«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան

Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան
29.11.2013 | 11:01

Եթե մեր ժողովրդի բարեգործության պատմությունը համեմատենք հայոց աշխարհի լեռների հետ, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունեն Մեծ ու Փոքր Մասիսների նման երկու գագաթներ: Մեծը Ալեքսանդր Մանթաշյանցն է, Փոքրը՝ պոլսահայոց անզուգական բարերար Հարություն Պեզճյանը: Այս անգամ կպատմենք մեծ Փոքրի մասին:
Նրա հայրը կարինցի պեզճի՝ կտավագործ, Պողոսն էր, որն ապրուստ հայթայթելու համար գաղթել էր Կ. Պոլիս և կտորեղենի փերեզակությամբ՝ շրջիկ առևտրով էր զբաղվում: Նա և Վառվառե կինն ունեցան երեք զավակ՝ Մարիամ, Համասփյուռ և Հարություն, որը ծնվեց 1771 թ. ապրիլի 10-ին: Տղան 7-12 տարեկան հասակում հաճախեց Պոլսի մայր վարժարան, գրել-կարդալ սովորեց, և դա նրա ստացած միակ կրթությունն էր: Հայրը նրան հանեց ուսումից և աշակերտության տվեց մի հայ մետաքսավաճառի մոտ. միակ արու զավակն էր, և բազմանդամ ընտանիքը պահել էր պետք:
Հարությունն աշակերտություն արեց 12 տարի, և դա կյանքի ու գործնական գիտելիքների ձեռքբերման անգնահատելի ժամանակահատված էր: Նա ոչ միայն կատարելապես տիրապետեց մետաքսավաճառության գաղտնիքներին, դարձավ իսկական պրոֆեսիոնալ, այլև ձևավորվեցին նրա խառնվածքը, մտածելակերպը:
Քսանչորս տարեկանում Հարությունը հիմնեց սեփական գործը Պոլսի մետաքսավաճառների խանում՝ շուկայում, բացեց կրպակ: Բնատուր աչքաբացության, ճարպկության, գործնական բացառիկ հմտությունների շնորհիվ նա յոթ տարում ձեռք բերեց առաջնակարգ մետաքսավաճառի համբավ:
1801 թ. տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դեր կատարեց Հ. Պեզճյանի կյանքում. Օսմանյան կայսրության դրամահատարանի տեսուչ Հովհաննես ամիրա Տյուզյանը գնեց մետաքսի մաքսի գանձման իրավունքը և… լավագույն մասնագետ Հարությունին նշանակեց գրասենյակի կառավարիչ: Հաջողությամբ վարելով Տյուզյանի գործերը, նա աչքաթող չարեց նաև սեփական բիզնեսը՝ բացեց կտորեղենի ու եվրոպական ընտիր ապրանքների խանութ, որը բանեցնում էին փեսաները՝ Հովհ. Նուրյանը և Գ. Մերկերյանը: Որոշ ժամանակ անց Տյուզյանը Պեզճյանին նշանակեց իր բոլոր առևտրային գործերի ու պաշտոնյաների տեսուչ ու վերակացու:
1808 թ. սուլթանի գահին բարձրացավ Մահմուդ II-ը, որի օրոք և միջոցով Պեզճյանը կարողացավ իր ազգանպաստությունը հասցնել աննվաճ բարձունքների: Պեզճյանի ու սուլթանի առաջին լուրջ ծանոթությունը տեղի ունեցավ հետևյալ պարագաներում: Մեծ վեզիրն էր «Քոռ» մականվամբ Յուսուֆ փաշան՝ մի դաժանաբարո և ագահ մարդ: Այս հանգամանքից օգտվելով, հույները փորձեցին իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ձեռք գցել Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքը: Նրանք կաշառեցին «Քոռին», իսկ սա էլ խնդրագիր ներկայացրեց սուլթանին, ուր մասնավորապես գրել էր. «Սբ. Երուսաղեմում գտնվող Սբ. Հակոբա վանքը հնամենի ժամանակներում պատկանել է հույներին, սակայն հայերը կաշառքների միջոցով այն վերցրել են իրենց ձեռքը, և մինչ օրս այդ վիճակն է տիրում: ՈՒստիև, հույները հիմա սուլթանից խնդրում են այն վերադարձնել և դրա դիմաց պատրաստ են արքունի գանձարանին վճարելու 1000 քսակ» (1 քսակը պարունակում էր 500 դահեկան: 1 դահեկանը = 6 ռուսական կոպեկի- Խ. Դ.): Տեղեկանալով այդ մասին, Պեզճյանը պատրիարքարանից վերցրեց հարկ եղած վավերաթղթերը և դրանք ներկայացրեց սուլթանին: Համաձայն այդ ապացույցների, Սբ. Հակոբա վանքը հայերի սեփականությունն էր եղել Յոմեր խալիֆի, սուլթան Սալահեդդինի և Յավուզ մականվամբ սուլթան Սելիմ I-ի օրերից, ամրագրված նրանց հատուկ հրովարտակներով: Լսելով այս փաստարկները, սուլթան Մահմուդը իր ֆերմանով վերահաստատեց վանքի՝ հայերին պատկանելը:
1819 թ. վրա հասավ Տյուզյան գերդաստանի աղետը, և այստեղ կարիք կա որոշ բացատրության: Օսմանյան կայսրության տնտեսական կյանքում անչափ կարևոր նշանակություն ուներ դրամահատարանը. այստեղ էին մետաղադրամի վերածվում ոսկին ու արծաթը: Տարաբնույթ չափ ու կշիռների շարունակական փոփոխությունները հնարավորություն էին տալիս զգալի քանակությամբ թանկարժեք մետաղ «տնտեսելու», և դա վիթխարի հարստություն դիզելու աղբյուր էր: Դրամահատարանի տեսուչին նշանակում էր անձամբ սուլթանը, և գրեթե միշտ այդ պաշտոնը վստահվում էր հայերին, այն էլ՝ նույն գերդաստանի սերունդներին: Դա ուներ իր պատճառները. հայերն ազնիվ էին, խելացի, շրջահայաց, բացի այդ, հարկ եղած դեպքում, կուշտ թալանելուց հետո մեղքը հեշտությամբ կարելի էր բարդել նրանց վրա: Եվ ահա, իբր հայտնաբերված զեղծարարությունների պատճառով սուլթանը դաժան հաշվեհարդար տեսավ Տյուզյանների նկատմամբ: Վեց եղբայրներից երեքը գլխատվեցին, երեքը բանտարկվեցին, մյուս հարազատներն աքսորվեցին տարբեր ծայրագավառներ ու Միջերկրականի կղզիներ: 1824 թ. Իլմիա կղզի աքսորվեց նաև Պեզճյանը:
Սակայն դրամահատարանի ղեկավարի պաշտոնում սուլթանին անհրաժեշտ էր ևս մեկ բանիմաց հայ, ու դա պատճառ դարձավ, որ մեկ տարի անց նա Պեզճյանին վերադարձնի աքսորից ու նշանակի իր անձնական ծախքերը հոգացող սեղանավոր՝ ֆինանսները տնօրինող, իսկ մի քանի ամիս անց՝ նաև դրամահատարանի տեսուչ: Ըստ էության, նա դարձավ Մահմուդ II-ի ամենամերձավոր, վստահելի անձանցից մեկը, և այս հանգամանքը լիովին ծառայեցրեց ի նպաստ ազգի:
Նախ, վերադարձրեց աքսորված Տյուզյաններին, վերագնեց նրանց նախկին տունը, կահավորեց և հանձնեց օրինական տերերին:
1826 թ. հուլիսի 8-ին Պոլսում բռնկեց սարսափելի հրդեհ, որը մոխրակույտերի վերածեց բազմաթիվ տներ, շուկաներ ու խանութներ: Պեզճյանը վիթխարի ֆինանսական աջակցություն ցույց տվեց ոչ միայն ազգակիցներին, այլև հույներին ու թուրքերին:
1827 թ. կառուցեց Սբ. Հարություն եկեղեցին: Նույն տարում, Պոլսի մեծ սովի ժամանակ 100 հազար դահեկան տրամադրեց Պոլսի պատրիարքին՝ սովալլուկ հայրենակիցներին բաժանելու համար:
1828 թ., հրդեհից այրված փայտաշեն Սբ. Աստվածածին մայր եկեղեցու տեղում քարաշեն եկեղեցի կառուցելու համար սուլթանից թույլտվություն ձեռք բերեց, կազմակերպեց հանգանակություն և գումարի մեծ մասն ինքը տրամադրելով՝ կառուցեց նորը:
1830-ին 100 օսմանյան ոսկի հատկացրեց Գելիբոլուի հայ եկեղեցուն: 1931-ին կազմակերպեց Ադրիանապոլսի (Էդիրնե) հայոց եկեղեցու պարտքի վճարումը՝ գումարի մեծ մասն անձամբ վճարելով:
1832 թ. հայոց, հունաց ու հրեաների կրոնական հաստատությունների եկամուտներն ազատեց պետական գանձարան մուծելուց:
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 200 օսմանյան ոսկի տրամադրեց չքավոր հայերին: Վճարեց Միջագյուղի եկեղեցու 100 հազար դահեկան պարտքը: Պատրիարքարանում հիմնեց Տնանկաց սնդուկ՝ հատկացնելով 100 ոսկի: Հիմնովին նորոգեց Գում Գաբուի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր վարժարանը: Բերայում կառուցեց վարժարան՝ հայ աղջնակներին ասեղնագործություն ուսուցանելու համար: Գում Գաբուի բերդամասից դուրս, ի հիշատակ ծնողների, կառուցեց երկու դպրոց՝ Սբ. Առաքելույն Պողոսի և Սբ. Կույսին Վառվառա:
Պեզճյանի ֆինանսավորմամբ լույս ընծայվեցին երկու հիմնարար աշխատություններ՝ Գ. Փեշտիմալջյանի «Պարսկերեն-հայերեն բառարանը» (նրա ցանկությամբ անվճար բաժանվեց հայկական դպրոցներին) և հանրահայտ «Բառգիրք Հայկազեան լեզուի», որը հրատարակվեց նրա մահից հետո:
Ի վերջո, Պոլսում լավագույն ազգային հաստատությունն ունենալու համար մենք կրկին պարտական ենք Պեզճյանին: 1832 թ. նա Եդիգյուլե թաղամասից քիչ հեռու գնեց հողատարածք, ուր կառուցեց Սբ. Փրկիչ եկեղեցին ու մի եկեղեցի: Հիվանդանոցի հարևանությամբ գնեց ծովեզրյա ընդարձակ տարածք ու կառուցեց փոքր հիվանդատուն և Մծբնա Սբ. Հակոբ Հայրապետ եկեղեցին: Բարերարների հետագա սերունդները պահեցին-պահպանեցին Պեզճյանի հիմնածը, Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցում ապաքինում և ապաստան գտան հազարավոր հայեր: Ներկայումս էլ հիվանդանոցը գոյություն ունի, գործում է՝ հանդիսանալով Հարություն Պեզճյանի յուրատեսակ հիշատակը:
Ազգային բարերարը վախճանվեց 1834 թ. հունվարի 3-ին: Նրա դին ամփոփվեց Սբ. Հարություն եկեղեցում: Տապանաքարի վրա փորագրվեց Գ. Փեշտիմալջյանի հետևյալ գիրը.
Իշխան վեհապանծ
Հարութիւն Պեզճեան,
Ազգօգուտ գործուք
անմահ ի մահուան:
Ձեռն իւր առատ լեզու էր խօստման,
Օգուտն Ազգի շահ օգտի ինքեան:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ