«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Շանթը չթաքնվեց լպրծունության թիկունքում

Շանթը չթաքնվեց լպրծունության թիկունքում
24.11.2013 | 17:03

irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Շանթ Հարությունյանի ակցիան նոյեմբերի 5-ից մինչ օրս արժանացել է ամենատարբեր, իրարամերժ գնահատականների: Եթե հանրագումարի բերենք տեղի ունեցածն ու դրան հաջորդած իրադարձությունները, հասարակական պրոցեսների, հասարակական գիտակցության վրա ազդեցության տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել:

-22-ամյա Հայաստանի բնակչությունը մշտապես վախեցել է իր իշխանություններից, որոնք չեն զլացել գազանություններ գործել: Այդ վախի մթնոլորտն առաջին անգամ հիմնավորապես սասանվեց 2007թ. «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի համարձակ քարոզչությամբ, ինչն էլ հիմք դարձավ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ծավալված համաժողովրդական հուժկու շարժման համար: Պարոն Շանթ Հարությունյանին, ըստ էության, իր 20 քաջերի հետ հաջողվեց կոտրել կրկին արմատավորվող համատարած վախի և հուսալքության մթնոլորտն ու հոգեբանական առավելությունը խլել դրածո ռեժիմից: Ավելին՝ պարոն Շանթ Հարությունյանն առաջին անգամ մեր 22-ամյա պետության պատմության մեջ իր, ինչպես Դուք եք ասում, ակցիայով ապացուցեց, որ անհրաժեշտ է իրապես քաղաքական նպատակների պայքար ծավալել՝ չթաքնվելով լպրծունության թիկունքում: Եվ, ըստ իմ դիտարկման, հասարակությունն ընդունել է այդ պասը:

-Սպասելի՞ են նման գործողություններ առաջիկայում, թե՞ ոչ:

- Կապրենք՝ կտեսնենք:

-Շանթ Հարությունյանի ակցիան այս կամ այն չափով ուներ նաև արտաքին աշխարհին հղված ուղերձներ: Նրա ակցիայից հետո Երևանում տեղի ունեցավ երթ, որի մասնակիցները կրում էին հակառուսական, հակապուտինյան տրամադրություններ արտահայտող ցուցապաստառներ: Ի՞նչ փոփոխություններ կարող է այդ քայլն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

- Հայ-ռուսական հարաբերություններ չկան, ինչպես որ չկան, ասենք, կալինինգրադա-ռուսական կամ կուրսկա-ռուսական հարաբերություններ: Բացառված չէ, որ հայ-ռուսական հարաբերություններ ձևավորվեն պարոն Շանթ Հարությունյանի գործողության արդյունքում:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանում այսօր տարբեր քաղաքական ուժերն ի՞նչ ազդեցություն ունեն հասարակության ներսում խմորվող, հասունացող պրոցեսների վրա և որքանո՞վ կարող են դրանք քաղաքացիական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

-Հասարակության ներսում հասունացող, բայց, ըստ իս, դեռևս չխմորվող գործընթացների վրա Հայաստանի քաղաքական անվանվող ուժերն ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ իրենք ինքնածին չեն և իրենք են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ: Այսինքն՝ կփորձեն ունենալ այն ազդեցությունը, ինչ իրենց կհրահանգվի Մոսկվայից. օրինակ՝ բուռն և երկարատև կծափահարեն հայոց լեզվի հանդեպ ռուսական կայսրության հերթական վայրենի գրոհը: Պետք չէ վհատվել. Հայաստանին լուսավոր ապագա է սպասվում, մանավանդ երբ ունի Շանթ Հարությունյանի պես լուսավոր զավակներ: Մեր Հայրենիքը և Մայրենին ավելի երկարակյաց գտնվեցին, քան իրենց ոչնչացնել փորձող պատմության այլ քոչվոր կայսրություններ. ներկա ռուսական իմպերիան բացառություն չէ: Ընդամենը դիմանալ է պետք, ամենաշատը՝ ևս մեկ սերունդ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ