Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ժառանգությունում» մանդատ վայր դնելը ավանդույթ է դարձել

«Ժառանգությունում» մանդատ վայր դնելը ավանդույթ է դարձել
28.12.2013 | 14:53

Մինչ հայ-ռուսական գազային պայմանագրի հետ կապված քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկումներ են ծավալվում, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն մանդատները և կազմակերպեն համաժողովրդական անհնազանդություն, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը: Պատճառն, իհարկե, հայ-ռուսական գազային պայմանագիրը և դրա հետևանքով մեր ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեն: Պատճառը, ինչպես նշել է Թևան Պողոսյանը, խոհանոցային է, որն ինքը չի ուզում հրապարակայնացնել: Հայաստանում կյանքը ցույց է տվել, որ մանդատից որևէ ԱԺ պատգամավոր չի հրաժարվում սկզբունքային պատճառներով: Մանդատից հրաժարվելը միշտ էլ ունեցել է խոհանոցային պատճառներ, որոնք չեն բարձրաձայնվել սովորաբար: Մանդատ դնել-վերցնելու հարուստ փորձառություն ունի հենց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, տարեսկզբին ՀՀ Նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավանաբար հենց նա էլ այդպիսի ավանդույթ է ձևավորել իր հարազատ կուսակցությունում: Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ իր կուսակիցների տեղեկությունների, տևական ժամանակ է, ինչ բուժման նպատակով գտնվում է արտերկրում, և գոնե վերջին շրջանում նա չի արտահայտել հրապարակային քաղաքական դիրքորոշում: Թե ում կհասնի Թևան Պողոսյանի վայր դրած մանդատը՝ «Ժառանգության» հետ նույն դաշինքում գտնվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանի՞ն, թե՞ հենց «Ժառանգություն»-ը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանին, որն ունի ոչ միայն պառլամենտական, այլև՝ քաղաքական գործունեության հարուստ փորձ՝ տակավին անհայտ է: Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատները» հիշեցնում է ժամանակին իրենց հայտարարած մի որոշման մասին, համաձայն որի՝ իրենք չեն պատրաստվում համամասնական ցուցակի իրենց տեղերից հրաժարվել: Եվ ակնհայտ է, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքում առաջիկայում կհասունանա ներխոհանոցային ճգնաժամ, որը ստվերելու է գազի պայմանագիրն էլ, այլ՝ կարևոր հարցերին վերաբերող քննարկումներն ու քվեարկություններն էլ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ