USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Մեկ պատուհան, տարեկան մեկ վճար և աշխատանք

Մեկ պատուհան, տարեկան մեկ վճար և աշխատանք
29.11.2013 | 00:30

Բարեփոխումներ ասվածից մեր քաղաքացիները վախ ունեն։ Վերջերս տաքսու վարորդներն աղմուկ են բարձրացրել տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է նաև ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայություն իրականացնելու գործընթացը։ Բարեփոխումների փաթեթը գործադիրն արդեն ուղարկել է օրենսդիրին։ Ինչի՞ց են վախենում վարորդները. «Դեղին համարանիշերը փոխարինվելու են ինքնակպչուն ներդիրներով, ինչը կհարվածի մեր բիզնեսին»։ Որքա՞ն են այս մտավախություններն իրատեսական, և ի՞նչ են ենթադրում բարեփոխումները։
«Տրանսպորտի ոլորտում, մասնավորապես տաքսի ծառայության ոլորտում, նախատեսվող բարեփոխումը նպատակ ունի ֆիզիկական անձանց համար թեթևացնելու բիզնեսի իրականացման գործընթացը։ Դրա համար ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, որի արդյունքում այսօր գործող պետական կառավարման մարմինների հետ շփումը կրճատվելու է։ Բարեփոխումները դրական ազդեցություն են թողնելու նաև վճարների վրա։ Դրանք կրճատվելու են, իսկ դեղին համարանիշերին փոխարինող ինքնակպչուն ներդիրները տրվելու են անվճար»,- «Իրատես de facto» ակումբում ասաց տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ Նկատենք, որ բարեփոխումների փաթեթը ենթադրում է շուրջ 67 օրենքներում փոփոխություն և առնչվում է ոչ միայն տաքսամոտորային ոլորտին, այլև ընդգրկում է ողջ տրանսպորտային համակարգը՝ կանոնավոր փոխադրումները, բեռնափոխադրումները և այլն։ Եթե նկատենք, որ ֆիզիկական անձանց դեպքում սահմանափակում չի արվում մեքենաների տարիքի վրա, ապա կարելի է ասել, որ բարեփոխումն ունի նաև լուրջ սոցիալական ուղղվածություն։
Ի դեպ, լիցենզավորման գործակալության պետի տեղեկալ ԱՐԱՅԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ իր խոսքում փաստեց. «Բարեփոխումների արդյունքում էապես կրճատվում է ֆիզիկական անձանց կողմից տարեկան վճարումների չափը։ Երևանում այն տարեկան կազմելու է 120 հազար, մարզկենտրոններում՝ 80 հազար, գյուղական համայնքներում՝ 45 հազար, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ 30 հազար դրամ։ Այսպիսով, ֆիզիկական անձինք ազատվում են նաև տարբեր միջնորդ կազմակերպություններին մատուցվող ծառայություններից»։ Այլ կերպ ասած, տաքսի ծառայություն իրականացնելու համար ֆիզիկական անձինք բարեփոխումներից հետո գործ են ունենալու միայն մեկ պատուհանի հետ. կատարելով իրենց վճարը, անարգել կարող են իրականացնել իրենց գործունեությունը։ Ինչ խոսք, սա շատ կթեթևացնի տաքսու վարորդների գործը, հատկապես որ բանախոսները վստահեցրին. «Տարեկան վճարը կարող են կատարել ամեն ամիս, եռամսյակը մեկ և տարվա կտրվածքով»։
Փաստաթղթային տարբերակով այս բարեփոխումը, կարծես, կարող է դրական լինել, սակայն այս պահին վարորդները երկմտում են։ Մի քանի օր առաջ նրանց ներկայացուցիչները 6 կետից բաղկացած պահանջագրով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ էին։ Իսկ ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ «Հանդիպումն արդյունավետ էր, երկու կողմերի համար էլ՝ շահեկան։ Նախարարն ուսումնասիրեց ներկայացված առաջարկները։ Դրանց մեջ շատ կետեր առնչվում էին այլ գերատեսչությունների, ինչը պարզաբանվեց»,- ի պատասխան վերը նշված մեր հարցի ասաց Դավիթ Մելքոնյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ