USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Նախաամանորյան պայթուցիկներ

Նախաամանորյան պայթուցիկներ
06.12.2013 | 01:28

«Կառավարությունն ու Հանրային խորհուրդն ընդդեմ հասարակական շահի»: Այսպես էր վերնագրված «Իրատես de facto» ակումբում բարձրացված թեման: «Խոսքը վերջին տարիներին Հայաստանում համաճարակի վերածված հրավառությունների և Ամանորի նախօրյակին պայթուցիկների առք ու վաճառքի, դրանց գործածության մասին է»,- ասաց լրագրող, հրապարակախոս ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, նշելով որ լրագրողական իր հետաքննություններին կառավարությունը և Հանրային խորհուրդը ոչ միայն չեն փորձում ինչ-որ չափով լուծում տալ, այլև կոծկում են խնդիրը:
Հանրային շահի ոտնահարման խնդրի շուրջ հրավիրված ասուլիսին ներկա էր մշակույթի հայկական ֆոնդի նախագահ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ։ Իր խոսքում նա նշեց, որ աղմկարարությունն ինքնին վատ երևույթ է: «Աղմկարար մարդուն մենք չենք սիրում, մինչդեռ մի ամբողջ քաղաք է դարձել աղմկարար, գիշերները հանկարծ «համազարկերից» արթնանում ես, ինչպես այս գիշեր եղավ, ու քեզ թվում է, թե պատերազմ է սկսվել,- ասաց նա, նշելով, որ աղմկարարությունը առաջանում է գործարար աշխարհի շահերի արդյունքում,- երեխաներին Նոր տարվա նախօրյակին վաճառում են պայթուցիկ սարքերը, նրանք էլ սիրում են, կրակում են աջ ու ձախ, հաճախ վնասելով ոտքը, ձեռքը: Կառավարությունը պետք է լուրջ միջոցների դիմի, որքան խաղաղ լինի մեր քաղաքը, մենք այնքան ապահովված կլինենք»:
Օրվա թեման, ինչպես պարզվեց, հետաքրքրել էր ոչ միայն լրագրողներին: Ասուլիսն իրենց ներկայությամբ պատվել էին Հանրային խորհրդի աշխատակիցները:
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը մասնավորապես նշեց, որ թեմայի վերնագիրը սխալ է ընտրված, այն գցում է հանրային խորհրդի վարկանիշը: Իրենք բազմիցս ներկայացրել են կառավարությանը իրենց դիրքորոշումները, որոնք ամենևին էլ կառավարության սրտով չեն: Հրավառություն խնդրով նույնպես զբաղվել են և զբաղվում են: Վրեժ Առաքելյանը հակադարձեց, որ երկու տարի է՝ նամակ է գրում Հանրային խորհրդին, բայց պատասխան չի ստացել: Պարզվեց, Հանրային խորհուրդը լրագրողին պատասխանի չի արժանացրել, բայց նամակի հիման վրա քննարկումներ կազմակերպել է:
«Արդյունք չկա, փակուղի եք տանում այդ հարցը»,- նկատեց Վրեժ Առաքելյանը: «Եթե Հանրային խորհրդի ձեռքին լիներ այդ հարցը, վաղուց լուծված կլիներ, առաջարկում եք հանրային լայն քննարկո՞ւմ, նաև դա կկազմակերպենք»,- իր խոսքը եզրափակեց Անի Գասպարյանը:
Բանախոսներին հետաքրքրում էր «համաճարակը», որ ամբողջ հասարակությանն է սպառնում, հյուրերին, կարծես, ավելի շատ` թեմայի վերնագիրը: Նրանք նորից ընդգծեցին, որ Հանրային խորհուրդը չի կարող դեմ լինել հանրությանը և հասարակական շահին, ավելին՝ Հանրային խորհուրդն անգամ քննարկել է հրավառությունն առհասարակ արգելելու հարցը:
ՈՒշագրավ է, որ 16-րդ թաղամասում, որտեղ ապրում է Վ. Առաքելյանը, հրավառություններ չեն լինում: Հարցին` խնդիրների լուծման ի՞նչ ուղիներ է տեսնում, նա պատասխանեց. «Հարկ է կառավարության որոշմամբ արգելել պայթուցիկների ներկրումը, վաճառքը, իրացումը և հրթիռակոծություններն ամբողջ տարվա ընթացքում, որովհետև, խնդիրը ժամայինը չէ միայն: Ըստ կառավարության անցյալ տարվա որոշման, 23:00-ից մինչև առավոտյան 7:00-ն արգելվում է հրավառությունը, բայց ժամը բազմիցս խախտվել է, երևի 7-անց կեսին երեխա է ծնվել կամ իրենց կատուն ձագ է բերել»:
Բանախոսի պնդմամբ` խնդիրը պայթուցիկների առաջացրած աղմուկն է, որոնք բերվում են Դուբայից, անորակ են և էապես ազդում են մարդկանց առողջության, նյարդային համակարգի վրա: Ամանորի նախօրյակին խնդիրն է՛լ ավելի ցայտուն է դառնում` պահանջելով հրատապ լուծում:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ աղմուկի թույլատրելի նորմը մինչև 55 դեցիբելն է: Աղմկոտ միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ