Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ամերիկացիները «վիշապի երախի» առջև մահակ են ճոճում

Ամերիկացիները  «վիշապի երախի» առջև  մահակ են ճոճում
17.12.2013 | 11:49

Օրերս տեղի ունեցավ գրեթե աննկատ մնացած մի իրադարձություն, աննկատ, երևի, այն պատճառով, որ Սիրիայի, Իրանի և ՈՒկրաինայի ֆոնին աշխարհի հայացքը «չէր հասնում» Հեռավոր Արևելք։ Մինչդեռ Հեռավոր Արևելքում խաղարկվող դրաման ժամանակի առումով սկսվեց հենց այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը տվեց Կիևում տեղի ունեցող ուկրաինական իրադարձությունների մեկնարկը։ Ընդ որում, ի տարբերություն ՈՒկրաինայի իրողությունների ու փաստերի, Հեռավոր Արևելքի իրադարձությունները շատ փորձագետներ արդեն բնութագրում են որպես պատերազմ, բայց «նյարդերի պատերազմ»։
Նախ, դեկտեմբերի 5-ի իրադարձության մասին. ամերիկյան աղբյուրներն այդ մասին հաղորդեցին միայն դեկտեմբերի 13-ին։ Երևի Պենտագոնի վերլուծաբանները փոքր-ինչ շփոթված էին և հրամանի էին սպասում հրապարակայնորեն հանդես գալու համար։ Բոլոր հիմքերը կան համարելու, որ միջադեպը բարձրացնելու որոշումն ընդունվել է ամենավերևներում` Սպիտակ տանը կամ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում։ Եվ դա էլ ավելի է ընդգծում Հեռավոր Արևելքում տեղի ունեցածի կարևորությունը, այն նույն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ աշխարհի առաջատար փորձագետները նշում են Ռուսաստանի ու Չինաստանի աննախադեպ ակտիվություն։
Եվ այսպես, չինական ռազմանավերը փորձել են Հարավչինական ծովում կանգնեցնել ամերիկյան մի հրթիռակիր հածանավ, հաղորդել է «Fox News» հեռուստաալիքը` վկայակոչելով Պենտագոնի աղբյուրը։ Պենտագոնի ներկայացուցիչը պնդում է, որ ամերիկյան ռազմանավը օրինականորեն է գործել միջազգային ջրերում։ Պենտագոնում անգլալեզու RT հեռուստաալիքի աղբյուրը պնդում է նաև, որ կառավարվող հրթիռներով զինված ամերիկյան «Cowpens» ռազմանավը Հարավչինական ծովում, չինական նոր «Լյաոնին» ավիակրից ոչ հեռու, հազիվ է խույս տվել չինական ռազմանավերի հետ բախվելուց։ «Դեկտեմբերի 5-ին «Cowpens» ռազմանավն ու չինական մի ռազմանավ դեմ դիմաց են դուրս եկել, որը պահանջել է խուսավարումներ` բախումից խուսափելու համար»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Հեռուստաալիքի տվյալներով, ամերիկյան հածանավը զբաղված է եղել չինական ավիակրի դիտարկմամբ։ Չինական ուղեկից ռազմանավը ամերիկյան հածանավին կանգնելու ազդանշան է տվել, բայց նա չի ենթարկվել պահանջին։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն դիվանագիտական և զինվորական ուղիներով բողոք է հայտնել Չինաստանին։
Միջադեպը, իհարկե, ունի նաև պատահածի ներկայացման չինական վարկածը։ Պեկինը պնդում է, որ ամերիկացիները խախտել են Չինաստանի ծովային սահմանը և հրահրիչ կերպով վտանգավոր չափով մոտեցել են «Լյաոնին» ավիակրին։ Ի պատասխան, ավիակիրն ուղեկցող չինական նավերը դուրս են եկել հետապնդելու ամերիկյան հածանավը, նրան հարկադրելով հեռանալու ՉԺՀ-ի տարածքային ջրերից։ Հեռավոր Արևելքում դիմակայության մյուս մասնակիցները, մասնավորապես Ճապոնիան և Հարավային Կորեան, որոնք առայժմ մնում են իբրև ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցներ, պաշտոնապես դեռ չեն արտահայտվել։
Իհարկե, հարցը միայն և այնքան էլ այն չէ, որ չինացիները քիչ էր մնացել խոյահարեին ամերիկյան հրթիռանավը, և որ ամերիկացիները բացահայտորեն հրահրել են չինական կողմին, թշնամական վերաբերմունք ցուցադրելով «Լյաոնին» ավիակրի հանդեպ։ Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ, տանուլ տալով ռազմավարական մրցակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ամերիկացիները նյարդայնորեն են արձագանքում այն բանին, որ, նախ, չինացիներն ու ռուսներն սկսել են ակտիվորեն նեղացնել մանևրի տարածքները ԱՄՆ-ի համար (հիշենք Մոսկվայի որոշումը վիետնամական Կամրանիի բազայի վերականգնման կամ երկու Կորեաների գործերին մասնակցությունն ընդլայնելու Ռուսաստանի մտադրության մասին), և ապա` Խաղաղ օվկիանոսում Վաշինգտոնն այլևս չունի ավիակրային նավատորմի մենաշնորհ։
Իրավիճակը, իհարկե, դեկտեմբերի 5-ին չէ, որ հասունացել էր։ Ամբողջ տարվա ընթացքում սրվում էր հակասությունը Չինաստանի ու Ճապոնիայի միջև` կապված Դյաո-Յույդաո կղզեշղթայի հետ (ճապոնացիները անվանում են Սենկակու)։ Եվ երբեմն այնտեղ, մինչև բացահայտ բախումը, «միլիմետրեր էին մնացել»։ Ընդ որում, ԱՄՆ-ը միշտ պաշտպանել է ճապոնացիներին և անգամ մեծացրել է իր ռազմանավային ներկայությունը տարածաշրջանում։ Այդ թվում` Թայվանի մոտ, ինչը ցավագին էր ընդունում չինական ղեկավարությունը։ Վիճելի շրջանների խնդրի լուծումը բարդացնում է բնական հանածոների, այդ թվում` նույն նավթի ու գազի հանքավայրերի առկայությունը։ Մասնագետների գնահատմամբ, այդ շրջանում ածխաջրածինների առկայությունը բավական մեծ է։ Շրջակա ջրերում ձկան հարուստ պաշարներ կան (չինարեն Դյաո-Յույդաո անվանումը թարգմանաբար նշանակում է «ձկնորսության կղզիներ»)։ 2013 թ. հուլիսի 24-ին ՉԺՀ-ի ծովային ոստիկանության նավերն առաջին անգամ մտան այն գոտին, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրեր։ Ճապոնացի սահմանապահներն ակտիվ գործողությունների չդիմեցին, զգուշանալով բախումից։ 2013 թ. սեպտեմբերին, կղզիների հետ կապված կոնֆլիկտի պատճառով, Չինաստանի իշխանությունները հրաժարվեցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև Սանկտ Պետերբուրգում G20-ի շրջանակներում հանդիպում անցկացնելուց։ 2013 թ. հոկտեմբերի 3-ին Տոկիոյում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հավաստեց, որ Դյաո-Յույդաո կղզեշղթայի վրա տարածվում են Ճապոնիայի վարչական իրավունքները, հետևաբար, դրանց առնչությամբ կիրառվում են 1960 թ. անվտանգության երկկողմ պայմանագրի դրույթները։ Դա նշանակում է, որ Վաշինգտոնը Ճապոնիային կօգնի այդ կղզիների մոտ ՉԺՀ-ի հետ բախման դեպքում։ 2013 թ. նոյեմբերի 6-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն առաջին անգամ SSM-1 հականավային հրթիռներ տեղակայեցին Միյակո և Օկինավա կղզիներում` նշանառության տակ առնելով Արևելաչինական ծովից դեպի Խաղաղ օվկիանոս տանող միջազգային նեղուցները։ Սակայն 2013 թ. նոյեմբերի 16-ին ՉԺՀ-ի ծովային ոստիկանության չորս կատերներ մտան Դյաո-Յույդաո կղզիների շրջան. այդ մուտքը 70-րդը դարձավ 2012 թ. սեպտեմբերի 11-ին ճապոնական կառավարության կողմից այդ տարածքի ազգայնացման պահից ի վեր։
Իսկ ահա 2013 թ. նոյեմբերի 23-ին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Արևելաչինական ծովում հակաօդային պաշտպանության տարբերիչ գոտի ստեղծելու մասին, որը տարածվում է նաև Դյաո-Յույդաո կղզիների վրա։ Չինական զինված ուժերն այսուհետև պաշտպանական բնույթի միջոցներ կգործադրեն այն բոլոր օդանավերի նկատմամբ, որոնք այդ գոտում գտնվելիս չեն պատասխանի հարցումներին և չեն ենթարկվի հրամաններին։ Հիմա տարբերիչ գոտով անցնելու համար օտարերկրյա օդանավերը պետք է նախապես ՉԺՀ ԱԳՆ ուղարկեն թռիչքի պլանը, պատասխանեն ինքնության պարզման հարցումներին, օդանավի վրա ունենան հստակ տարբերանշաններ։ Այդ կապակցությամբ Ճապոնիան ու Հարավային Կորեան բողոք են հղել Չինաստանին, իսկ ԱՄՆ-ը լուրջ անհանգստություն է հայտնել։ 2013 թ. նոյեմբերի 25-ին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը հայտարարեց, որ Չինաստանը չի բացառում ապագայում այլ շրջաններում, մասնավորապես Հարավչինական ծովում լրացուցիչ տարբերիչ գոտու ստեղծման հնարավորությունը։ Եվ Պեկինի ասիական մրցակիցները փաստորեն տեղի տվեցին. Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայվանի ավիաընկերությունները հենց նույն օրն արդեն հավաստեցին, որ ծրագրում են ՉԺՀ-ի իշխանություններին ծանուցել տարբերիչ գոտու օդային տարածքով թռիչքների մասին։
Սակայն իրավիճակը չի կարողանում հանդուրժել ԱՄՆ-ը։ Դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց իր ՀՕՊ գոտու ընդլայնման մասին, ներառելով Յոդո, Մարադո և Հոնդո հարավային կղզիները։ Յոդոյի ժայռերի վրա գոտին խաչվում է չինական նույնանման գոտու հետ։ Ամերիկացիները հարկադրեցին Սեուլին հայտարարելու, որ Հարավային Կորեան այդ քայլին դիմել է ի պատասխան Արևելաչինական ծովի երկնքում ՀՕՊ տարբերիչ գոտի ստեղծելու մասին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության որոշման։ ԱՄՆ-ը դատապարտել է ՉԺՀ-ի որոշումը, այն անվանելով «հրահրիչ», իսկ Սեուլի գործողությունները համարել է օրինական։ Վերջապես, ՀՕՊ գոտիների հաստատման «մրցությունն» էլ հենց հանգեցրել է վերը նկարագրված միջադեպին։
Այն, ինչ կատարվում է, ըստ էության, ԱՄՆ-ի երկրորդ ռազմաճակատն է աշխարհում, որի իմաստն է Չինաստանին հանել հավասարակշռությունից և Պեկինին դրդել կատարելու բախտորոշ ռազմավարական սխալ։ Գուցե Ռուսաստանի և Պեկինի մյուս գործընկերների հետ Չինաստանի հարաբերությունների ամրության ևս մեկ ստուգո՞ւմ է սա։ Չէ՞ որ ամերիկացիներին այդպես էլ չհաջողվեց «տեղից շարժել», ասենք, Ռուսաստանին ո՛չ Սիրիայի և Իրանի հարցում, ո՛չ էլ նավթի ու գազի։ ՈՒ եթե Մոսկվայի համար բացվել էր «ուկրաինական ճակատը», ապա Չինաստանի համար, որը խիստ սկզբունքային էր Սիրիայի ու Իրանի հարցերում և դաշն էր կնքել Ռուսաստանի հետ, մտահղացվել է այլ սցենար։ «Վիշապի երախի» առջև մահակ են ճոճում, բայց խելացի՞ բան է դա։ Չինաստանում գիտեն հազարամյակներ սպասել թշնամուն հակահարված հասցնելու համար, և Պեկինը հազիվ թե տանուլ տա «նյարդերի պատերազմը»։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ