Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աբխազական երկաթգիծը քաղաքական որոշման է սպասում

Աբխազական երկաթգիծը  քաղաքական որոշման է սպասում
26.11.2013 | 10:38

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը դրական արձագանք կարող է դառնալ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում։ Առաջին անգամ Վրաստանը, Աբխազիան և Հայաստանը լուրջ ուսումնասիրություններ են սկսել այս երկաթգծի վերագործարկման շուրջ։
Այս լուրջ քայլի նախաձեռնողն է «International Aiert» միջազգային կազմակերպությունը։ Ե՞րբ իրականություն կդառնա այս երկաթգծի վերագործարկումը, դժվար է ասել, սակայն, ըստ իրականացված հաշվարկների, այսօր արդեն պարզ է, որ դրա համար անհրաժեշտ կլինի 250 մլն դոլար։ Հետազոտություններին մասնակցած փորձագետների կարծիքով, աբխազական երկաթգծի վերագործարկման համար պետք է առանձին հատվածներում իրականացնել կապիտալ վերանորոգում, կա նաև նոր շինարարության անհրաժեշտություն, ինչպես նաև մասնակի նորոգման կարիք ունեցող հատվածներ են առկա։ Ինչ խոսք, աշխատանքները քիչ չեն, ինչը բնական է։ Բավական է նշել միայն, որ շուրջ 20 տարի է` աբխազական երկաթգիծը դեպի Հայաստան չի գործում։ Սա արդեն նշանակում է, որ այդ հատվածում առկա է և՛ վերանորոգման, և՛ շինարարական աշխատանքների անհրաժեշտություն։ Սակայն այս երկաթուղու վերագործարկումն այն դեպքերից է, երբ կարելի է ասել «Игра стоит свеч»։
Հետազոտությունների այս փուլում ուսումնասիրվում են երեք երկրների տնտեսական շահերը։ Նկատենք, որ սա այն եզակի ծրագրերից է, որ տնտեսապես շահավետ է բոլոր երեք երկրների համար։ Որպեսզի մեզ չմեղադրեն միայն հայաստանյան շահը հետապնդելու մեջ, առաջին հերթին փորձենք հասկանալ, թե ինչ օգուտներ կարող են ունենալ Վրաստանն ու Աբխազիան։
Վրաց փորձագետների կարծիքով. «Երկաթգծի վերականգնումը հնարավորություն կտա այդ ճանապարհով Ռուսաստան արտահանելու մեծ քանակությամբ գինի, գազավորված ջրեր, ինչպես նաև գյուղատնտեսական տարբեր տեսակի արտադրանքներ։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ որոշ մթերքների արտահանումը Ռուսաստան սկսված է, ապա, բնականաբար, երկաթգիծը կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Դրանից բացի, այդ ապրանքների արտահանումը երկաթգծով ավելի էժան է, ինչը, բնականաբար, մեծացնում է դրանց մրցունակությունը»։ Ի դեպ, նկատենք, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է նաև լավ խթան հանդիսանալ ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ Վրաստանի նորընտիր նախագահը, ըստ լրատվամիջոցների, կարևորում է տնտեսական շփումների ընդլայնումը Ռուսաստանի հետ։
Աբխազիայի համար ևս երկաթգծի վերագործարկումը շատ հետաքրքիր և շահավետ կարող է լինել։ Մասնավորապես նկատենք, որ երկաթգծի վերագործարկման համար պահանջվում է 250 մլն դոլար։ Սա ինքնին արդեն լուրջ ներդրում է աբխազական տնտեսության մեջ, ինչը շատ կարևոր և խթանիչ գործոն է ցանկացած երկրի տնտեսական աճի համար։ Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ Աբխազիան, դառնալով փոխադրումների համար տարանցիկ պետություն, կունենա ֆինանսական օգուտներ։ Եթե սրան հավելենք այն ակնկալիքները, որ փոխադրումների ավելացում կարող է լինել ինչպես Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուց հետո, այնպես էլ ռուս-վրացական առևտրային կապերի վերականգնման արդյունքում, ապա այդ դեպքում ֆինանսական միջոցները փոխադրումներից զգալիորեն կավելանան։
Իրողությունների համադրությունը փաստում է, որ այս երկու երկրներն էլ աբխազական երկաթգծի վերագործարկումից միայն շահում են։ Իսկ ի՞նչ է շահում Հայաստանը։ Այս հարցին միանգամից կարելի է պատասխանել` հնարավորություն է բացվում արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու երկաթգծի միջոցով։ Սա շատ կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում։ Եթե սրան էլ գումարենք Մաքսային միությանն անդամակցությունը, ապա ակտիվանալու են հայ-ռուսական առևտրային հարաբերությունները, ինչը նշանակում է, որ այդ գործընթացում աբխազական երկաթգծի վերագործարկումը կարևոր է։ Հատկապես, որ Լարսի հատվածը Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար հաճախ անանցանելի է դառնում ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։ Բացի դրանից, գործարարների գնահատմամբ, օրինակ` շինարարական, մետաղական նյութերի, արդյունաբերական ապրանքների և որոշ գյուղմթերքների դեպքում Լարսով բեռնափոխադրումներն արդյունավետ չեն և շատ ավելի ձեռնտու կլինի դրանք իրականացնել երկաթուղային ճանապարհով։
Ի՞նչ են մտածում այս մասին հայ փորձագետները. «Աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է միջին հաշվով 20 %-ով նվազեցնել ՀՀ-ՌԴ փոխադրումների գինը։ Սա լուրջ աջակցություն կլինի տնտեսավարողներին` արտաքին շուկայում մրցունակության բարելավման տեսանկյունից։ Երկաթուղային փոխադրումների դեպքում կրճատվելու է նաև առևտրաշրջանառության տևողությունը, ինչը բարձրացնում է ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը»։
Եվ այսպես, բոլոր երեք երկրների փորձագետներն էլ փաստում են աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտության և տնտեսության վրա դրական ազդեցության մասին։ Մնում է, որ այս ամենը համեմվի մի շատ կարևոր գործոնով` քաղաքական որոշումով։ Ինչն այս պահին չկա, բայց հույս ունենք, որ չի ուշանա։ Հակառակ դեպքում, ո՞ւմ էր պետք, որ միջազգային կազմակերպությունը ձեռնամուխ լինի հարցի հետազոտությանը, ընդգրկելով երեք երկրներ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ