Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ է «թևեր տալիս» թիվ 70 դպրոցի տնօրենին

Ո՞վ է «թևեր տալիս» թիվ 70 դպրոցի տնօրենին
29.11.2013 | 11:16

Երբ անչափահաս տղան է փորձում նոթբուք գողանալ, նրան ձերբակալում են, իսկ երբ դպրոցի տնօրենն է գողանում` այն էլ տասը հատ, նրան ընդամենը խիստ նկատողություն են տալիս և ազատ արձակում: Այսինքն` անչափահաս տղայի դեպքում արարքը դիտվում է որպես գողություն, իսկ տնօրենի արարքը` սխալմունք, մինչդեռ պետք է հակառակը լիներ` հաշվի առնելով երեխայի տարիքը: Իսկ ինչո՞ւ մեր արդարամիտ իրավապահները տղայի հանցագործությունը չեն դիտում որպես անչափահասի անխելամիտ արարք, ինչո՞ւ նրան, ինչպես դպրոցի տնօրենին, խիստ նկատողությամբ բաց չեն թողնում: Որտե՞ղ է արդարությունը:
Սա առակ չէ, իրականություն է, մեր ժամանակի ամենատխուր իրողություններից մեկը, երբ մոտավորապես տասն օր առաջ Սարի թաղի անչափահաս բնակչին համակարգչի գողության ընթացքում մեր աչալուրջ ոստիկանները ձերբակալում են և մինչ օրս պահում անազատության մեջ:
Դեռ գարնանը վերոնշյալ դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը դպրոցի անունից, առանց որևէ զգուշացման, առանց քաղաքապետարանին գոնե գրավոր տեղեկացնելու, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից տասը նոթբուք է գնել և չկարողանալով վճարել ամբողջական գումարը` դպրոցը դրել կալանքի տակ: Ոչ ոք տեղյակ չի եղել դրան. ո՛չ ուսուցչական կազմը, ո՛չ վերադաս մարմինները: Մարման ժամկետներն ուշացրել են, բայց երկարացված ժամկետում էլ վճարումը չի արվել, իսկ ընկերությունը դատական ճանապարհով ցանկանում է բռնագանձել գումարը: «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն պահանջում է դատական կարգով բռնագանձել 3 175 100 դրամ գումարը:
Երեկ թիվ 70 դպրոցում քննարկվում էին ներկայիս տնօրենի նմանօրինակ գործողությունների, վերջինիս պատասխանատվության ենթարկելու և նրա հետագա պաշտոնավարման հարցերը:
Դպրոցի ողջ ուսուցչական կազմը ավելի քան համոզված էր, որ Հերմինե Շափաղաթյանը ոչ միայն պաշտոնանկ կարվի, այլև նրան դատավճիռ կներկայացվի: Մինչդեռ մեր ժամանակներում ընդամենը միամիտ պետք է լինել` նման թյուր կարծիք ունենալու համար:
Այսպես, առաջին «պատիժը», որ ստացավ տնօրենը այս հանցագործության դիմաց, քաղաքապետարանի խիստ նկատողությունն էր, որից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց իր վճիռը` ողջ գումարը բռնագանձել դպրոցի ուսուցիչների աշխատավարձերից` պահումներ անելով, քանի որ գույք հանդիսացող ապրանքը` նոթբուքները, նա գնել է դպրոցի անունից, ուստի և դպրոցն է պարտավոր ցանկացած ձևով փակել այդ գումարը: Եվ դատարանը որոշեց, որ դա կարվի ուսուցիչների խղճուկ աշխատավարձերի հաշվին: Հարց է առաջանում` ուսուցիչները համաձա՞յն են, նրանք, առհասարակ, տեղյակ եղե՞լ են իրենց տնօրենի ինքնագլուխ գործողություններին, իսկ ինչո՞ւ հենց տնօրենին չեն պարտավորեցնում վճարել իր իսկ գրպանից, այլ խեղճ ուսուցչին են «կտրում» օրվա հացի փողից: Ո՞վ է նման անարդարացի որոշումները կնքում և հիմնավորում: Եվ այսքանից հետո, փաստորեն, օրինազանց տնօրենը կշարունակի ղեկավարել սույն դպրոցը: Վերջ: Այսքանը: Ծածկվեց, կոծկվեց, ինչպես հարկն էր: Իսկ դպրոցի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվեց:
Նախքան դատական նիստը և դատավճիռ ներկայացնելը դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նամակ էր ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Սա հերթական օրինակն է, երբ կամ դպրոց ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների անտեղյակության, կամ տնօրենի անվերահսկելիության ու այդ պաշտոնին անհամատեղության պատճառով հեղինակազրկվում է դպրոցը, արդյունքում` կրթությունը: Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում, ով լուրջ վտանգի տակ է դրել ուսուցիչների` առանց այդ էլ նսեմացուցիչ աշխատավարձը, չնայած նրանք էլ են մեղավոր այսպիսի տնօրենին հանդուրժելու համար, և եթե իրենց անունով վերցված վարկերը փակելու պարտավորությունը մնա իրենց վրա, թող ոչ մեկին չմեղադրեն: ՈՒսուցիչը չպետք է տնօրենի հլու-հնազանդ կամակատարը դառնա, նման տնօրենների ու նրանց հանդուրժող ուսուցիչների օրինակը խիստ վտանգավոր է մեր քաղաքացիական հասարակության ու երկրի ապագայի համար»,- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:
Իսկ ուր մնաց «օրենքը»: Որքան կարողացանք պարզել` ՀՀ օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով դատ է հասնում բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր տնօրինում են իրենց չպատկանող գույքը, շորթում են, վատնում են պետական միջոցները` չարաշահելով պաշտոնական դիրքը:
Երեկ, Irates.am-ին դիմած դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ այլ կարևոր մանրամասներ բացահայտեցին: Նրանց տեղեկացմամբ, Հերմինե Շափաղաթյանը, ով շուրջ երկու տարի է, ինչ տնօրինում է թիվ 70 դպրոցը, աչքի է ընկել իր կամայականություններով, կրթական համակարգի ու կոլեկտիվի նկատմամբ անփույթ և անհարգալից վերաբերմունքով: «Եկած օրվանից խառնաշփոթ վիճակ է դպրոցում: Մանկավարժներից շատերին ազատեց աշխատանքից, բերեց նորերին` իր ծանոթ-բարեկամներին, որոնց կրթությունը չի համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Թեկուզ հենց ինքը, չգիտենք էլ` ինչ կրթություն ունի, ունի՞ էլ արդյոք, թե՞ ոչ»,- վրդովված պատմում էին ուսուցիչները` թվարկելով վերջինիս բացթողումները։ «Արհմիության վճարները չի կատարել, ուսուցիչների փետրվար ամսվա աշխատավարձերը չի տվել: Նա նույնիսկ իր` հայոց լեզվի և գրականության դասաժամերը չի պարապում, երեխաներն ազատ են մնում այդ դասերին։ Զարմանալին այն է, որ վերջերս դպրոցում քաղաքապետարանի անցկացրած ստուգումների ժամանակ ոչ ոք չնկատեց, որ գրանցման մատյանը լրացված չէ, ինչը ոչ միայն անփութություն է դպրոցի ղեկավարության կողմից, այլև ամենամեծ բացթողումներից մեկը»,- պատմում էին նրանք: Իսկ ծնողներն էլ հավելեցին, որ ոչ մի ծնող չի ցանկանում այդպիսի դպրոց երեխա ուղարկել` «դպրոցի դեմքը տնօրենն է, ի՞նչ պետք է սովորի երեխան հանցագործ տնօրենից, ամենաշատը` անպատասխանատվություն, ոչ բարեխիղճ մոտեցում իր դասի, ուսման հանդեպ: Չէ՞ որ երեխան դպրոց է գնում կրթվելու, սովորելու, դաստիարակվելու նպատակով»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ. Գ.- Եվ իսկապես, ո՞ւմ հովանավորությամբ է արվում այս ամենը: Ո՞վ է թևեր տալիս օրինազանց տնօրենին` իրականացնելու նման գործողություններ: Հարցեր, որ անհապաղ պատասխան են պահանջում:
Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցում կատարվող դեպքերն ու իրադարձությունները, իհարկե, չի կարելի նորմալ համարել, բայց երբ դպրոցում տեղի ունեցող անթույլատրելի երևույթների առաջ աչք են փակում պատկան մարմինները, իսկապես անհասկանալի է ու արտառոց: Վերջին օրերին թե՛ հեռուստատեսությունը, թե՛ էլեկտրոնային կայքերն ու մամուլը հեղեղված էին թիվ 70 դպրոցի տնօրենի մասին պատմող հրապարակումներով: Մի՞թե պատկան մարմինները դեռևս «անտեղյակ» են այդ ամենին: Ինչո՞ւ են իրենց միամիտ և անտեղյակ ձևացնում, վերջապես, ինչո՞ւ են լռում: Իսկ ո՞ւր են ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչները: Ինչպե՞ս է պատահում, երբ, օրինակ, որևէ մեկի չարախոսությունը հիմք ընդունելով, առանց փաստերի, այդ նույն իրավապահները գնում լցվում են ինչ-որ մեկի տունը, անհիմն անհանգստացնում, բերման ենթարկում կամ գործ հարուցում, իսկ կատարված հանցագործության փաստն առաջները դրած` անտեսում ու կոծկում են:

Դիտվել է՝ 5649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ