«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ակտիվ և համակարգված աշխատանք ենք տանելու»

«Ակտիվ և համակարգված  աշխատանք ենք տանելու»
17.12.2013 | 00:12

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՕԵԿ երիտասարդական միության նախագահ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

-«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը բոլորովին վերջերս հաստատեց Ձեր թեկնածությունը ՕԵԿ երիտասարդական միության նախագահի պաշտոնում: Ի՞նչ է այդ նշանակումը Ձեզ համար:
-Նախ, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ: Մեծ պատասխանատվություն է, քանզի այդ նշանակումը ենթադրում է ակտիվ և արդյունավետ աշխատանք, և մեծ պատիվ է, քանզի ինձ է վստահվել աշխատել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում լուրջ և ծանրակշիռ ներդրում ունեցող այնպիսի քաղաքական կազմակերպության երիտասարդական միության հետ, ինչպիսին «Օրինաց երկիր» կուսակցությունն է:
-Ի՞նչ ծրագրեր և ի՞նչ նոր գաղափարներ կառաջադրեք և կիրագործեք անձամբ Դուք։ Նաև` որո՞նք են այսօր ընդհանրապես հայ երիտասարդության առջև ծառացած հիմնական խնդիրները:
- Նախ կցանկանայի նշել, որ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միությունը հետաքրքիր ավանդույթներ ունեցող կառույց է: Մենք ունենք ավանդույթ դարձած բազմաթիվ միջոցառումներ, դրանցից են, օրինակ, «Օրինաց ձմեռը» և «Օրինաց ամառ», որոնք թերևս ամենամեծ ու ամենաընդգրկուն երիտասարդական հավաքներն են: Այդ հավաքները ինքնանպատակ չեն, դրանք ներառում են սպորտային, մշակութային, ժամանցային և իհարկե նաև քաղաքական ծրագրեր: Մեր ամենամյա երիտասարդական հավաքները հետայսու նույնպես կազմակերպվելու և անցկացվելու են, քանի որ նմանատիպ միջոցառումները նաև լրացուցիչ խթան են հանդիսանում մեր երիտասարդ կուսակիցների և համակիրների միջև շփումներն ակտիվացնելու և հետադարձ կապ ապահովելու համար: Բացի այդ, ՕԵԿ Երիտասարդական միությունը մշտապես մասնակից է եղել կուսակցության կազմակերպական աշխատանքներին և լուրջ ներդրում է ունեցել կուսակցության գաղափարախոսության տարածման գործընթացներում: Մենք ակտիվ և համակարգված աշխատանք ենք տանելու ՀՀ Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության կողմից և համահեղինակությամբ ընդունված օրենքների վերաբերյալ հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կուսակցական գործունեությանը զուգահեռ կարևոր են նաև երիտասարդության համար համընդհանուր կարևորություն և նշանակություն ունեցող արդիական նախաձեռնություններն ու հասարակական մոտեցումները: Երիտասարդությանը մտահոգող և երիտասարդության շահերից բխող ցանկացած նախաձեռնություն և գործընթաց մշտապես եղել են «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և կուսակցության քաղաքական թիմի ուշադրության կենտրոնում: Այդ մասին են վկայում բուհերում ուսման վարձավճարների վերին շեմի սահմանման, ուսանողներին երկարաժամկետ ուսանողական վարկեր տրամադրելու, նորաստեղծ ընտանիքներին միանվագ նպաստ տրամադրելու մասին օրենսդրական առաջարկությունները: Մենք նաև առաջարկում ենք Հայաստանում սահմանել երիտասարդության օր, որպեսզի մեր երիտասարդությունն էլ ունենա առանձին տոնական օր, այնպես, ինչպես աշխարհում կա Միջազգային երիտասարդության օր:
ՕԵԿ Երիտասարդական միությունը շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությանը համահունչ ակտիվ մասնակցություն ցուցաբերել երիտասարդական և հասարակական նախաձեռնություններին և մեր տեսակետն ու առաջարկությունները ներկայացնել դրանց շուրջ:
-Դուք վերջերս Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում մասնակցել եք Գերմանիայի երիտասարդական միության տարեկան համաժողովին: Ի՞նչ հարցեր քննարկվեցին այդ միջոցառման ժամանակ, և ի՞նչ կառանձնացնեք օգտակար Հայաստանի համար:
-Էրֆուրտում անցկացվում էր Գերմանիայի երիտասարդական միության տարեկան համաժողովը, որին ինձ հետ մասնակցում էր նաև «Օրինաց երկիր» կուսակցության արտաքին քաղաքական կապերի պատասխանատու Էդգար Առաքելյանը: Ի դեպ, միջոցառմանը ոչ միայն Հայաստանից, այլև մեր տարածաշրջանից ներկայացված էր միայն մեր կուսակցությունը: Համաժողովը բավականին ներկայացուցչական էր, որտեղ Գերմանիայի կանցլեր տիկին Անգելա Մերկելի մակարդակով ներգերմանական հարցերին զուգահեռ քննարկվեցին նաև Եվրոպական տնտեսական քաղաքականության և ԵՄ ընդլայնման հետ կապված մոտեցումներ, Թուրքիայում մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նաև Հայաստանին և կարևոր են այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների համար:
Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդության և ավագ սերնդի փոխհարաբերություններին, և Անգելա Մերկելի կողմից կարևորվեց «սերունդների միջև արդարության» սկզբունքը, որի հիմքում պետք է դրված լինեն ավագ և կրտսեր սերունդների միջև փոխըմբռնումը, համագործակցությունը, փոխզիջումը:
Շատ եմ կարևորում նմանատիպ միջոցառումների դերը միջազգային և տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության նոր կապերի հաստատման առումով: Միջոցառումը մեզ հնարավորություն ընձեռեց նոր կապեր հաստատելու Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Լեհաստանի, Շվեդիայի, Իսրայելի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և Սերբիայի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչը, բնականաբար, ենթադրում է համագործակցության նոր մակարդակ նաև արտաքին հարթություններում:


Զրույցը`
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ