Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գլոբալ դերակատարների համար նաև նոր շեշտադրումներ կլինեն

Գլոբալ դերակատարների համար  նաև նոր շեշտադրումներ կլինեն
13.12.2013 | 00:10

Էներգակիրների համաշխարհային շուկայի «կերպարանափոխությունը» վերջին տարիներին այնքան սրընթաց է կատարվում, որ վերլուծաբանները, առավել ևս քաղաքագետները, հաճախ դժվարությամբ են պատկերացնում հետևանքները։ Այսպես, միանգամայն անակնկալ շատերի համար և ամենալուրջ հետևանքներով աշխարհաքաղաքական գործընթացների համար դարձավ Միացյալ Նահանգների կողմից իր վաղեմի և դեռ մինչև վերջերս անիրականանալի թվացող նպատակի իրագործումը՝ «էներգետիկ անվտանգությունը»։

Բավական է բերել վերջին տվյալներն այն մասին, որ նավթի գների նվազման վրա հերթական և վերլուծաբանների համար անսպասելի ճնշումը գործադրեց նավթի ու նավթամթերքների պահուստների վերաբերյալ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկույթի վարչության կողմից վերջերս ներկայացված հաշվետվությունը, որի համաձայն, երկրում նավթի ապրանքային պահուստներն ավելացել են 2,64 մլն տակառով (վերլուծաբանների կարծիքով՝ պետք է 1 մլն տակառ նվազում լիներ)։ Բենզինի պահուստները ևս անսպասելի աճ ցուցադրեցին, ավելանալով 0,2 մլն տակառով։ Եվ ահա արդեն քաղաքականության պլանավորման մասնագետները, այդ թվում՝ ամերիկյան, դժվարանում են որոշել, թե այսուհետ ի՞նչը կարող է լինել ԱՄՆ-ի ազգային շահը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Շատ երկրների ճակատագրի համար, կարծես, պակաս նշանակալի չեն լինի հետևյալ իրադարձությունները. նախ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը կամ դրանց լիակատար վերացումը և այդ երկրի վերադարձը համաշխարհային էներգետիկ շուկա և, երկրորդ, նոր առևտրական պլատֆորմի՝ Շանհայի էներգակիրների միջազգային բորսայի ստեղծումը։
Մի շարք փորձագետների գնահատմամբ, այն, որ Իրանի նոր կառավարությունը բավական հաջող է վարում միջուկային ծրագրի առնչությամբ անցկացվող բանակցությունները, ոչ հեռու ապագայում կարող է էներգակիրների գների իսկական «ավերածություն» առաջացնել։ Հիմա արդեն, երբ Հյուսիսային կիսագնդում սկսվել է ձմեռը, և հումքի պահանջարկը մեծ է, սակարկությունների շարժը առայժմ աննշան, բայց կայուն նվազում է արձանագրում։ Հոկտեմբերին «Brent» տեսակի նավթի գինն ընկել էր 2 %-ով, թեև հետո սկսեց բարձրանալ, Հյուսիսային ծովի այդ նավթի գինը նոյեմբերին իջավ 0,75 %-ով՝ կազմելով մեկ տակառը 110,21 դոլար, իսկ հունվարի գինը կրճատվեց 0-20 %-ով՝ կազմելով 109,86 դոլար։ Թեթև նավթի նոյեմբերի գինը կրճատվել էր 0,59 %-ով և կազմել տակառը 101,8 դոլար, դեկտեմբերի գները նվազեցին 0,36 %-ով և կազմեցին 95,10 դոլար։ Այնպես որ, շատ հավանական է, որ եթե բանակցություններում ոչ մի ձախողում չլինի, ապա մոտ ամիսներին կարելի է վկա լինել գնի էլ ավելի նվազման։ Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային դեպարտամենտի տնօրեն Սեյեդ Կամսարիի ասելով, իրենք պատրաստ են ցանկացած պահի ավելացնելու նավթի արտահանումը՝ հենց որ նպաստավոր պայմաններ առաջանան, իսկ «Bloomberg» գործակալությունն իր հերթին մեջբերում է նավթի և գազի ակտիվների «Quantum Reservoir Impact» խորհրդատվական ընկերության ղեկավար Նանսեն Սալերիի խոսքերը. «Նկատվում է նավթի գների նվազման միտում։ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացման հնարավորությունը բացասաբար է ազդում հումքի արժեքի վրա»։
Հիշեցնենք, Իրանը Ռուսաստանից հետո աշխարհի երկրորդ պետությունն է գազի պաշարների չափով, իսկ նավթի հետախուզված պաշարներով չորրորդ տեղում է։ Ի դեպ, հենց վերջերս հայտարարվեց, որ հայտնաբերվել են նավթի ու գազի նոր պաշարներ, ընդ որում, Իրանը նշում է, որ նոր հանքավայրերն ունեն 18,6 մլրդ տակառ նավթ։ Համեմատության համար. Ռուսաստանի նավթի պաշարները, որոնց վրայից վերջերս հանվեց գաղտնիության նշումը, այս տարվա հունվարի դրությամբ կազմել են 17,8 մլրդ տոննա (1 տոննան հավասար է 7,3 տակառի), և այդ ցուցանիշով նա գրավում է 8-րդ տեղն աշխարհում։ Ընդ որում, համարվում է, որ Ռուսաստանը չափազանց շատ է շահագործում իր պաշարները, ձգտելով հետ չմնալ Սաուդյան Արաբիայի մակարդակից։ Այդուամենայնիվ, Արևմուտքի վերջին պատժամիջոցների կապակցությամբ, Իրանն ստիպված էր ավելի քան երկու անգամ նվազեցնել «սև ոսկու» արդյունահանումը և հեռանալ եվրոպական շուկայից, ինչը, իհարկե, աղետ էր ոչ միայն նրա համար։ Եվ եթե հիմա նա հնարավորություն ստանա վերադառնալու այնտեղ, ապա սրընթաց ու, հնարավոր է, անշրջելի փոփոխություններն անխուսափելի կլինեն։
Եվ բանը միայն այն չէ, որ Իրանը հարուստ ածխաջրածնային պաշարներ ունի։ Նավթի ու գազի ներկա բարձր գները, փաստորեն, քաղաքական ու ռազմական սպառնալիքների հետևանք էին։ Իսկ հիմա «Մերձավոր Արևելքից բխող սպառնալիքի մեծ մասը ի չիք կդառնա, եթե Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- կարծում է վերլուծաբան Ռիկ Սպուները (Սիդնեյ), որից մեջբերում է անում «Bloomberg» գործակալությունը։ Այսինքն, պատժամիջոցների չեղարկման դեպքում էներգակիրների համաշխարհային շուկայում դեր կխաղա գների նվազման միանգամից երկու գործոն՝ Իրանից մատակարարումների մեծացումը և քաղաքական սպառնալիքի նվազումը։ Իրադարձությունների նման ընթացքը, փորձագետների կարծիքով, կարող է վերակենդանացնել նաև բազմաչարչար «Նաբուկո» գազամուղի իրանա-եվրոպական տարբերակը, որը քաղաքական հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար։
Նշենք, Իրանը դեռ շատ պլաններ ունի շուկաներ ձեռք բերելու ուղղությամբ։ Գազի արտահանության իրանական ազգային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ազիզոլլա Ռամազանին հայտարարել է, որ իրանական գազի արտահանման շուկաներ պետք է դառնան Եվրոպան, Հնդկաստանը, Չինաստանը և Պարսից ծոցի երկրները։ Հաշվի առնելով առկա հնարավորությունները, հիմնական ուշադրությունը նվիրվում է խողովակամուղ գազի արտահանմանը, իսկ առաջնահերթը հարևան երկրներին դրա մատակարարումն է։ Առայժմ, ճիշտ է, չի ասվում, թե որ ուղեգծով են կատարվելու մատակարարումները և նոր խողովակաշարեր գցվելո՞ւ են, թե՞ ոչ։ Բացի այդ, Թեհրանը, առանց ժամանակ կորցնելու, ձգտում է կապիտալի վերածել բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և արդեն դուրս է եկել աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունների վրա։ Իրանի նավթարդյունաբերության նոր նախարար Բիջան Զանգանեհիի ասելով, ինքն արդեն հանդիպումներ է ունեցել եվրոպական խոշոր ընկերությունների և «ոչ ուղղակի» բանակցությունների մեջ է մտել ամերիկյան ընկերությունների հետ, նրանց առաջարկելով վերադառնալ Իրան։ Առանց պատժամիջոցների մեղմացմանն սպասելու, իրանական նավթով շահագրգռության մասին են հայտարարել միանգամից մի քանի երկրներ։ Մասնավորապես, Հնդկաստանի «Hindustan Petroleum» պետական կորպորացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը կարող է մինչև 2014 թ. մարտի 31-ը գնել 6 մլն տակառ իրանական նավթ։ Անհամբերությամբ պատժամիջոցների վերացմանն է սպասում նաև Թուրքիան։ Երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հաղորդել է, որ Ստամբուլը պատրաստ է ավելացնելու նավթի ներմուծումն Իրանից, այն հասցնելով օրական 130-140 հազար տակառի, հենց որ պատժամիջոցները վերացվեն։ Ամենևին դեմ չեն Իրանի հետ հարաբերությունների վերականգնմանը նաև նավթային խոշոր կորպորացիաները։ Այսպես, «Total» կորպորացիայի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերին՝ «պատժամիջոցները վերացվելու դեպքում կվերադառնա՞, արդյոք, Իրան» հարցին, պատասխանել է. «Իհարկե»։ Միաժամանակ հարկ է նկատել, որ նոր հեռանկարների մթնոլորտում Իրանի հեղինակությունն էլ է շարունակում բարձրանալ իբրև խոշոր էներգետիկ դերակատարի։ Այսպես, Իրանի ԿԲ նախկին ղեկավար Սեյեդ Ադելին ընտրվեց գազ արտահանող երկրների համաժողովի գլխավոր քարտուղարի պոստում, իսկ նախարար Զանգանեհին նշում է, որ երկրի էներգետիկ ոլորտը խիստ կարիք ունի 50 մլրդ դոլար արտասահմանյան ներդրումների և նոր տեխնոլոգիաների։
Ակնհայտ է, որ էներգետիկ շուկաներում իրադարձությունների զարգացման նման տարբերակը չի լինի Ռուսաստանի, Ադրբեջանի, Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի երկրների սրտով։ Բավական է ասել, որ այդ երկրների բյուջեների առյուծի բաժինը ձևավորվում է նավթի ու գազի առևտրի հաշվին, և, բնականաբար, նրանց ամենևին չի ժպտում մրցակցի` ընդհանուր շուկա վերադառնալու հեռանկարը, մանավանդ այնպիսի մրցակցի, ինչպիսին Իրանն է։ Հիշեցնենք, ՌԴ բյուջեի եկամտային մասն ավելի քան 50 %-ով կախված է էներգակիրների գների մակարդակից, իսկ գալիք տարվա հիմնական ցուցանիշները հաստատվել են, ելնելով մեկ տակառ նավթը 93 դոլար արժեքից։ Այնպես որ, նույնիսկ մոտ 90 դոլար գնի դեպքում այնտեղ կսկսեն խնդիրներ առաջանալ։ Բացի այդ, գների անկումը նվազագույնի է հասցնում Կրեմլի հնարավորությունները՝ էներգակիրներն օգտագործելու որպես քաղաքական նպատակներին հասնելու արդեն սովոր գործիք։ Ինչպես սրամտորեն նկատում են փորձագետները, «վրա բերելով երևակայական գազե սուրը, քաղաքագետը հանկարծ նկատում է, որ ինքը զինված է զանգուլակով»։ Բայց ռուս փորձագետներն առայժմ որպես նզովք պնդում են, թե «սև ոսկու» գների նվազման հավանականությունը փոքր է, «վեցյակի» որոշումը կհանգեցնի միայն նավթի գների կարճաժամկետ և աննշան նվազման, չնայած դրական տեղաշարժերին, բախումների վտանգը Պարսից ծոցի շրջանում պահպանվում է և այլն։ Իսկ գլխավորը, նրանց պնդմամբ, ավելցուկները, իհարկե, «կուլ կտա» Չինաստանը։ Այսպես, «Ցերիխ Քեփիթալ մենեջմենթ»-ի վերլուծական բաժնի պետ Նիկոլայ Պոդլևսկիխը վստահ է, որ գները շատ չեն ընկնի, քանի որ պահպանվում է էներգառեսուրսների պահանջարկի զգալի աճը Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում։ «Եթե Չինաստանը կանգ չառնի իր զարգացման ճանապարհին, կամ եթե նրան չօգնեն կանգ առնելու, ապա չարժե առանձնապես անհանգստանալ Ռուսաստանի բյուջեի համար»,- կարծում է նա։
Եվ այստեղ, կարծես, լիովին տեղին է քննության առնելու նոր «էներգետիկ հովերը» Չինաստանում։ Այսպես, Չինական համացանցային տեղեկատվական կենտրոնը նկատում է. «Անհրաժեշտ է ուշադրության առնել այն, որ էներգետիկ անվտանգության ապահովման համար Չինաստանը պետք է ոչ միայն կայուն մատակարարում ունենա, այլև լուծի գնի խնդիրը, ինչն ավելի ու ավելի օրախնդիր հարց է դառնում»։ Առևտրի նկատմամբ սեր և ճաշակ ունեցող չինացիները կարծում են, որ հիմա նավթի ու գազի գնագոյացման իրավունք ստացել են միջազգային վերավաճառողները, ինչի հետևանքով գինն աստիճանաբար շեղվում է պահանջարկի և առաջարկի իրական հավասարակշռությունից։ «Այսպիսով, վերավաճառքը Չինաստանի վրա քաշված սուր է, և միջազգային շուկայում վերավաճառքի ամեն փուլ հանգեցնում է այն բանին, որ Չինաստանն արհեստական բարձր գին է վճարում»,- հայտարարում է այդ պետական լրատվամիջոցը։ ՈՒրեմն ակնհայտ է դառնում, որ Պեկինը ոչ միայն կարևոր նշանակություն է վերապահում էներգակիրների կայուն մատակարարումներին, այլև, մյուս կողմից, դրան համահավասար կարևորում է ընդունելի գներով կայուն մատակարարումների կազմակերպումը։ Դրա համար էլ ՉԺՀ-ում միարժեքորեն համարում են, որ «Չինաստանի էներգետիկ անվտանգության գործում ճեղքումը մատակարարումների և գնագոյացման իրավունքի հարցերի լուծումն է»։ ՈՒ այնուհետև պորտալը եզրակացնում է. «Երկարաժամկետ հեռանկարում գլխավոր խնդիրն է աջակցել, որ հում նավթի միջազգային շուկայում համեմատաբար «մաքուր ձեռքեր» ունեցող մասնակիցների կողմից ավելի խիստ վերահսկողություն սահմանվի։ Բացի այդ, համաշխարհային շուկայում ԱՄՆ դոլարով նավթի գների ձևավորումը հանգեցնում է այն բանին, որ այդ արժույթի փոխարժեքի տատանումները խիստ ազդում են նավթի արժեքի վրա, և կայունության ապահովման համար անհրաժեշտ է նավթի հետ կապված գործառնությունների հաշվարկներն իրականացնել հուսալի և կայուն արժույթներով։ Դա կառնչվի նոր միջազգային արժութային համակարգի ստեղծման հարցին։ Այդ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար Չինաստանը պետք է ընդհանուր ջանքեր գործադրի իր գործընկերների հետ։ Անտարակույս, դրա համար անհրաժեշտ է անցնել երկար ու դժվարին ուղի»։
Կասկած չկա, որ վերջերս Շանհայի էներգակիրների միջազգային բորսայի բացումը, որը գտնվում է Շանհայի ազատ առևտրի գոտում (դա առաջինն է աշխարհամասում), շատ վստահ ու ակնբախ քայլ է այդ ճանապարհին։ Այսուհետ աշխարհի խոշորագույն տնտեսությունը հասանելի կդառնա մի շարք էներգակիրների, այդ թվում՝ նավթի ու բնական գազի ֆյուչերս պայմանագրերը (դրանք բազային ակտիվի առքուվաճառքի շտապ բորսային պայմանագրեր են, որոնք կնքելիս կողմերը՝ վաճառողն ու գնորդը, պայմանավորվում են միայն գնի մակարդակի և մատակարարման ժամկետների շուրջ, մնացած հարցերը համաձայնեցված են լինում նախօրոք. կողմերը բորսայի առջև պարտավորություն են կրում ընդհուպ մինչև ֆյուչերսի կատարումը)։ Բորսայի կանոնադրական կապիտալը շատ պատկառելի է՝ 5 մլրդ յուան (821 մլն դոլար)։ Պլաններին իրազեկ արդյունաբերական հատվածի մասնակիցներն ասում են, որ պայմանագրերը կկնքվեն յուանով և, առայժմ, ամերիկյան դոլարով։ Փորձի հաջողությունը կարող է ուղի հարթել չինական այլ հումքային ֆյուչերսների բացման համար։ Այսինքն, ՉԺՀ-ն, կարծես, որոշել է ձեռնամուխ լինել էներգակիրների գնագոյացմանը, ընդ որում, լրջորեն։
Ի դեպ, միանգամայն նույնատիպ տրամադրություններն են գերիշխում նավթի ու գազի մյուս սպառողի՝ Ճապոնիայի մոտ, որտեղ, ռուս փորձագետների կարծիքով, չափազանց ակտիվորեն ուզում են ստեղծել գազի համաշխարհային գները իջեցնել ցանկացողների միասնական ճակատ։ Նրա ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում երկնագույն վառելիքի ասիական խոշորագույն ներմուծողների՝ Հնդկաստանի և Հարավային Կորեայի հետ։ Սակայն Ճապոնիան ծրագրում է գազի գնի իջեցման պայքարի դաշնակիցներ գտնել ոչ միայն ասիական «վագրերի» ճամբարում։
Այսպես թե այնպես, մի իրավիճակում, երբ էներգակիրների շուկայում խոշոր փոփոխություններ են տեղի ունենում, մատակարար երկրներն առանձնակի լավատեսության հիմքեր, այնուամենայնիվ, չունեն, իսկ նրանց խնդիրները մոտ ժամանակներում կարող են զգալիորեն ավելանալ։ Դա առանձնապես վերաբերում է ռուսական մատակարարների հեռանկարներին։ Գաղտնիք չէ, որ ներկա Ռուսաստանում ածխաջրածինների արդյունահանումը նրա աշխարհագրության պատճառով շատ ավելի թանկ է նստում, քան Մերձավոր Արևելքում։ «Ռոսնեֆտ» ընկերության կողմից մեկ տակառ նավթի արդյունահանման և փոխադրման ինքնարժեքը 2011 թ. կազմել է 14,57 դոլար, Սաուդյան Արաբիայում՝ 3 դոլար, փոխադրումը մինչև նավահանգիստ՝ 1 դոլար, այնուհետև կախված է հեռավորությունից, բայց, որպես կանոն, ընդհանուր արժեքը 10 դոլարից չի անցնում։ Ինչ վերաբերում է «ռուսական էներգաարդյունաբերության ապագա հույսին»՝ արկտիկական նավթին, ապա, որոշ տվյալների համաձայն, դրա մեկ տակառի ինքնարժեքը 100 դոլարից պակաս չի լինի։ Այսպիսով, լիովին հավանական է, որ շուտով մենք վկա կլինենք արդյունահանող երկրների «գոյատևման մրցավազքի», և առայժմ ամենևին հասկանալի չէ, թե այդ մրցավազքում ով հաղթող դուրս կգա։ Եվ այստեղ լիովին տեղին է զուգահեռ անցկացնել «ՌՊՆ-Աստղային պատերազմներ» ծրագրի հետ, երբ ԱՄՆ-ը դիմադրողականության առումով հաղթող դուրս եկավ ԽՍՀՄ-ի նկատմամբ՝ չափազանց մեծ ծախսերով քամելով նրա տնտեսությունը։
Բայց 21-րդ դարը աշխարհին նոր մարտահրավերներ է նետում, իսկ դա նշանակում է, որ գլոբալ դերակատարների համար նաև նոր շեշտադրումներ կլինեն։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ