Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրիստոնեության դեմ Արևմուտքի պատերազմն սկսվել է հարավսլավական Կոսովոյից

Քրիստոնեության դեմ Արևմուտքի պատերազմն սկսվել է հարավսլավական Կոսովոյից
26.11.2013 | 01:26

Հիմա արդեն թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհի այլ տարածաշրջաններում լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են գրում այն մասին, որ Արևմուտքում իսկական պատերազմ է սանձազերծվել ընդդեմ... քրիստոնեության։ Այդ պատերազմը, օրինակ, Ռուսաստանում բորբոքելու փորձը (Pussy Riot-ի հետ կապված սկանդալը) առայժմ չի հաջողվում։ ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր էջում օրերս գրել է. «Անգլիայից մինչև Նորվեգիա հալածում են քրիստոնյաներին. մարդիկ աշխատանքից հեռացվում են խաչ կրելու համար։ Կարելի է «բացահայտ գեյ» լինել, բայց ոչ քրիստոնյա։ Հակաքրիստոնեական հեղափոխությունը ճարակում է Եվրոպան։ ՈՒ նրանք չէ, որ պիտի սովորեցնեն մեզ»։ Այդ գործիչն արձագանքել է մի շարք դեպքերի, երբ արևմտյան երկրներում մարդկանց ազատել են աշխատանքից վզին խաչ կրելու պատճառով։ Նոյեմբերի 14-ին Նորվեգիայում NRK հեռուստաընկերության նորությունների թողարկման հաղորդավարուհի Սիր Քրիստին Սաելմանին արգելել են եթեր մտնել` կրած խաչի պատճառով, ինչի արդյունքում լրագրողը հեռացվել է աշխատանքից։

Բազմաչարչար Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ևս ապացուցում են, որ պատերազմ է տեղի ունենում ընդդեմ քրիստոնեության։ Եվ այն հովանավորում է հենց Արևմուտքը։ Մի տեղ մարդիկ պատերազմում են (ինչպես Սիրիայում), մի տեղ զանգվածաբար բողոքում` ինչպես Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։ Մի այլ տեղ ձգտում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները։ Բայց դրանից էությունը չի փոխվում. Արևմուտքը հանուն «իր ժողովրդավարության» խաչակրաց արշավանք է սկսել։ Բայց` ընդդեմ քրիստոնեության։ Հանուն Սոդոմ-Գոմորի` որպես երևույթի։ Հանուն մեր մոլորակում ԱՄՆ-ի շահերի հաղթանակի։ Ինչպես ասում են` մահը պատճառ կգտնի։

Այս պայմաններում շատերն արդեն մոռացել են, որ քրիստոնեության դեմ պատերազմի առաջին զոհերը դարձան... ոչ, նույնիսկ Սիրիան չէ, այլ նախկին Հարավսլավիան, ապա` Սերբիան։ 2012 թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց առանց պահպանության թողնել Կոսովոյի և Մետոխիայի (ԿոսՄետ) երկրամասի սերբական կրոնական, փաստորեն, վերջին օբյեկտը։ Այդ մասին ապշահար թղթակիցներին անձամբ հայտնել է Կոսովոյում անվտանգության միջազգային ուժերի հրամանատար գեներալ Էրհարդ Դրևսը` իր լիազորությունները վար դնելուց առաջ։ Այս անգամ ՆԱՏՕ-ն դավաճանել էր ոչ թե սերբական ուղղափառ եկեղեցու մի ինչ-որ կոնկրետ տաճարի կամ մատուռի, այլ ԿոսՄետում սերբական պատրիարքի աթոռանիստ Պեչկա-Պատրիարշա վանական միաբանությանը։ Դե ի՞նչ ասես. հարմար ժամանակ է ընտրել ՆԱՏՕ-ն իր որոշումը հայտարարելու համար, որը, ըստ էության, նշանակում է դավաճանություն (նշենք` հերթական) ԿոսՄետի քրիստոնեության նկատմամբ, քանի որ հիմա մոլորակի մի շարք տարածաշրջաններում սրվում է բանավեճը տեղական շատ բարդ հակամարտությունների միջազգային ռազմական միջամտության հավանականության շուրջ։ Այդ թվում նաև` մեր Լեռնային Ղարաբաղը, և հիմա երևում է, թե որքան ճիշտ էին Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները, երբ տարեցտարի հրաժարվում էին քննության առնելուց հակամարտության գոտում «խաղաղարարների» տեղաբաշխման հարցը։ Բազմաչարչար ԿոսՄետի օրինակով միանգամայն ակնհայտ է, որ հակամարտությունների գոտիներում միջազգային կազմով, և հատկապես ՆԱՏՕ-ի մասնակցությամբ, «խաղաղարարների» հայտնվելը սպառնում է հենց քրիստոնեական արժեքներին, ավելի ճիշտ` արևելաքրիստոնեական արժեքներին։

Ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն առաջին անգամ չէ, որ ԿոսՄետում դավաճանում են քրիստոնեությանը։ 2010 թ. օգոստոսին Արևմուտքը «տեղական ոստիկանությանն էր թողել «պահպանելու» համաշխարհային մարգարիտներից մեկը` պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնամակալության տակ գտնվող Գրաչանիցա ուղղափառ վանքը։ Այսինքն, արմատական տրամադրություններ ունեցող մահմեդական ալբաններին, քանի որ «անկախ ալբանական Կոսովոյի» ոստիկանությունում չկա ոչ մի ուղղափառ քրիստոնյա։ Մինչև 2010 թ. վերջը և 2011 թ. առաջին կեսին Արևմուտքը նույն դավաճանությամբ վարվեց Բուդիսավցի, Գորիոց և Զոչիստե քրիստոնեական վանքերի նկատմամբ։ Արդյունքն իրեն երկար չսպասեցրեց. Արևմուտքի ժողովրդավարականությունն ու ալբանների նկատմամբ նրա մեծ վստահությունն այնքան ազատություն տվեցին ծայրահեղականների ձեռքերին, որ արդեն 2011 թ. հունիսին արևմտյան արժեքների ոմն ալբան երկրպագու փորձեց պայթեցնել Պոտկալի շրջանի Սբ. Շաբաթվա միջնադարյան եկեղեցին Պրիզրենում (թվագրվում է XIV դ.)։ Այդ տաճարին դեռ 2009-ին էր ծանրագույն վնաս հասցվել, իսկ Սերբիայի հին մայրաքաղաքներից մեկի բնակչությունը զանգվածաբար կոտորվել էր։ Այնուհետև քրիստոնեական շինությունների նկատմամբ հաշվեհարդարի փորձերն սկսեցին տարածվել արդեն ԿոսՄետի ամբողջ երկրամասում։ Հանցագործները ՆԱՏՕ-ի և Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի աջակցությամբ փորձեցին ոտնձգություն անել նաև Գրաչանիցայի նկատմամբ, էլ ինչ խոսք կարող է լինել ոչ այնքան նշանակալի քրիստոնեական սրբավայրերի մասին։ Արդեն 2012 թ. հուլիսին ալբանները հարձակվեցին ու պղծեցին Սբ. Միքայել հրեշտակապետի տաճարը Շտիմլում։ Եվ դա այն դեպքում, որ 2009 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ սկսվել էր տաճարի վերականգնումը։ Եվ ահա 2012-ի հոկտեմբերին, լսելով գեներալ Դրևսի խոսքերի մասին, Պրիշտինայի համալսարանի խորհուրդը (բնականաբար, լրիվ ալբաններից բաղկացած) իր վերջին նիստում հաղորդեց, որ մտադրություն կա քաղաքի Սբ. Փրկչի տաճարը վերածելու թանգարանի կամ առհասարակ քանդելու։

Կարծում եմ շատերի համար օգտակար կլինի իմանալ. Սբ. Փրկչի տաճարը (ի դեպ, Սբ. Իսա-Հիսուսը պաշտելի է նաև ճշմարիտ մահմեդականների համար, թող որ որպես մարգարեներից մեկը և ոչ թե Աստծո Որդի) ալբանական Կոսովոյի «անկախության» ամբողջ ընթացքում (առնվազն 2008-ի փետրվարից) օգտագործվում է որպես... հասարակական զուգարան։ Դա ապացուցում է, որ քրիստոնեական սրբավայրերը պղծող բարբարոսներն առհասարակ անաստված են կամ, ինչպես ասում են, Սատանայի ծառա։ Իսկ ընդհանուր առմամբ, Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիայից հետո Սերբիայի և սերբ ազգի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը ԿոսՄետում հանգեցրել է ավելի քան 15 սերբական ուղղափառ եկեղեցու շարունակական ավերման և հարյուրավոր քրիստոնեական գերեզմանոցների պղծման։ Կոսովոյում և Մետոխիայում սերբական ուղղափառ եկեղեցու առաջնորդի աթոռանիստ պատրիարքարանին ուղղակի վտանգ կսպառնա, քանի որ Պեչկա Պատրիարշա վանական համալիրը նույնիսկ Հարավսլավիայի օրոք ալբան ահաբեկիչների թիրախն է եղել. նրանք 1981 թ. հրկիզեցին վարչական շենքերից մեկը։ Նկատենք, մինչև Բալկաններում ուղղափառության դեմ ՆԱՏՕ-ի պատերազմը դեռ 18 տարի կար, մինչև Արևմուտքի նախաձեռնությամբ Հարավսլավիայի ոչնչացումը` 10 տարի։ Սակայն Պեչկա Պատրիարշան Բալկաններում Արևմուտքի դաշնակիցներին արդեն զզվեցրել էր։ Սերբիայի օրինակը մյուսներին, հատկապես Արևելյան քրիստոնեության տարբեր ուղղությունների հետևորդ ժողովուրդներին, պետք է հուշի, թե ինչ է սպասելու նրանց պատմական, մշակութային և կրոնական հուշարձաններին, եթե «հանկարծ» տխրահռչակ «Արևմուտքի խաղաղարարները» սկզբում շտապեն հակամարտությունների համապատասխան գոտիներ, ապա, մի 5-10 տարի հետո, իրենց վստահված տարածքները թողնեն անպաշտպան և տան «տեղական ոստիկանության ձեռքը»...

Հանցագործների դեմը հարկավոր է առնել համարժեք ուժով, առավել ևս, եթե նրանք այդքան վստահ են իրենց վրա ու վայելում են Արևմուտքի հովանավորությունը։ Բայց ո՞վ։ Սերբիան ինքը ի վիճակի չէ. Արևմուտքը եվրաինտեգրման և «եվրոպական արժեքներին ու չափանիշներին» համապատասխանության բարեհունչ պատրվակով, փաստորեն, զինաթափել է սերբերին, ստիպել նրանց ըստ էության սեփական ձեռքով ոչնչացնելու սեփական բանակը, որը մի ժամանակ ամենամարտունակներից մեկն էր Եվրոպայում։

Ջուղայի հայկական հնագույն գերեզմանոցի ոչնչացման օրինակով, ԿոսՄետում քրիստոնեության հուշարձանների և սրբավայրերի պահպանման ու ապագայի այդ թեման պետք է շատ սրտամոտ ու ցավալիորեն հասկանալի լինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Վերջին տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել Ջուղա այցելել նույնիսկ Բաքվում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարին։ Դրանից առաջ «տեղական ոստիկանությունը» թույլ չէր տվել Ջուղայում դիտարկումներ կատարել միջազգային մի շարք կառույցների։ Թեև ոչ ոք կասկած չունի, որ ադրբեջանական իշխանությունները, իրոք, ոչնչացրել են Ջուղայի հայկականության բոլոր հետքերը. Հայաստանին և սփյուռքին Իրանից տրամադրված համապատասխան տեսալուսանկարահանումներն ավելի քան պերճախոս են։ Այդուամենայնիվ, աշխարհում ոչ ոք, այդ թվում և` Արևմուտքում, չի շտապում ինչ-որ ձևով դատապարտել և ինչ-որ բան պահանջել Ադրբեջանի «տեղական ոստիկանությունից»` Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման կապակցությամբ։ Այնպես որ, պետք է ենթադրել, որ եթե շուտով ԿոսՄետի «տեղական ոստիկանությունը» ալբան մոլագարներին չխանգարի ոչնչացնելու Պեչկա Պատրիարշայում սերբական պատրիարքի նստավայրը, ապա «ալբանական Կոսովոյի» իշխանությունները հաջողությամբ կկիրառեն Ադրբեջանի «մեթոդիկան» և օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային հանձնաժողովներին թույլ չեն տա այցելել այն վայրերը, որտեղ ոչնչացվել են քրիստոնեական շինություններն ու ավանդատեղիները...

ԿոսՄետի ամբողջ ողբերգական պատմությունը ճիշտ կրկնությունն է հայկական Նախիջևանի ոչ պակաս ողբերգական պատմության։ Երբ եկվոր զավթիչը շարունակաբար ու համատարած ոչնչացնում է անդրենածին բնակչությանը, իսկ հետո կողքից «բարի քեռիները» այդ եկվոր զավթիչին պետականություն են պարգևում տեղաբնիկներից «մաքրված» տարածքում։ Նախիջևանում այլևս հայ չկա։ Փոխարենը կա ոչ հայկական Նախիջևանի ինքնավարություն։ ԿոսՄետում քրիստոնյա սերբեր կան դեռ։ Եվ Հայաստանը ոչ մի շահ չունի Արևմուտքին ու ալբաններին աջակցելու ԿոսՄետի լիակատար քրիստոնեաթափման գործում։ Իսկ այդպիսի վտանգ կա։ Հայաստանին նոր «նախիջևաններ» պետք չեն, որտեղ էլ դրանք տեղի ունենալիս լինեն:

Ինչո՞ւ մենք որոշեցինք այսօր այս ամենը հիշել և Հայաստանի ու Արցախի հասարակայնությանը զգոնության և համազգային հակահարվածի պատրաստականության կոչել։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու զինվորականները 90-ական թվականներից հետևողականորեն ապացուցում են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ոչ մի օտարերկրյա «խաղաղարար» պետք չէ։ Հիշենք, օրինակ, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի 2010 թ. մայիսի 12-ի բարձրագոչ հայտարարությունը, որտեղ նա կոշտ կերպով հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինված ուժերի տեղաբաշխման դեմ, համարելով, որ «տարածաշրջանում ամենախաղաղարար բանակը» ղարաբաղյան բանակն է։ Բայց ահա 2012 թ. հունիսի 5-ին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի գիտական աշխատակից ՈՒեյն Մերրին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում ծավալված քննարկման ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանն ու Հայաստանը խոչընդոտում են միջնորդների աշխատանքը, և ժամանակն է միջնորդությունից անցնելու ուժային իրավարարության»։ Նրա խոսքերով ասած, ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի չէ կանխելու լարվածության սրումը տարածաշրջանում։ Իսկ այդ «փորձագետի» խոսքերից հետո Արցախի դիմակայության գծում և հայ-ադրբեջանական սահմանում շուտով մի քանի խոշոր արյունալի միջադեպեր տեղի ունեցան։ Եվ, հիշում եմ, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում այն ժամանակ փորձագետները նշում էին, որ «ուժային իրավարարություն» մեղմասությամբ ԱՄՆ-ը բացահայտորեն նկատի ուներ «խաղաղարար զորախմբի» մուտքը դիմակայության գոտի։ Իհարկե` Արևմուտքից։

Մի կողմ թողնենք այն անվիճելի հանգամանքը, որ այս բանին, պետք է ենթադրել, չեն համաձայնի ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը։ Թեև այդ հանգամանքը ևս ավելի քան ծանրակշիռ գործոն է թե՛ Հայաստանի համար` ԼՂՀ-ի հետ, թե՛ Ադրբեջանի համար։ Հարցը պետք է դիտարկել հակամարտության այլ գոտիներում Արևմուտքի «խաղաղարար գործողությունների» հետ համադրությամբ, և առաջին հերթին հենց ԿոսՄետում։ Եվ հիշել, որ Սիրիայում Արևմուտքը շարունակում է օգնել այն ուժերին, որոնք ոչնչացնում են քրիստոնեական տաճարներն ու գերեզմանոցները։ ԿոսՄետի քրիստոնեական սրբավայրերն իզուր չեն անվանել և անվանում «սերբական Երուսաղեմ»։ ԿոսՄետի` այս շարադրանքում թվարկված օբյեկտներն ու բնակավայրերը բուն Սերբիայի, նրա մայրաքաղաքի, նրա կրոնական կենտրոնների պատմությունն են։ Բայց Արցախը հայության համար պակաս սրբազան հող չէ, քան ԿոսՄետը սերբերի համար։ Բալկաններում ամերիկյան «ուժային իրավարարությունը» արդեն հանգեցրել է հասարակական և քաղաքակրթական աղետի` այդ երկրամասի քրիստոնեության կործանման։

Հայաստանի և ԼՂՀ-ի ազգային շահն այն է, որ, բացի հայ ժողովրդի համար իր այսօրվա բնակության «կղզյակների» պահպանումից, ոչ մի դեպքում թույլ չտա, որ աղետաբեր ոտնձգություններ լինեն հայոց քրիստոնեական արժեքների ու հուշարձանների նկատմամբ, թույլ չտա, որ որևէ մեկն էլի փորձի «քարերի ցեղասպանություն» սարքել, ինչպես Ջուղայում արվեց, հետևաբար, հայկական շահերից է բխում թույլ չտալը, որ բացի «տարածաշրջանի ամենախաղաղարար բանակից», ինչպես արտահայտվել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվի թեկուզ մեկ օտարերկրյա զինվորական։ Առավել ևս ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրից։ Հակառակ դեպքում ոչ ոք հայերին չի կարող երաշխիք տալ, որ, օրինակ, Ամարասի վանքը կամ 348 թ. տանջամահ արված Սբ. Գրիգորիս կաթողիկոսի` Սբ. Վրթանես կաթողիկոսի որդու և Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան գերեզմանը ոչ ոք և երբեք չի պայթեցնի կամ չի վերածի հասարակական զուգարանի։ Չէ՞ որ այնտեղ, ուր կանգնած են լինում արևմտյան զինվորականները, ավելի շուտ հենց այդպես էլ լինում է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ