Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մաքսային միություն կմտնի ոչ միայն Հայաստանը

Մաքսային միություն կմտնի ոչ միայն Հայաստանը
29.11.2013 | 00:00

Եվ այսպես, հաստատվում է, որ Սիրիան, իրոք, ուզում է դառնալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, հիմա, կարծում եմ, կարելի է ասել (բայց վերապահումներով)` նաև Հայաստանի Մաքսային միության (ՄՄ) անդամ։ Դեռ 2013 թ. փետրվարից աշխարհը գիտեր, որ Սիրիան վերջնականորեն վերակողմնորոշվել է ռազմավարական առումով։ Այսպես, Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Զաֆեր Մհաբբաքը, Դամասկոսում Բելառուսի դեսպան Օլեգ Երմոլովիչի հետ քննարկելով մի ամբողջ շարք հարցեր, հույս էր հայտնել, որ Մինսկը կպաշտպանի Սիրիայի անդամակցությունը Մաքսային միությանը։
Ընթացիկ տարվա հուլիսին արդեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ինքը բացահայտորեն հասկանալ տվեց, որ Սիրիան իր ապագան տեսնում է Մաքսային միության հետ սերտ համագործակցության մեջ։ Հենց նա հավաստեց, որ պաշտոնական Դամասկոսը աշխատանք է տանում ՄՄ-ին երկրի անդամակցության ուղղությամբ։ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջեմալին Ռուսաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց. «Սիրիան ուզում է անել դա։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Մենք բանակցություններ ենք վարում Բելառուսի և Ղազախստանի հետ։ Ռուս գործընկերների հետ բանակցություններն արդեն ավարտվել են։ Մենք ուզում ենք լինել այդ կազմակերպությունում։ Դա շատ ձեռնտու է և նշանակում է տնտեսական փոխանակություն, նոր տիպի, համընդգրկուն բնույթի հարաբերություններ, ուր բոլորը հավասար են»։ Հոկտեմբերի վերջին նույն Ք. Ջամիլը հայտարարեց, որ Դամասկոսն արդեն պաշտոնապես բանակցություններ է վարում ՄՄ մտնելու համար։ Իմ կարծիքով, շատ խորհրդանշական է, որ Իրանի հետ «Մեծ վեցյակի» համաձայնագրի ստորագրումից հետո հենց աշխարհը ստացավ հավաստիքն այն բանի, որ Սիրիան «հանաք չէր անում» և, իրոք, ձեռնամուխ է լինում ՄՄ-ին իր անդամակցության ձևակերպմանը։
Ի դեպ, արդարանում է մեր կանխատեսումը նաև Սերբիայի առնչությամբ. «Հարավային հոսք» խողովակաշարի գցման մեկնարկն այդ երկրում ազդակ եղավ։ Բելգրադն այլևս չի թաքցնում, որ իրեն Եվրամիությունը պետք չէ, և որ սերբերը երազում էին ավելի սերտ տնտեսական համագործակցություն ունենալ Ռուսաստանի և ՄՄ անդամ երկրների հետ։ Այսպիսով, ժամանակն է, որ մեր Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցները սկսեն վերագնահատել արժեքները։ Հիմա միանգամայն հասկանալի է դառնում, որ զուր չէին ոչ հեռու անցյալի այն խոսակցությունները, թե միայն «խնդրահարույց» Սերբիան ու Սիրիան չեն, որ ուզում են ՄՄ անդամ դառնալ։ Ստացվում է, որ միանգամայն իրական են եղել նաև այն հայտարարությունները, թե ՄՄ-ի դուռն են թակում ¥թող որ առայժմ ոչ պաշտոնապես¤ և՛ Հնդկաստանը, և՛ Իրանը, և՛ Մոնղոլիան, և՛ Վիետնամը, և՛ նույնիսկ Թուրքիան ու Իսրայելը, դե, ինչ ասեմ, առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ իրենց ցանկություններով «ծիկրակում» են նաև ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան։ Ի միջի այլոց, եթե այդ ամենը ճիշտ դուրս գա, ակումբը, որին կարող է անդամագրվել Հայաստանը, արդեն սոսկ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մի ինչ-որ միություն չէ միայն։
Նշենք, որ Դամասկոսը «աննկատելիորեն» հարցի կանխորոշվածության մասին հայտարարել էր դեռ հոկտեմբերի 28-ին. «Սիրիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները Մաքսային միությանն անդամակցության շուրջ»։ Եվ միայն հիմա` նոյեմբերի վերջին ենք մենք տվյալներ ստանում այն մասին, որ հարցը կասկածներ չի հարուցում ո՛չ Բելառուսում, ո՛չ Ղազախստանում։ Ի՞նչ ասել կուզի. ՄՄ-ի գծով Հայաստանի ապագա գործընկերների աշխարհագրությունը և, որ շատ ավելի կարևոր է, աշխարհատնտեսությունը հայտարարում է Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը, Միջերկրական ծովի արևելյան մասը, Կորեական թերակղզին, մի խոսքով աշխարհը ներառելու հնարավորությունների մասին։ Եվ դրան գումարած Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը։ Բոլոր նրանք, ովքեր հիմա ցանկություն են արտահայտում մտնելու ՄՄ, ունեն իրենց նպատակներն ու հավակնությունները։ ՈՒրեմն Հայաստանին էլ հիմա ոչ ոք չի կարող արգելել ունենալու իր նպատակներն ու հավակնությունները։ Հարցը դրանց համարժեքությունն ու բոլոր նրանց անկեղծությունն է, ովքեր կարող են դառնալ մեր երկրի գործընկերները։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ