Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտագաղթի «առավելությունները»

Արտագաղթի «առավելությունները»
18.12.2013 | 17:53

Սույն խորագիրն աչքի անցկացնելիս ընթերցողը կմտածի, թե հոդվածը պատվիրված է, կամ հեղինակը պնակալեզ գրչակ է: Բայց մի՛ շտապեք, միասին պարզենք հարցը` քննարկելով այն պատճառահետևանքային կապի մեջ: Նախ դիտարկենք խնդրի էությունը: Մարդ արարածը երկրագնդի ծնունդն է, նրա զավակը, ով աստվածատուր իրավունք ունի տեղաշարժվելու մեր մոլորակի վրա ցանկացած ուղղությամբ, ինչպես նաև ընտրելու բնակության, աշխատանքի և ապրելու վայրը: Ասացվածք կա. «Ձուկը փնտրում է որտեղ խորն է, մարդը՝ որտեղ լավ է»: Ռուսաստանի համար դա ընդունելի է. տեղաշարժվիր որքան սիրտդ կամենա, լայնածավալ երկրի մի ծայրից մյուսը հասնելու համար նույնիսկ ինքնաթիռով 16-18 ժամ կպահանջվի: Չես ուզում ապրել Կալինինգրադում, գնա Նովոսիբիրսկ կամ Վլադիվոստոկ, ոչ ոք չի արգելի։ Բայց արի ու տես, որ մարդիկ այսքանով էլ չեն բավարարվում, արտագաղթում են այլ երկրներ: Իսկ մեր պարագայում, երբ մի թիզ հողակտոր ունենք, փոքր-ինչ շարժվում ես և հայտնվում արտերկրում, ուրեմն արտագաղթում ես: Եվ սկսվում է իսկական «ղալմաղալը». տարբեր քաղաքագետ-վերլուծաբաններ, ինտելիգենցիայի առանձին ներկայացուցիչներ մամուլում քննադատական բազմաթիվ հոդվածներ են հրապարակում իշխանության հասցեին, հեռուստատեսությամբ բանավեճի են հրավիրում, որպես կանոն, ներկայանում է միջին տարիքի մի համակրելի անձնավորություն՝ ոմն Գագիկ Եգանյան, ով պետության ներկայացուցչի կարգավիճակում դոշ է տալիս հարձակվողների բազմությանը՝ խառնելով աշուն-ձմեռ, գարուն-ամառ, էմիգրացիա-իմիգրացիա բառերը, յուրաքանչյուր անգամ մտքում արագ գումարում-հանում է 5-անիշ, 6-անիշ թվերը, ստելով քրտնում ու կարմրում, ցանկանում ապացուցել, որ արտագաղթ չկա, դա պարզապես աշխատանքային միգրացիա է՝ ձմեռը բոլորը (մի բան էլ ավելի) հետ են գալու: Նմանօրինակ դերասանական բրիֆինգները մի քանի անգամ կրկնվեցին, այնուհետև խեղճը նամուսն առավ և հեռացավ էկրաններից։ Առհավետ։ Մինչդեռ քննարկումները շահեկան կլինեին, եթե նա իրոք տղամարդավարի ասեր, խոստովաներ, որ այո արտագաղթի հիմնախնդիրը կա, մենք՝ իշխանություններս, նույնպես ընդունում ենք, գիտենք վտանգավորությունը, դուք քննադատելու փոխարեն դեղամիջոցներ առաջարկեք, տեսնենք, թե չէ պետությունը չի կարող արգելել արտագաղթը՝ վաղուց անցել են ստրկատիրության-ճորտատիրության ժամանակները, ավելին` բոլշևիկյան բռնատիրության դարաշրջանը նույնպես ոչ ևս է...

Ճիշտ է, տեսնելով մեր փոքրիկ հանրապետությունից ահագնացող արտագաղթի թափն ու ծավալները, գիտակից մարդկանց մարմնով ակամա սարսուռ է անցնում, հենց դրանով է պայմանավորված տեղին և անտեղի հրապարակումների առատությունը, որոնք ակամայից խրախուսում են արտագաղթը՝ հանդիսանալով յուրահատուկ գովազդի միջոց:
Տագնապալից իրավիճակից ելնելով, դաշնակցությունը ծրագիր է մշակել և ներկայացրել հանրությանը՝ «Մենք ապրելու ենք հայրենիքում» վերնագրով: Ծրագրի դրույթների հետ ծանոթ չեմ, չգիտեմ` ի՞նչ են առաջարկում մեր դաշնակ եղբայրները, բայց ծրագրեր, նույնիսկ շատ լավ, կարելի է մշակել, սակայն կարևորը իշխանությունների կողմից այդ ծրագրերը կյանքի կոչելն է: Բայց, այդ ուղղությամբ կառավարությունը ոչ մի քայլ չի կատարել, դեռ ավելին, տպավորությունն այնպիսին է, թե արտագաղթը միտումնավոր կերպով խրախուսվում է վերևներից: Ոմանք նույնիսկ ասում են՝ Հայաստանը վաղուց ծախել են թուրքերին, մնում է դատարկեն, որ հանձնեն: Իհարկե ես նման ցնդաբանությունների չեմ հավատում (օպտիմիստ եմ), մտածում եմ, որ գուցե իշխանությունները գիտեն մի բան (որոշ գործոններ), ինչ ժողովուրդը չի իմանում։ Օրինակ, նրանք ուզում են բեռնաթափել թիկունքը՝ սպասվող անխուսափելի պատերազմից առաջ, որպեսզի մարդկային կորուստները հասցնեն նվազագույնի, կամ տեխնոգեն սպառնալիքից ապահովագրվածությունը. ո՞վ չգիտի, որ մեր ատոմակայանը ժամկետանց է արդեն, և այս բոլորը դեռ քիչ էր, վերջերս մի խելապակաս կին ԶԼՄ-ներով, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ դեկտեմբերին Հայաստանում սպասվում է ուժեղ երկրաշարժ. «բոլոր նախադրյալները կան», ավելացրեց նա: Հետաքրքիր է, ո՞վ և ի՞նչ նպատակով էր թույլ տվել այդ տիկնոջը նման անպատասխանատու հայտարարություն անել, չէ՞ որ առայսօր աշխարհում ոչ ոք չի կարող (նույնիսկ Վանգան) կանխագուշակել երկրաշարժը: Գուցե նա չի պատկերացնում, թե ինչ աղետալի հետևանք կունենա (Աստված մի արասցե) երկրաշարժը Երևանում, ինչ կլինի լճացման տարիներին կառուցված (առանց ցեմենտի ու ամրանների) բազմահարկ շենքերի ու նրանց բնակիչների հետ: Եթե մտածելու կարողություն ունենար, նման խուճապային-սպառնալից հայտարարություն չէր անի: Առանց այս տագնապի էլ արտագաղթը մեծ թափով առաջ է գնում: Ոմանք, չունենալով մեկնելու հնարավորություն, նախանձելով (կարծես գաղթողները խերվեցին) ասում են՝ առնետները փախչում են խորտակվող նավից: Պետք է ասեմ, որ մեր նավը դեռ նոր է ազատվել ծանծաղուտ ճահճից և առանց խորտակվելու պետք է լողա մինչև մեր երազանքների ծովից ծովը։ Իսկ ինչ վերաբերում է առնետներին, ապա մեկնողների ճնշող մեծամասնությունն ազնիվ ու աշխատասեր մարդիկ են, ովքեր այդ քայլին դիմում են ճարահատյալ, թեև չի բացառվում նաև, որ նրանց մեջ ևս առնետներ լինեն: Բայց, որպես կանոն, առավել չաղ ու փարթամ առնետները մնում են տանը, որ անարգել ու անպատիժ «ծծեն հայրենակիցների արյունը»:
Վերադառնանք արտագաղթին։ Քննարկումների ժամանակ մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես հիմնական պատճառ նշում է սոցիալական խնդիրները, օրինակ է բերում «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը, որը թեև հայերեն շատ լավ հնչողություն ունի, բայց հաստատ կարող եմ ասել, որ այն հայկական չէ, հայը կարող է նաև անհաց մնալ (քամելով այն քարերից) իր հայրենիքում, իր հողի վրա, դա մենք փոխառել ենք մեր քոչվոր-խաշնարած հարևան ցեղերից. երբ վերջանում էր ոչխարների, հոտի անասնակերը, նրանք հոտի հետևից առաջ էին շարժվում դեպի նորանոր արոտավայրեր՝ սրբելով, ոչնչացնելով, յուրացնելով ուրիշների ստեղծածը, նույնիսկ ստեղծողներին: Այդպես թուրքերը հեռավոր Ալթայից, կոխկրտելով Հայաստանը, հասան մինչև այժմյան Եվրոպա, իսկ քրդերը Միջագետքից նույն կերպ հասան և հաստատվեցին Արարատի փեշերին:
Մեկնողներից զգալի մաս են կազմում նրանք, ովքեր դժգոհ են իշխանությունների կամայականություններից, օրենքի և արդարության բացակայությունից:
Այսօրվա մեր դժբախտության հիմնական պատճառը ո՛չ պատերազմն է, ո՛չ էլ շրջափակումը, այլ այն, որ համայնավարական կարգերի տապալումից հետո ընթացանք ոչ թե ժողովրդավարական, այլ վայրի կապիտալիզմի ուղիով, ինչը և հանգեցրեց թե՛ արտագաղթի, թե՛ մեր ողջ ձեռքբերումների աստիճանական քայքայման. ոմանց կարծիքով՝ վտանգված է նույնիսկ հանրապետության գոյությունը, և որպես հիմնավորում՝ նշվում է երկրի դատարկումը, «արյունաքամ լինելը», պատերազմի դեպքում դիմակայել չկարողանալը: Բայց վախենալ պետք չէ, կռվողը, հայրենիք պաշտպանողը կրկին կկռվեն, շատերն արյան կանչով հաստատ դրսից կվերադառնան, իսկ տանը մնացած չկռվողները մի մկան ծակին կրկին միլիոններ կտան։
Ինչպե՞ս հասանք այս վիճակին. այն ժամանակ, երբ ազգի սերուցքը կենաց-մահու կռիվ էր տալիս ուղղելու մեր պապերի թույլ տված սխալները, վերադարձնելու հայրենիքի մի թիզ հողն Արցախում, տանը մնացած տկարներն ու հիվանդները, ինչու չէ, նաև փողատեր «աֆերիստները», արագորեն կողմնորոշվելով պրիվատիզացիա-սեփականաշնորհում (ալան-թալան) կազմակերպեցին: Եվ քանի որ նրանք հիմնականում սովետական ինտելիգենցիայի, բանվորագյուղացիական դասի ժառանգներն էին (ոչ ունևոր, չտես ու աչքածակ)՝ չկշտանալով յուրացրին 70 տարում ժողովրդի ստեղծած ողջ հարստությունը։ Այժմ ամեն ինչ յուրացված է, նույնիսկ հողը, ընդերքն ու ջուրը։ Ինչո՞ւ այս անարդարությունը չի վերացնում իշխանությունը։ Որովհետև «դանակն իր կոթը չի տաշի»: Դուք պատկերացնո՞ւմ եք` որքան դժվար է, նույնիսկ անհնարին՝ «գայլի երախից հանել դմակը»: Գողոնը վերադարձնելու երկու ճանապարհ կա՝ հեղափոխական և էվոլյուցիոն:
Էվոլյուցիոն ճանապարհի վրա հույս դնել չի կարելի. նախ մենք չգիտենք, թե երբ կհագենան մեր շնագայլերը, և արդյո՞ք երբևէ կհագենան դրանք, և երկրորդ, եթե նույնիսկ դա տեղի ունենա, կպահանջվի մի քանի սերնդափոխություն: Հեղափոխական ճանապարհը նույնպես մեզ համար չէ. նախ մենք տեսել ենք կուլակաթափություն, աքսոր, եղբայրասպան բախումներ, անմեղ զոհեր, մանավանդ որ հանրապետությունը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ: Մնում է հույսերս դնենք մեր ազգի ողջախոհության վրա: Կոռումպացված իշխանությունները, որպեսզի վերջնականապես չկործանվեն, չպետք է կտրեն այն ծառը, որի վրա բախտի բերմամբ թառել են։
ԱԺ-ն օրենք պետք է ընդունի նրանց դեմ, ովքեր ինչպես «շունը խոտի դեզին» ձեռք են բերել (տարբեր ձևերով) լայնածավալ հողահանդակներ, տարբեր գործարաններ, արտադրություններ, սպասարկման միջոցներ և չեն աշխատեցնում, պահում են հոգապահուստ՝ որպես կապիտալ:
Գույքահարկի տասնապատիկ-քսանապատիկ ավելացումը կստիպի ոչ կոմպետենտ տերերին աշխատացնել դրանք թեկուզ վերապրոֆիլավորումից հետո՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Գույքահարկի հարաճուն և հետևողական աճը, հատկապես չաշխատող հիմնարկ-ձեռնարկությունների նկատմամբ (նույնիսկ եթե հսկայածավալ գործարանի 1 արտադրամասն աշխատում է, իսկ 8-9-ը կանգնած են տարբեր պատճառներով, ապա մեկի համար հարկը թողնել նորմայի սահմաններում, իսկ մնացածի համար դարձնել անտանելի) այնքան ժամանակ, որ շնաձկները ստիպված հետ տան հափռածը, այսինքն՝ վաճառեն դրանք: Այդ դեպքում միայն խաղի մեջ կմտնեն սակավ կարողությունների տեր հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ (որոնք այդ անարդար բաշխման պատճառով զրկվել էին սեփական գործունեություն ծավալելու հնարավորությունից)՝ ստեղծելով նորանոր աշխատատեղեր, ինչը և կկասեցնի արտագաղթը: Եթե դա էլ չօգնի, ապա մենք հույսներս կդնենք փայտահատների աշխատանքի հմտության վրա, երբ գերանի միջից սեպը հանվում է սեպով: Ճիշտ նույն կերպ, մեր արտագաղթը կկասեցվի արտագաղթի միջոցով: Հարաճուն արտագաղթը հանրապետությունում կհանգեցնի նրան, որ մեզ մոտ կիջնի անշարժ գույքի, բնակարանների արժեքը, աստիճանաբար կվերանան գործազրկությունն ու աղքատությունը, այնուհետև կառաջանա նաև աշխատուժի պահանջարկ: Եվ քանի որ ներկայումս գոյություն ունեցող աշխատավարձով ոչ մի հետամնաց երկրից մեզ մոտ աշխատելու համար ներգաղթյալներ (նույնիսկ Աֆրիկայից) չեն դիմի, այդ պատճառով ազգային և օտարազգի կապիտալիստները ստիպված գրպանները կբացեն, բարձրացնելով աշխատավարձերի չափը:
Հետևաբար բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե արտասահմանում ո՛չ խտրականություն, ո՛չ ստորացում և ո՛չ էլ կաշառակերություն կա, իրենց այնտեղ գրկաբաց են ընդունելու՝ բախվելով դառը իրականությանը, կփոշմանեն և հետ կվերադառնան, արդեն ունենալով հնարավորություն՝ մեկ բնակարանի փոխարեն գնելու երկուսը, ստանալու նորմալ աշխատավարձ և արժանավայել կյանքով ապրելու իրենց հայրենիքում: Իսկ բոլոր նրանք, ովքեր, արհամարհելով ներգաղթյալների նկատմամբ ցուցաբերվող նսեմացման դեպքերը, կհամակերպվեն դառն իրողության հետ՝ մտածելով, որ օտարի հող է, այդպես էլ կլինի։ Հետագայում արյան կանչով նրանց ժառանգները կվերադառնան հայրենիք, իսկ ծնողները նոր լիցք կհաղորդեն գաղութների կյանքին ու գոյատևմանը:
Ոմանք գուցե առարկեն. «Բա հայրենի՞քը, ծննդավայրի կարո՞տը»: Լիովին կիսելով այդ մտահոգությունը, պետք է ասեմ, որ համաշխարհայնացման այս դարում կոսմոպոլիտ շատ մարդկանց համար հայրենիք-ծննդավայր հասկացությունները վերացական կատեգորիա են, նրանք նույնիսկ (լինեն աղքատ, թե հարուստ) սեփական ծնողներին կարող են, առանց խղճի խայթ զգալու, ծերանոցում տեղավորել:
Եվ վերջապես, գուցե այս արտագաղթը կատարվում է վերինի հրամանով: Մեր հազարավոր հայրենակիցներ ուղղորդվում են այլանդակության ուղին բռնած տարբեր երկրներ, որպես առաքյալներ քարոզելու քրիստոնեական դավանանքի պատգամները՝ սեփական համեստությամբ, կամեցողությամբ, ժուժկալությամբ, ճշտապահությամբ, բարեգործություններով, հոգատարությամբ համբերատար դարձի բերելու շեղվածներին։


Վիուլ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 25881

Մեկնաբանություններ