Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»

«Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»
27.11.2013 | 16:41

Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը լայն հեռանկարներ է բացում քառորդ դար հետո կենսաթոշակի անցած քաղաքացիների համար: Բարեկեցիկ ծերություն, որն այնքան նման է ոչ վաղ անցյալում ընդունված մի շարք հռչակագրային դրույթների: Եվ այսպես, 1974թ. հետո ծնված քաղաքացիները կարող էին հավատալ այդ բարեկեցիկ խոստումներին, սակայն, մի փոքր պատմական էքսկուրս կատարելով և հիշողությունը թարմացնելով, կարելի է ճշգրտված փաստել, որ շատ հաճախ պետության կողմից տրված խոստումները մնացել են օդում:

Ավագ սերունդը լավ է հիշում ԽՍՀՄ-ի օրոք ընդունված քաղաքական և տնտեսական ծրագրերը, որոնք հաստատվում էին համագումարներում, թե իբր 80-ական թվականներին լինելու է կոմունիզմ: Սակայն հաջորդեցին լճացման տարիները` բոլոր հետևանքներով:

Խնայբանկերում տեղադրված ավանդներն այնպես անհետացան, որ նույնիսկ չմեկնաբանվեց, թե որտեղ են խաբված ավանդատուների գումարները:

Սա խոսում է այն մասին, որ մեզանում չկան կառավարությունների ծրագրերի շարունակականության ապահովման երաշխիքներ:

Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» շրջանակներում իրականացված բանակցային գործընթացները շեղվեցին և հայտնվեցին փակուղում:

Հայաստանի տնտեսությունը «Կովկասյան վագր» բարձրաձայնելու փորձերը պարզապես շոու էին:

2013թ. տնտեսական աճի ապահովումը չուներ բազային հիմնավորում: Իսկ քաղաքային տրանսպորտի ուղևարձի թանկացումը մեկնաբանվում է ի շահ քաղաքացու, որպեսզի իրար գիրկ չնստեն:

Կենսաոլորտում սակագների բարձրացումը արվել է դարձյալ ի շահ քաղաքացու:

Շատ փաստեր կան, որոնց համադրումը ցույց է տալիս, որ առանց նույնիսկ մաթեմատիկական մոդելավորման և հավանականությունների տեսության հիմունքների իմացության կարելի է հիմնավորել, որ «Կենսաթոշակային կուտակումների մասին» օրենքը հերթական խաբկանքն է քաղաքացիների համար:

Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են, քանզի առողջությունը կորցրած մարդը հազիվ թե կարողանա բարեկեցիկ ծերույթան մասին մտածել:

Սա պարզապես ծաղր է բանական մարդու նկատմամբ, ով պարզապես խճճվել է իր նվազագույն զամբյուղի, պարտքերի և տոկոսների մեջ:

Այսքանից հետո մնում է ենթադրել, որ Հայաստանի քաղաքացին ունի խաբված լինելու իմունիտետ, և այն կշարունակվի բոլոր ժամանակներում:

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյան

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ