Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

«Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»
01.12.2013 | 14:40

Նարեկացի արվեստի միութունում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ 75 ամյակին:

Միջոցառմանը ներկա էր բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ, ով առաջինն է հայերեն թարգմանել, հրատարակել Վիսոցկու բանաստեղծությունները, ուսումնասիրել նրա պոեզիան, արխիվային նյութերը: Լեփ լեցուն դահլիճում հնչեցին Վիսոցկու երգերը, բանաստեղծությունները՝ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ, հուշի պատառիկներ նրա մասին: Հանդիսության ընթացքում բանաստեղծը սիրով պատասխանեց նաև դահլիճից հնչող հարցերին:
«Կար մի շրջան, երբ ընկերներս, փողոցում ինձ հանդիպելիս, կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»,- պատմում էր Լևոն Բլբուլյանը, նշելով, թե տարիներ շարունակ որքա՜ն տարված է եղել լեգենդար այդ մարդու կերպարով ու ստեղծագործությամբ: Նա անձամբ չի հանդիպել, չի ճանաչել Վիսոցկուն, սակայն տեղի է ունեցել այնպիսի մի «հանդիպում», որը, թերևս, շատ ավելի նշանակալից կարելի է համարել. հանրահռչակ արտիստի անժամանակ մահից հետո բանաստեղծը ներքին մի մղումով սկսել է թարգմանել, մամուլում հրապարակել նրա՝ մինչ այդ միայն երգերում հնչած տողերը: Չէ՞որ կենդանության օրօք Վիսոցկուն չէին տպագրում, լրջորեն չէին վերաբերվում որպես բանաստեղծի: Դժվար է անգամ պատկերացնել, որ մեր օրերում միլիոնավոր տպաքանակներով, բազմաթիվ հատորներով, ձայնապնակներով հրապարակված Վիսոցկին ժամանակին իր ընդամենը մեկ բանաստեղծությունն է տպագրված տեսել միայն:
«Առաջին թարգմանություններս, որ ընդարձակ մի շարքով տպագրեցի «Ավանգարդ» թերթում` «Ներկայանում է բանաստեղծ Վիսոցկին» խորագրով, ռուսական տարբեր ամսագրերում ու թերթերում մեծ արտիստի մահվանից հետո նոր-նոր երևացող հրապարակումներից ընտրված բանաստեղծություններ էին: Այն ժամանակ ես «Ավանգարդ» երիտասարդական թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչն էի ու հենց ինքս նախաձեռնեցի թե՛ թարգմանությունը, թե՛ տպագրությունը: Իսկ այնուհետև արդեն ուշադիր հետևում, միութենական մամուլում նրան առնչվող ոչ մի հրապարակում բաց չէի թողնում»,- ասաց Լ. Բլբուլյանը: «Ավանգարդի» հիշյալ հրապարակմանը ընթերցողական ջերմ արձագանք է հաջորդում. հեռախոսազանգեր, նամակներ, բանավոր շնորհավորանք ու խրախուսանքներ, սկսած գործը շարունակելու հորդորներ (արժե նշել, որ թերթի տպաքանակն այն ժամանակ այսօրվա տեսակետից առասպելական չափերի էր հասնում՝ ավելի քան 200 հազարի):
Հաջողությունն, իհարկե, ոգևորում է բանաստեղծին, նրա թարգմանությամբ Վիսոցկի բանաստեղծը հայ ընթերցողին ներկայանում է նաև «Նորք» ամսագրում` Վահագն Դավթյանի առաջաբանով, «Գրական թերթում»` թարգմանչի առաջաբան ով, «Գարուն» ամսագրում, այլ թերթերում: Վիսոցկիական ինքնատիպ, տարողունակ տողերը հայերեն հնչում են նաև ռադիոյով ու հեռուստատեսությամբ, իսկ տարիների ընթացքում աստիճանաբար ծնվում-ամբողջանում, ի վերջո հրատարակվում է նրան նվիրված գիրքը, որն ընդունվում է իբրև թարգմանական կարևոր իրողություն: «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը երեք բաժնից էր բաղկացած` «Իմ և երգերիս մասին», «Բանասաստեծություններ և երգեր», «Նա չվերադարձավ մարտից» (հուշեր իր մասին): Գիրքը բացվում էր թարգմանչի ընդարձակ առաջաբանով, որտեղ նա նկատում է, որ Վիսոցկին այն բանաստեղծներից է, ում մեջ (ինչպես մենք մեր Չարենցի մասին ենք ասում) մի քանի բանաստեղծ կա կարծես:
«Ընդհանրապես, նրան գրեթե անթարգմանելի բանաստեղծների թվին են դասում, շատ է յուրօրինակ, շատ է անհատական նրա մտածողությունն ու ոճը, բառամթերքը, պարզապես ապշեցնում ու հիացնում է հանգավորման նրա տեխնիկան ու վարպետությունը: Երբեմն պարզապես անհավանական է թվում, որ նույն մարդու գրչին են պատկանում թեթև, անհոգ հնչերանգով ստեղծված վարակիչ կատակերգերը, նուրբ հումորով շաղախված երգիծական պատումները և սրտակեղեք , հուզախռով բանաստեղծություններն ու փիլիսոփայական խորունկ մտորումները: Էլ չեմ խոսում գողական ժարգոնով, այդ աշխարհի կոլորիտով այնքան համոզիչ ու կենդանի ստեղծված կերպարների մասին»,- նշում է նա:


-Պարոն Բլբուլյան, փոխվե՞լ է արդյոք Վիսոցկու ստեղծագործության ընկալումը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ:
-Եզակի են այն գրողներն ու արվեստագետները, որոնց այդ աստիճանի սիրում ու գնահատում են և՛ հայրենիքում, և՛ հայրենիքից սահմաններից դուրս: Վիսոցկին կենդանության օրոք աներևակայելի մեծ ճանաչում ուներ ողջ Խորհրդային Միությունում: Քիչ չէին, իհարկե, նաև մարդիկ, որ վերապահումով էին գնահատում նրա արվեստը, գտնում էին, թե նա այդքան սիրված, ընդունված է, որովհետև սկանդալային մարդ է, քննադատում է խորհրդային կարգերը և ժամանակի հետ կմոռացվի: Բայց այդպես մտածողները չարաչար սխալվում էին ու կարծում եմ՝ գոնե իրենք իրենց խոստովանել են այդ: ժամանակը վաղուց արդեն ամեն ինչ իր տեղն է դրել, և Վիսոցկին ընդունվում, մեծարվում է առավել խորն ու գիտակցված սիրով՝որպես Ռուսիայի ոգին իր մեջ կրող, նրա նվիրական զգացումների ու երազան քների թարգման ժողովրդական բանաստեղծ: Ես համոզված եմ, որ նախկին խորհրդային միության ողջ տարածքում, այդ թվում և Հայաստանում (վկա թեկուզ այսօրվա դահլիճը) Վլադիմիր Վիսոցկին այսօր ևս ծանոթ ու թանկ անուն է շատերի համար: Համաժողովրդական այն սերն ու նվիրումը, որ վայելում էր կենդանության օրոք, նրա ողբերգական վախճանից ահա ավելի քան երեք տասնամյակ անց բնավ կորուստ չեն կրել, եթե ոչ՝ հակառակը: Գրեթե բոլոր մուսաների հովանու ներքո ծնված լեգենդար այդ մարդն այսօր էլ շարունակում է մեզ հետ մնալ հսկայական տպաքանակներով հետմահու հրապարակված տասնյակ գրքերով, թողարկված ձայնասկավառակներով, նաև՝ նրա մասին նորահայտ հրապարակումնեով: Ինչու՞ է այդպես. որովհետև նրա երգերի խոսքերը հավուր պատշաճի գրված սովորական տեքստեր չեն: Դրանք երգից անկախ էլ պահպանում են իրենց ինքնուրույն գոյությունը, խոհական, զգացմունքային մեծ լիցքեր պարունակում: Վիսոցկու համար, կարելի է ասել, չկան ոչ բանաստեղծական թեմաներ ու սյուժեներ, և առօրյա կյանքի յուրաքանչյուր բնագավառ ու երևույթ կարող էին պոեզիայի նյութ դառնալ:
«Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը լույս տեսավ այն օրերին , երբ շուքով նշվում էր Վիսոցկու 60-ամյակը: Հոբելյանական այդ օրերին մոսկովյան հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում. Վիսոցկու գերեզմանի մոտ խմբված բ ազմության մեջ հեռուստալրագրողը տարբեր սերնդի մարդկանց կարծիքն էր հարցնում նրա մասին և վերջում անպայման խնդրում որևէ բան արտասանել կամ երգել նրանից: Բոլորն անխտիր ինչ-որ բան հիշեցին: Մի՞թե դասականանալը հենց սա չէ…
-Եթե Վիսոցկին ապրեր մեր օրերում, նույնպիսի երգեր կգրե՞ր:
-Ինձ թվում է` հիմնականում այո՛, որովհետև նա ի սկզբանե գտել ու գիտակցում էր իր կոչումը, ողջ էությամբ, խառնվածքով, հոգեկան կերտվածք ով նախ մարտիկ էր, ճշմարտության ու արդարության երդվյալ զինվոր: Հիշենք, օրինակ, մի քառատող նրա հայտնի բանաստեղծությունից.

Ճշմարտությունն հեկեկում, Աստծով երդում է ուտում,
Փողի կարոտ ու հիվանդ՝ թափառում է դռնեդուռ:
Կեղտոտ սուտը նժույգ է գողացել մի զտարյուն
Ու թռչում է սրընթաց՝ ձիգ ոտքերով իր ամուր:

Մի՞թե հնացել են այս տողերը, մի՞թե այդ առումով շատ բան է դեպի լավը փոխվել նրա հայրենիքում կամ մեր Հայաստանում, թեկուզև՝ ո՛ղջ աշխարհում: Իսկ նա պարզապես չէր կարող իր շուրջը, իր ապրած իրականության մեջ չզգալ-չտեսնել, ի լուր ամենքի չգրել, չերգել այդ մասին: Նա ընդվզում էր ամեն տեսակ կաղապարների, անարդարությունների դեմ: Հիմա գուցե գաղափարկան կաղապարները վերացել են, բայց տարբեր շահերի բախումները, անարդարությունները, հոռի բարքերը, ցավոք, անգամ ավելի են շատացել ու ընդգծվել: Ու Վիսոցկին, այո, չի հնանում: Դեռ այն ժամանակ, երբ ես ..Լևոն Վիսոցկի,, էի՝ ամբողջովին նրա ստեղծագործությամբ տարված, մի բանաստեղծություն եմ գրել «Վիսոցկու ձայնը» վերնագրով, ուր այսպիսի տողեր կան.

Տերն հեռացել է, բայց կա՛ ձայնը դեռ,
Ապրում է նրա բառերի կյանքով,
Ու պե՛տք է մեզ դեռ ձայնը այս զորեղ`
Կրակված նրա խռով խոսքերով…

Այսօր էլ առանց վարանելու նույնը կգրեի: Թեև անմիջապես ուզում եմ ավելացնել, որ միայն ընդդիմադիր կեցվածքի շնորհիվ չէ, որ Վիսոցկին բազում սրտեր էր նվաճում: Նա երգում էր պատերազմի ու սիրո մասին, ցնցող մենախոսություններ անում այս կամ այն կենդանու, նույնիսկ առարկայի անունից, հումորով շաղախված կենցաղային հավաստի պատմությունն եր հորինում, այսպես կոչված «բակային» երգեր ում անգամ խորունկ դրամատիզմի ու հոգեբանական բացահայտումների հասնում: Ու բոլոր դեպքերում առկա էր պոեզիայի շունչը, բանաստեղծական թարմ, յուրովի մտածողությունը:
-Երբ Վիսոցկուն հարցրել են` ինչո՞ւ է գրում այն մասին, ինչ չգիտի` պատերազմի, նավաստիների, լեռնագնացների, նա պատասխանել է, որ արվեստում 10 տոկոսն է ճշմարտություն, այն, ինչ մարդն ապրել է, գիտի, իսկ 90 տոկոսը ֆանտազիա է։ Բա՞րդ չէ գրել այն, ինչ չես տեսել, չես ապրել;
- Ասեմ, որ նրան հաճախ նույնացնում էին իր հերոսների հետ. ասենք, լուրեր էին տարածվում, որ մի քանի անգամ բանտ է նստել, կապված է քրեական աշխարհի հետ: Վիսոցկին երբեք չի «նստել», բայց հանցագործ աշխարհի մասին առաջին դեմքով գրված այնքան տպավորիչ, հաճախ խորն ու դրամատիկ երգեր ունի, որոնք Խորհրդային Միության բանտային բանահյուսության կարևոր մասն էին կազմում, ու նրա բնակիչները առանց հեղինակին ճանաչելու նրան իրենց հոգեկիցը, շատ հարազատ մարդ էին համարում:
Ինչ-որ տեղ դերասանի մասնագիտությունն էր իրենն անում. նա կարծես հակված էր ու կարողանում էր հրաշալիորեն իր իսկ ստեղծած գրական կերպարների մեջ մտնել, մենախոսություններ էր գրում ու երգում, ասենք, գայլի անունից, մարզիկի, օդաչուի անգամ՝ միկրոֆոնի…Դա դերասանի յուրահատուկ բանաստեղծական շնորհ էր:
Իսկ առհասարակ նա փալու՛ն դերասան էր: Մոսկվայի Տագանկայի թատրոնում նրա խաղը, հատկապես հանրահայտ «Համլետը» դիտելու համար տոմսարկղերի մոտ հերթեր էին գոյանում: Ի դեպ, մահվան օրը հենց «Համլետն» էր խաղալու, բայց մեծ արտիստը այլևս բեմ չբարձրացավ… Շատերը տոմսերը պահեցին` որպես սրբազան մասունք:
Բայց ասեմ, որ Վիսոցկին իրեն ամենից առաջին բանաստեղծ էր համարում…
-Բայց ինչպես է կարողացել դեմ գնալ խորհրդային ռեժիմին ու դեռ այդքան հանրաճանաչ, սիրված լինել:
- Նրա կյանքը խորհրդային ռեժիմի պայմաններում անվերջանալի մի պայքար էր, համառ մաքառում թաքուն ու բացահայտ հալածանքների, նենգ խարդավանքների դեմ: Այս տողերն արդեն զուտ ինքնակենսագրական են.

Ինչ-որ անձինք, ինչ-որ օրգան ու ատյաններ
Բացահայտ կռիվ են իմ դեմ հայտարարել,
Ինչ է, թե ընդունված անդորրը խախտել եմ,
Ողջ երկրով մեկ խռպոտ իմ էս ձենը գցել…

Այո , նա «ընդունված անդորրը» խախտում էր իր համարձակ տողերով, մարտնչող երգերով, առհասարակ իր պահվածքով և կենդանության օրոք հայտնվել էր «սև ցուցակում»: Անվերջ հալածվում էր. «վերևներից» հրահանգում էին, որ նրան գլխավոր դերեր չտան, փորձում էին համերգները տապալել, բայց խորհրդային չինովնիկները հաճախ պարտվում էին, որովհետև նրա հանդեպ սերն արդեն համաժողովուրդական էր, նրան սիրում ու ընդունում էին բոլո՛ր խավերի ներկայացուցիչները, նույնիսկ՝ առերևույթ նրան մերժող պետական չինովնիկները (հենց այդ մասին մի բանաստեղծություն ունի): Նրա երգն այսօր ծնվում ու երկու-երեք օր անց արդեն տարածվում-հնչում էր ամբողջ Խորհրդային Միությունով մեկ: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակ դրանց՝ ռադիոյով ու հեռուստատեսությամբ հնչելու մասին խոսք լինել չէր կարող:
Ի դեպ, իր իսկ խոստովանությամբ, Վիսոցկի երգիչ-երգահանին լայն հասարակությանը «մատուցելու» առաջին քայլերն արել է նրա մտերիմ ընկերը՝ վաղամեռիկ ռեժիսոր Լևոն Քոչարյանը (նա հանրահայտ ասմունքող, ժողովրդական դերասան Սուրեն Քոչարյանի որդին Էր): Մի շրջան նրանք միասին վարձով են ապրել, ի դեպ, նաև այն ժամանակ նույնպես դեռևս անհայտ Վասիլի Շուկշինի հետ միասին, ու Լևոնը ընկերական իրենց հավաքների ժամանակ շատ շուտ նկատել-հասկացել է, որ իր ընկերոջ և՛ ձայնը, և՛ հեղինակած երգերը շատ ավելին են միայն նեղ շրջապատում հնչելու համար (հայի՛ հոտառություն): Նա նախ թաքուն ձայնագրել է դրանք , բազմացրել ու բաժանել իր ընկեր-բարեկամներին, շրջապատի մարդկանց, ու շուտով Վիսոցկին ինքն էլ մնացել է զարմացած իր երգերի հաջողության վրա: Դրանք արագորեն աներևակայելի մեծ լսարան են նվաճել:
-Ի՞նչ կասեք Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» գեղարվեստ ական ֆիլմի առիթով:
-Ֆիլմը ցավոք չեմ տեսել, բայց հակասական կարծիքներ եմ լսել: Հավանաբար, նման լեգենդի մասին ինչ էլ նկարահանեն, դժգոհություններ կլինեն: Օրինակ, Փարաջանովի մասին Սերժ Ավետիքյանի ֆիլմի կիևյան ցուցադրության առիթով Ալեքսանդր Բոժկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիլմը բավականին հուզել, դուր է եկել նրանց, ովքեր մեծ ռեժիսորին մոտիկից չեն ճանաչել, նրա մասին քիչ բան գիտեն, իսկ ովքեր ճանաչ ել են, ֆիլմն առանձնապես չեն հավանել, անգամ լուրջ դժգոհություններ ունեն: Դե, որովհետև անպայման ուզում են ճշգրտություն լինի, ա՛յս բանը եղել է, մյուսը չի՛ եղել, բնավորության այս գիծն, այո՛, ուներ, բայց մյուսը նրան հեչ բնորոշ չէր…
-Ռուս լեգենդի մասին պատմող վավերագրական ֆիլմերից, հաղորդումներից ո՞րը կառանձնացնեիք:
- Նրա հռչակավոր կինը՝ ֆրանսիական կինոաստղ Մարինա Վլադին իր հուշերի գրքի հիման վրա շատ լավ հաղորդումներ նկարահանեց: Իսկապես ճշմարտացի, հուզիչ ու անկեղծ: Ի դեպ, ես թարգմանել ու հրատարակել եմ նաև նրա հիշյալ գիրքը, որ կոչվում է «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»: Հետո այդ հուշերի հիման վրա սցենար պատրաստեցի, որը բեմադրվեց հանրային հեռուստատես ությամբ ու բավականին հետաքրքիր հեռուստաներկայացում ստացվեց: Ռեժիսորը Աշոտ Հակոբյանն էր, օպերատորը՝ Արսեն Ասլանյանը, իսկ Վլադիի դերում հաջողությամբ հանդես եկավ քույրս՝ Ժաննա Բլբուլյանը: Վիսոցկու դերակատարի անունը, ցավոք, չեմ հիշում, գիտեմ, որ նա հիմա ԱՄՆ-ում է: Շատ եմ ցավում, որ տեսագրությունը չի պահպանվել, որովհետև հիշում եմ, որ դրական արձագանքները շատ էին: Միգուցե երբևէ հայտնվի՞:
-Նրա մահը նույնպես առեղծվածային էր, դրամատիկ: Կլինիկական մահից մեկ տարի անց, հենց նույն օրը վախճանվեց: Այդ շրջանի գործերը առանձնանու՞մ էին, կա՞ր մահվան տագնապ, նախազգացում:
-Կա՛ր: Կա մահվանից երկու օր առաջ Մարինա Վլադիին նվիրած շատ հուզիչ բանաստեղծությունը, որ բացիկով ուղարկել է նրան: Կան էլի որոշ գործեր: Իսկ հատկապես «Քմահաճ ձիեր» երգ-բանաստեղծությունը իր դրամատիզմով, խորը հուզականությամբ ուղղակի սիրտ է կեղեքում: Դժվար թե այն կարող է որևէ մեկին անտարբեր թողնել: Ցավոք համաժողովրդական սերն ու գնահատանքն անզոր եղան կանխել այն անկումը, որ մերժման, հալածանքների մեջ գնալով ավելի էր ահագնան ում: Եվ ինքը՝ բանաստեղծն էր առաջին հերթին կանխազգում մոտալուտ վախճանը.

Զառիթափի երկայնքով, հենց պռունկով անդունդի,
Մտրակի տակ շառաչուն իմ նժույգներն են թռչում:
Օդն ինչ-որ չի հերիքում, քամի ու մուժ եմ շնչում,
Անկման հրճվանքն է աճում. Կորչու՜մ եմ, կորչու՜մ:

Երգի կրկներգում նա խնդրում է. «Մի քիչ դանդա՜ղ, նժույգնե՛ր իմ, մի քիչ կամա՛ց»: Բայց նժույգները, ճակատագրով նրան բաժին հասած այդ «քմահաճ ձիերը» դանդաղելու միտք չունեին այլևս: Եվ եղավ անխուսափելին…
Սակայն, կարելի է ասել, անգամ մահով Վլադիմիր Վիսոցկին հաղթող է դուրս եկել իր անզիջում հակառակորդների, սովետական վարչակազմի դեմ: Իշխանությունները ցանկացել են նրան աննկատ ու անաղմուկ թաղել, ընդ որում՝ հեռավոր, խուլ մի գերեզմանոցում: Հույս ունեին վերջնականապես ազատվել նրանից ու շունչ քաշել: Բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը նրանց չի հաջողվում: Իսկ հետո եղավ այն, ինչն անխուսափելի է ամեն մի իսկական, ժողովրդական բանաստեղծի երկրային կյանքից հետո: Ամեն տարի ծննդյան տարեդարձի ու հիշատակի օրերին նրա ապրած բուռն կյանքի, նրա ողջ ստեղծագործության առաջ ակնածալից խոնարհվում, նրա հիշատակին մոմ են վառում հազարավոր մարդիկ: Մոսկվայի հենց սրտում գտնվող գերեզմանատան ամենաբանուկ մասում գտնվող նրա շիրիմը ուխտատեղի է դարձել՝ մշտապես թարմ ծաղիկներով ծածկված: Արդեն քանի՜ տարի մարդկային հոսքը դեպի այստեղ չի դադարում ու հաստատ չի՛ դադարի այնքան ժամանակ, քանի դեռ նրա երգերը հոգիներ են բուժում, սրտեր թեթևացնում, շարունակում կռիվը հանուն ճշմարտության ու արդարության: Նրան նվիրված իմ բանաստեղծությունը, որ վերևում հիշատակեցի, իր իսկ տողերը պարունակող այս քառատողով է ավարտվում.

… Եվ ասես պրկվում, պոռթկում նոր ուժով,
Հնչում է ձայնն այս ոնց հանուր բողոք.
«Ո’չ, դեռ ամենն այս բանի նման չէ,
Ու ա’յն չէ, ա’յն չէ դեռևս ոչ ոք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ