Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի եռագույն դրոշը՝ Մայդանում

Հայաստանի եռագույն դրոշը՝ Մայդանում
14.12.2013 | 15:29

Կիևի Մայդանում՝ Խրեշչատիկ փողոցի վրա տեղակայված «Խրեշչատիկ» հյուրանոցում այսօր հավաքվել են ԱՊՀ մի շարք երկրների, ինչպես նաև Թուրքիայի, Նիդերլանդների ու եվրոպական մի շարք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու անդամներ՝ քննարկելու եվրաասոցացման համաձայնագրի շուրջ զարգացող իրադարձությունները` «Հանդիպում Վիլնյուսից հետո» խորագրի ներքո: Հանդիպումը կազմակերպել է Ուկրաինայի կանաչների կուսակցությունը, որ ակտիվ մասնակցում է նախագահ Յանուկովիչի դեմ կազմակերպված դիմադրությանը: Տեղեկացնեմ, որ Ուկրաինայի կանաչների կուսակցության գրասենյակում, որը գտնվում է Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, տեղակայված է ընդդիմադիր շարժման երիտասարդական թևի կենտրոնական շտաբը: «Հանդիպում Վիլնյուսից հետո» խորագրով հանդիպումը կազմակերպելու գործում Ուկրաինայի կանաչների կուսակցությանն աջակցում է Նիդերլանդների կանաչների կուսակցությունը, որի ղեկավար Ան դը Բորը հանդես եկավ Եվրամայդանին աջակցող ելույթով ու ողջունեց ԱՊՀ երկրներում տեղի ունեցող դեմոկրատական գործընթացները: Տեղեկացնեմ, որ հանդիպմանը մասնակցում է նաև Հարավային Եվրոպայի աջակցության ինստիտուտի ներկայացուցիչ Մարգարիտա Պրավիլոն: Ներկայացնելով Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գուլալիևը նշեց, որ «դեմոկրատիա» (ժողովրդավարություն) բառն ու հասկացությունը Ադրբեջանի հետ անհամատեղելի են, որովհետև երկրում տեղի ունեցող ցանկացած շարժում կամ թեկուզ իրավունքի հաստատման ցանկացած փորձ պարզապես ոչնչացվում է իշխանության կիրառած բիրտ ուժի կողմից: Հանդիպումից հետո մասնակիցները գնալու են Եվրամայդան, Ուկրաինայի դիմադրությանն իրենց զորակցությունը հայտնելու: Հայաստանի ներկայացուցիչները (Գայանե Առուստամյան, Արմենակ Դովլաթյան) Եվրամայդանի ընդդիմադիր տոնածառին փակցնելու են ՀՀ եռագույնը, որպես Հայաստանի ընդդիմադիր հատվածի խորհրդանիշ և զորակցության ապացույց` Ուկրաինայի դիմադրությանը:

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Կիև, Եվրամայդան

Հատուկ irates.am-ի համար

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ