Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Փորձեք կործանել այս ցեղը, շունշանորդինե՛ր»

«Փորձեք կործանել այս ցեղը,  շունշանորդինե՛ր»
20.12.2013 | 11:12

Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«…Ասացեք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված։ Կործանեցեք Հայաստանը, տեսեք` կկարողանա՞ք։ Իրենց տներից քշեցեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները։ Տեսեք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն։ Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞... Ջանացեք, տեսեք` կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ...»։
Ինչո՞ւ, ինչո՞ւ եղեռնվեցինք ոչ միայն 1915-ին, այլև դրանից առաջ ու հետո, ամբողջ 23 տարի։ Ես էլ եմ տեսել անապատը, անապատի ավազը, անապատի արևը, Եփրատ գետը, տեսել եմ ավազուտների կնճիռներում գիշերները ֆոսֆորացոլ էն ոսկորները, որ մանկանց է կոչվում։ Հավաքել էին արցունքոտ մատներով, կիտել, լցրել էին ճամպրուկների մեջ, որ դնեն Դեր-Զորում կառուցվող եկեղեցու հիմքում։ Մանկանց ոսկորներ։ Սի՞րտ կդիմանա։ Եփրատ` սուրբ գե՞տ կդիմանա։ Բանաստեղծ Վահագն Դավթյա՞ն կդիմանա։ Ասմունքող Սիլվա Յուզբաշյան և ունկնդի՞ր կդիմանան։ Բիթլիսցի Վիլյամ Սարոյա՞ն կդիմանա, որը մոտ ու մոտիկ Հայաստանը թողած` հեռո՜ւ հեռավոր Ամերիկայում գրում է. «Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնայք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում որպես իրենց երկրում են ապրում։ Եվ Ամերիկա էլ չկա, պարոնայք, Անգլիա էլ չկա, Իտալիա էլ չկա - միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք»։ Շատ բան` մեզ ինչ։ Եվ նույնիսկ` «մե՜զ ինչ անգամ բռնապետությունները։ Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն։ Աշխարհում կան բաներ, որ փոխելն անհնար է»։
...Եվ նաև հարյուր տարի է, որ մենք իրար մեր վերջին հողակտոր Հայաստանում ու աշխարհի տարբեր ճամփաներում, երկրներում, քաղաքներում իրար հանդիպելիս հարցնում ենք` բնիկ որտեղացի՞ ես, նախնիներդ որտե՞ղ են ապրել։ ՈՒ ամենուր մտածել ենք` տեր Աստված, չկորցնենք մեր հայությունը։ Երկիրը կորցրինք, ի՜նչ ժողովուրդ կորցրինք, գոնե լեզուն չկորցնենք, միայն լեզվով, լեզվի ծաղկած հաղթանակով կլինի մեր վերադարձը մեր տուն։ ՈՒ հիմա մեր վերջին հողապատառի վրա մենք մեր լեզվով իբր թե կանք ու առանց ջարդ ու կոտորածի, առանց յաթաղանի, առանց Դեր-Զորի անապատների բռնում ենք ո՞ւր-ուրե՞ր տանող ճամփաները ու, ասես, երկնքից, հիշողության համար մեր գլխին է ընկնում Արմին Թ. Վեգների հայամռունչ վերնագրով գիրքը. «Ճանապարհ առանց տունդարձի»։
Առաջին տունը ե՞րբ ենք ունեցել, առաջին առուն ե՞րբ ենք ունեցել, ե՞րբ ենք ունեցել առաջին սարը, Աստված ե՞րբ է տվել հային իր սահմանքը, բայց հիմա մենք, ասես, կամովին լքում ենք մեր դժվար տունը, դժվար հողը, դժվար տան ու դժվար հողի լեզուն։ Լքում ենք մենք մեզ։
Հեռու հեռվից ո՜նց ենք կարոտում։ Ծանոթ-հարազատ ձեռագիր է. էստեղից` իր տուն-հայրենիքից հեռացողը, թեկուզ մամռոտած քար լինի, չի կարող կարոտից աչքը բացել, սիրտը ծակելով վեր չթռչել տեղից։ Երկրորդ սերունդը սիրապակաս կլինի։ Երրորդ սերունդը մի օր կմտածի նախնիների` իր պապերի տան, ծննդավայրի մասին։ Սարոյանի նման չէ, բայց հենց իր նման կգնա ու կտեսնի, ինչպես մենք ենք հիմա գնում Արևմտյան Հայաստան։ Եվ ինչո՞ւ հենց Արևմտյան Հայաստան։ Պարզապես Հայաստան, պարզապես Հայոց ոստան։ Մարդիկ հասնում են Կիլիկիա։ Ասում ենք` մերն են եղել, հազարամյակներ շարունակ` Մուշ, Սասուն ու Վանը հայկական հող են։ Միայն ուժեղ հող ունեցող ազգը կարող էր ծնել իր վիպերգը։ Տե՜ր Աստված, մի ձեռքով չէ, երկու ձեռքով, հենց երկու սրտով էիր մեզ Հայաստան տվել։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա` ինչո՞ւ չկարողացանք պահել։ Թշնամին կարող է նենգ լինել, ստոր լինել, խորամանկ լինել, բայց չի կարող ուժեղ լինել։ Նժդեհի համար, ավելի ճիշտ, Նժդեհի աչքին չէր երևում և ոչ մի ուժ, որ փորձեր Նժդեհին ու նրա գաղափարաբանությունը, Նժդեհը չէր կարող իր Խուստուփը թողնել, իր Լեռնահայաստանը թողնել, թե բաշիբոզուկներ է տեսնում։ Նա կարողացավ գյուղացու աչքերի մեջ, լեզվի վրա, սրտի խորանում ու հոգու անդաստանում Հայոց պատմություն ծաղկեցնել։ Նժդեհյան ցեղակրոնությունը պիտի ուսմունք դառնար Զանգեզուրում։ Նժդեհյան ուսմունքը զորեց Արցախում։ Ի՜նչ տղերք-հայոգիներ հառնեցին։
ՈՒ հիմա, զարմանալի ու զարմանալու բան. խաղաղասեր հայը, իր տան, իր հողի, իր լեզվի պատիվը պահող հայը ոնց որ ինքն իրեն թշնամացել է ու անաղմուկ, դավադիր, խելապակաս կռիվ է սկսել ինքն իր դեմ։ Իշխանավորդ հայ է, հագուկապը տեղը հայ է, խոսում է հայերեն, երդվում է հայերեն, խոստումներ է տալիս հայերեն ու քեզ խաբում-խփլստորում է հայերեն։ Չես էլ ուզում հասկանալ` քանի տեսակի-սորտի-ջուռի հայ կա մեզանում։ Եռագույն ենք ասում մեր դրոշին ու բոլոր գույներով կրակում մեր դրոշի վրա։ Եթե չենք հարգում օրենքը, անկախություն երազած ու անկախության ուղին բռնած երկրում եթե հակասահմանադրական քայլեր ենք կատարում, եթե նույն օրենքը չի տարածվում անտեր աղքատի ու զեխված հարուստի վրա, ուրեմն մի՛ փորձիր լավ բան սպասել, թեկուզ օրը հազար անգամ լսես` վերջը լավ կլինի։ Աշխարհի վերջը լավ կլինի, թե լավ չի լինի, դա անգամ նորին մեծություն աշխարհաստեղծը չգիտի, ինչ մնաց, որ սովորական մահկանացուներս իմանանք։ Բայց գիտենք, որ մեր տունը, որ հենց աշխարհի տունն է ու հենց աշխարհն է, հենց ինքը` մարդն է քանդում, նույն աշխարհն է իր ձեռքով քանդում իր հունը։ Ամեն մարդ պարտավոր է մտածել իր տան ու աշխարհի մասին։ Տունը հենց մարդն է, մարդու աշխարհն է։ Ճանապարհին մնացած շատ ազգեր, լեզուներ կան։ Եթե էսպես շարունակվի (Աստված չանի), ապա ճանապարհին մի մնացողն էլ մենք կլինենք։ Պետք չէ մեղքը բարդել ուրիշի վրա։ Ինչո՞ւ դու չես տեսնում, չես զգում քո, թեկուզ չերևացող, մեղքը։ Ինչպես է պատահում, որ մարդ կոչվածը հոշոտում-խժռում է ինքն իրեն։ Աշխարհում ամեն մեկն իրեն հուզող հարցերն ունի։ Մարդու նման հենց երկիրը, ժողովուրդն իրենց հարցերն ունեն։ Հայ մարդ կոչվածիս հուզող հարցը հարցականվում է ու տկարացող աչքերիցս սուզվում տագնապող սրտիս մեջ։ Ինչո՞ւ ենք կորցնում մեր տունը։ Մի՞թե խելքներս գլխներիցս առել են։ Ոչ մի թշնամի զենք ու զրահ չի կապել ու չի ասել` գնում եմ Հայաստանն ավերելու, գերելու։ Զենք ու զորքից առաջ վախն է սահմանը խախտում ու մտնում մարդու տուն, հոգի, հենց երկրի հողի մեջ։ Եթե օտարի սարսափելի վախը մտավ հողիդ մեջ, արդեն վերջ։ Եվ ավելի սարսափելի է, երբ էդ վախը սերմի նման շաղ են տալիս հենց հայ կոչվածները։ Վատ օրինակ բերեմ։ Ցույց տվեք, խնդրեմ, մի կենդանի արարած, որը չի մտածում իր տան, իր զավակի մասին։ Հենց հավի խելք ունեցող հավը։ Հավը եթե թուխս է նստել, ճտեր է հանել, զգում է, որ նրանց կյանքի համար ոչինչ չի խնայի։ ՈՒ թե հանկարծ իր քուջուջ անելու ժամանակ իր վրայով սահի ուրուրի ստվերը, տեսնել է հարկավոր, թե նա տագնապի ինչ փող է հնչեցնում։ ՈՒ նրա ձայնի վրա ինչպես են հավաքվում դեռ թևերը չամրացրած ճուտիկները։ Նետվում են դեպի մայրը, մտնում նրա թևերի տակ։
Հիմա ուրուրը չէ, վիշապն է երևում մեր աչքերի դեմ։ Ավելի պարզ, այսօր իշխանավորները ժողովրդի հետ վարվում են էնպես դաժանորեն, որ մարդը լքում է ինքն իրեն։ Ինքն իրեն, ասել է` իր տունը, իր կենսագրությունը, իր պապերի ձայնը, իր հպարտությունը։ Մեկ էլ զգում ես, որ դու քո տանն անգամ խորթ զավակ չես, էլ ինչ մնաց, որ տեր լինես։ Դու չես կարողանում գողանալ, որովհետև զուրկ ես գողանալու վսեմ արվեստից։ Ամեն մի շնորհ Աստված է տվել։ Ինձ չի տվել` ի՞նչ անեմ։ Հաշտ չեմ ինքս ինձ հետ։ Էլ ո՞ւր մնաց հաշտ լինեմ տիրող կարգերի հետ։ Մեր աշխարհը լցվել է աղքատների ու ծայրահեղ աղքատների հզոր բանակով։ Ասում են` հույսը վերջինն է մեռնում։ Հույսի տված վերջին ցլանգ հույսով ես մի բացուխուփ նամակ էի գրել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Անկեղծ նամակ էր` լույս դառնա` նախագահին չհասավ, նշանակում է` ճանապարհին մահացավ։ Գոնե էն աշխարհում կպարծենար, թե վերջին շնչում անձամբ տեսել է ՀՀ նախագահին, զգացել նրա մատների ջերմությունը, տեսել էն աչքերը, ուրկից` անձամբ նախագահի հոգուց ու սրտից քամված արցունքներ են կաթել հայոց բողոքավոր-ճշմարիտ-խնդրատու բառերի վրա։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում։ Իմ ես-ի մեջ հարյուրհազարավոր ինձնմանները կան, մարդիկ, հայ մարդիկ, որ հածում են ավազա(կա)հանքի գերիների պես ու... Ժողովուրդը ոչ միայն հացի փող չունի, վախենում է ոչ միայն վաղվա օրից, թե ինչ է անելու, այլ հենց ներկա պահից։ Եվ ես չէ, անվանի սոցիոլոգն է ասում ու գրում` Հայաստանում ժողովրդի քսան տոկոսը սոված է քնում ¥գոնե երազում ուտի և կուշտ արթնանա¤։ Մտածում էի, որ լրտուները տեղյակ կպահեն բազմազբաղ նախագահին, թե էսպես ու էսպես, մի թոշակառու գրող տաքուհով է լինում, անգամ ասում է` ստեղծենք հայ ժողովրդի ու Հայաստանի փրկության կոմիտե։ Բայց ո՞ւմ ցավն է կտրել։ Դու էլ գիտես, որ վերևներում նստած ամեն շնչակալ աթոռավոր լավ գիտի, որ նման անկախություն չի լինում, որ մարդկանց հոգիներում տագնապի փող է հնչում, որովհետև ամեն օր ու ժամ դատարկվում է Հայաստանը, ազգովի, մեծ ու պուճուր, աղքատ ու հարուստ նույն հարցին ուզում են պատասխան գտնել` ո՛ւմ է ձեռնտու Հայաստանը` առանց հայերի։ Ասածները լսող չկա, գրածները կարդացող չկա։ Անտանելի մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ըստ շատ մոտ կանգնած հավաստի աղբյուրների, խոստացել է թոշակի անցնելուց հետո արանքը ճղել, ժամանակ գտնել ու կարդալ տալ հայոց վերջին պատվարժան ծովակալ Զորի Գայկովիչ Բալայանի «Բաց նամակը», որը, պարզ է, խոսուն վկայություն կդառնա հայ և ռուս ժողովուրդների դարավոր անխախտ եղբայրության։ Իսկ սրանք ոչ միայն թոշակի անցնելուց հետո, այլև էն աշխարհում էլ չեն կարդա իրենց հղածո-ուղղվածո նամակը, որովհետև ի՜նչ կռիվներ են տալու, ինչպես ասում են գրաբար` մարտաբոյ։ Որովհետև բոլորին թվալու է, թե շատ աշխատեցին ազգի համար, բայց քիչ փայի արժանացան։ Պիտի մամուլի ասուլիսներ լինեն էն աշխարհում։ Դնչկալով իշխանավորները դժգոհելու են իրենց դժխեմ բախտից։ Ասում են, թե աղքատության տոկոսը հասցրել են 35 տոկոսի։ Իսկ ինչո՞ւ չեն մտածում, որ ի վիճակի էին դարձնելու 51 ու ավելի տոկոս։ Ինչո՞ւ են ասում, թե հայոց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը միայն 2011-ին որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 278 մլն դրամ և 2 միլիոն 980 հազար ԱՄՆ դոլար։ Կնամեծարի տիկնոջ անունով նույն թվականին հայտարարագրվել է 188 մլն դրամ և 2 միլիոն 765200 ԱՄՆ դոլար։ Աճող կադրերը ոչնչով հետ չեն մնում իրենց պապաներից։ Օրինակ` օրնիգլուխ աճող Արմեն Գևորգյանը, որը հանդես է գալիս որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, հետն էլ` փոխվարչապետ, միայն 2012-ին հայտարարագրել է 3 մլն դրամ, 30000 ԱՄՆ դոլար, իսկ կնոջ կշեռքի միայն մի նժարին 2012-ին դրել է 250000 ԱՄՆ դոլար... Այ քեզ կնամեծարություն... Անուննե՜ր, անուննե՜ր...
Էս ի՞նչ ալան-թալան է, Տեր Աստված, էս ի՜նչ կոռուպցիա է։ Եվ հայոց կոռուպցիոն բուրգն ավելի բարձր է, քան եգիպտական ցանկացած բուրգ։ Եգիպտական բուրգերի գրպաններում փոշի է, թեկուզ հազարամյակների, իսկ հայոց կոռուպցիոն բուրգը մեծահարուստ է. հեշտությամբ խժռում, կուլ է տալիս ավելի քան 1,7-1,8 մլրդ (միլիարդ ԱՄՆ դոլար։ Երկրաքանդ ու տնաշեն ԱՄՆ դոլար` ինչե՜ր չես անի դու, եթե ընկնես չտեսների, ագահների ձեռքը)։
(... Հնչեց դռան զանգը. թոշակս բերեցին. 41 հազար դրամ։ Չէ, դոլար չկա։ Հայտարարագրելու կարիք չկա։ Ստացիր ու... գետինը մտիր` դեղատո՞ւն գնաս, բժշկի՞ գնաս, ջհանդա՞մը գնաս... Ձեռս պակաս, ուժս պակաս... Վա՜յ...)։
Հայաստանը դատարկվում է... Նման անկախությո՞ւն է լինում։ Բայց ո՞վ ասաց, թե Հայաստանն աղքատ երկիր է։ Աղքատ երկրին որտեղի՞ց էսքան հարուստներ։ Հարուստներ, որոնք քափ-քրտինք մտած` դիզել են, դիզում են, դեռ տեղ ունեն` կդիզեն։ Արժանացել են նաև շքանշանների։ Ամրակայել են հայոց պետականությունը, կուլ են տվել դրամաշնորհներ։ Հարստացել են, տռզել են, բայց միշտ էլ տեղ ունեն։ Հիմա էլ պետք է բարձրանա նրանց աշխատավարձը։ Ես, որ իրավունք ունեմ ազատ խոսքի, ասում եմ. թող որ էլ ավելի բարձրացնեն պետական չինովնիկների աշխատավարձը, բայց միայն էն պաշտոնյաների, որոնք կամ ովքեր զրկված են կաշառքալափումի սրբազնագույն իրավունքից։ Իհարկե, չորի հետ գեջն էլ է վառվում։ Ոչինչ, որ վառվողը ժողովուրդն է։ Կայծակի պես իջած հրաման է` դատարկել Հայաստանը։ Անապահով Հայաստանի ու նրա անապահով ժողովրդի վզին նստած ապահով իշխանավորները շարժվում են էնպես, ինչպես թելադրում են նրանց դրսի տերերը։ Շեկ անապատի օրդուները սև... Էս ինչ օյին խաղացին երկրի, ժողովրդի գլխին։ Անապատվում է Հայաստանը։ Էլ կարիք չի լինի անցնելու Դեր-Զորի անապատներով։ Կիսաանապատային քաղաք է դարձել Երևանը։ Եվ ամեն առիթով, շուտ-շուտ, վրա-վրա տված ասում են` եթե, Աստված չանի, 9, 10, 11-բալանոց երկրաշարժ լինի Երևանում, ապա Երևանից բան չի մնա. միայն կենտրոնում կունենանք 300 հազարից ավելի զոհ, բնակֆոնդի 80 %-ի ոչնչացում։ Նորից ասեմ` հավի չափ էլ խե՞լք չունենք, որ էդ լսելով, վեր չկենանք ու պո՜ւկ չփախչենք մեր խեղճ վաթանից։ Եվ ամեն ինչի համար փող կա, ամեն գյադա-գյուդա իշխանավորի համար միլիոններով փող կա, բայց անբախտ շենքերի ու նրա բնակիչների փրկության համար գումար չկա։ Հայոց մեծ եղեռնից հրաշքով փրկված ու տարբեր երկրներում ու ամերիկաներում սթրված հայորդիների ժառանգներից ու հենց Հայաստանից, հենց էս իշխանավորներից փախած հայորդիներից կարելի է Համահայկական հիմնադրամի աղերսանք-պաղատանքներով փողահավաք կազմակերպել էս-էս-էս նպատակների անվան տակ, ու դրանք էլ լափել, ինչպես շորթել-լափեցին երկրաշարժից տուժած Հայաստան ուղարկված միլիարդները։ Տեսնես ի՜նչ ցեղախմբի մնացորդներ են էն լափողները, ամեն ինչ հոշոտողները, ոչնչացնողները։ Նրանք, ովքեր կարող են զնդանել նրանց, ովքեր արյուն չխնայեցին Արցախ-Հայաստանի համար։ Կողոպտվում են ոչ միայն Հայաստանի ընդերքը, դպրոցը, լեզուն, այլև հավատը։ Արտագաղթում է ոչ միայն ներգաղթի սովոր հայ ժողովուրդը։
...Եվ` նորից հառնում է Վիլյամ Սարոյանը։ Եվ նրանց դեմ, ովքեր ուրիշների, հենց հեռուդրսերի թելադրանքով կործանում են պատմական Հայաստանից` Հայոց բարձրավանդակից հրաշքով փրկված ու երկիր Հայաստան դարձած էս ափ մը հողը, պարզել Սարոյանի գիրը, որը երբեք էլ չի ուղղված միայն թուրքին ու թաթարին, ու մոնղոլին, ու սելջուկին, ու նրանց, ում արյան երակներով հոսում ու ամեն օր նորոգվում է թշնամու արյունը. «Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կուզենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը... Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված։ Կործանեք Հայաստանը, տեսեք` կկարողանա՞ք։ Իրենց տներից քշեցեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները։ Տեսեք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն։ Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞... Ջանացեք, տեսեք` կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ...»։
Լսում եմ Սարոյանի ձայնը, արտագրում եմ նրա թելադրածը, բայց և սահմռկում եմ` վախենում եմ «մայրենի լեզվով» ծիծաղող հայորդիների մասին մեկնումեկը մի տեղ ասի. «Դարերի ընթացքում, հազարամյակների ընթացքում ոչ մի հզոր, գերհզոր տերություն, ցեղ, վայրենի չկարողացան ոչնչացնել հային, բայց 21-րդ դարում կարողացան հայը ջնջել հայով։ Վախենում եմ ու տեսնում անապատացող մեր հոգու սև ավազը։ ՈՒ ձեռքս մեկնում եմ Լեռանը, ու ամեն ինչ տեսած Լյառն ասում է.
-Փորձեք կործանել այս ցեղը, շունշանորդիներ:
Աստված իր Շունչը գիր է դարձրել Նոյյան տապան էս հողի վրա»։

Դիտվել է՝ 149467

Մեկնաբանություններ