Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քանի՞ գլուխ ուներ Մոնթե Մելքոնյանը

Քանի՞ գլուխ ուներ  Մոնթե Մելքոնյանը
22.11.2013 | 00:06

Նոյեմբերի 25-ը ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ (Ավո) ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է:

Վերջերս, երբ սովորականի նման թերթում էի կայքերը, ադրբեջանական 1news.az քիչ թե շատ օբյեկտիվ (Ադրբեջանի չափանիշներով) կայքում հանդիպեցի ադրբեջանական լրատվության հերթական «պոչով» ստերից մեկին: 2012 թվականի վերջերին իրեն «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար» հորջորջող ոմն Թոֆիկ Ջաֆարով, «հերոսանալու» մոլուցքով տարված, Բաքվում, մամուլի ասուլիսում հպարտանում էր, թե Մոնթեին ինքն է ձեռնամարտում սպանել և, որպես փաստական ապացույց, Ադրբեջանում լայնորեն տարածված լուսանկարում իբր թե, ինքն է Մոնթեի կտրած գլուխը իր ձեռքում պահում, ոչ թե «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովը, ինչի համար վերջինս արժանացել է երկրի բարձրագույն պարգևին, հերոսացվել է ու բազմաթիվ արտոնություններ ստացել:
Եվ ահա, շաբաթներ անց, պնդելով ժամանակին իրենց տարածած բարբաջանքները, ադրբեջանական 1news.az լրատվական կայքը, որպես դարակազմիկ նշանակության նորություն, կրկնելով նախկինում ասված հիմարությունը, ինձ վերագրում է մտքեր, որոնց ես տեղյակ չեմ, իրենց մառազմատիկ անմտություններից են: Այսպիսի դեպքերի մասին էր 1918 թվականին արհեստականորեն, ինչ-ինչ հեռագնա նպատակներով ստեղծված Ադրբեջան պետության մասին ասում ռուս գեներալ, քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող ու հրապարակախոս Անտոն Դենիկինը. «Այս հանրապետությունում ամեն ինչ կեղծ է»: Կրկնելով Դենիկինի մտքերը, ասեմ, որ սեփական հայրենիք, մշտական բնակատեղի չունեցող ցեղախումբը, որպես կանոն, փորձում է իրենով անել իր գրաված, կամ իրեն ժամանակավորապես բնակվելու նպատակով շնորհված տարածքը, յուրացնել բնիկների մշակույթը, գրականությունը, գիտական հայտնագործությունները, կեղծուպատիր պատմություն մոգոնել իբր հազարավոր տարիներ առաջ ապրած իրենց նախնիների մասին, «հերոսացնել» նրանց, դնել միամիտ մարդկությանն ի ցույց:
Չնայած մասնակցել էի Մոնթեի թաղմանը, տեսել նրա ամբողջական մարմինը, բայց և այնպես, դիմեցի նրա մարտական ընկեր Վահե Շահվերդյանին` թե թուրքերի ասածի մեջ ինչ-որ լրջություն կա՞: Վահեն զարմացած նայեց ինձ ու ասաց.
-Իհարկե չկա: Երբ նոր էինք ծանոթացել Մոնթեի հետ, հարցրի, թե դեմքի, ձեռքերի սպիները որտեղի՞ց են, պատմեց, որ 12 տարեկանում Լոս Անջելեսում բարձունքից լողավազանի մեջ թռչելիս գլուխը խփել է հատակին ու քիթը, ատամներից մեկը ջարդել: Երբ արդեն տարիներ անց անշնչացած Մոնթեին վերցրինք, որ երիցս համոզվեմ` ինքն է, նայեցի վերքերին, բացեցի բերանն ու ջարդած ատամը տեսնելով` ասացի, որ, այո, Մոնթեն է: Ինչ վերաբերում է գլուխը կտրելուն, զավեշտ է, հիմար սուտ, ֆիզիկապես էլ անհնար, քանի որ կրակելուց անմիջապես հետո ադրբեջանական ԲՄՊ-ն փախավ, մենք հասանք օգնելու Մոնթեին, Սարիբեկին, բայց արդեն Մոնթեն չկար, արկի բեկորը հետևի մասից խոցել էր գլուխը։
Քոչվորներին հատուկ, փորձված մեթոդով ղարաբաղյան շարժման առաջին օրերին նորօրյա թուրքերը փորձեցին վախեցնել մեզ, կազմակերպեցին Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, աշխարհով մեկ վայնասուն բարձրացրին, թե էս հայերն անկախանալ են ուզում, ու, երբ տեսան մենք չենք վախենում, ընկրկում, դեռ ավելին` պատրաստվում ենք հակահարված տալու, հույսներն իրենց` մեզնից բազմապատիկ ավելի բնակչության ու զենք-զինամթերքի վրա, պատերազմ սանձազերծեցին` չմտածելով, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան` ուրիշի հողը զավթել փորձելը: Հետևանքը պարզ է. հաղթեցին հողի իսկական տերը, տիրոջ ամուր ոգին, բանականությունն ու սեփական տուն-տեղը, ընտանիքի պատիվն ու գոյությունը պաշտպանելու մարդկային բնազդն ու ձգտումը: Փորձելով այս անգամ էլ խայտառակությունից ձերբազատվել, ցույց տալ, որ ղարաբաղցիներից տասնյակ անգամ շատ իրենց երկրում ու բանակում էլ հերոսներ կան, վերջապես իրենք էլ ազգ են, անհայտ ծագմամբ ու ազգությամբ ինչ-որ մորուքավոր զոհվածի գլուխ են կտրել, պահում են ձեռքներին, իրար փոխանցելով այստեղ-այնտեղ լուսանկարվում, իշխանություններին ներկայացնում են «հայ վարձկան» Մոնթե Մելքոնյանի` իրենց կողմից սպանված ու կտրված գլուխ ու Ադրբեջանի հերոսի կոչում են ստանում: Youtube-ում ես գտա Ադրբեջանի հերոս Իբադ Հուսեյնովի մասին պատմող ֆիլմ, որտեղ «հերոսը» գրկած-կանգնած է, իր ասելով, «Մոնթեի կտրած գլխի հետ»: Չնայած նկարի վատ որակին, որը, հավանաբար, հատուկ է արված` կեղծիքը թաքցնելու համար, Մոնթեի հետ որևէ աղերս չունի և ավելի շատ ադրբեջանցու է նման: Գտա ու նույն Youtube-ում տեղադրեցի նաև Մոնթեի հոգեհանգիստն ու թաղումը ներկայացնող կադրեր, որոնց որակն անհամեմատ բարձր է, և որոնցում պարզ երևում է ամբողջական Մոնթեն:
Այսպիսի ստեր աշխարհին հրամցնելով, խայտառակ պարտություն կրած Ադրբեջանի բանակն ունի ոչ ավելի, ոչ պակաս 173 ազգային հերոս: Կարելի է ենթադրել, որ բոլոր նրանք, ովքեր չեն ծլկել մարտադաշտից, Ադրբեջանում հերոսի կոչում են ստացել։ Ահա, Youtube-ում տեղադրած վերոհիշյալ նկարներն ու տարբեր ժամանակներում մամուլում տպագրած իմ հոդվածներն էլ իրենց հարմար ձևով մեկնաբանելով, «1news.az-ի շնորհավորանքները թիվ 1 հայ ահաբեկչին վերացնելու տարեդարձի առթիվ» վերնագրված հոդվածում Ռիզվան Հուսեյնովը գրում է (ներկայացնում եմ ամբողջությամբ` թարգմանված ռուսերենից- Ա. Ա.). «Երեք օր, օրուգիշեր մենք որոնում էինք Ավոյին,- գրում է մյուս հայ վարձկանը` Ասքանազ Աբրահամյանը, այդպես էլ չհասկանալով, թե ինչպես հաջողվեց Իբադ Հուսեյնովին ու նրա 14 մարտիկներին ներթափանցել հայերի կողմից գրավված Մուղանլի գյուղ, վերացնել Ավոյին և դուրս գալ հայկական շրջապատումից: «Ինչ հիմարն էինք մենք, որ չնկատեցինք... եթե դա նրանց նույնիսկ հաջողվել էր, ապա իրենք ո՞ւր էին գոլորշացել: Չէ՞ որ մենք, հարյուրավոր մարտիկներ բազմիցս տակնուվրա արեցինք գյուղի յուրաքանչյուր սանտիմետրը» (ուղղագրությունն ու գրելաոճը պահպանված են),- մորմոքում-տրտնջում է Աբրահամյանը»:
Խոսքս չերկարացնելու համար ընթերցողին խորհուրդ կտամ գտնել ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի 2012-ի թիվ 48 համարն ու կարդալ իմ վերաբերյալ հոդվածը, որտեղ ադրբեջանական այս կեղծիքից մեկ բառ անգամ չկա: Իսկ հիմա տեսեք, թե ադրբեջանցիներն ինչպես են «հերոսական» կերպար ստեղծում: Պարզվում է, Ադրբեջանի հերոս Իբադ Հուսեյնովի «քաջարի» մարտիկներն ընդամենը 14-ն էին, իսկ մեր հարյուրավոր ազատամարտիկները պարտվել էին նրանց, դեռ ավելին` «թիվ 1 հայ ահաբեկչին» վայրկենական գործողությամբ վերացրած 14 «խորամանկ, ճարպիկ ու քաջազուն» թուրքերն իրենց սև գործն անելուց հետո այնքան վարպետորեն էին Մոնթեի գլուխը կտրել, վերցրել ու «գոլորշացել», որ ես` տարեց «վարձկանս», զարմացած եմ մնացել նրանց հերոսությամբ ու պրոֆեսիոնալիզմով: Յարոսլավ Հաշեկի քաջարի զինվոր Շվեյկի երևակայությունն անգամ սրանց մոտ կխամրեր ու մանկամիտ կթվար: Չզարմանաք, եթե մի օր էլ սրանք պնդեն, որ Վարդան Մամիկոնյանին էլ իրենք են սպանել, ու այդ փաստը հաստատող լուսանկար կամ տեսաֆիլմ ցույց տան։
Այնուամենայնիվ, զգալով, որ սուտը շատ է «պոչով» և կարող է անհավատալի թվալ նույնիսկ յուրայիններին, կեղծարար «լրագրողը», իբր ի միջի այլոց, փակագծերում գրում է. «ուղղագրությունն ու գրելաոճը պահպանված են», նկատի ունենալով իբր իմ գրածը: Ինչ վերաբերում է ինձ էլ Մոնթեի կողքին դնելուն ու «վարձկան» կոչելուն, սա էլ ինքնանպատակ չէ: Սրանք աշխարհին ուզում են ապացուցել, որ իրենց պարտության պատճառը ոչ թե հայերի կազմակերպված, ուժեղ, խելոք ու հայրենասեր լինելն է, ամուր ոգին, պապենական տունն ու հողը մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանելու մարդկային նորմալ ցանկությունը, այլ հիմնականում վարձկաններից կազմված բանակը: Չկա մեկը, որ ասի` այ խելոքներ, եթե դուք ձեր օտարերկրյա օդաչուների յուրաքանչյուր թռիչքին նավթադոլարներից գոյացած գումարներից 1000 ԱՄՆ դոլար էիք վճարում, այդ տարիներին ընդամենը 20-30-միլիոնանոց բյուջե, քայքայված տնտեսություն ունեցող Ղարաբաղը կամ երկրաշարժի պատճառած ավերածությունները վերացնող, հարյուրհազարավոր անտուն մնացած մարդկանց կտուր ապահովող, իրենց բնակատեղիներից ձեր տեղահանած ու Հայաստան ուղարկած հազարավոր փախստականներին ապրելու միջոց ապահովող Հայաստանն ինչի՞ հաշվին էր այդքան վարձկան պահում ու վճարում, այն էլ այն դեպքում, երբ հազարավոր հայ կամավորների դիմումները` գնալ Ղարաբաղ, պաշտպանել ժողովրդին ադրբեջանական հրոսակներից, մերժվում էին, քանզի այդքան մարդու զենք-զինամթերքով, հագուկապով ու սննդով ապահովել հնարավոր չէր ու անիմաստ էլ էր, քանի որ արդեն իսկ զենք վերցրած հայորդիներն առանց այդ էլ լավագույնս դիմակայում էին իրենցից բազմապատիկ շատ հակառակորդին:
Ամփոփենք: Քաղաքակիրթ աշխարհն անարգանքի սյունին է գամում Ալիևին ու նրա վարչակարգին` վայրենիներին հատուկ «կացնային» քաղաքականության, հարևանի նկատմամբ ատելություն սերմանելու, նրա մշակութային հուշարձանները սեփականացնել փորձելու, պետությունը ստի ու կեղծիքի վրա կառուցելու, սեփական երկրում այլազգիներին ճնշելու ու ստորացնելու համար:
Ադրբեջանցիներին էլ հասկանալ է պետք: Նրանց հերոսներ են հարկավոր, ու քանի որ դրանք չկան, ստիպված են հորինել:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6082

Մեկնաբանություններ