Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը

Զովունու փառատոնը նվիրված էր ժողովրդական արհեստագործության զարգացմանը
03.12.2013 | 13:29

Կոտայքի մարզի Զովունու մշակութային կենտրոնում այսօր անցկացվեց հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն:

«Հայկական ժողովրդական բանահյուսությունը, նրա մշակութային արժեքներն ու բարբառներն արտացոլում են ոչ միայն մեր ժողովրդի ազգային առանձնահատկությունները, այլև նրա ապրելակերպն ու նկարագիրը, ուստի համաշխարհայնացման ներկա պայմաններում գնալով ավելի են կարևորվում դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը»,- ասաց կենտրոնի տնօրեն ԱՐԱՐԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ: Նրա խոսքերով, փառատոնը, որին մասնակցում է նաև մարզի բնակչությունը, արդեն դարձել է ավանդական` ամեն անգամ կազմակերպվելով նոր, յուրահատուկ սցենար-տեքստով:
Միջոցառման շրջանակներում բացվել էր նաև զովունեցի, ժողովրդական վարպետ, դարբին, արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության անդամ Առաքել Հայրապետյանի երրորդ անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Երիտասարդ վարպետի ներկայացրած գործերի մեջ առանձնանում էր հատկապես քանդակազարդ կողերով մեծածավալ սեղանը, որի մակերեսը քնքշորեն պարուրել-գրկել էր հզոր արմատներով ընկուզենու բունը: Սեղանը նուրբ հմայչությամբ շրջանակել էին տարբեր ձևեր կրող աթոռատիպ քանդակները: «Սեղանն իր մեջ կրում է ընտանիքի մոր, իսկ աթոռները` նրա տարբեր սեռերի զավակների խորհրդանիշ-գաղափարը»,- ասաց Առաքել Հայրապետյանը:
ՈՒշագրավ, վեհ ու շնչող էր Առաքելի դիզայներական լուծումներով և կիրառական արվեստի համադրությամբ կենաց ծառը խորհրդանշող քանդակը` վրան շողշողացող տերև-ծաղիկներ, թռչնաբներ: Մյուս աչքի ընկող գործը, որի նրբագեղությունն ընդգծելու համար երիտասարդ վարպետը դիմել էր դեֆորմացիայի օգնությանը, տեղը տեղին և ճաշակով օգտագործելով այդ արտահայտչաձևի բազմազան հնարավորությունները, երկաթի գեղարվեստական մշակմամբ, եռաչափ քանդակազարդված, սարդով և վերջինիս ոստյանով պատված «Եղիցի լույս» խորհրդանշական գործն էր:
Առաքել Հայրապետյանը, ով այս տարի «Համահայկական էքսպո» ցուցահանդեսում գրավել է առաջին պատվավոր տեղը, իսկ ԱՊՀ երկրների ցուցահանդեսում (եղել է միակ հայ մասնակիցը) ստացել մրցանակ, ներկայացրել էր երկաթի դիզայներական լուծումով փայտե, կավե, խեցե տնային իրեր, քանդակներ ինչպես նաև թռչնաբնով դրվագազարդված արոր և գութան:
Ներկայացված աշխատանքների ֆոնին, առանձին հմայքով և կարևորությամբ, հին Զովունի գյուղի բնանկարն էր` հեռվում նշմարվող սարերի հանդարտ ծալքերով, ծառերով, գետով, որոնք հանդես գալով մի ընդհանուր, միասնական գաղափարի մեջ` ներդաշնակորեն լրացնում էին ցուցադրված աշխատանքները:
Ցուցահանդեսում ներկայացվել էին նաև մոռացության մատնված գյուղական կենցաղային հին իրեր` հացաթխման գործիքներ, հնձի պարագաներ, ցորենի երկանք, փայտե մուրճով ձավարի քարե սանդ, խնոցի, խոհանոցային տարբեր նշանակության ամանեղեն, ինչպես նաև կուժ, կուլա, կճուճներ: Նշված իրերի ֆոնն ամբողջացնում-լրացնում էին տարբեր գույնի բրդյա թելերը, զարմանալի վառ նախշերով հին կարպետներն ու շնորհալի ասեղնագործությունները:
Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանն ու Զովունու համայնքապետ Սերժիկ Ավետիսյանը: Ելույթներով հանդես եկան Զովունու մշակույթի տան «Բյուրակն» պարի համույթը (ղեկավար Սամվել Ավետիսյան), «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության ու բարբառի հանրապետության մրցանակակիրներ Նարեկ Ղազարյանը, Գևորգ Հաճյանը, Արթուր Մանուկյանը, երգիչներ, ասմունքողներ: Առավել շնորհալիներին Կոտայքի մարզպետարանի և Զովունու համայնքապետարանի կողմից հանձնվեցին պատվոգրեր:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ