Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Երեք մոգերի այցելությունը Հայաստան

Երեք մոգերի  այցելությունը Հայաստան
24.12.2013 | 01:35

Մինչ բուն նյութին անցնելը, հիշենք, որ Հիսուսի ծննդյան մասին մարգարեություն կար դեռ Նրա ծննդից 700 տարի առաջ, երբ Եսայի մարգարեն բարբառեց. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
Այս մասին շատերս ենք կարդացել Աստվածաշնչում, բայց հայորդիներից քչերն են տեղյակ, որ հայ ազգն ամենասերտ կապն ունի Հիսուսի ծննդյան ժամանակների հետ:
Քրիստոնեական աշխարհը երեք մոգերի մասին գիտի որպես մանուկ Հիսուսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, այցելած իմաստունների, բայց քչերս գիտենք, որ նրանք անմիջական կապ են ունեցել Հայաստան աշխարհի հետ։
Պատմական Հայաստանը նախկինում մերձ էր Հրեաստանին, մանավանդ Աբգար թագավորի ժամանակ: Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ ըստ Վարդան Արևելցու՝ նա առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք 12000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք, ըստ Ավետարանի խոսքի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին:
Այդ բերված ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին, քանզի ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես թագավորների Թագավորի։ Կնդրուկը խնկի ամենաանուշահոտ տեսակն է, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես երկնային քահանայապետի, և վերջապես զմուռսը, անուշահոտ մի նյութ, որով պատում են մահացածների մարմինը, ինչն արդեն խորհրդանշում է Հիսուսի մահը։
Ավետարանը նաև ասում է, որ մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց հետո մեկ այլ ճանապարհով գնացին իրենց երկրները։ Իսկ հայոց ավանդությունն ասում է, որ նրանք վերադարձին նորից Հայաստան եկան, որտեղից հետ գնալիս անցան մեր պատմական մի գավառով, որի անունը հետագայում անվանեցին Մոկս կամ Մոկաց (հիշո՞ւմ եք «Մոկաց Միրզա» համանուն երգը)։ Իսկ Մոկաց անունը մնացել է նույն «մոգ» բառից, որովհետև մոգերից մեկը՝ Գասպարը, հիվանդանում է, մահանում և թաղվում այնտեղ։ Հետագայում նրա գերեզմանի վրա Ամենափրկիչ անունով մի եկեղեցի են կառուցում։ Իսկ Ամենափրկիչը հենց Ինքը՝ Հիսուս Տերն է, Որին երկրպագելու էին գնացել երեք մոգերը։
Մոկաց գավառում Վարդանանց պատերազմից հետո այդ վայրում առանձնացել է Եղիշե պատմիչը ու այնտեղ էլ գրել է իր «Հայոց պատմությունը կամ Վարդանանց պատերազմի մասին» գիրքը։ Մնում է ավելացնել, որ Մոկաց գավառը գտնվում է Վանա լճի հարավային ափին, Ռշտունյաց գավառի մոտ։
Բեթղեհեմում այդ օրհնյալ գիշերը կատարվում է երկու պատարագ. առաջինը Հիսուսի ծննդյան, երկրորդը՝ հայտնության, երբ խաչը ջուրն են իջեցնում, այսինքն՝ Հիսուսի մկրտության առթիվ, այդ պատճառով, եթե ուշադրություն եք դարձրել, այս տոնը եկեղեցական օրացույցում այդպես էլ գրվում է. «Սբ. Ծնունդ և Աստվածհայտնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»:
Սուրբ ծննդավայրում միայն երեք ազգ իրավունք ունի տոնական արարողություններ կատարելու՝ հույները, լատինները և հայերը, այն էլ ամեն օր: Մնացած զորավոր կարծվածները միայն ունկնդիրների դերում են: Բայց ինչպես Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում է լարված փոխհարաբերությունների մեջ հայ և հույն հոգևորականությունը, նույնն էլ այստեղ է շարունակվում, որովհետև իրար չսիրող «քրիստոնյա եղբայր»-ների համար Սուրբ ծննդյան այրում «նեղվածք» է։ Ինչպես տեսաք և՛ «քրիստոնյա», և՛ «եղբայր» բառերը գրեցի չակերտների մեջ, որովհետև իսկապես չակերտավոր են երկուսն էլ, այսինքն՝ արտաքինից միայն, որովհետև այստեղ դարեր անդնդմեջ քրիստոնյա «եղբայրներն» իրենց տարածքների հաշիվներն են պարզել ու դեռ չեն վերջացրել։ ՈՒ չեն էլ վերջացնի, քանի դեռ չի վերադարձել տարածքի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Ով խոստացել է մեկ հոտ և մեկ հովիվ դարձնել Իր եկեղեցին։

Այդ Սուրբ գիշերը, երբ աշխարհի Փրկիչը ծնվեց, պատարագիչը, որ սովորաբար Երուսաղեմի հայոց պատրիարքն է լինում, Տիրոջ անունով և սուրբ Խաչով օրհնում է ներկաներին և հեռավոր Հայաստանի ժողովրդին, որ խաղաղ ու բարի օրերի արժանանա, ասելով.
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ,
և լսվում է պատասխանը.
ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ամանորի և Սուրբ ծննդյան օրվա առթիվ հայորդի ընթերցողներին, որպես քրիստոնեական հորդոր, խորհուրդ ենք տալիս ձեր տան պատերից չինական օրացույցի կենդանակերպի անմիտ ու տհաճ նկարներ չկախել։ Դրանք թող լինեն քրիստոնեավայել նկարներ, որ Տերն օրհնի ձեր տունն ու տեղը, և հաջորդ տարի բարի և խաղաղ օրերի արժանացնի։

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ