Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիլնյուսը, Վլադիմիր Պուտինի այցը, երևանյան և կիևյան «մայդանները», խորտակված անուրջները

Վիլնյուսը, Վլադիմիր Պուտինի  այցը, երևանյան և կիևյան «մայդանները», խորտակված անուրջները
06.12.2013 | 00:49

Մի կարճ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիները մի շարք կարևոր իրադարձությունների ականատես եղան։ Եվ, պետք է ասել, տեսածի քաղաքական գնահատականը բնավ միարժեք չէ։ Ո՞վ է դրա մեղավորը։ Պատասխանը պարզ դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Ժամանակագրությունը պահանջում է, որ մենք ամեն ինչ ուսումնասիրենք հստակ հերթով։ Վիլնյուսի հանդիպումը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակներում` առաջին իրադարձությունն է։ Այն Հայաստանի համար անցավ այնպես, ինչպես սպասում էր մեր համաքաղաքացիների մեծամասնությունը։ Խաղա՜ղ, հանգի՜ստ... Համատեղ հայտարարություն բարի մտադրությունների մասին։ Թեև գրագետ մարդկանց հայտնի է, թե ուր են տանում «բարի մտադրությունները» առանց անկեղծ հարաբերությունների։ «Բարի մտադրություններով է պատված դժոխքի ճամփան»։ Սա մի սովորական թևավոր խոսք է, որը միատեսակ տարածված է ինչպես անգլերենում, այնպես էլ ռուսերենում։ ՈՒզում եմ մի քիչ «ոտքս կախ գցել» այս մտքի վրա։ Ընթերցողն ինձ կհասկանա։ Հեղինակային իրավունքը հաճախ վերապահվում է անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնին։ Նրա կենսագիր Ջեյմս Բոսուելը իր հուշերում պատմում է, որ 1755 թ. Ջոնսոնն արտաբերել է «Դժոխքը պատված է բարի մտադրություններով» խոսքը։ Սակայն առավել հայտնի շոտլանդացի գրող Վալտեր Սքոթը «Հարսնացուն Լամերմուրից» վեպում (1819) այդ ասույթը վերագրում է անգլիացի մի աստվածաբանի։ Ասույթի առավել հավանական սկզբնական հեղինակ համարվում է 17-րդ դարի անգլիացի աստվածաբան Ջորջ Հերբերտը, որի «Jacula prudentium» գրքում կա «Hell is full of good meaning end Wishings», այն է` «Դժոխքը լի է բարի մտադրություններով ու մաղթանքներով» արտահայտությունը։ Հերբերտն այդ խոսքով ներկայացրել է բողոքական բարոյախոսության հիմնական գաղափարներից մեկը, համաձայն որի, հավատի առկայությունը անպայման տանում է բարի գործերի։ Այդ ասույթը համահունչ է աստվածաշնչյան մի ասույթի. Հեսուի որդի Սիրաքի իմաստության մեջ (21.11) կա այսպիսի մի խոսք. «Մեղավորների ճանապարհները հարթ են` քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է»։

Այսպիսով, աստվածաբանական տեսակետից այդ ասույթի իմաստն այն է, որ բարի մտադրությունները զգալիորեն ավելի շատ են, քան բարի գործերը, ուստի այն մարդիկ, ովքեր բարի մտադրություններ ունեն, բայց դրանք չեն իրականացրել, չեն կարող համարվել արդար, ուստի և դեռ չեն կարող դրախտի հույս ունենալ։ Իսկ քաղաքական տեսակետի՞ց։

Այստեղ խնդիրներն ավելի շատ են։ Չեխիան (նախագահի շուրթերով) հայտարարում է ԵՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Հունաստանում հարյուր հազարավոր զայրացած հույներ խամաճիկային կառավարությունից պահանջում են երկիրը հանել ԵՄ-ից։ Իսլանդիան հանրաքվեով կասեցնում է ինտեգրումը Եվրամիությանը։ Հորվաթիան (և հենց դեկտեմբերի 2-3-ին) և դարձյալ հանրահավաքով մերժում է ժամանակակից Եվրամիության կանխադրույթներից մեկը` միասեռ ամուսնությունները, և տեղնուտեղը սպառնալիքներ է ստանում Բրյուսելից ու Փարիզից: Հայաստանն առայժմ զերծ է նման բախումներից, չհաշված մանկական այգին։ ՈՒկրաինան` ոչ։ Հայաստանի և ՈՒկրաինայի իշխանություններն առայժմ տուրք չեն տալիս Եվրամիության հետ իրենց «սիրո վալսին»։ Եվ նրանց հանդեպ առայժմ չեն շտապում «պատժամիջոցներ կիրառել»։

Բայց... Ի հատուցում «մայդաններ» են սարքում, համապատասխանաբար, Երևանում և Կիևում։ Երևանյան «մայդանը» արևմտյան դրամաշնորհներ խժռող մի 100-200 մարդ է։ Ասում են` դեռ 90-ականներին Երևանի բուհերից մեկի մի կին դասախոս (տարիքով և շատ հարգված, անունը չեմ տա) դրանց «գրանտակեր» անունով է կնքել։ Հստակ ու դիպուկ։ Իսկ այ Կիևի՜ «մայդանը»... Սա արդեն լուրջ բան է։ Այն վերստին հիշեցնում է երկուհազարականների սկզբի «գունավոր հեղափոխությունները», ցավագին նման է ամերիկամետ քաղաքական բարոյազուրկների «բելգրադյան հեղափոխությանը», որոնք քողարկվում էին «Հակահարված» երիտասարդական կազմակերպության և նման այլ կազմակերպությունների պիտակով։ Կան և առաջին վիրավորները։ Կա նաև հետևյալ փաստի արձանագրումը. ծախու ամերիկամետ խամաճիկներն ուզում են քաղաքացիական պատերազմ սանձազերծել ՈՒկրաինայում։ Եվ դա նույնպես Վիլնյուս-2013-ի արդյունքներից է։

Ով գիտե, միգուցե Աստված մեր երկիրը զերծ պահի կիևյան նախադեպի կրկնությունից։ Միգուցե մեզ փրկեց այն, որ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան։ Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ոչ այնքան. երևանյան «մայդանցիները» փորձեցին մի քիչ աղմուկ անել։ Պարզապես մարզերը Հայաստանում ավելի քիչ են, քան ՈՒկրաինայում, և բնակչությունն էլ այնտեղ ավելի քիչ է, քան Երևանում։ Պարզապես, ի տարբերություն ՈՒկրաինայի, ամերիկամետ «գրանտակերների» մեծ մասը կենտրոնացած է Հայաստանի մայրաքաղաքում, ոչ թե մարզերում։ Եվ, վերջապես, պարզապես մեր «գրանտակերներին», ի տարբերություն ուկրաինականների, ո՛չ 2004-ին, ո՛չ 2008-ին չհաջողվեց փողոցային պետական հեղաշրջում կատարել։ Իսկ ուկրաինացիների, ի դեպ, հոնորարներն էլ արևմտյան «ժողովրդավարական կենտրոններից» ստացված, ավելի բարձր էին, քան նրանց հայ կոլեգաներինը։

Բայց, այսպես թե այնպես, Վլադիմիր Պուտինի պետական այցն արդեն հետևում է մնացել։ Եվ երևանյան «մայդանցիներն» այդպես էլ ոչինչ «չարեցին»։ Բուն այցը մի քիչ տարօրինակ էր։ Շատ էր «արագընթաց»։ Թեև շատ էլ հագեցած էր։ Չեմ նկարագրի. այն ամենայն մանրամասնությամբ լուսաբանել են մեր լրատվամիջոցները։ Ռեպորտաժների ու լրատվական հաղորդումների շրջանակներից դուրս է մնացել միայն մեկ բան` Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարներն ի՞նչ տպավորություն են ստացել ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայից, բազայում տեսած ռազմական տեխնիկայից, զինվորական անձնակազմից և այլն։ Բայց դա, ազնվորեն ասած, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի շարքային քաղաքացիների համար այնքան էլ պարտադիր չէ իմանալ։ Ի վերջո, մենք հո բոլորս արևմտյան գրանտներից խելքներս չենք թռցրել, որ փրփուր ի բերան պահանջենք հրապարակել մի տեղեկույթ, որը լիովին և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի պետական գաղտնիքի կարգին է պատկանում։

Առանձնակի անակնկալ ու գաղտնիք չկար Արցախի խնդրի առնչությամբ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններում։ Իսկ այ Վ. Պուտինի հայտարարությունների տնտեսական և էներգետիկ բլոկը չի կարող Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը չգրավել։ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները գործարկեցին Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ` բաղձալի էներգաբլոկը. ուրեմն հույսեր կան, որ էլեկտրաէներգիան չի թանկանա։ Վ. Պուտինն ասում է, որ շտապ անհրաժեշտ է «անվտանգության բարձ» ստեղծել Հայաստանի տնտեսության համար. ուրեմն ռուսները լրջորեն մտահոգ են մեր տնտեսությունը ճգնաժամից զերծ պահելու հարցով։ Ռուսաստանի նախագահը կչեղարկի Հայաստան մատակարարվող նավթամթերքների վրա դրվող 35 %-անոց տուրքը և բնական գազը Հայաստան կմատակարարի հազար խորանարդ մետրը 189 դոլարով` չեղարկելով երկնագույն վառելիքի արտահանական տուրքերը, ուրեմն, Հայաստանի բնակչությունը լիիրավ է ակնկալելու, որ վառելիքի գները չեն բարձրանա։ Եվ, անգամ, անհավանական բան. պետք է սկսվի բոլոր գների աստիճանական իջեցման գործընթաց։ Ներեցեք, բայց յուրաքանչյուր հայ ընտանիքի բյուջեի մասին հոգ տանելը Հայաստանի բնակչության ընդհանուր անվտանգության մասին հոգատարության և ճգնաժամերից պաշտպանված լինելու հիմքերի հիմքն է։ Հետևաբար և մեր ողջ երկրի։

Բա՞յց... հետևեցին հայկական հեռուստաալիքներին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի դեկտեմբերի 3-ի հարցազրույցում վերն արդեն հիշատակված հայտարարությունները։ Այդ երիտասարդը առանց խղճի խայթ զգալու հաղորդեց, որ գազի գինը հասարակ սպառողների համար չի իջնի։ Ճիշտ է, փորձեց մի քիչ մեղմել դառնությունը` իբր, չի էլ բարձրանա, ինչն արդեն «մեծ առավելություն» է։ Իսկ ո՞րն է այդ «առավելությունը», եթե Ռուսաստանը պատրաստվում է գազը Հայաստան առաքել ներռուսական գնով (աշխարհում ամենացածր), իսկ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է իր շարքային քաղաքացիներին (!!!) արդեն այժմ ապահովել հազար խորանարդ մետրը 385 դոլար գնով։ Գրեթե կրկնակի կեղեքում, ավելի նողկալի ի՞նչը կարող է լինել։ Որպեսզի ընթերցողին ավելի հասկանալի լինի, թվերը ներկայացնենք ավելի թափանցիկ «ձևաչափով». Կա՞ տարբերություն, թե՞ ոչ, երբ դուք մեկ խորանարդ մետր գազի համար վճարեք 76 դրամ (ներռուսական գնով) և երբ ձեզնից պահանջեն վճարել 156 դրամ (հազար խորանարդ մետրը 385 դոլար գնի դեպքում)։ Այսպիսով, այն մարդկանց ստորության ու անմարդկայնության գինը, ովքեր չեն ուզում իջեցնել Հայաստանի շարքային քաղաքացիների գազի գինը, մոտավորապես 80 դրամ է մեկ խորանարդ մետր գազի համար։ Դժվար չէ հաշվել, թե ամսվա, կիսամյակի, տարվա հաշվարկով մեր ամեն գազիֆիկացված տան կամ բնակարանի վրա ինչքան «կնստի» մեկ խորանարդ մետրի համար հավելագանձված այդ 80 դրամը։ Հատկապես ձմռանը։ Մի՞թե իշխանություններն ուզում են, որ վաղ թե ուշ երևանյան թույլ «մայդանները» իրական հեղափոխական «մայդանի» չափերին հասնեն։ Չի կարելի ձմռանը «կլպել» սեփական ժողովրդին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ