Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարի պատասխանատվության չափը

Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարի պատասխանատվության չափը
13.12.2013 | 12:31

«Հայաստանը ներդրումների համար ամենալավ երկիրը չէ»: Սրանք ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ներկայացուցչի խոսքերն են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի: Irates.am-ի հետ զրույցում նախարարը պարզաբանել է, թե որոնք են խնդրո պատճառները. աշխարհագրություն, փոքր, սահմանափակ շուկա, ցածր եկամուտներով երկիր, դատական, հարկային և տնտեսական քաղաքականություն վարող մարմինների մակարդակ:

Հայաստանն իսկապես ներդրումների համար ամենալավ երկիրը չէ, բայց Հայաստանը կարելի է գոնե մոտեցնել եթե ոչ` ամենալավ, ապա գոնե` հարմար երկիր լինելու չափանիշին: Նախարարի նշած պատճառներից առաջին երեքը` աշխարհագրությունը, փոքր, սահմանափակ շուկան և ցածր եկամուտներով երկիր լինելը, կարծում եմ, այնքան էլ հիմնավոր չեն, եթե առկա է մյուս պայմանների ապահովումը: Եթե մի երկրում` ցանկացած երկրում, վարվում է տնտեսական լուրջ, կենսունակ քաղաքականություն` ըստ հասարակական և ոչ թե առանձին մարդկանց շահերի, եթե դատական համակարգն անկախ է, եթե հարկային քաղաքականությունը մշակված է արտադրողին խրախուսելու և ոչ թե արտադրողի մեջքը ջարդելու միտումով, ապա այդ երկրում անհնար է, որ շուկան չընդլայնվի, իսկ բնակչության եկամուտները չավելանան: Նման երկրում կարող է արտագաղթն իսկապես կանգ առնել:

Ավանեսյանն ընդգծել է հիշատակված ոլորտների աշխատանքն իրականացնող մարմինների մակարդակի հանգամանքը: Իսկ մակարդակի չափանիշները ո՞վ է սահմանում, եթե ոչ` իշխանությունը: Վահրամ Ավանեսյանը մաս է կազմում այն կառավարության, որը սահմանում է իր ենթակառուցվածքների աշխատանքը: Իրականում հաճելի է լսել կառավարության անդամի շուրթերից նման խոսքեր, բայց ավելի արդյունավետ կլիներ, եթե կառավարության անդամն այդ հարցը բարձրացներ գերատեսչության ներսում, խոսեր, օրինակ, այն մասին, թե ինչպես է մեր դատական համակարգը արտասահմանցի ներդրողների հայցերը մերժում` հօգուտ տեղական օլիգարխների, թե ինչպես են հարկային տեսուչները խեղդում մանրումիջին արտադրողին, թե երբ պիտի, ի վերջո, վերացվեն մենաշնորհները, թե ինչպես կարելի է անել, որ ոչ միայն, ասենք, բենզինի ներկրումներն ավելանան, այլ գրքերի հրատարակությունները, որոնց նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությունն արդեն իսկ մեծ խոչընդոտ է գրահրատարակչության զարգացման համար: Հայաստանը բազմաթիվ տնտեսական, հարկային, դատական և ներքաղաքական խնդիրներով երկիր է: Ի վերջո, Վահրամ Ավանեսյանը էկոնոմիկայի նախարարն է մի ոլորտի, որը պատասխանատու է երկրի տնտեսության զարգացման համար: Հարց է առաջանում` նախարարը ո՞ր չափով է պատասխանատու մեր տնտեսության հետընթացի համար և կամ` արդյո՞ք նրանից ավելի պատասխանատու են հիշյալ մարմինների միջին չինովնիկները: Հայաստանը, նախևառաջ, հուսալի չէ ներքին ներդրողի համար, ուրեմն ինչո՞ւ պետք է այն հրապուրիչ լինի արտասահմանցիների համար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ