Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վաշինգտոնը կողմ է դիմակայության 6-ամսյա «դադարին»

Վաշինգտոնը կողմ է դիմակայության  6-ամսյա «դադարին»
08.12.2013 | 11:41

Եվ այսպես, լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) համաձայնագիր ստորագրեցին Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ։ Այն առայժմ բնութագրվում է իբրև միջանկյալ։ Կողմերից ոչ մեկը (Արևմուտքը կամ Իրանը) մինչև վերջ չի ընդունել իր դիվանագիտական պարտությունը (Ռուսաստանի ու Չինաստանի կարգավիճակը, իհարկե, առանձնահատուկ է)։ Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և նախագահի` այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և Հասան Ռուհանիի ճշմարտացիությունը Թեհրանի դիվանագիտական հաղթանակի մասին հայտարարության մեջ. իրոք, դեռ 2012 թ. Արևմուտքը պահանջում էր լիովին արգելել իրանական հողում ուրանի հարստացման գործողությունները։ Իսկ հիմա ոչ միայն ընդունում է ատոմային էներգիա արտադրելու Իրանի իրավունքը, այլև դեմ չէ ուրանի հարստացմանը հենց Իրանում` բայց մինչև միայն 5 %-անոց մակարդակը։ Իսկ Իրանը պարտավորվում է վեց ամսով սառեցնել ուրանի մինչև 20 % հարստացումը և ընդլայնել իր միջուկային օբյեկտները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) հանձնաժողովների մուտքի շրջանակները։ Դեռ մի բան էլ Արևմուտքը թուլացնում է իր պատժամիջոցները ու այլևս չի խոչընդոտում իրանական նավթի ու գազի մատակարարումներին (Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարության համաձայն, ԵՄ-ն մասնակիորեն կչեղարկի հակաիրանական պատժամիջոցներն արդեն այս տարվա դեկտեմբերին)։
Երբ նոյեմբերի 24-ին ամերիկյան «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը որոշակի նրբություններ հրապարակեց, պարզ դարձավ, թե ինչու են, օրինակ, նյարդայնացել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի իշխանությունները։ Պարզվում է, ամերիկյան գործակալության վարկածով, Ժնևում Թեհրանի հետ համաձայնության հասնելու գործում միջազգային «վեցյակին» օգնել են Իրանի Հանրապետության հետ ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունները, որոնք հույժ գաղտնի պայմաններում տեղի են ունեցել ընթացիկ տարում` նախագահ Օբամայի ցուցումով։ Նրա տվյալների համաձայն, ամերիկա-իրանական բանակցություններն անցել են անգամ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներից ու գործընկերներից գաղտնի, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամներից ու Գերմանիայից, որոնք մասնակցում էին Ժնևի քննարկումներին։ Իրանի հետ իր երկկողմ շփումների մասին ԱՄՆ-ը նրանց հայտնել է միայն երկու ամիս առաջ։ Վերջին չորս հանդիպումը նրանց միջև տեղի է ունեցել Իրանի նախագահի պոստում Հասան Ռուհանիի ընտրվելուց հետո և վճռորոշ դարձել Ժնևի այսօրվա համաձայնության հասնելու համար։ Ինչպես հաղորդել են ամերիկյան պաշտոնական անձինք, Վաշինգտոնում այդ երկկողմ բանակցությունների մասին տեղյակ էր ընդամենը մի քանի մարդ ԱՄՆ-ի նախագահի ու պետքարտուղարի մերձավոր շրջապատից։
Հնարավոր է, որ ԱՄՆ-ը գաղտնի պահած լինի Արևմուտքի իր դաշնակիցներից և Իսրայելից։ Սակայն մի քանի նրբություններ լիովին վկայում են, որ ճեղքմանը պատրաստ էին Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի իշխանությունները։ ՈՒ կարևոր չէ` Վաշինգտո՞նն է նրանց հաղորդել Թեհրանի հետ բանակցությունների մանրամասները, թե՞ իրանական իշխանություններն են ծանուցել իրենց դաշնակիցներին ու գործընկերներին ԱՄՆ-ի հետ բանակցությունների բովանդակության մասին։ Գլխավորը, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգնության հայցով Մոսկվա մեկնեց, իսկ դրանից առաջ էլ Սաուդյան Արաբիայի իշխանություններն էին «օգնություն ցուցաբերելու» հարցով խոսել Կրեմլի հետ։ Սակայն, դատելով նոյեմբերի 24-ի արդյունքներից, ապարդյուն։ Եվ այս առումով ամենևին պատահական չէ բրիտանական «Սանդի թայմս» թերթի նոյեմբերի 17-ի հրապարակումը, ուր ասվում է, թե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան գաղտնի բանակցություններ են վարում «ի դեպս Ժնևի բանակցությունների ձախողման» Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության վերաբերյալ։ Դիվանագիտական շրջանակներում թերթի ունեցած աղբյուրի տվյալներով, Էր Ռիադն արդեն համաձայնել է իր օդային տարածությունը տրամադրելու իսրայելական ինքնաթիռների թռիչքի համար, ինչպես նաև հատկացնելու անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և վառելիքալցարկման ինքնաթիռներ։ Անգլիացի լրագրողները պնդում են, որ Իսրայելի կողմից բանակցություններին մասնակցում են նաև ՄՈՍՍԱԴ հետախուզության ներկայացուցիչները։ Սակայն դատելով Ժնևի բանակցությունների վերաբերյալ Թել Ավիվի և սաուդցիների արձագանքից, ավելի շուտ իսրայելցիներն ու Էր Ռիադը իրենց գործողությունների շուրջ բանակցում էին հենց ի դեպս Իրան-«վեցյակ» բանակցությունների հաջողության, որովհետև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այդ երկու դաշնակիցները դիվանագիտական ճակատում Իրանի ոչ մի հաջողություն չեն համարում ընդհանուր հաջողություն տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։
Ինչպես արդեն աշխարհը գիտե, Արևմուտքն այլևս չցանկացավ «դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը», և կա կոնսենսուս, համենայն դեպս` 6 ամսով։ Բայց անուղղակի փաստերից ևս նկատելի է, որ ԱՄՆ-ը (ուրեմն և Արևմուտքը) բնավ էլ ոչ բոլոր հարցերում է պատրաստ ընդունելու Իրանի առաջադրած պայմանները։ Եթե Իրանի «միջուկային գործի» հետ կապված իրավիճակը Արևմուտքը փաստորեն ձախողել է, ինչով և լռելյայն ընդունել է այաթոլլահ Խամենեիի բազմաթիվ հայտարարությունների ճշմարտացիությունը (օրինակ, վերջինը` նոյեմբերի 4-ինը. «Միջուկային խնդիրը սոսկ պատրվակ է Արևմուտքի համար, որ շարունակի թշնամությունն Իրանի հետ»), ապա մյուս կարևորագույն ոլորտներում, ուր Արևմուտքի և Թեհրանի միջև նախընթաց տարիներին հակասություններ են եղել, առաջադիմությունն այնքան էլ էական չէ։ Ընդ որում, Վաշինգտոնն ու Թեհրանը մի քանի անգամ զիջումների պատրաստակամություն են ցուցաբերել։ Այսպես, դեռ սեպտեմբերին Իրանն ազատ է արձակել ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ կասկածվող Սլովակիայի ութ քաղաքացիներից վեցին։ Հետո սկսվեց և մինչ օրս շարունակվում է 2009 թ. իրադարձություններից հետո դատապարտված քաղբանտարկյալների համաներման և բանտերից ազատման գործընթացը։ ԱՄՆ-ը բացահայտորեն իրանական կողմին զիջումներ արեց Աֆղանստանի և Իրաքի հարցում, մասնավորապես տեղի ունեցավ ԱՄՆ-ի, Աֆղանստանի և Իրանի լիազոր ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը` նվիրված 2014 թ. հետո (այսինքն, այդ երկրից արևմտյան երկրների զորքերի դուրսբերումից հետո) Աֆղանստանում սպասվող իրավիճակին, ընդ որում, ամերիկացիները Իրանին բացահայտորեն հրավիրել են է՛լ ավելի սերտորեն համագործակցելու Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցում։ Իրանը մի շարք քայլերով ասես «նախանշել է» Իրաքյան Քրդստանի ճանաչումը։ Ի պատասխան, ամերիկացիները «չմիջամտեցին», երբ Իրաքում իրանական ընդդիմադիրների ճամբարում զանգվածային սպանություններ կատարվեցին (ՄԱԿ-ը սեպտեմբերի 4-ին ընդունեց, որ սեպտեմբերի 4-ին Իրաքում սպանվել է իրանցի 52 այլախոհ)։ Այնուհետև նախագահ Ռուհանին շատ հնարամիտ ձևով փաստորեն ընդունեց հրեական հոլոքոստը։ ԱՄՆ-ը լռություն պահպանեց Իրաքյան Քրդստանի հետ սահմանին իրանական զորքերի խոշոր կենտրոնացմանը և հակաիրանական քրդական ՊԵԺԱԿ խմբավորման դեմ սկսված գործողություններին ի պատասխան։ Իրանի իշխանությունները վերստին թույլ տվեցին, որ իրանական օգտատերերն օգտվեն «Twitter» և «Facebook» կայքերից։
Ամբողջ թվարկվածից հետո երկու կողմերը` ԱՄՆ-ը և Իրանը, սկսեցին «չբացառել» երկկողմ ուղղակի բանակցությունների հնարավորությունը։ Այդ թվում` երկու երկրների նախագահների մակարդակով։ Այդուամենայնիվ, երևի, սեպտեմբերին ԱՄՆ-ի մի շարք նախապայմաններ չէին բավարարում Թեհրանին։ Եվ, հենվելով, թերևս, ոչ միայն Ռուսաստանի և Չինաստանի, այլև Գերմանիայի աջակցության վրա (սեպտեմբերի 25-ին Բեռլինը հանդես եկավ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները մեղմացնելու օգտին), իրանական կողմը հրաժարվեց արդեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին Ռուհանի-Օբամա հանդիպումից։ Եվ հաշվի առնելով, որ Իրանի նախագահը Իրանի արտաքին գործերի նախարարի և «վեցյակի» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին ՄԱԿ-ի միջուկային զինաթափման խորհրդաժողովում համաշխարհային հանրությանը բացահայտորեն կոչ արեց վերահսկողություն սահմանել Իսրայելի միջուկային զենքի նկատմամբ, պետք է ենթադրել, որ հենց դա էլ դարձել է ուրանի ինքնուրույն հարստացման Իրանի իրավունքի հարցի շուրջ քաղաքական սակարկության առարկան ու գինը։ Իսկ արանքում ԱՄՆ-ը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ պատրաստ է բարելավելու երկկողմ հարաբերությունները. անսպասելիորեն Իրանին վերադարձրեց պարսկական մի հնամյա արծաթե գավաթ, որը հայտնի է «Գրիֆոն» անվանումով։ Ընդ որում, Վաշինգտոնը ոչ մի խոսք չասաց ի պատասխան Իրանի այն հայտարարության, թե մտադիր է շարունակել ԱԷԿ-ների շինարարությունը և պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելու արդեն 2014 թ. Բուշեհրի ատոմակայանի երկրորդ բլոկի ու ևս մեկ նոր ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ։ Ապա աղմուկ բարձրացավ իսրայելական հատուկ ծառայությունների մինչև 10 գործակալների և դիվերսանտների հանձնման հարցի շուրջ, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու Իրանի ատոմային օբյեկտներում (այդ գործողությունների կապակցությամբ ամերիկացիներն ու թուրքերը մեղադրում էին միմյանց)։
Արևմուտքի և Իրանի միջև մնացած տարաձայնություններն այնքան էլ շատ չեն, բայց էական են։ Ասենք` առաջինը. վաղեմի խոսակցությունները ԱՄՆ-ում սառեցված 50 մլրդ դոլարի ավուարների (զանազան ունեցվածք) մասին։ Գումարը մեծ չէ, բայց դա հեղինակության հարց է Իրանի համար։ Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնը հայտարարեց 10 մլրդ դոլարի չափով իրանական ավուարների բացման մասին, ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերեցին առայժմ 8 մլրդ-ի շուրջ։ Եթե հաշվի առնենք նաև, որ ԵՄ-ն էլ խոստացել է արդեն դեկտեմբերին մասնակիորեն հանել հակաիրանական պատժամիջոցները, դա միանգամայն ընդունելի նվաճում է իրանական դիվանագիտության համար։ Եվ դա արդեն հանգեցրել է այն բանին, որ միայն նոյեմբերի 24-ին իրանական արժույթի (ռիալի) փոխարժեքն աճել է 3 %-ով։
Երկրորդը ԱՄՆ-ի «հեռանալն» է Մերձկասպյան գոտուց։ Զուր չէր Ժնևի բանակցությունների ամբողջ ընթացքում Իրանը Ռուսաստանի ԱԳՆ-ի աջակցությամբ շարունակ հայտարարում, որ մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կասպից ծովում, բացառելով այդ ծովում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայությունը։
Երրորդը Սիրիայի իրադրությունն է և այդ երկրի հարցով հաշտության բանակցությունների անցկացումը։ Այդ հարցում Իրանը հենվում է նաև Ռուսաստանի և Չինաստանի անվերապահ աջակցության վրա։ Մասնավորապես, հայտնի է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն առանձին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի պետդեպի հետ, որոնք առնչվում են հենց Սիրիային նվիրված «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության հարցին, ընդ որում, այդ հարցում Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը վայելում են Սիրիայի գծով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմի աջակցությունը։ Վաշինգտոնի նախապայմանները հայտնի չեն, բայց հոկտեմբերի 9-ին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հերքել է, թե ԱՄՆ-ը պայմաններ է դրել սիրիական ճգնաժամին նվիրված առաջիկա խորհրդաժողովին Թեհրանի մասնակցության առնչությամբ։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, թեև հոկտեմբերին հայտարարել էր, թե «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության դեմ Արևմուտքի փաստարկները փոխարինվում են ավելի իրատեսական մոտեցմամբ, և որ Իրանի մասնակցության առթիվ ԱՄՆ-ի կոշտ մոտեցումները փոխվել են, արդեն նոյեմբերի 8-ին խոստովանեց, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Իրանի մասնակցությանը Սիրիային նվիրված հաշտության ապագա խորհրդաժողովին։ Ավելին, եթե հավատալու լինենք իսրայելական լրատվամիջոցներին, ապա ԱՄՆ-ի և Իրանի շփումները հանգեցրել են նաև լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության հետ ամերիկացիների երկխոսությանը։ Սակայն C-300BM զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների մասին Ռուսաստանի հետ շարունակվող բանակցությունների հաջողության համառ ցուցադրումը, ինչպես նաև Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևին 2012 թ. կալանված ամերիկյան «ScanEagle» անօդաչու թռչող սարքի կրկնօրինակի ոչ պակաս ցուցադրական փոխանցումը, երևի, կոչված են վկայելու, որ Թեհրանը ոչ բոլոր հարցերում է հասել Վաշինգտոնի զիջումներին։ Իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հոկտեմբերի 30-ին Պեկինում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ արած հայտարարությունը, թե ակնբախորեն ցույց է տալիս նաև, որ Թեհրանն առաջվա նման չի վստահում ԱՄՆ-ին և արևմտյան մյուս երկրներին։ Եվ երբ նոյեմբերի 26-ին Իրանի ԱԳՆ-ն հերքեց Թեհրանի միջուկային ծրագրի առնչությամբ նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Սպիտակ տան մամուլի ամփոփագրի բովանդակությունը, պարզ դարձավ, որ «խաղն ավարտված չէ»։ «Սպիտակ տան կայքում հրապարակված տվյալները Ժնևում համաձայնեցված տեքստի միակողմանի մեկնաբանություն է, և որոշ ձևակերպումներ հակասում են գործողությունների համատեղ ծրագրի տեքստին»,- ընդգծել է Մ. Աֆհամը, ԱՄՆ-ին մեղադրելով Ժնևի համաձայնագիրն աղավաղելու մեջ։
Այսպիսով, նախնական հետևությունը խոսում է այն մասին, որ կողմերը միջանկյալ վերջնագծին մոտեցել են իրանական կողմի որոշ նախաձեռնողական առավելությամբ։ Ըստ էության, Վաշինգտոնը կողմ է դիմակայության 6-ամսյա «դադարին», և առաջիկա կես տարին կօգտագործվի՞, արդյոք, այն բանի համար, որ ԱՄՆ-ն սկսի Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից ու Պակիստանից «անկորուստ հեռանալու» տարբերակներ որոնել, թե՞ ընդհակառակը, կփորձի ծավալել մի որևէ հակաիրանական նախաձեռնության նոր ալիք, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա Սիրիայի առնչությամբ «Ժնև-2» բանակցությունների թելադրած կոնկրետ իրավիճակում։ Համենայն դեպս, դատելով նոյեմբերի 25-ից, հենց Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումներն այդ առթիվ չեն փոխվել։ Թեհրանի մասնակցությունը սիրիական խնդրի կարգավորմանն անհրաժեշտ է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ