձրաստիճան ընկերներիցս մեկը, լսելով այս պատմությունը, տեղնուտեղը հավաքեց մեկ այլ՝ նույնքան նշանավոր հեռուստաընկերության ղեկավարի համարը և… Մի քանի րոպե շարունակ և մանավանդ ապարդյուն նա բացատրում էր, թե ում մասին է խոսքը, որ այդ մարդը կես դար առաջ եղել է Հայաստանում, և որ նա հիմա ողջ չէ, որ այդ այցելության մասին ֆիլմ կա նկարված, որ ոչ ոք չի խաղում նրա դերը, քանի որ դա վավերագրական ֆիլմ է…
Կատարյալ մղձավանջ էր այդ խոսակցությունը: Ես պահանջեցի, որ ընկերս դադարեցնի զավեշտի վերածված բանակցությունները: Եվ ինձ մեղավոր զգացի, որ այդպիսի առաջարկ եմ արել: Պիտի հասկանայի, որ նման նյութն այսօր տեղ չունի հայկական հեռուստաէկրանին: Ինչպե՜ս կուզեի սխալված լինել:

ԴԺՈԽՔԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ
60-ական թվականների սկզբին խորհրդային մտավորականն արդյոք ի՞նչ գիտեր Ժան-Պոլ Սարտրի և Սիմոնա դը Բովուարի մասին: Խոսքն առաջին հերթին խորհրդային գրողների մասին է: Եվ հատկապես այն գրողների, ովքեր ֆրանսերեն կամ եվրոպական այլ լեզուներ չգիտեին և որևէ կապ չունեին Արևմուտքի հետ: Եվրոպական արդի մշակույթից և նոր մտայնությունից արհեստականորեն մեկուսացված մտավորականների այդ բանակը, լավագույն դեպքում, գիտեր միայն Սարտրի անունը, իսկ այդ տարիներին արդեն համաեվրոպական ճանաչում ձեռք բերած արձակագիր Սիմոնա դը Բովուարը կատարելապես անծանոթ մի դեմք էր:
Հանուն արդարության ասենք, որ խորհրդային գրողների մի մասը, դեռևս հիսնական թվականներին, «Նովի միր» ամսագրի էջերում, հավանաբար, կարդացել էր «Նեկրասով» պիեսը, իսկ մի առավել չնչին մասն էլ Մոսսովետի թատրոնում պետք է դիտած լիներ Սարտրի «Հարգարժան պոռնիկը» պիեսի ներկայացումը՝ նոմենկլատուրային աստղ Լյուբով Օռլովայի դերակատարմամբ: Այդ պիեսն էլ բեմադրվել էր մի պարզ պատճառով. ներկայացվում էր մի տեսարան սևամորթ տղամարդու և ճերմակ կնոջ ակամա հարաբերությունից, անշուշտ, ռասիզմի անողոք քննադատության դիրքերից դիտված: Խորհրդային պրոպագանդայի համար դա հերթական մի առիթ էր Միացյալ Նահանգների վրա հարձակվելու:
Մի խոսքով, ստացվեց այնպես, որ ամբողջ հիսնական թվականների ընթացքում Սարտրը շարունակ մատուցվեց գաղափարախոսական-պրոպագանդիստական համատեքստում: Դա էլ ստիպեց, որ խորհրդային մտավորականության քիչ թե շատ առաջադեմ հատվածն անբարյացակամությամբ կամ զգուշավորությամբ նայի Սարտրի անձին և նրա գրականությանը: Իսկ ոմանց համար Սարտրը խորհրդային գաղափարախոսությանը ծառայող մի գործիչ էր:
Այս անորոշությունն ավելի խորացավ, երբ 1960 թ. կենտրոնական մի քանի թերթեր, հավատարիմ իրենց «սկզբունքներին», բավական տարտամ, նույնիսկ աղավաղված ներկայացրին Սարտր և Ռոժե Գարոդի (էքզիստենցիալիզմ և մարքսիզմ) բանավեճը: Այլ խոսքով, այդ տարիների խորհրդային մտավորականի պատկերացումներում չկար Ժան-Պոլ Սարտր փիլիսոփան, գրողը, թատերագիրը, լրագրողը, քննադատը և քաղաքագետը, այլ գոյություն ուներ լոկ խորհրդային պրոպագանդայի խոհանոցում ճարպկորեն աղավաղված մի պերսոնաժ, ու դժվար էր որոշել, թե ով է նա և ստույգ ինչով է զբաղված:
Այս անորոշության մեջ էլ, Սարտրը, Բովուարի հետ, 1963-ին եկել էր Խորհրդային Միություն: Չգիտեմ, արդյոք ի՞նքն էր ցանկացել, թե՞ Մոսկվայում էին որոշել, սակայն նրա ուղևորության կետերից մեկը Հայաստանն էր` Մոսկվայից, Լիտվայից և Վրաստանից հետո: Իսկ Հայաստանից, կարծեմ, պիտի մեկներ Տաշքենդ:
Այսպիսով, հայտնեցին, որ 1963 թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսիացի երկու նշանավոր գրողները գալիս են Հայաստան: Ասում եմ՝ Հայաստան, քանի որ նրանք օդանավով կամ գնացքով չէին գալիս, այլ մեքենայով Թբիլիսիից պիտի գային Սևանա լճի ափը, որտեղ Վրաստանի ներկայացուցիչները հարգարժան հյուրերին պիտի «հանձնեին» Հայաստանի գրողների միության ղեկավարությանը:
Այդպես էլ եղավ. նշված օրը, առավոտյան ժամը 10-ին: Ժամադրության վայրը նշանավոր «Մինուտկա» ռեստորանն էր` ժամանցի սիրված մի վայր, Սևանի հյուսիս-արևմտյան ափերը եզերող հին խճուղու վրա, ուր գալիս էին Երևանից և անգամ Թբիլիսիից, մասնավորապես իշխան վայելելու: Հյուրերն էլ սեղանին դրված բազմաթիվ ու համեղ կերակուրներից նախապատվությունը տվեցին հռչակավոր ձկանը: Եվ այստեղ նրանք պիտի զարմանային՝ տեսնելով, թե ինչպես տանտերերը վարդագույն ձկան հետ խմում են հայկական զորավոր կոնյակը և խմում են գինու բաժակներով ու գինու պես` շարունակ:
Տանտերերն էլ, իրենց հերթին, նկատել էին, որ կոնյակի հայրենիքից եկած գրողներն ընդամենը մի քանի ումպ էին արել իրենց բաժակներից: Այդ տարիներին, ցավոք, մեզ անծանոթ էր ոչ միայն երկու մեծ գրողների գրականությունը, այլև ֆրանսիական սեղանի և նիստուկացի կարևոր մանրամասները, որոնք, անշուշտ, գրականությանը հավասար, ազգային մշակույթի անբաժանելի մասնիկն են:
Ինչ որ է, թյուրիմացությունն անմիջապես շտկվեց, ճերմակ գինու շշեր հայտնվեցին սեղանին, որոնցից մեկը՝ «Բերդ»-ը, շատ հաճելի թվաց Սարտրին, իսկ տանտերերը հավատարիմ մնացին կոնյակին՝ դատարկելով շշերը, դրա հետ մեկտեղ պահպանելով կշռադատված խոսքը և զուսպ ու հանդարտ շարժումները: Սպառված կոնյակի մեծ չափերը (ըստ ֆրանսիական պատկերացումների) ընդամենը փայլ էին հաղորդել տանտերերի աչքերին և նրանց ժպիտները դիվանագիտականից ավելի մոտեցրել ջերմ բարեկամականին: Իր բնական հունով ընթանում էր հայկական սովորական քեֆը՝ հայկական սովորական սեղանի շուրջ: Մինչև կեսօր դեռ բավական ժամանակ կար:
Այնպես ստացվեց, որ հյուրերը ժամանելուն պես հրավիրվեցին սեղանի մոտ, այսինքն, չհասցրին բնանկարը վայելել: ՈՒստի հացկերույթից հետո մոտ մեկ ժամ զբոսնեցինք և անհրաժեշտ տեղեկություններ հաղորդեցինք Սևանա լճի մասին: Ափերը եզերող կավճյա ճերմակությունը չէր վրիպել Սարտրի հայացքից: Եվ նա ցնցված էր՝ իմանալով, որ դա ոչ թե ինչ-որ բնական աղետի հետևանք է, այլ նորօրյա բարբարոսություն: Սիմոնա դը Բովուարը հետաքրքրվեց կղզու եկեղեցիներով: Մենք նկատեցինք, որ ֆրանսիացի գրողները բավականաչափ տեղեկացված են հայ պատմությունից, գիտեին, որ հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Սարտրը, մասնավորապես, հիշեց, որ Հյուգոյի «Ծովի աշխատավորը» վեպի սկզբում նկարագրվում է Սուրբ Բարդուղիմեոսի նահատակությունը Հայաստանում:
...Շուտով պիտի պարզվեր, որ Սևանի ափին կայացած խնջույքը համեստ մի նախաբան էր լուկուլլոսյան մի խրախճանքից առաջ, որն սպասում էր մեզ մինչև Երևան մեկնելը:
Պատահակա՞ն էր ստացվել, թե՞ ոչ, սակայն կարծում եմ, հյուրերը բոլոր հիմքերն ունեին այդ հաջորդ հրավերն ընդունելու որպես պրոպագանդիստական մի հնարանք: Վախթանգ Անանյանը առանձնատուն էր կառուցել Երևանից քիչ հեռու գտնվող Լուսակերտ գյուղում: Այդ առիթով, սեպտեմբերի 12-ին, նորակառույց առանձնատանը մեծ հրավերք էր կազմակերպված: Հրավիրվածների թվում էին ոչ միայն հանրապետության առաջին դեմքերը, այլև Սարտրը և Ս. դը Բովուարը, չհաշված մի խումբ հայ գրողների, որոնք պիտի գային Երևանից:
Ես չէի ասի, թե Սարտրի և Ս. դը Բովուարի հայտնվելն այդ միջավայրում մեծ ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հայ գրողների մեջ: Այո, ջերմորեն ողջունում էին, անկեղծորեն ուրախ էին. բարյացակամությունն առավել քան ընդգծված էր, սակայն դժվար էր դա երկու ժողովուրդների մտավորականների հանդիպում անվանել՝ բառի ամենալայն իմաստով, քանի որ անհրաժեշտ երկխոսություն չէր ստեղծվում: Եվ, ըստ երևույթին, դրանում մեղավոր չէր ո՛չ այս, ո՛չ մյուս կողմը:
Պատճառները, կարծում եմ, երկուսն էին: Արդեն ասացինք, որ Սարտրը և հատկապես Բովուարը, փաստորեն, անծանոթ էին մեզ: Սրանից զատ, հայ գրողների մեջ, անգամ 60-ական թվականներին, դեռևս ամուր նստած էր «ներքին ցենզորը», որն ստիպում էր դրսից եկածի մեջ, նույնիսկ եթե մեծ գրող է, տեսնել վտանգի աղբյուր և նրա հետ խոսել միայն «անվտանգ» բաներից, այսինքն՝ փաստորեն չխոսել:
Գուցե դա էր պատճառը, որ կարճ ժամանակից հետո հյուրերը մնացին գրեթե մենակ: Հայ գրողները, քաղաքավարական ծեսը կատարելուց հետո, քաշվեցին մի կողմ: Սարտրը մի պահ մնաց մենակ կանգնած: Դա, կարծես, փիլիսոփայական մենություն էր, ժխտումն իր իսկ հանրահայտ ասացվածքի. «Դժոխքը մյուսներն են»: Նա մի պահ մնացել էր առանց «մյուսների»:
Սակայն անսպասելի մի շարժում սկսվեց հայ գրողների մեջ. ժամանել էին հանրապետության մեծամեծները: Գրողները նետվեցին նրանց ընդառաջ, բայց ղեկավարությունը, որ անշուշտ տեղյակ էր ֆրանսիացի հյուրերի մասին, քայլերն ուղղեց դեպի Սարտրը և դը Բովուարը: Իսկ վարչապետը՝ Անտոն Քոչինյանը, կատակի տալով դիմեց հայ գրողներին.
- Տղերք ջան, մեր կողքը շատ մի մնացեք, մեզ երբ ուզեք, կտեսնեք, գնացեք հյուրերի մոտ, անհարմար է, մենակ մի թողեք նրանց:
Ղեկավարի այս հորդորներն ազդեցություն չունեցան. հյուրերի հետ անշահ զրույցից զատ ուրիշ ոչինչ հնարավոր չէր անել, մինչդեռ Քոչինյանի հետ կարելի էր կենսական հարցեր լուծել, իսկ հանրապետության բարձրագույն նոմենկլատուրան, «բարի գալուստի» քաղաքավարական էթիկետը պահպանելուց հետո, քաշվեց մի կողմ՝ գրողների հետ նարդի խաղալու, ինչը, անկասկած, պիտի վերջանար կենդանի դասականների ջախջախիչ պարտությամբ: Իսկ հյուրերը դարձյալ մնացին մենակ, եթե չհաշվենք հորս՝ Էդուարդ Թոփչյանի և մոսկվացի գրականագետ-թարգմանիչ Լեոնինա Զոնինայի մշտական ներկայությունը:
Հայրս առաջարկեց գնալ առանձնատնից քիչ հեռու գտնվող վարդանոցը: Այստեղ ավելի հարմար էր սպասել՝ մինչև կպատրաստվեր խնջույքի սեղանը: Մենք հինգ հոգի էինք` հյուրերը, թարգմանչուհին և ես: Բարեբախտաբար, այստեղ անկաշկանդ զրույց բացվեց, խոսվեց նաև գրականության մասին: Սարտրին հատկապես հետաքրքրում էր, թե ֆրանսիացի արդի հեղինակներից ովքեր են թարգմանվել հայերեն:
Այդ տարիներին, հայ մտավորականության մի զգալի մասի համար, ֆրանսիական գրականության պատմությունն ավարտվում էր Բալզակով ու Զոլայով, լավագույն դեպքում՝ Անատոլ Ֆրանսով և Անրի Բարբյուսով: Վերջիններս էլ մեզ ծանոթ էին ավելի շատ իրենց հայանպաստ գործունեության շնորհիվ: Արևմուտքի հանդեպ թշնամաբար տրամադրված խավարամիտների մի զանգված պարբերաբար կրկնում էր` Բալզակից հետո չկա վեպ, Հյուգոյից հետո էլ՝ բանաստեղծություն: Մոսկվան էլ, ի դեմս ֆրանսիական արդի գրականության, ներկայացնում էր գերազանցապես կոմունիստ գրողներին` Արագոն, Էլզա Տրիոլե, Անդրե Ստիլ, Պոլ-Վայան Կուտյուրիե, Ռոժե Վայան և այլն: Սրանց կողքին, երբեմն-երբեմն, հայտնվում էին Սենտ-Էքզյուպերիի, Ժակ Պրևերի, Մորիակի գործերը: Բացի այդ, դեռևս պատերազմից առաջ, հորս սերունդը հասցրել էր «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» ամսագրում կարդալ Լուի-Ֆերդինանդ Սելին, Անդրե Մալրո, Անդրե Ժիդ... Քսաներորդ դարի ֆրանսիական գրականության երեք խոշոր դեմքերը: Այս ամենը բավարար էր, որ հյուրերի հետ հետաքրքիր զրույց սկսվեր:
Խոսք բացվեց նաև Վիլյամ Սարոյանի մասին: Սարտրը և Բովուարը լավ գիտեին այս անունը և դրվատանքով էին խոսում: Սա առիթ դարձավ, որ զրույցը ծավալվի ընդհանրապես ամերիկյան գրականության շուրջ: Սարտրը հետաքրքրվեց, թե Հայաստանում ճանաչվա՞ծ է արդյոք ՈՒիլյամ Ֆոլկները: Այս գրողի մի քանի պատմվածքներ արդեն թարգմանվել էին հայերեն, սակայն ավելի հետաքրքիր մի փաստ կար. ես պատմեցի, որ Փարիզում ապրած հայ գրող Վազգեն Շուշանյանը, դեռևս 1938 թվին, իր օրագրում հետաքրքիր նշումներ էր արել «Աղմուկ և ցասում» վեպի մասին: Փաստ, որ վկայում է, թե հայկական սփյուռքը, որոշ դեպքերում, համաքայլ էր ընթանում եվրոպական գրականության հետ:
Այս փաստը շատ հետաքրքրեց Սարտրին: Տարիներ հետո պիտի իմանայի, որ նույն վեպի մասին գրել է նաև Սարտրը, բայց քիչ ավելի ուշ՝ 1939-ին: Վ. Շուշանյանի անձը լրջորեն հետաքրքրեց հյուրերին: Եվ ես, որ արդեն լավ գիտեի այդ գրողին և արդեն հասցրել էի կարդալ նրա ձեռագրերը, աշխատեցի լավագույնս ներկայացնել նրա գրականությունը: Վ. Շուշանյանի արձակը շատ է հիշեցնում «գիտակցության հոսքի» գրականությունը, որի արտահայտություններից մեկն էր, թերևս, ՈՒ. Ֆոլկների վեպը: Նույնիսկ կարելի է ասել, որ հայ գրողը դարձել է ֆրանսիական «նոր վեպի» (nouveau roman) նախակարապետներից մեկը: Ապրելով Փարիզում, գրելով հայերեն, այնուհանդերձ նա եղել է համաեվրոպական մշակույթի բուն կոնտեքստի մեջ: Ավելին, առաջ է անցել նրանցից: Եվ խոսքն այս պարագայում պարզ ազդեցության մասին չէ, քանզի Շուշանյանի արձակն այդ ներքին մենախոսությանը հասավ սեփական ճանապարհով:
Սարտրը և Բովուարն ընդունեցին, որ լեզվի պարագան չէ կարևորը, այլ արձակի, պատումի այն նոր կերպը, որ կանխազգացել ու ստեղծել է հայազգի գրողը Փարիզում՝ իր մայրենի լեզվով: Նրանց համար կատարելապես հայտնություն էր, որ դեռևս քսանական-երեսնական թվականներին, նույնիսկ դրանից էլ առաջ, հայ մշակույթի աշխույժ կյանք է եղել Ֆրանսիայում:
Ազնավուրի անունն առիթ դարձավ, որ զրույցն ընթանա նոր հունով՝ ֆրանսիացի երգիչներ, շանսոնիեներ: Հյուրերը զարմացած էին, որ Հայաստանում գիտեն, սիրում և գնահատում են Ժակ Բրելի, Հոլիդեյի, Բրասենսի և այլոց արվեստը: Նրանք պատմեցին, թե ինչպես ներկա են եղել Հոլիդեյի և Սիլվի Վարդանի համերգին, որի ընթացքում մոլեգնած երիտասարդությունը ջարդուփշուր է արել աթոռները: Ինձ համար զարմանալին ոչ միայն երկու մեծ գրողների ներկայությունն էր թինեյջըրների համերգին, այլև նրանց հանդուրժող հայացքը համերգի ընթացքում տեղի ունեցած վանդալիզմի հանդեպ: Գուցե նրանք արդեն կանխազգում էին 1968-ի փարիզյան մայիսը, երբ երիտասարդությունը դուրս եկավ փողոց և վանդալիզմի ասպարեզ դարձրեց քաղաքի մի քանի թաղերը:
...Մենք չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը: Մեզ արդեն փնտրում էին: Մի նոր խնջույք էր սկսվում առանձնատանը՝ հայկական սեղանի բոլոր օրենքներով և, իհարկե, թամադայով: Այդ պարտականությունն ստանձնեց Հրաչյա Քոչարը, որի առանձնատունը նույնպես գտնվում էր Լուսակերտում:
Ցավոք, ես չեմ հիշում սեղանի շուրջ արտասանված կենացների և զրույցների բոլոր մանրամասները, սակայն մի փոքրիկ միջադեպ պահպանել է հիշողությունս:
Հյուրերը չափազանց ժուժկալ էին նոր սեղանի մոտ: Գուցե պատճառը Սևանի ճոխ «նախաճաշն» էր: Այս հանգամանքը չէր կարող վրիպել տանտիրոջ աչքից: Սա կարող էր ընկալվել նաև այլ կերպ. մատուցվող կերակուրներից ոչ մեկը նրանց սրտովը չէ, ուստի պետք է հարցնել, թե ուրիշ ի՞նչ կուզեին՝ սեղանին դրվածից զատ: Հյուրերն շտապեցին հայտնել, որ եղածն արդեն շատ շատ է, և որ ամեն ինչ համեղ է: Այդ ժամանակ տանտերը՝ Վախթանգ Անանյանը, կատակի տալով դիմեց ինձ, քանի որ ես նստած էի հյուրերի կողքին.
-Տղա ջան, էդ խեղճ հալիվորին ու իրա կնկան բոլ-բոլ խորոված դիր թող ուտեն, թե չէ սոված կմնան...
Թամադան՝ Հրաչյա Քոչարը, հատ-հատ և դանդաղ շեշտելով բառերը, շտապեց ճշտել արժեքները.
-Սիրելի Վախթանգ, քո ասած «խեղճ հալիվորն» ու «իրա կնիկը» աշխարհի գրականության խոշոր դեմքերից են:
-Քոչար ջան, քեզնից ու Սերոյից էլ մե՞ծ են, - լոռեցու երկիմաստ միամտությամբ հարցրեց Անանյանը:
-Սերոյից` չգիտեմ, բայց ինձնից ու քեզնից շատ մեծ են:
Այդ պահին անմիջապես հնչեց Հովհաննես Բաղդասարյանի հորդորալից ու վճռական ձայնը.
-Կարևոր չէ` մե՞ծ է, թե՞ փոքր է, կարևորը հյուրն է, իսկ հյուրին պետք է լավ ընդունել, պետք է լավ կերակրել:
Հետո կտրուկ ու անվերապահ դիմեց ինձ.
-Դե լցրու, տղա ջան, լա՛վ լցրու:
Միանգամից և պարտադիր առաջարկված կերակուրների ծավալը հյուրերին, մեղմ ասած, սոսկումի մեջ գցեց: Ստիպված էինք անհրաժեշտ խմբագրումներով թարգմանել տեղի ունեցած երկխոսությունը:
Խրախճանքը տևեց մինչև ուշ երեկո, այնպես որ, երբ մեքենաներով մտնում էինք Երևան, արդեն կեսգիշեր էր: Գիշերային քաղաքում արտառոց ոչինչ չկար, մանավանդ քեֆերից ու ճամփորդությունից հոգնած մարդկանց համար: Սակայն մի անսովոր տեսարան կրկնվում էր փողոցից փողոց: Հերթերը: Ահռելի՜ հերթերը: Ավելի շուտ իրար գլխի հավաքված լուռ ու մտահոգ մարդկանց խմբերը: Հետո նկատեցինք, որ այս արտառոցությունը որոշակի օրինաչափություն ունի. մարդիկ հավաքվել էին հացի խանութների մոտ: «Gitane»-ի օգնությամբ նինջի դեմ պայքարող Սարտրը զարմացած նայում էր մարդկանց կուտակումներին: Երևում էր, որ մի տեսակ անհանգիստ է, ուզում է իմանալ, թե ինչ է պատահել, բայց քաշվում է հարցնել:
Խմբերից մեկի առջև կանգնեցրինք մեքենան, և ես գնացի պարզելու, թե ինչ է պատահել: Այն, ինչ իմացա ես, առավել քան անհեթեթ էր ու աներևակայելի. քաղաքում հաց չկար... Մարդիկ դեռ չէին մոռացել պատերազմի դժնի տարիները և դուրս էին եկել ամբողջ գիշեր հերթ պահելու, որպեսզի առավոտ կանուխ հաց գնեն:
Հաջորդ օրն իմացանք, որ հաց չկա ամբողջ Խորհրդային Միությունում:
Խրուշչովն այդ տարի խաչակրաց արշավանք էր սկսել վերացական արվեստի դեմ՝ աչքաթող անելով գյուղատնտեսությունը:
Սարտրն ապշած ու լուռ նայում էր մտահոգ զանգվածներին և, հավանաբար, մտմտում «դժոխքի» մի նոր բանաձևի մասին։ Դժոխք, որ այլևս մյուսները չէին, այլ մենք:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6458

Մեկնաբանություններ