Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տաղանդավոր հայ ազգի կենացը

Տաղանդավոր  հայ ազգի կենացը
17.12.2013 | 11:56

-Արա, Վաղո, էդ դու ե՞ս, քիչ էր մնում չճանաչեի։ Ապե՛, արի նստի, տենանք ո՞նց ես, ինչ ես անում:
-Վռազ եմ, ցավդ տանեմ, ուշանում եմ ժամադրությունից:
-Տո, հըմի ո՞վ վռազ չի, արի մի երկու րոպեով նստի, մի թաս խմի, հետո կհասցնես, չես ուշանա… Ասա, տենանք` որտե՞ղ ես, ի՞նչ ես անում։
-Հեչ, ցավդ տանեմ, արդեն տասը տարի եղավ` Իսպանիայում եմ։ Մանրից գործ ենք անում, գոհ ենք, ամեն ինչ լավ ա։
-Էլի գրո՞ւմ ես:
-Առաջվա պես չի, բայց մանրից գրում եմ:
-Հետո՞, ընդեղ տպվե՞լ ես հեչ:
-Մի երկու անգամ եղավ, էլիտար ամսագրերում, փող էլ տվին:
-Իսպաներե՞ն:
-Բա չէ, հայերեն:
-Կարո՞ղ ա գիրք էլ տպես:
-Հիմա էդ գործի վրա եմ, թարգմանիչն էլ որ ասեմ ով ա, չես հավատա:
-Երևի մեծ բանաստեղծ ա:
-Տո չէ, ցավդ տանեմ, թագավորի բաջանաղն ա:
-Բա էդ ո՞նց ես հետը ընկերացե:
-Տո, ինքը եկավ կպավ։ Կաֆեում թարգմանչիս հետ տողացի էինք անում։
-Էդքան իսպաներեն գիտե՞ս:
-Հա, ցավդ տանեմ, կարամ նույնիսկ գրեմ, բայց դե մեր հայերենն ուրիշ ա, էլի… Մի խոսքով, տողացի էինք անում, աչքի պոչով տեսա, որ կողքի սեղանից մի հատ սալիդնի մարդ հա մեզ ա նայում… Թարգմանիչս մի հինգ րոպե հետո գնաց, էս մարդն եկավ կողքս նստեց ու միանգամից շնորհավորեց, ասաց, սինյոր, կներեք, որ ականջ էի դնում, բայց ես պոեզիայի սիրահար եմ, ձեր բանաստեղծությունները շատ հավանեցի, դուք մեծ տաղանդի տեր եք…
-Ըտենց էլ ասա՞ց:
-Հա, ցավդ տանեմ, հըլը ուրիշ բաներ էլ ասաց… Վերջը կպավ, թե բա հըմի պիտի գնանք իրա վիլլան` ընդեղ գրականությունից խոսալու, ուտել-խմելու…
-Ապե, կարո՞ղ ա, էնոնցից էր… Ո՞նց ասեմ, հասկանում ես, էլի…
-Տո, չէ՛, ցավդ տանեմ, իրա նանարներին որ տենաս՝ կցնդես։ Էդ օրն էլ, որ գնացինք, երկու հոգու կանչեց, էլ դու սո՛ւս, մեկը մյուսից սիրուն։ Հաջորդ օրն ինձ առավ տարավ Իսպանիայի ամենամեծ հրատարակչությունը, ասաց` ձեզ համար գանձ եմ գտել։ Տեղնուտեղը պայմանագիր կնքեցին, հիմա պըտի ինքը թարգմանի։
-Բանաստե՞ղծ ա:
-Տո, չէ, հավեսի համար ա անում, բայց իրա հետ լուրջ հաշվի են նստում: Խոստացել ա, որ գիրքս երկու ամիս հետո տպված կլինի:
-Ապրես, Վաղո ջան, դե որ ըդենց ուսպեխի մեջ ես, մաղարիչ արա, թռի մի շիշ բեր, համ էլ տես ո՜վ ա գալի… Հարութն ա… Հարութ ջան, արի մի տենանք ո՞նց ես, ի՞նչ ես անում։
-Վռազ եմ, ցավդ տանեմ, մարդ ա սպասում:
-Հիմա ո՞վ վռազ չի, արի նստի, մի թաս խմենք, շնորհավորենք, ասում են` Օսկար ես ստացել, սաղ քաղաքն էդ մասին ա խոսում:
-Հըլը չեմ ստացել, ցավդ տանեմ, բայց լուրջ հույսեր կան, ֆիլմը ներկայացված ա, ոնց ըլնի մի երկու մրցանակ կտան:
-Բա էդ ո՞նց էղավ, է, ֆիլմում նկարվեցիր:
-Շա՜տ պատահական։ Ռեստորանում նստած էինք, տեսնեմ մի հատ սալիդնի, լավ հագնված մարդ հա ինձ ա նայում։
-Կարո՞ղ ա էնոնցից էր, ո՞նց ասեմ, դե հասկանում ես էլի:
-Ես էլ էի ըդենց կարծում, մանավանդ որ մոտեցավ վիզիտկեն տվեց, ասեց, որ անպայման զանգեմ, ես էլ քաղաքավարության խաթեր ասի` հա, արա, հո ընտեղ չէի սիլլելու…
-Բա, լավ, էդ խի հենց հատկապես քեզ ջոկեց էդքանի միջից:
-Ապեր, ասեց, որ պադլեցի հոյակապ սֆաթ ունեմ:
-Ըտենց էլ ասե՞ց:
-Հա, ցավդ տանեմ:
-Վաբշե տը, չնեղանաս Հարութ ջան, ճիշտ ա ասե։ Բա, լավ, հետո՞:
-Դե, հետո, մյուս օրը պատահական վիզիտկեն հանեցի, տեսնեմ վրեն գրած ա «Փարամաունթ փիքչըրս»։ Զանգեցի, ասեց՝ կարա՞ս հենց հըմի գաս սյոմկի։ Գնացի, տեղնուտեղը հագցրին, գրիմ արին ու նկարեցին… ու ըդենց երկու շաբաթ:
-Առանց սցենարը կարդալո՞ւ:
-Ցավդ տանեմ, կարդալու բան չկար։ Մի օր էս պատի տակ էին նկարում, մի օր էն պատի տակ, ես մենակ չէի, հետս ուրիշներ էլ կային։
-Լավ փող տվի՞ն:
-Տո փողը հեչ, դու մրցանակներից խոսա, հեսա Կաննի ֆեստիվալ են տանում…
-ՈՒրեմն, ըսենց կանգնել ես ու մաղարիչ չես անո՞ւմ։ Թռի ընդեղից մի վեց բաժին քյաբաբ բեր, զակուսկին էլ հետը, հեն ա, Վաղոն արաղն առած գալիս ա։ Համ էլ տես, թե ով ա գալի, ապե, Օնիկն ա, արա սաղ աշխարհը քու մասին ա խոսում, արի մի հատ տենանք ոնց ես, ինչ ես անում։
-Վռազ եմ, ցավդ տանեմ, չեմ կարա, համալսարանում ելույթ ունեմ։
-Տո, կհասցնես, մի վախի, համ էլ թող մի հինգ րոպե սպասեն, արի մի թաս խմենք էս սառը արաղից, հրեն Հարութն էլ քյաբաբը բերեց։
-Լավ, հինգ րոպե, ավել չեմ կարա։
-Դու էն ասա, էդ ճի՞շտ ա, որ դոկտորական ես պաշտպանել Ժնևում ու հըմի էլ ուզում են քեզ ռեկտոր դնեն։
-Դե, ըտենց խոսք եղավ, բայց ես հրաժարվեցի, ասի՝ բիրդանաղայություն չեմ սիրում, դոկտորականս բարձր գնահատեցիք` գոհ եմ, ուզում եք առանձին գրքով տպեք` գոհ եմ, որ պըտի հինգ լեզվով թարգմանվի, դարձյալ գոհ եմ, բայց սխալ կհասկացվի, որ միանգամից ռեկտոր դառնամ, երբ էդտեղ էդքան արժանավոր մարդ կա… Վերջը որոշեցին Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր դարձնել, պայմանով, որ տարին մի երկու անգամ գնամ հատուկ կուրս կարդամ:
-Ինչի՞ մասին:
-Ինչ որ ուզեմ:
-Միշտ էլ ըտենց համեստ ես եղել, Օնիկ ջան, ապրես, դե հիմա թռի բարմենին ասա, թող մի հատ կարմիր ձմերուկ կտրի, սինիի վրա դնի ու խաղողի, դեղձի, տանձի հետ բերի մեր սեղանին։ Էդ էլ քո մաղարիչը կլնի… Հա, հետն էլ մի շիշ բեր, հեն ա, Վարդանը գալիս ա, էս մեր ունեցածը հազիվ հերիքի։ Արի, Վարդան ջան, արի մի թաս խմի մեզ հետ, էս ինչ ճիշտ ժամանակին երևացիր։
-Չեմ կարա, մորս արև, քսան րոպե հետո փորձի պըտի ըլնեմ:
-Տո կհասցնես, եքա ժամանակ կա, արի պատմի, թե ոնց ես երգել Միլանի օպերայում:
-Հըլը չեմ երգել, բայց աշնանը հաստատ երգելու եմ, պայմանագիրն արդեն կնքել են։
-Մոտդ ա՞, տենանք:
-Չէ, մոտս չի, մեկա, բան չես հասկանա, իտալերեն ա:
-Բա էդ ո՞նց հաջողացրիր, ապե, միանգամից «Լա Սկալա» մտար:
-Վահեին գիտես, մուզիկանտը, հըմի էնդեղ ա ապրում։
-Օպերայում նվագո՞ւմ ա:
-Տո, չէ հա՛, նրան ո՞վ կթողի ընդե մտնի, գիտե՞ս ինչ կոնկուրս ա։ Մետրոյում ա նվագում, լավ էլ փող ա շինում, նույնիսկ բնակարան ա վարձում։ Վերջը, ի՞նչ ասեմ, մի օր կպավ, բա թե արի երգի, համ փողը շատ կըլնի, համ էլ կյանք ա, մեկ էլ տեսար մի բան կստացվի, ես էլ ազատ էի, բան ու գործ չունեի, գնացի։ Մի օր երգեցի, երկու օր, երեք օր…
-Մետրոյո՞ւմ:
-Տո, հա, ցավդ տանեմ, մետրոյում։ Վերջը, արդեն մի շաբաթ կըլներ երգում էի, հանկարծ մի հատ սալիդնի մարդ դուրս եկավ վագոնից, լավ հագնված ու կանգնել ինձ ա լսում, ես էլ նկատեցի, ձենս զլեցի։ Էդ մարդը մոտեցավ հարյուր եվրո տվեց Վահեին, ինձ էլ ասաց` հենց հիմա հետս արի, խոսալու բան կա։
-Ապե, կարո՞ղ ա էնոնցից էր, հասկանում ես, էլի…
-Կարող ա, ի՞նչ իմանամ, դրանց հիսուն տոկոսն ըդենց ա, բայց ես հասկացա, որ ինձ իմ ձայնի համար ա կանչում, իմ երգն ա հավանել… Կառոչի, գնացինք ռեստորան լավ հաց կերանք, ընդեղից էլ ինձ տարավ դուզ օպերա, դիրեկտոր-միրեկտոր հավաքեց իրար գլխի ու ստիպեց, որ ինձ լսեն։
-Հետո՞:
-Հետո էլ ի՞նչ… բերանները բաց կանգնել էին, դիրեկտորն էր, ո՞վ էր, ասաց, թե պատրաստի երգիչ եմ, թե հենց հիմա կարա ինձ ռեպերտուարի մեջ մտցնի, բայց խորհուրդ տվեց, որ մի երկու ամիս վարպետի հետ աշխատեմ, փողը իրանք են տալու… հետո աշնանից արդեն ուզած պարտիան կարամ երգեմ։
-Դե, Վարդան ջան, որ արծվի պես ըդենց բարձր ես սավառնում, համեստ մաղարիչ արա մեզ, թռի չորս հատ լավ սուրճ բեր, հետն էլ բելգիական պլիտկա, էն մեծերից` երկուհարյուրգրամանոցից… չէ՛, սուրճը հինգ հատ բեր, հրեն Սաքոն ա մոտենում։ Արի, Սաքո ջան, մի հինգ րոպե նստի մեզ հետ։ Այ ախպեր, էս ի՞նչ նեղություն ա, սեղանին ամեն ինչ կա, էլ խի՞ ես ծախսի տակ մտնում, հո դրա համար չկանչեցինք, կարոտել ենք, էս էլ քանի՜ տարի եղավ իրար չենք տեսել։
-Տասը, թե տասնհինգ, արդեն մոռացել եմ։
-Բա էսքան վախտ ի՞նչ էիր անում ընդեղ։
-Ապրում էինք էլի մի կերպ։
-Ասում ես` մի կերպ, հա՞։
-Հա, ցավդ տանեմ, մի կերպ, շա՜տ դժվար էր։
-Չեմ հասկանում, ի՞նչն էր դժվար:
-Ամեն ինչը` գործ ճարելը, թղթերը կարգավորելը, փող վաստակելը, տուն վարձելը, տան վարձը վճարելը։
-Հա, դժվար ա, գիտենք, բայց դու շնորհքով, դաժե տաղանդավոր նկարիչ ես, չկարողացա՞ր նկարներդ ծախել, ցուցադրվել, ես ի՞նչ իմանամ, հաջողության հասնել։
-Ցավդ տանեմ, ընդեղ տաղանդ-մաղանդ նայող չկա, կամ պըտի գալուբոյ ըլնես, կամ եվրեյ, կամ էլ լավ մեջք ունենաս, էս բաները որ չունեցար` հազար տարի վրեդ նայող չի ըլնի, կուզես տեղովդ Պիկասո էղի, մեկ ա…
-Լավ, ուրեմն, տասնհինգ տարում չկարողացա՞ր գոնե մի անգամ, գոնե մի նկարով ցուցադրվել։
-Չէ, ցավդ տանեմ, չկարողացա:
-Չես էլ փորձե՞լ:
-Փորձել եմ, շա՜տ եմ փորձել, բայց չի ստացվել:
-Բայց գոնե ծախո՞ւմ էիր:
-Մի երկու անգամ եղավ… Տեղի հայերը Արարատ պատվիրեցին… էն էլ շատ կծծի էին, երկու հարյուր դոլար խոստացան, բայց վերջը հարյուր տվին։
-ՈՒրեմն, Սաքո ջան, քու ընդեղ գնալը լրիվ ավելորդ էր… մնայիր ըստեղ, վերնիսաժում համ կարգին բիզնես կանեիր, համ էլ անուն կհանեիր, հեն ա, ախպարները գալիս են նկար ա, որ տանում են, լավ էլ փող են տալիս։
-Դե, դրա համար էլ շնորհք ա պետք։
-Հա, էդ ճիշտ ես ասում, օրինակ` մեր Վիգենը նկար ծախելով չորսսենյականոց առավ Տերյանի վրա, հըմի էլ գյուղում տուն ա շինում։ Ասեմ` թող իրա կլիենտներից մի երկուսին քեզ պաս տա, թե չէ էդ ի՞նչ օրի ես հասել, մեղք ես, չէ՞, մեր ընկերն ես, հո չենք թողալու, որ ըդենց որբևէրի մնաս։
-Դե, կամաց-կամաց կարծես ինչ-որ բան ստացվում ա։
-Ի՞նչ ա ստացվում, տասնհինգ տարում մատդ մատիդ չես խփե, հիմա էլ ի՞նչ պըտի անես:
-Հրես, էսօր նամակ ստացա, ցուցահանդեսի բուկլետն էլ հետը:
-Ի՞նչ ցուցահանդես, քո՞նն ա:
-Չէ, ցավդ տանեմ, հայ նկարիչների ցուցահանդես ա Փարիզում` Սարյան, Գառզու, Քոչար, Գյուրջյան, Էդգար Շահին…
-Է, հա՛, քեզ ի՞նչ, դու ի՞նչ գործ ունես դրանց հետ:
-Ապեր ջան, մի նկար էլ ինձնից ա ցուցադրվում:
-Չէ, հա՛:
-Մորս արև, հրես բուկլետը, նայի:
-Հա, էլի… Ապե, բա էս ո՞նց հաջողացրիր:
-Դե, կանչել էին, որ օգնեմ նկարները կախեն, հետո ցուցահանդեսի կազմակերպիչն իմացավ, որ նկարիչ եմ, գործերս նայեց, հավանեց, ասաց՝ համաձա՞յն եմ, որ փող տալու փոխարեն ինձնից մի գործ կախեն, ես էլ իսկույն համաձայնեցի… Վերջը, որոշեցին, որ Սարյանի ու Քոչարի արանքում մի յուղաներկ կկախեն, որպես երիտասարդ նկարիչ։
-Ասում ես՝ բուկլետ կա, հա՞…
-Հա, մոտս ա, տեսար, համ անունս կա, համ իմ ֆոտոն, համ էլ նկարն ա տպված:
-Ապե, դու մեզ ո՞ւմ տեղն ես դրել։
-Չհասկացա:
-Հասկանալու ի՞նչ կա, կազզզյոլ… Դու մեզ էշի տեղ ես դրե՞լ:
-Ապե, խի՞ ես ըտենց ասում:
-Ասում եմ, որովհետև դու մեզ հաստատ էշի տեղ ես դրել։ Սրան տեսեք, Քոչարի ու Գառզուի հետ ա ցուցադրվում։ Մենք էլ հավատացինք։
-Չհավատալու ի՞նչ կա, ապե, հեսա բուկլետը, էս էլ ֆրանսիական թերթի հոդվածը` իմ անունը մեջը գրած, էս էլ նամակը։
-Արա, կարո՞ղ ա անգրագետ ենք, մի հատ կամպյուտեր տուր` կես ժամում հարյուր հատ ըտենց բուկլետ սարքեմ, կարծում ես հորդ գեղն ես եկե՞լ, ըստե լուրջ մարդիկ են նստած, սաղ Եվրոպան նրանց անունով ա երդվում, եկել ես հեքիաթներ ես պատմում։ Կանյակդ առ, սիքտիրդ քաշի ըստեղից, անամոթ-անպատկառ… Գնա՛, գնա՛, Ռեմբրանդի հետ ցուցադրվի, հանդի տավար… Դե, ցվրվի, գյոռմափշտիկ… Արա, վա՛յ, էս ո՞վ ա, արա Սիմո՞ն, ապե, էդ ե՞րբ ես եկել… Արի մի հատ տենանք ոնց ես… Հա, հասկացանք, վռազում ես, ըստե պարապ մարդ չկա, սաղս էլ վռազում ենք… ՈՒրեմն, հաստատ չես կարա… դե լավ, որ ըտենց ա, թռի ընդեղից մի երկու շիշ սառը պիվա բեր, աղի քյաբաբ կերանք, ծարավել ենք, չէ, ապե, չորս հատ բեր, հենա, Դավիթն երևաց… Արա, Դավո, արի, արի, եկել ես ինձ տեսնե՞ս, ապրես, ցավդ տանեմ, արա, վերջապես մի մարդ հայտնվեց, որ իմ ղադրը հասկացավ… Գիտե՞ք ես ով եմ, չէ՛, հեչ մի բան էլ չգիտեք։ Ես որ չըլնեմ, էս քաղաքը կքանդվի, սաղ հայ ազգը պանդխտության ճամփան կբռնի։ Արուն-քրտինքով երկիր ենք պահում ըստե, որ մի հատ պառազիտ գա գլուխ գովա։ Հասկացա՞ք… Տո, ոչ մի բան էլ չհասկացաք։ Դե, թռի, Դավո ջան, մի հատ արաղ բեր։ Տաղանդավոր հայ ազգի կենացն ենք խմելու։


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 150855

Մեկնաբանություններ