Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին

«Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին
24.12.2013 | 02:02

(սկիզբը` այստեղ)

Բայց քրդերի ինչի՞ն է պետք Հյուսիսային Իրաքում անկախ Քրդստանը առանց նավթի, գազի և այլ պաշարների։ Չէ՞ որ Բարզանիի և Աթ-Թալաբանիի կլանները նույնպես չեն ուզում հավերժ կախման մեջ լինել ԱՄՆ-ից և Իսրայելից, հույս ունեն աստիճանաբար ավելի ինքնուրույն դառնալու տարածաշրջանային քաղաքականության հարցերում։ Իսկ Հարավային Իրաքի շիադավանների պահանջներն անփոփոխ են. քրդերն անկախությո՞ւն են ուզում։ Խնդրեմ, թող գնան, բայց առանց նավթի ու գազի, առանց վիճելի տարածքների։ Այսինքն, այստեղ փոխհամաձայնությունը Իրաքի շիականների (մեծ հաշվով` առհասարակ Իրաքի արաբների) հետ և, հետևաբար, Իրաքյան Քրդստանի անկախացումը միաժամանակ, ենթադրական ապագա անկախ Իրաքյան Քրդստանին լիակատար ու մշտական կախման մեջ կդնի առանց բացառության բոլոր արտաքին գործոններից` առաջին հերթին Թուրքիայից, ապա նաև ԱՄՆ-ից ու Իսրայելից։ Քանի որ առանց իր նավթի ու գազի Իրաքյան Քրդստանը կդառնա նույնպիսի թվացյալ անկախ, իսկ իրականում կիսաօկուպացված կամ նույնիսկ օկուպացված գաղութ։ Դատելով քրդական լրատվամիջոցների հրապարակումներից, մասնավորապես Բարզանիի և Աթ-Թալաբանիի կլանների ներկայացուցիչների մեջբերվող հայտարարություններից, իրենց` Իրաքի քրդերին, այդ հեռանկարը դուր չի գալիս։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ չնայած ահա արդեն երկու տարի տարածվող այն կիսահրապարակային հայտարարություններին, թե իրանական Նովրուզի տոնակատարության օրերին Իրաքյան Քրդստանը կհայտարարի իր պետական-քաղաքական անկախության մասին, Էրբիլն այդպես էլ չի շտապում դեֆակտոն վերածելու դեյուրեի։ Պատճառն այն չէ՞, որ 2013-ի փետրվարին Իրաքյան Քրդստանի մի շատ ներկայացուցչական պատվիրակություն համարյա 10 օր այցով եղավ Ռուսաստանում, այցելելով Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և բանակցություններ վարելով Ռուսաստանի բազմաթիվ պատասխանատու պաշտոնատար անձանց ու պետական գերատեսչությունների հետ, սկսած ՌԴ ԱԳՆ-ից։
Սա, ընդհանուր առմամբ, թուրք-քրդական բանակցությունների ֆոնն է։ Եվ ցույց է տալիս, որ այն ուժերը, ասենք, պաշտոնական Երևանում, որոնք, նախ, չեն ձգտում գոնե շահագրգռություն ձևացնել Իրաքյան Քրդստանի և թուրք-քրդական բանակցությունների առնչությամբ, և, երկրորդ, իրենք են խցկվում ժամանակակից Թուրքիայի շուրջ ընկած տարածությունները «նեոօսմանացնելու» հերթական փորձի հետ կապված իրադարձությունների հորձանուտ, խիստ սխալվում են, վստահելով ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությանը։ Մյուս կողմից, նույն ֆոնը ցույց է տալիս, որ եթե անգամ ժամանակակից Ռուսաստանի ղեկավար կազմում մեկը չկա, որ ցանկանար «վերագնահատել» տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ քրդական քարտի հերթական խաղարկումը, ապա այդ դեպքում տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունն ինքն է բառացիորեն նետվում Մոսկվայի գիրկը, քանի որ քրդերն իրենք հաստատ չեն վստահում ո՛չ ԱՄՆ-ին ու Իսրայելին, ո՛չ էլ, առավել ևս, Թուրքիային։ Թեև նույն այդ Փ. Գելբրայթը իրաքցի քրդերին թախանձագին խնդրում է, փաստորեն, «ձուլվել» Թուրքիային։ Ընդունելով, որ հաջողության համար քրդերը պիտի ստիպեն Թուրքիային ճանաչելու անկախ Քրդստանը, ամերիկյան հատուկ ծառայությունների հավատարմատարը և «Իրաքի վերջը. ինչպես ամերիկյան անձեռնահասությունը անվերջ պատերազմ ստեղծեց» աղմուկ հանած գրքի հեղինակը նշում է այն պատճառը, որով Վաշինգտոնում իր ներկայացրած շրջանակները մտադիր են իրաքցի քրդերին հրել Անկարայի գիրկը. «Թուրքիան դրական է վերաբերվում այն իրողությանը, որ առկա է Քրդստանում, և մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) գործընկերն է առևտրի ու ներդրումների ոլորտում, Թուրքիան ջանում է կառուցել մի քանի խողովակամուղ, որոնք Քրդստանը կդարձնեն տնտեսապես անկախ, և նրանք միևնույն նպատակներն ունեն Սիրիայում»։ Ընդ որում, նա կարծում է, որ եթե ՔՏԿ-ն և, ապագայում, անկախ Քրդստանը ստիպված լինեն ընտրություն կատարելու Թուրքիայի և Իրանի միջև, ապա «ավելի լավ է» քրդերը լինեն Թուրքիայի հետ։ «Այնպիսի ոչ մեծ երկրի համար, ինչպիսին Քրդստանն է, կարևոր է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալը, բայց քաղաքականության, ինչպես նաև տնտեսության տեսակետից Քրդստանի համար ավելի լավ է մտերիմ լինել Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիան աշխարհիկ երկիր է և մոտ է Արևմտյան աշխարհին, իսկ Քրդստանն իրեն հենց այնտեղ է տեսնում»։ Վերջապես, Գելբրայթը վստահ է. «ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Քրդստանը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի լավագույն դաշնակիցն է»։
Ելնելով հենց միայն Գելբրայթի հայտնություններից, հասկանալի է դառնում, թե ինչու են ԱՄՆ-ն ու Իսրայելն այժմ այդքան շահագրգռված Թուրքիայում «քրդական հարցի լուծման» հաջողությամբ, այսինքն, Արևմտյան Հայաստանից ու Միջագետքից ՔԱԿ-ի պարտիզանների պարտադիր հեռացմամբ։ Այո, իրոք, այս իրանական Նավրուզին Աբդուլա Օջալանը իր զինյալներին դիմեց այն կոչով, ինչ նրանից պահանջում էին Թուրքիան, ԱՄՆ-ը և Իսրայելը։ Եվ Սելահետտին Դեմիրթաշն իրոք իր զինակիցների հետ Օջալանի այդ գրավոր կոչ-հրամանը հասցրեց Թուրքիայի և Իրաքի սահմանին գտնվող Կանդիլի լեռները, որտեղ այժմ տեղաբաշխված են ՔԱԿ-ի մի քանի պարտիզանական միավորումներ։ ՈՒ կարծես բավական երկար քննարկումներից հետո դաշտային հրամանատարները որոշում են ընդունել ենթարկվելու Օջալանի հրամանին։ ՈՒրեմն ի՞նչ։ Տարածաշրջանի հանրությունը հարկադրված պիտի լինի ընդունելո՞ւ ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի հաղթանակը քրդական քարտի խաղարկման գործում։ Եվ պատրաստվելու անխուսափելի «նեոօսմանացմա՞նը»` թուրք- քրդական դաշինքի վերականգնման դրոշի ներքո, իսկ հետագայում «Մեծ Քրդստանի» հռչակմա՞նը, քանի որ ամերիկացիներն ու իսրայելցիները, թուրքերի ու քրդերի հակասությունների խաղաղ կարգավորմանն ամբողջ նվիրվածությամբ հանդերձ, եթե հավատալու լինենք Գելբրայթին, քայլեր կձեռնարկեն Իրաքյան Քրդստանը մնացած Իրաքից պոկելու ուղղությամբ։
Մեր կարծիքով, ամեն ինչ այնքան էլ միանշանակ ու հստակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Նախ, բանակցությունների ընթացքում, նաև թուրք-քրդական երկխոսությունում, Օջալանի կոչից ու Դեմիրթաշի «մաքոքային առաքելությունից» հետո անչափ աճել է ՔԱԿ-ի զինվորական ղեկավարներից մեկի` Մուրատ Կարայըլանի դերը, որը միաժամանակ նաև Քրդստանի խմբակցությունների միության համանախագահն է։ Հենց նա է հայտարարել, որ քուրդ պարտիզանների դուրսբերումը կսկսվի ոչ թե անմիջապես Օջալանի կոչից հետո, այլ հենց մայիսի 8-ին։ Կարծում եմ, որ այդ քուրդ առաջնորդն իզուր չի ընտրել այդ խորհրդանշական ամսաթիվը գործողությունը սկսելու համար, քանի որ Արևմուտքում հենց մայիսի 8-ի հետ են կապում գերմանական ֆաշիզմի ջախջախմանն առնչվող ավանդական արարողությունները։ Իսկ Կարայըլանը, բացառված չէ, որոշել է Թուրքիայի հետ հաշտությունը համապատասխանեցնել այդ ամսաթվին, որպեսզի նմանություն լինի. մոտ է նաև տարածաշրջանում թուրքական նացիոնալ-ֆաշիզմի վախճանը։
Սակայն մինչ այդ հենց ինքը` Կարայըլանը, կասկածի սերմեր էր գցել այն հարցում, որ գործընթացը, որի հաջողության համար այնքան տոչորվում են ԱՄՆ-ը և Իսրայելը, իրականում կարող է դրական ավարտ ունենալ։ Եվ դա, ի դեպ, արձանագրել էին ամերիկացիները, առաջին հերթին ամերիկյան ազդեցիկ «New York Times» թերթի մեկնաբան Թիմ Արանգոյի գրչով` «Քրդական աշխատավորական կուսակցություն. զենքը ձեռքին խաղաղությանը կազմ ու պատրաստ» ապրիլյան ռեպորտաժում։ Ցավոք, Հայաստանում պատշաճ ուշադրություն չդարձրին այդ հրապարակմանը։ Եվ ափսոս։ Հոդվածում ամերիկացի լրագրողը շարադրել էր Մուրատ Կարայըլանի անմիջական վկայություններն այն մասին, թե ՔԱԿ-ի քուրդ դաշտային հրամանատարներն ինչպես են պատկերացնում թուրք-քրդական հնարավոր հաշտության ամբողջ գործընթացը։ Եվ այսպես, նախ, Կարայըլանը ամերիկացիներին հասկանալ է տալիս, որ իրենց` քրդերին, հաշտության ներկա գործընթացը պետք չէ. «Մեր անդամները կարծում են, որ իրենք կարող են արդյունքի հասնել պատերազմով»։ Երկրորդ, և այստեղ Կարայըլանը, երևում է, կրկնում է Թուրքիայի բոլոր քրդերի համար ընդհանուր խոսքը` Անկարան, բացի հեռացող զինյալներին երաշխիքներ տալուց, պարտավոր է Իմրալի կղզու բանտից ազատ արձակել Օջալանին, և Օջալանը պետք է մասնակցի քրդական խնդրի լուծման հետագա բանակցություններին։ Երրորդ, քրդերը չեն ընդունում նախնական զինաթափման պահանջները։ Եվ, վերջապես, չորրորդ, եթե թուրքերը խախտեն իրենց իսկ պայմանները (քրդերի անարգել հեռանալու մասին), ապա քրդերը կդադարեցնեն համագործակցությունը և իրենց իրավունք կվերապահեն պատասխան գործողությունների դիմելու. «Մենք ուզում ենք մեր խնդիրները լուծել բանակցություններով ու երկխոսությամբ։ Երբ բռնությանը վերջ դրվի, պետք է ձևավորվի ժողովրդավարական հասարակություն։ Սակայն եթե պատերազմը չի ավարտվում, ապա ես պատրաստ եմ էլի կռվելու։ Եթե դա տեղի չունենա, ապա մեծ պատերազմ կլինի»։
Նա վկայում է նաև, որ գործընթացը տևական կլինի` 3-4 ամիս։ Եվ դա արդեն ստիպում է չհավատալ թուրքական հատուկ ծառայությունների ու գլխավոր շտաբի տվյալներին, ինչին համակարծիք է նաև Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Սաֆրաստյանը, այսինքն` ՔԱԿ-ը անմիջականորեն Թուրքիայի ներսում ունի միայն մեկուկես-երկու հազար պարտիզան։ Օրինակ, նա վստահություն չունի Մ. Կարայըլանի այն տվյալների հանդեպ, թե իրականում բոլոր քուրդ պարտիզանների թիվը մոտ 20 հազար է. «Չեմ կարծում, թե ՔԱԿ-ի պարագլուխների այն հավաստիացումները, թե իրենք տասնյակ հազարներ են, համապատասխանում է իրականությանը», թեև վերապահում է, որ «պետք է ուշադրությամբ հետևել զորքերի դուրսբերմանը, դա անհրաժեշտ տեղեկություն կտա»։ Հասկանալի է, որ Անկարային միշտ ձեռնտու է եղել ՔԱԿ-ի քուրդ պարտիզանների թիվը նվազեցնելը, ինչպես որ ՔԱԿ-ի առաջնորդներին` չափազանցելու իրենց զինյալների թվակազմը։ Ինչպես ասում են, իրականում «ճշմարտությունը դրանց արանքում է», այսինքն, անաչառության համար ավելի լավ է մի ինչ-որ միջինացված ցուցանիշ վերցնել։ Եվ եթե հաշվի առնենք, որ Կանդիլի լեռներում իրաքա-թուրքական սահմանին ՔԱԿ-ի ճամբարներում ու թաքստոցներում անկախ դիտորդների ու անգամ թուրքական աղբյուրների վկայությամբ կա առնվազն հինգ հազար զինյալ, ապա, կարծում ենք, Թուրքիայում ՔԱԿ-ի մոտ 8-10 հազար զինյալների առկայության մասին տվյալը մոտ է իրականությանը և հավաստի է։ Համաձայնեք. նույնիսկ 2-3 մարդուց բաղկացած խմբերով ինչ-որ 1,5-2 հազար զինյալների դուրսբերման համար 3-4 ամիս պետք չէ։ Այլ բան է, եթե հետ է քաշվում, ընդ որում զենքով ու մարտական տեխնիկայով (իսկ դեռ 90-ականներին լուրեր էին տարածվում, թե Թուրքիայում ՔԱԿ-ի մի շարք ջոկատներ զինված են ըՁՀ-ներով), առնվազն 8-10 հազար մարդ, ապա դա մեկ ամսվա գործ չէ։
Ինչո՞ւ է այս հարցը կարևոր։ Նախ, որ թե՛ քրդերի, թե՛ թուրքերի կողմից Օջալանի կոչից հետո հնչեցին և հնչում են բազում երկյուղներ, թե կողմերից որևէ մեկը (թուրքերը կամ քրդերը) կարող է ձախողել հաշտության գործընթացը։ Էլ չենք խոսում այն արտաքին ուժերի հնարավոր ջանքերի մասին, որոնք շահագրգռված չեն ԱՄՆ-ի և Իսրայելի սցենարի իրականացմամբ։ Եվ ՔԱԿ-ի 1,5-2 հազար զինյալների դեպքում, իհարկե, Անկարայի հետ Օջալանի համաձայնության դիտավորյալ ձախողման հավանականությունը շատ ավելի քիչ կլինի, քան այն դեպքում, եթե նրանց թիվը 8-10 հազար լինի և Թուրքիայից դուրսբերման համար ամիսներ պահանջվեն։
Երկրորդ, մեծանում են, այսպես կոչված, «ճակատագրական պատահականությունների ու թյուրիմացությունների» դերն ու նշանակությունը։ Ինչպես տեղի ունեցավ մայիսի 11-ին Ռեյհանլի քաղաքի երկու տարբեր շրջաններում (քաղաքը գտնվում է Սիրիայի սահմանից ոչ հեռու` Հաթայի վիլայեթում, որը, ի դեպ, մի ժամանակ Սիրիայի տարածքն էր և 20-րդ դարի 30-ական թթ. վերջին զավթվեց Թուրքիայի կողմից)։ Այնտեղ տրաքեց պայթուցիկ նյութերով լցված երկու ավտոմեքենա։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարած տվյալների համաձայն (նա հայտարարել էր, որ «Ռեյհանլիի պայթյունները ազգային հաշտության հակառակորդների ձեռքի գործն է»), պայթյունի զոհ էր դարձել 20 մարդ, 46-ը` վիրավորվել։ Մամուլի հաղորդումների համաձայն, զոհվել էր առնվազն 40, վիրավորվել ավելի քան 100 մարդ։ Մենք Թուրքիայի կառավարության ղեկավարի գնահատականներում բացահայտ ակնարկ ենք տեսնում քրդերի, կոնկրետ ՔԱԿ-ի այն հրամանատարների ուղղությամբ, որոնք մինչև այս տարվա մայիս ասում էին, թե համաձայն չեն զորքերի դուրսբերմանը։
Երրորդ, մեծանում են սիրիական քաղաքացիական զինված հակամարտության դերն ու նշանակությունը։ Եվ ահա թե ինչու։ Նույն Էրդողանը, 2013 թ. գարնանը, խոսելով Ռեյհանլիի ողբերգության մասին, ակնարկեց նաև սադրանքի հավանականությունը, քանի որ խոսքը թուրք-սիրիական սահմանի մասին է։ Սահմանի մյուս կողմում սիրիական Ռաս-ալ-Այն փոքրիկ քաղաքում արդեն ամիսներ ի վեր պատերազմ է տեղի քրդերի ու տխրահռչակ «սիրիական ընդդիմության» միջև։ Բացի այդ, Հալեպում, Էլ-Ղամշլիում, Դեր Զորում տեղի քրդերը նույնպես զենք են վերցրել և կռվում են հենց Թուրքիայի խնամակալությունը վայելող «սիրիական ընդդիմության» դեմ, ընդ որում... տեղի հայերի հետ մեկտեղ։ Մի քանի բնակավայրերում էլ քրդերը միանգամայն ինքնուրույն էին պայքարում հանուն այն նույն ինքնավարության, որ նրանց շնորհել էր... Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Սա էլ էր, ի դեպ, արձանագրել ամերիկացի մեկնաբան Թ. Արանգոն Մ. Կարայըլանի հետ զրուցելիս։ Մեջբերեմ. «Որպես Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատների հրամանատար, Կարայըլանը ազդեցություն ունի, եթե չասենք իշխանություն, Սիրիայում խմբի ճյուղավորման, «Ժողովրդավարական միություն» կուսակցության վրա նաև, որը երկրում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր զենքը ձեռքին պաշտպանել է քրդական շրջանները»։ Նրանք և ուրիշ շատ քրդեր կարծում են, որ Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի, և Թուրքիայի մտերիմ հարաբերությունները կառուցվում են քրդերի հաշվին։ «Սիրիայում քրդերը կազմում են ավելի աշխարհիկ ու ժողովրդավարական մասը,- ասել է Կարայըլանը։- Այդուամենայնիվ, Արևմուտքը հարաբերություններ չի զարգացնում Սիրիայի քրդերի հետ։ Ինչո՞ւ։ Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով»։ Վերջապես, քրդական քարտի և Սիրիայում իրադարձությունների զարգացման հետ կապված երկյուղներ 2012 թ. վերջին արտահայտել էր նաև վերը քանիցս հիշատակված Փ. Գելբրայթը։
Բայց հիմա հարկավոր է ավելի շատ նայել ոչ այն բանին, թե ինչպես են դուրս գալիս (դո՞ւրս են գալիս որ...) ՔԱԿ-ի ջոկատները Թուրքիայից, ոչ էլ այն բանին, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի բոլոր ջանքերը` իրենց կողմը գրավելու Սիրիայի քրդերին, ձախողվել են։ Այլ այն բանին, որ, ըստ էության, Իրաքի արտգործնախարարության` մայիսի 9-ի` բրիտանական Reuters գործակալության տարածած հայտարարությունից հետո Իրաքի իշխանությունները դեմ են, որ ՔԱԿ-ի զինված ջոկատներն անցնեն իրենց տարածք։ Չէ՞ որ ստացվում է, որ Օջալանի կոչին հետևած ջոկատները Թուրքիայից գնալու տեղ չունեն։ «Իրաքի կառավարությունը անընդունելի է համարում զինված ջոկատների մուտքն իր տարածք, ինչը կարող է օգտագործվել Իրաքի և հարևան պետությունների անվտանգության ու կայունության վրա ներգործելու համար»,- ասվում է Բաղդադի հայտարարության մեջ։ Ընդ որում, չի հաղորդվում, թե արդյոք Իրաքի իշխանությունները կխոչընդոտե՞ն այդ գործընթացին, որը կարող է մի քանի ամիս տևել։ Բաղդադն առհասարակ չի վերահսկում հյուսիսային սահմանը, այն վերահսկում են իրաքցի քրդերը։ Այդուամենայնիվ, կասկած չկա, որ այդ հայտարարությամբ Նուրի-ալ-Մալիքի կառավարությունը և՛ Թուրքիային (ինչպես և ԱՄՆ-ին ու Իսրայելին), և՛ քրդերին հասկանալ տվեց, որ Իրաքը մտադիր է այդ հարցում հաշվի նստել հարևան Իրանի դիրքորոշման հետ և, ըստ էության, տվյալ հայտարարությամբ Բաղդադն արտահայտել է Թեհրանի տեսակետը թուրք-քրդական գործընթացի վերաբերմամբ։ Անգամ եթե ուշադրության առնենք, որ Բաղդադը չի գնա ՔԱԿ-ի` Թուրքիայից դուրս եկող ջոկատների առջև խոչընդոտներ հարուցելուն, հաշվի առնելով Իրաքյան Քրդստանի նախկին պատմությունը, լիովին կարելի է պատկերացնել, որ արդեն ոչ միայն, ասենք, Կիրկուկի և Մոսուլի վիճելի տարածքներ, այլև նույնիսկ Իրաքյան Քրդստանի իրաքա-թուրքական սահման օպերատիվ կարգով կուղարկվեն... Իրանի արագ արձագանքման ուժերը։ Ընդ որում, իրաքցի քրդերը նույնիսկ չեն համարձակվի զինված դիմակայություն ցուցաբերել նրանց։ Իսկ Իրաքի իշխանությունները «չեն ցանկանա»...
Այն ժամանակ էլ... «կհասնեն» Սիրիայի քրդաբնակ տարածքների հարցերը։ Ավելացնենք, բացառված չէ նաև Լիբանանի Բեքսայի հովիտը։ Բանն այն է, որ այն տարիներին, երբ քրդական հարցը և ինքը ՔԱԿ-ը հովանավորվում էին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից, այդ կուսակցության հիմնական հենակետերն ու ճամբարները գտնվում էին ոչ թե Իրաքում կամ նույնիսկ Իրաքյան Քրդստանում, այլ հենց Սիրիայում և Լիբանանում։ Չենք փորձի ոչ ավելի խորանալ, ոչ էլ կանխագուշակել կամ կանխատեսել։ Քանի որ այն ամենը, ինչ վերաբերում է ժամանակակից Սիրիային ու Լիբանանին, դրանք ոչ միայն «արաբական գարունների արձագանքներն են», այլև աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքների, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ապագայի հարց։ Սակայն 2013 թ. աշնան վերջին իրավիճակը Սիրիայի հյուսիսում արմատապես փոխվեց։ «Սիրիական ընդդիմության» և օտարերկրյա վարձկանների ջոկատները հիմնականում ջախջախված են և ճողոպրում են Թուրքիա, որտեղ նրանցից շատերը ոչնչացվում են։ Եվ ահա մի երևույթ։ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանդես եկան ընդդեմ... Սիրիական Քրդստանի ինքնավարության։ Ընդ որում, սիրիացի քրդերին ուժգին սիրաշահում են ԱՄՆ-ն ու Թուրքիան, ասելով, թե դեմ չեն Սիրիայի քրդական համայնքի մասնակցությանը սիրիական հարցի կարգավորման «Ժնև-2» բանակցություններին` առանձին պատվիրակակազմով։ Միևնույն ժամանակ ահա արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ... Փաստորեն դադարեցված են թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործողությունները, ընդ որում, Անկարան ու քրդերն իրար մեղադրում են գարնանային համաձայնությունների կատարումը ձախողելու մեջ։
Այսպիսով, փաստերի ու իրադարձությունների, հրապարակումների ու տեղեկությունների «ճեպավերլուծության» միջոցով միանգամայն ակնհայտ է դառնում, որ քրդերը տարածաշրջանում վերստին հանդես են գալիս «ուղղորդվողների» դերում, իսկ ահա ինչի՞ են ուզում այս անգամ քրդերին մղել նրանց «առաջնորդները»։ Սա շատ աղոտ է նշմարվում։ 1914-23 թթ. թուրքերի ու քրդերի համատեղ գործողությունները ակնհայտ էին` հայերի և մյուս ոչ մահմեդականների ցեղասպանություն։ Այնուհետև քրդերին լիովին ուծացնելու և թրքացնելու բազմաթիվ փորձեր, որոնք ձախողվեցին մեծ մասամբ զազա ժողովրդի (ի դեպ, զազաները, այնուամենայնիվ, քրդեր չեն) 30-ական թթ. Դերսիմի ապստամբության ու ՔԱԿ-ի ստեղծման և այդ կուսակցության կողմից զինված պայքարի ձեռնարկման պատճառով։ Հիմա Սիրիայի օրինակով կարելի է միայն գուշակել, որ քրդերին կուզեին նորից դարձնել ցեղասպանությունների գործիք, այս անգամ ոչ միայն ընդդեմ հայերի ու մյուս քրիստոնյաների, այլև շիականների, ալավիների և դրուզների։ Իսկ հետևանքը` ընդդեմ Իրանի ու Ռուսաստանի, Կովկասի ու Իրանական բարձրավանդակի ուղղությամբ։ Բայց դա ամենաիսկական Գողգոթան է քրդական ցեղերի ու կլանների համար։ Բացի այդ, ամոթաբեր Գողգոթա։ Դրանից հետո քրդերը կարող են այլևս երբեք չվերակենդանանալ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ