Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան

Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան
07.12.2013 | 20:41

Կան անհատներ, որոնց ինչպես կյանքը, այնպես էլ մահը խորհել են տալիս այնպիսի արժեքների մասին, որոնք մենք առօրյա կյանքում անտեսում ենք: Այդպիսի անհատ է նաև օրերս կյանքից հեռացած Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Նրանք խորհել են տալիս նաև իշխանության բնույթի, իշխանության հետ հարաբերությունների մասին: Ի վերջո, ինչպես Մանդելան, ով իր կյանքի քսանվեց տարիներն անցկացրել է բանտում, այնպես էլ այլ այլախոհներ, տարիներ անց եկել են իշխանության: Եվ որքան հարգանքի է արժանի նրանց բանտային, այլախոհական անցյալը, նույնքան էլ էական է այն հանգամանքը, թե ինչպես են նրանք իրենց դրսևորել իշխանության գալուց հետո: Վերջերս մի տեղ կարդացի, որ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, մինչև Չեխիայի ազատագրումը, տասնհինգ տարի շարունակ աշխատել է որպես բեռնակիր: Կարդացել եմ նաև, որ նախկինում այլախոհ Վացլավ Հավելին, իշխանության գալուց հետո, իր համաքաղաքացիները հաճախ են հանդիպել հասարակական վայրերում, սրճարաններում: Իհարկե, Հավելը կրողն էր իր երկրում ձևավորված մշակույթի, մարդկային ու քաղաքացիական հարաբերությունների, և պետք չէ դա համարել արտառոց երևույթ: Հայաստանում, նույնիսկ անկախությունից հետո, իշխանության վերին էշելոններում «եղանակ ստեղծողը» մնացին նախկին կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները՝ իրենց քաղքենիական վարք ու բարքով, որոնք էլ հասարակություն-իշխանություն հարաբերություններում թելադրեցին իրե՛նց խաղի կանոնները: Այդ էշելոնը, պարզվեց, ձեռնտու էր Հայաստանի երեք նախագահներին: Նրանք իշխանության մնացին և իշխանությունը միմյանց փոխանցեցին հենց այդ էշելոնի ու նրանց ձևավորած իրավահարաբերությունների, քաղաքական մշակույթի միջոցով՝ դույզն-ինչ փորձ չանելով ձերբազատվել նրանցից: Մարդիկ, որոնք հարմարվում են ցանկացած իշխանության, «այո» են ասում ցանկացած նախագահի, այդ պատճառով էլ մնում են ջրի երեսին: Վկան՝ այսօրվա Հայաստանն իր արժեքային համակարգով, ապագայի և հեռանկարի մասին իր պատկերացումներով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ