USD478.20
EUR559.83
RUB8.05
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Fresco
«Իրատեսը» մեկնում է արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 5-ին: Կայքը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Դենի դը Ռուժմոն. Դանիական երկու արքայազն

Դենի դը Ռուժմոն. Դանիական երկու արքայազն
08.01.2014 | 10:54

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ

Կյերկեգոր և Համլետ

Սյորեն Կյերկեգորի կարիերան ծավալվել է տասներկու տարվա ընթացքում՝ որպես մի եզակի, բուռն, իր առաջընթացի մեջ ամեն վայրկյան անողոքելիորեն պատճառաբանված մի դրամա: Նրա առաջին նշանակալից երկը՝ «Այլընտրանքը», տպագրվեց 1843թ., երբ երեսուն տարեկան էր, և մեծ հաջողություն ունեցավ: Բայց այնուհետև, երբ նրա գրքերը լույս տեսան արագացված հաջորդականությամբ՝ տարին երեք-չորսը, և հնարա¬վորություն ստեղծվեց, որ նրան ավելի լավ ճանաչեն, ապա հասարակությունը զարհուրած մի կողմ քաշվեց: Իսկ երբ 1853թ. բացեիբաց հարձակվեց պաշտոնական քրիստոնե¬ության և եպիսկոպոսների վրա, որոնք փառաբանել էին նրա առաջին երկերը, հայտնվեց մի այնպիսի բացարձակ մենության մեջ, որպիսին չէր ճանաչել երբևէ որևէ մտածող: Մեկ տարի հետո, հանրային կարծիքի դեմ կռվելուց ուժասպառված, զբոսանքի ժամանակ փողոցում ընկավ: Նրան տարան հիվանդանոց, որտեղ մահացավ մի քանի շաբաթ հետո, քառասուներկու տարեկանում:
Այս դրամայի միակ կողմնակի պատճառը նշանդրեքի խզումն էր Ռեգինա Օլսենի հետ, սկիզբը մի ճգնաժամի, որը բացեց նրա ամբողջ ստեղծագործության ակունքը: Բայց այդ երկերը նախապատրաստող գործողությունը, այն արարքը, որից հետո՝ մեկ ուրիշ դանիացի արքայազն Համլետի պես կարող էր մեռնել, վստահ, որ ավարտին հասցրեց իր առաքելությունը, դա նրա հարձակումն էր արդի քրիստոնեության վրա՝ հանուն Ավետարանի Քրիստոսի:
Գեղագիտական և փիլիսոփայական նրա բոլոր աշխատությունները լույս տեսան խորհրդանշական ծածկանունների տակ: Այդ գործերը նա որակում էր որպես «անուղղակի հաղորդակցություններ», իսկ ծածկանունները ներկայացնում էին անձնավորություններին մի դրամայի, որի բանալին միայն նա ուներ: Կյանքի վերջին էր լոկ, որ դիմակը հանած մտավ պայքարի, վճռական բանավեճի մեջ, որը պիտի նրան տաներ դեպի մահ:
Այսպիսով, Կյերկեգորի դրաման կոչումի տիպական դրաման եղավ: Դրա ամբողջ ինտրիգը կայանում է այդ կոչումի իմաստի և նպատակի հետևողական բացահայտման մեջ, որը սկզբից ևեթ գաղտնաբար ուղղված է դեպի եզակի և շռնդալից գործողությունը, որին հերոսը նախապատրաստվում է երկար, որի առջև նա վարանում է և նահանջում, մինչև որ արտաքուստ երկրորդական մի պատահար դրդում է վերջնական ցատկին, իրագործման, ինչի համար հերոսը վճարում է իր կյանքով:
Արդ, արևմտյան գրականության մեջ գոյություն ունի այս ողբերգական գործողության մի նախատիպ, մի նշանավոր պիես, որի ձևը և զարգացումը, ինչպես մեզ է թվում, ապշեցնող նմանություններ ունի Կյերկեգորի կենսագրության հետ:
Նախևառաջ հիշենք Շեքսպիրի հորինած դրամայի ամենացայտուն գծերը, նրանք, որ առաջին հայացքից հիշեցնում են Կյերկեգորի ապրած դրաման և մի հնարավոր զուգահեռական հուշում:
Ամփոփ շարադրենք Համլետի պատմությունը. խորապես մելամաղձոտ մի երիտասարդ, մի սոսկալի առաքելություն է ստանձնում, որի առջև երկար ժամանակ վարանում է: Այդ առաքելությունը, որի մասին կարող է լոկ անուղղակիորեն խոսել, մեկուսացնում է նրան մյուսներից, ստիպում խզել իր նշանդրեքը պատանի Օֆելիայի հետ և ներկայացնում նրան որպես վտանգավոր մի խենթ: Վերջապես, անսպասելի հանգամանքների բերումով նա տեսնում է, որ հարկադրված է կատարել ահավոր գործողությունը, որի առջև տատանվում էր: Նա սպանում է գահը հափշտակողին և զոհվում այդ պայքարի մեջ:
Մելամաղձություն, գաղտնիք, որ պիտի պահի, միաժամանակ ջանալով այնպես անել, որ այն գուշակեն, այնուհետև խզումը նշանածի հետ, վերջապես իշխանության հափշտակումի բացահայտումը, որի մասին բոլորը լռում էին: Համլետի պատմության այս ամփոփագիրն արդյոք չի՞ նույնանում Կյերկեգորի կենսագրության ամփոփագրի հետ:
Մնում է տեսնել, թե հնարավո՞ր է արդյոք այս զուգահեռականը տանել ավելի հեռուն՝ մինչև մանրուքները: Դա գուցե մի լավ միջոց դառնա միաժամանակ ներկայացնելու Կյերկեգորի միտքն ու կյանքը և ընդհանրապես այն, ինչը կարող ենք անվանել կոչումի օրենքներ և հոգեբանություն:
Դիտարկենք նախևառաջ երկու հերոսների նկարագիրը, մեկը հորինովի, մյուսն՝ իրական:
Երիտասարդ արքայազն Համլետը մտավորական է: Նրա միակ ցանկությունն է վերադառնալ Վիտենբերգի համալսարան և նվիրվել փիլիսոփայության ուսումնա-սիրմանը: Եթե մնում է պալատում, ապա միայն ենթարկվելով մոր ցանկությանը: Նա չի կարող հաշտվել մարդկային գոյության պայմանների հետ: Նրան համակել է անբուժելի մի մելամաղձություն, որն ստիպում է այս աշխարհի բարիքները համարել «տաղտկալի, հնացած և գռեհիկ»: Ինքնասպա¬նությունը հրապուրում է նրան: Բայց կարողանում է թաքցնել այդ մելամաղձությունը սարկաստիկ զվարթության, սրամտության տարափի ներքո, միշտ պատրաստ հեգնելու և արտառոց համեմատություններ անելու:
Այժմ տեսնենք, թե Կյերկեգորն ինչպիսի բառերով է խոսում իր մասին: Նա ևս իրեն արքայազն է զգում: «Արքայական ինչ-որ բան կա իմ էության մեջ», - ասում է նա իր ծածկանուններից մեկի բերանով: Նա ևս կուզեր «վերադառնալ Վիտենբերգ», այսինքն, ապավինել իր դիալեկտիկ հանճարին, բանաստեղծի և փիլիսոփայի իր ծրագրերին, որոնք հղացել էր Բեռլինի ակադեմիա այցելելու ընթացքում: Սակայն ենթարկվելով հոր կամքին, որոշում է պարզապես աստվածաբանության քննությունը հանձնել: Եվ հատկապես նա ևս իրեն համարում է նեվրասթենիայի զոհ. «Իմ պատանեկան տարիներից սկսած, ես ապրել եմ մի ահռելի մելամաղձության իշխանության ներքո, որի խորությունը հավասար է լոկ արտաքուստ զվարթության տակ թաքցնելու իմ կարողությանը»: Կամ թե. «Ես զինված էի գրեթե հանդուգն հավատով՝ որ կարող եմ ամեն ինչ անել, բացառությամբ մեկից՝ դառնալ ազատ թռչուն, ասել է, թե օրերից մի օր փշրել շղթաները մելամաղձության, որտեղ մեկ այլ զորություն էր ինձ պահում»: Այս տրամադրությունը դատապարտել է նրան կյանքը զննելուն, խորհրդածելուն, ստիպել է իսկապես ապրելու փոխարեն ձևացնել, թե ապրում է: Բայց չնայած որ իր տառապանքի գերին էր, նա «անսահման ազատություն էր ստացել չնկատելու, հայացքը փախցնելու»:
Արդ, ահա Համլետը՝ այնպես, ինչպես ներկայացվում է Շեքսպիրի դրամայի առաջին տեսարաններում, և Կյերկեգորը՝ այնպես, ինչպես ներկայանում է իր առաջին աշխատության՝ «Այլընտրանք»-ի մեջ. իսկապես, երկու արքայազն, երկու բացառիկ արարածներ, հանդուգն և հպարտ, բայց խորհրդավոր մելամաղձության պատճառով, որը թաքցնում են հեգնանքի դիմակի ներքո, անկարող էին ապրել հասարակության մեջ:
Եվ ահա այս երկու անհատները, որոնց համար կյանքն արդեն խնդիր է, մի սոսկալի առաքելություն են ստանում, որը նրանց կդատապարտի (անգամ հակառակ նրանց հոգեբնույթին) դառնալու բացառիկ անձնավորություններ:
Համլետն ստանում է իր առաքելությունը հորից, որը հայտնվում է նրան ուրվականի կերպարանքով: Նա ասում է, որ սպանված է ներկա թագավորի ձեռքով, որը ոչ այլ ոք է, քան հափշտակող: Հայրը կարգադրում է որդուն վրեժ լուծել: Համլետը մոտենում է իր ընկերներին, որոնք հեռվից դիտում էին այդ տեսարանը, և ստիպում երեք անգամ երդվել, որ գաղտնի կպահեն այդ հայտնությունը:
Կյերկեգորն էլ պատանեկության տարիներին հաղորդակից է դառնում մի գաղտնիքի, որին հաճախ է անդրադառնում, առանց երբեք բացատրելու դրա բնույթը: Այնուհանդերձ մենք գիտենք, որ գաղտնիքը կապված էր նրա հոր հիշատակին: Այդ հայտնությունը նա որակում է որպես «մի մեծ երկրաշարժ» իր կյանքում: Համլետը ճիշտ այսպես կարող էր որակել ուրվականի տեսարանը: Մյուս կողմից, Կյերկեգորը հոր ազդեցությամբ կարողացավ ճանաչել ճշմարիտ քրիստոնեության բացարձակը և հայտնագործել այդ սոսկալի ճշմարտությունը. արդի ժամանակների քրիստոնեությունը խաբեություն է, մի ահռելի պատրանք: «Նա այլևս չի նմանվում Նոր Կտակարանի քրիստոնեությանը, այլ նման է մանր բուրժուական սալոնի կամ մանկական խաղասենյակի, որ գտնվում է ամենադաժան իրականության ամենասոսկալի վճիռների առջև»: Մենք աղավաղել ենք քրիստոնեությունը, այն առել ենք էժան գնով, փոխանակ ընդունեինք, որ անարժան ենք նրան և խոստովանեինք, որ հրաժարվում ենք իսկական գինը վճարել: Դա ոչ այլ ինչ է, ասում է Կյերկեգորը, «քան մահափորձ ընդդեմ վեհապետի»: Ասպիսով, առկա է հափշտակումը: Ըստ Կյերկեգորի, մեր օրերի քրիստոնեությունը կարծես նույն դերն է կատարում, ինչ Կլավդիոս արքան ըստ Համլետի: Պարզապես, եթե Կլավդիոսը գայթակղում էր թագուհուն, եկեղեցին չարաշահում է քաղցրացրած վարդապետությամբ, որն այսօր ամբոխն ընդունում է որպես քրիստոնեություն:
Համլետն այժմ գիտի իր առաքելությունը և իր գործելիքը. սպանել հափշտակողին, որպեսզի օրինականությունը վերահաստատվի: Իսկ Կյերկեգորը կանխազգում է իր կոչումը՝ բացահայտել կրոնական հափշտակումը, որպեսզի իր նախնական մաքրության մեջ վերահաստատի Ավետարանի բացարձակ պահանջը:
Անելիքը թվում է գերմարդկային: Եվ մենք տեսնում ենք, թե երկու հերոսներն ինչպես են հեծում իրենց ուսերին դրված ծանրության տակ. «Ժամանակը դուրս է սայթաքել իր շավղից, օ, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի որ հենց ես ուղղեմ», - գոչում է Համլետը: Իսկ Կյերկեգորն անդադար և ամեն կերպ կրկնում է միևնույն բանը. նա ծնվել է, որպեսզի ստիպի շավղից դուրս եկած մեր ժամանակին ճանաչելու քրիստոնեական բացարձակը, հակառակ դեպքում ենթարկվել և այլևս այն չհամարել «էժանագին» քրիստոնեություն: Երկուսն էլ կարծում են, որ «ինչ-որ բան է նեխում դանիական թագավորության մեջ», և որ նրանց ճակատագիրը պիտի լինի բացահայտել այդ իրավիճակը, ինչ էլ որ պատահի...
Դրամայի հենց սկզբից խարակտերները ներկայացված են, առաքելությունը՝ որոշված: Այժմ տեսնենք, թե ինչպես է զարգանում գործողությունը:
Պետք է նախևառաջ ճշտել, թե ինչ դեր է խաղում գաղտնիքը երկու դեպքում: Համլետի համար դա շատ պարզ է. նա պետք է լռի, այլապես Կլավդիոսը նրան սպանել կտա: Կյերկեգորի պարագան ավելի բարդ է: Եթե միանգամից գրոհի, ոչ ոք նրան չի լսի: Ուրեմն, պետք է նախ գայթակղի հանրությանը, նրա ուշադրությունը գրավի, միաժամանակ չմատնի իր բուն մտադրությունը: Կյերկեգորը պետք է ըստ այդմ ծրագիր մշակի: Նա սկզբում կհրապարակի իր գեղագիտական աշխատությունները՝ փայլուն, պարադոքսալ, արտաքուստ ցինիկ և բոլորն ստորագրված տարբեր ծածկանուններով: Քրիստոնեական պատգամը, որը նրա համար կարևոր է, ներկա է միշտ, բայց խնամքով թաքցված: Այդպիսով նա պիտի գրավի հանրությանը և աննկատ առաջնորդի մինչև այնտեղ, որտեղից ամենանպաստավորը կլինի գրոհելու համար: Հիշում ենք, թե ինչպես Համլետն էլ նման մի ծրագիր էր մշակում: Նա մտադիր է պալատի համար մի մնջախաղ բեմադրել, որը պիտի ներկայացնի իր հոր սպանությունը և իշխանության հափշտակումը: «Այս ներկայացման միջոցով պիտի հանկարծակիի բերենք արքայի խիղճը»: Երկուսն էլ ընտրում են անուղղակի ազդեցության միջոցները (Համլետը՝ դերասաններին, Կյերկեգորը՝ ծածկանունները), որպեսզի հետաքրքրություն առաջացնեն իրենց համար կարևոր բանի նկատմամբ, որպեսզի գաղտնիքը հուշեն՝ առանց այդ մասին խոսելու, վերջապես, որպեսզի ստիպեն հանրությանը կամ պալատին՝ հակառակ իրենց կամքի «լինել ուշադիր»: (Mundus vult decipi, «աշխարհն ուզում է խաբվել», - բազմիցս կրկնում է Կյերկեգորը): Բայց այդ խաղում նրանք մեծ վտանգի են ենթարկվում: Նրանք կարող են ամենասոսկալի թյուրիմացություններն ստեղծել: Նրանք վտանգում են նաև իրենց երջանկությունը: Զուգահեռներն այս հարցում թվում են կատարյալ:
Երջանկությունը, լիարժեք կյանքը, մարդկային կեցության համընդհանուր պայմաններին մատչելու նշանը, ըստ նրանց կինն է, սերը և ամուսնությունը: Սակայն երկուսն էլ փաստում են, որ ստիպված են հրաժարվել իրենց առաքելության, իրենց գաղտնիքի, գուցեև իրենց խորապես մելամաղձոտ բնավորության պատճառով: Այս վերջին կետում կասկածը հավասարաչափ տարածվում է երկուսի վրա:
Կյերկեգորը խոսում է իր նշանած Ռեգինայի հետ տեղի ունեցած խզման մասին: Կարելի է ասել, որ խոսել է իր ամբողջ ստեղծագործության մեջ և ոչ միայն «Մեղավոր-Անմեղ»-ի նման գործերում (դրանք ըստ էության իր նշանադրության թեթևակիորեն քողարկված պատմություններն են, որ ներկայացնում են խզումի անհամար պատճառների վերլուծություններ): Շեքսպիրն, ընդհակառակը, չի պատճառաբանում Համլետի ընթացքն Օֆելիայի հանդեպ: Այս հարցում Կյերկեգորի փորձն է օգնում մեզ հասկանալ Համլետին:
Կյերկեգորը սիրում է Ռեգինային՝ տասնյոթ տարեկան աղջկան և սիրված է նրանից: Բայց նա իր բազմադիմի գաղտնիքն ունի, իր կոչումի և իր մելամաղձության գաղտնիքը: Եվ նա շուտով հասկանում է, որ գաղտնիքը չափազանց ծանր կլինի ջահել աղջկա համար, քանզի նրան հայտնելու դեպքում, միամիտ և ինքնաբուխ աղջիկը պիտի փորձի իր նշանածին մոտեցնել գոյության և կրոնի առավել քաղքենիական տեսակետին: Աղջիկը կմաշեցնի նրա արիությունը, կճնշի նրա վճռականությունը և կդառնա մի ահավոր մտերիմ արգելք՝ իր արտառոց կոչումը կիրառելու ճանապարհին: Կարո՞ղ է արդյոք ամուսնանալ, երբ ցանկանում է դառնալ ճշմարտության վկան: Սահմանի վրա գտնվող զինվորն արդյոք պարտավո՞ր է ամուսնանալ, հարց է տալիս Կյերկեգորը: Իսկ նա, ով գտնվում է առաջին գծում, ոգու սահմանների՞ն... Մյուս կողմից, նա վախենում է իր նշանածին հաղորդակից դարձնել «մելամաղձության ստրկությանը»: Նա վստահ չէ, թե իրավունք ունի խռովել այդ երեխային, ներքաշել նրան այնպիսի տառապանքների մեջ, որոնց կարող է նույնիսկ ինքը չդիմանալ: «Ո՞վ կարող է հասկանալ, - գրում է նա, - ցավի այդ հակասությունը. չխոստովանել և մեռնել սիրուց, խոստովանել և մեռցնել սիրելիին»: Եթե նա ընտրել է զոհ դառնալը, նրան ընդամենը մի ելք է մնում. խզել կապերը ջահել աղջկա հետ, բայց այնպես, որ նա բնավ չկասկածի իր կրկնակի գաղտնի բնույթի վերաբերյալ, ուստի պետք է հավատացնի իր նշանածին, որ այլևս չի սիրում նրան: Հայտնի է, թե Կյերկեգորն ինչպիսի կատակերգություն է ստիպել իրեն խաղալ Ռեգինայի առջև՝ ներկայանալով որպես մի բարոյազուրկ, լպիրշ մի գայթակղիչ, որը գուցե ծանր մեղքեր ունի իր խղճին, ուստի հրաժարվում է ամուսնությունից, որպեսզի ջահել տղայի կյանքը լիուլի վայելի: Նա անգութ բառեր է արտասանում բաժանումի պահին. «Աղջիկն ինձ հարցրեց. «Ուրեմն, դու երբեք չե՞ս ամուսնանալու»: Ես պատասխանեցի. «Ոչ, տասը տարի հետո, երբ ջահելության կրակը հանդարտված լինի, և այդ ժամանակ ես կուզենամ, որ մի օրիորդ լինի կողքիս՝ թարմ արյունով, որպեսզի ինձ ջահելացնի»: Եվ Կյերկեգորը, մեկնաբանելով այս պատմությունը, ավելացնում է. «Անհրաժեշտ դաժանություն»: Նա լքում է աղջկան մի շինծու սառնությամբ, հետո վազում թատրոն և վերադառնալով տուն, լալիս է ամբողջ գիշեր: «Բայց հաջորդ օրը, - գրում է նա, - ես սովորականի պես էի և նույնիսկ սրամտում էի, ինչպես երբեք. այդպես էր պետք...»:
Ինձ թվում է, որ նրա երկչոտ, ցավագին և խայտառակ պահվածքը, գրեթե ամեն ինչով ճիփ-ճիշտ նման է Համլետի վերաբերմունքին մեկ ուրիշ երեխայի՝ Օֆելիայի հանդեպ: Համլետը նույնպես հասկացավ, որ Օֆելիայի միամիտ և ինքնաբուխ սերն արգելք կդառնա նրա գաղտնի ծրագրերի համար: Նրա մասին է մտածել Կյերկեգորը՝ գրելով հետևյալ տողերը, իմիջիայլոց, վերագրված նրա երևակայած տեսական մի հերոսին. «Ես տեսնում եմ, որ իմ գոյության գաղափարն աղետ է այդ աղջկա գլխին, ergo, աղջիկը պիտի անհետանա: Նրա կորստյան վրայով է անցնում իմ ուղին դեպի մեծ նպատակը»: Մենք տեսնում ենք, թե Համլետն ինչպես է Կյերկեգորի նման իրեն սևացնում ջահել աղջկա առջև, ձևացնում, թե չի սիրում նրան, ցինիկ բաներ ասում, այնուհետև գոռում. «Ինչպե՞ս են անում, որպեսզի զվարթ լինեն»: Միաժամանակ խոստովանում է մեկուսի. «Ես պիտի դաժան լինեմ, բայց դա քնքույշ լինելու համար է»:
Տեղին է այստեղ ամենայն արդարությամբ նշել Կյերկեգորի և Համլետի միջև գոյություն ունեցող խորունկ տարբերությունը. առաջինն արեց ամեն ինչ, որպեսզի Ռեգինան չտառապի, դրամայի ամբողջ ծանրությունը ցանկացավ վերցնել իր ուսերին և կարծում էր, որ հաջողեց, քանզի որոշ դառնությամբ կարող էր գրել. «Նա ընտրեց աղաղակը, իսկ ես ինձ համար պահեցի ցավը», մինչդեռ Համլետն Օֆելիային մղում է ինքնասպանության և ասես անտարբեր է այդ ողբերգության հանդեպ...
Սակայն դառնանք դրամայի հանգուցալուծմանը: Սովորական մի պատահար աղետի պատճառ է դառնում «Համլետ»-ում, մի սովորական սուսեր: Միայն թե Լաէրտի սուսերը թունավորված է. սպորտային մենամարտը դառնում է մահացու մենամարտ: Վիրավորված Համլետն այլևս չի վարանում: Նա սպանում է արքային:
Կյերկեգորի դեպքում ի՞նչը կարող է համարժեք լինել դրամայի այս գագաթնակետին կամ ողբերգական այս «անկումին»: Մի աննշան պատահար, մի սովորական նախադասություն, որը կարող էր ընկալվել որպես մի կլիշե՝ պաշտոնական ելույթի մեջ:
Մահացել էր եպիսկոպոս Մինստերը, դանիական եկեղեցու գլխավորը: Պրոֆեսոր Մարտենսենն իր մահախոսականն արտասանելիս, կարծում է, որ պարտավոր է արժանին մատուցել նրա հիշատակին որպես «ճշմարտության իսկական վկա»:
Կյերկեգորի համար այս նախադասության մեջ թույն կար: Քանի որ նրա ամբողջ ստեղծագործությունը, հեղինակի նրա ամբողջ կարիերան, ուրիշ ոչ մի իմաստ չուներ նրա համար, եթե ոչ իր առաքելական մաքրության մեջ վերահաստատել ճշմարտության վկայի, այսինքն՝ գործնականորեն նահատակի հղացքը: Եպիսկոպոս Մինստերը տիտղոսներով ու պատիվներով ծանրաբեռն, մի նրբամիտ ուսյալ, հումանիստ, այս աշխարհի շնորհներով հարուստ մի մարդ էր: Բայց կոչել նրան ճշմարտության վկա, նշանակում էր քրիստոնեական բացարձակի տեսանկյունից ոճիր գործել, նշանակում էր արհամարհել Ավետարանը, նշանակում էր ընդունել և արտոնել հափշտակումը:
Կյերկեգորն զգում է, որ ինքը սադրանքի է ենթարկված: Եվ այս դեպքում էլ, այն, ինչ կարող էր թվալ սուսերի սովորական մի հարված, հերթական մի բանավեճ, անսպասելիորեն վերածվում է մահացու մենամարտի: Կյերկեգորն անմիջապես մի հոդված է գրում՝ ծայրահեղ կատաղությամբ լի: Նա ամիսներ է սպասում մինչև տպագրելը, սպասում է, որ պրոֆեսոր Մարտենսենն իր հերթին, հաջորդելով Մինստերին, դառնա եպիսկոպոս: Դրանից հետո հրապարակում է հոդվածը: Եվ այդ հոդվածը եղավ նրա արարքը. մի ուղղակի գրոհ, վճռական և մահացու, նույնքան «չափազանցված», որքան կարող է լինել մի մարտիկի խոյանքը, որն իր կյանքն է ապրում ընդամենը մեկ հարվածի համար: Ահա մի քաղվածք այդ հոդվածից.
«Ճշմարտության վկա, դա մի մարդ է, որի կյանքը սկզբից մինչև վերջ, մտերիմ է եղել ամեն տեսակի տառապանքներին՝ ներքին պայքարներով, երկյուղով և ցնցումներով, սարսուռներով, խղճահարությամբ, հոգու տագնապներով, ոգու չարչարանքներով և, ավելին, չարչարանքներ, որոնց մասին ընդհանրապես խոսվում է աշխարհում: Ճշմարտության վկան մի մարդ է, որը վկայում է զրկանքի, թշվառության, ստորացումի և խոնարհության մեջ՝ անտեսված, չսիրված, ատված, անարգված, նախատված, ծաղրված մարդը. դա խարազանված, տանջահար մարդն է, որին քարշ են տալիս բանտից բանտ, որից հետո (քանզի պրոֆեսոր Մորտենսենն, անշուշտ, ճշմարտության իսկական վկայի մասին է խոսում) և ի վերջո խաչ հանված, գլխատված, այրված կամ ածուխների վրա խորովված, դահիճների ձեռքով մի տեղ գցված անթաղ մարդն է:
Ահա ճշմարտության վկան, նրա կյանքը և նրա գոյությունը, նրա մահը և նրա թաղումը, և եպիսկոպոս Մինստերը, պրոֆեսոր Մարտենսենի ասելով, ճշմարտության իսկական վկա եղավ:
Իրականում ինչ-որ բան կա, որն ավելի հակառակ է քրիստոնեությանը, քան որևէ հերձվածողություն կամ պառակտում, դա քրիստոնեություն խաղալն է՝ մեկուսացնել նրանից վտանգները և հետո խաղալ մի խաղ, ըստ որի եպիսկոպոս Մինստերը ճշմարտության վկա էր»:
Մի կատաղի բանակռիվ պայթեց բոլոր կողմերից: Առաքինի մի վրդովմունք ցնցում էր դանիական և սկանդինավյան հասարակական կարծիքը: Կյերկեգորը մենակ պայքարում էր բոլորի դեմ: Նա մի պարբերական հրատարակեց՝ «Ակնթարթ» անունով, որպեսզի ընդլայնի և սաստկացնի իր հարձակողականը: Մեկ տարվա մարտերից հետո նա տապալվեց:
Նա համարձակվեց գործել: Նա հաջողեց: Հափշտակումը բացահայտվեց, և նա ստիպեց լայն հանրությանը ուշադիր լինել իր պատգամի նկատմամբ: Սակայն մարդասպան դառնալու փոխարեն, ինքը վճարեց իր կյանքով: Նա ինքը դարձավ նահատակ, որի մասին խոսում էր իր ստեղծագործությունը:
Ընդգծենք այդ վերնագիրը. «Ակնթարթ»: Վաղուց ի վեր Կյերկեգորի միտքը հմայված էր երկու հղացքներով. ակնթարթ և ցատկ: Ակնթարթը նրա համար հավաստի ժամանակն էր, ժամանակի և հավերժության շփումը, ինչպես նա էր ասում. «Ժամանակի լիությունը. երբ հավերժական վճիռն իրականանում է անհավասար առիթի մեջ»: Թռիչքը հարվածի համար բնորոշ շարժումն էր՝ իռացիոնալ, վայրկենական, որոշակի: Դա մի շարժում էր, որը կարող էր ձախողել ամենաչնչին կասկածից, դա բացարձակ վտանգն է, որի մեջ կարող ես խորտակվել, բայց եթե չհամարձակվես, ոչինչ չես ունենա :

Նախորդ էջերը գրելիս, երբ խորասուզված, փոխնիփոխ կարդում էի Կյերկեգոր և Շեքսպիր, խոստովանում եմ՝ պատահում էր, որ չէի կարողանում հստակ որոշել, թե երկուսից որն է խոսողը, և ինձ թվում էր նաև, թե «Համլետ»-ը գրել է Կյերկեգորը և հակառակը՝ Կյերկեգորի կենսագրությունը բեմադրվել է նրանից երկուսուկես դար առաջ: Կյերկեգորի եղիսաբեթյան ոճը, նրա եռանդուն քնարականությունը խառնելով հասարակը բանաստեղծական կլիշեների, մետաֆորները՝ կալամբուրների, պերճախոսության պոռթկումները՝ դիալեկտիկական սեթևեթանքների հետ, այդ ամենով նպաստում էր, որպեսզի պատրանք առաջանա... Մինչև այն պահը, երբ կարդացի Կյերկեգորի նշումը Համլետի վերաբերյալ, որը նորից հաստատեց տարբերությունները: Հետաքրքիր է, որ երկու էջանոց այդ դիտարկումը զետեղված է մի գրքի հավելվածում, որտեղ պատմվում է նրա նշանդրության դրաման: Ասես իմ զուգահեռականն անցած լիներ Կյերկեգորի մտքով և հարկ է համարել այն խմբագրել: Դիտարկումը վերնագրված է այսպես. «Շեղակի հայացք Շեքսպիրի Համլետի վրա»: Ահա դրա համառոտ բովանդակությունը.
Կյերկեգորը մեղադրում է Շեքսպիրին, որ «Համլետ»-ը չի գրել որպես կրոնական դրամա: Քանզի եթե Համլետի կասկածները կրոնական բնույթ չունեն, հերոսը դադարում է լինել իսկապես ողբերգական: Նա մոտենում է կատակերգականին: Եվ, ընդհակառակը, եթե նրա խույս տալը կրոնական դրդապատճառներ է բացահայտում, ապա դա կդառնա չափազանց հետաքրքիր, բայց այլևս դրամա չի լինի բառի տեխնիկական և գեղագիտական իմաստով:
«Իսկապես, գեղագիտական կանոնակարգում, արգելքը պիտի լինի հերոսից դուրս, և ոչ թե նրանում»: Եթե գործողության արգելքը նրանում է, ուրեմն խոսքը գնում է կրոնական կասկածի մասին: Այդ դեպքում հերոսը մեծ է լոկ իր տառապանքով, ոչ թե իր հաղթանակով: Պոետական հափշտակող խաղն այլևս չի կարող լինել, այլ միայն լուրջ էքզիստենցիալը... Վերծանենք սա ուրիշ եզրաբանությամբ. եթե Համլետի պարագան կրոնական լիներ, նա Շեքսպիրի Համլետը չէր լինի, բայց պարզ ու հասարակ կմիաձուլվեր Կյերկեգորի կենսագրությանը:
Կյերկեգորի դրաման շինծու չէր: Դա խաղ չէր և չէր կարող այդպիսին լինել: Այն ապրվել էր տառապանքով և գիտակցված (կարելի է ասել մի խենթ գիտակցությամբ), ինչպես զուտ կրոնական կոչումի դրամա: Այստեղ ավարտվում է զուգահեռականը, որը ես ուրվագծեցի:
Ես փորձեցի շեքսպիրյան ծանոթ պատկերների միջոցով լուսաբանել ներքին մի դիալեկտիկայի մի քանի խորհրդավոր պահեր: Զգում ենք ձեռնարկումի վտանգավորությունը՝ խրթինության վտանգը: Դա, այսպես ասած, բոլոր «անուղղակի հաղորդակցությունների» տեխնիկական վտանգն է: Իսկ այժմ, հավատարիմ մնալով Կյերկեգորի մեթոդին, միանգամից անցնենք «ուղղակի արտահայտմանը», պատմականորեն ապրված մի կոչումի բնույթին կամ խորհրդին:

Որևէ իրական կոչումի առաջին բնութագիրը նրա բազմիմաստությունն է:
Դա անմիջապես երևան է գալիս «կոչում» բառի ընթացիկ գործածության մեջ: Պատանու մասին ասում են, թե փաստաբանի կամ բանաստեղծի կոչում ունի, որովհետև սիրում է վիճաբանել կամ երևակայածին բաներ ասել: Յոթ տարեկանում մենուետներ հորինող Մոցարտն, անկասկած, երաժշտի կոչում ուներ: Այս դեպքում խոսքը կարող է գնալ միայն բնատուր ձիրքի և ի ծնե եկող հակումների մասին:
Սակայն բառի ուրիշ իմաստը կա: Երբ Երեմիան Տիրոջից հրաման ստացավ խոսել ազգերին, նա պատասխանեց. «Ո՜հ, Տեր Եհովա, ահա ես խոսել չգիտեմ, // Վասնզի ես մանուկ եմ»(Եր. Ա,6): Այս դեպքում կարող ենք ասել, որ նա կոչում չունի: Ավելի շուտ՝ այն ստանում է: Կոչումը հասցեագրված է նրան, չնայած այն բանին, թե նա ով է. «Մի՛ ասա, թե ես մանուկ եմ, // Վասնզի ուր որ քեզ ղրկեմ՝ պիտի երթաս, // Ու ինչ որ քեզ պատվիրեմ, պիտի խոսես... Ահա իմ խոսքերս քու բերանդ դրի»(Եր. Ա, 7,9):
Շատ հազվադեպ է, որ հնարավոր լինի այդ երկու հակասական դրսևորումները կյանքում իրարից զատել. բնության մղումը և մտքի կանչը: Կյերկեգորի պարագայում երկիմաստությունն առկա է: Տեսանք, թե խորունկ մելամաղձությունը դեռևս մանկությունից ինչպես է մեկուսացնում մյուսներից, դարձնելով նրան բացառիկ բնավորության տեր մի անձնավորություն: Սակայն կրոնական կոչը, որ հասնում է գրողի կարիերայի սկզբում և որը մի եզակի առաքելություն է դնում նրա ուսերին, օժտում է բացառիկության երկրորդ աստիճանով, նրան մի կողմ դնում երկրորդ անգամ՝ մտավոր պատճառներով, չնայած այս յուրահատուկ դեպքում, բնությունը և կանչը թվում է նրան հրում են և քաշում միևնույն ուղղությամբ:
Արդ, այս կոչումը կարող ենք մեկնաբանել երկու հակադիր կերպերով: Կարող ենք միշտ ասել, թե Կյերկեգորը կամ նեվրասթենիկ էր և որ նրա պարագան առնչվում է հոգեվերլուծությանը կամ նա մարգարե էր՝ ծնված բանաստեղծ և փիլիսոփա դառնալու, բայց վերին կոչին ենթակա, ստիպված է ճշմարտության վկա դառնալ:
Միաժամանակ, կոչումի ընթացիկ գաղափարի այդ երկիմաստությունն այն մեկը չէ, որ պահում է Կյերկեգորին: Նա դրանից զատել է մեկ ուրիշը, ավելի մտերիմ, որն այլևս կապված չէ բառի կրկնակի իմաստին, այլ ստացված կոչումի բուն գոյությանը:
Կոչում ստացող մարդն իսկապես հայտնվում է անխուսափելի մի անորոշության մեջ: Նրան այդ վիճակի մեջ է գցում այն կանչը, որն իրեն թվում է, թե լսել է: Եվ նրա անորոշության պատճառն անտեղյակությունը չէ, տարտամ գիտակցությունը կամ տատանվող կամքը, այլ ծնունդն է այն իրողության, որ չկա ո՛չ ստացված կանչի, ոչ էլ նրա առարկայի ռեալականության ապացույցը: Ըստ Կյերկեգորի, խոսքն այս դեպքում գնում է առարկայական անորոշության մասին:
Ինչպես որ չենք կարող ապացուցել Աստծո գոյությունը, այնպես էլ չենք կարող ցույց տալ կոչումի տրանսցենդենտալ բնույթը: Հիսուս Քրիստոսի առջև մեկը կասի. «Սա Հիսուսը չէ՞, Նազովրեցի հյուսնի որդին», իսկ մյուսը կխոստովանի. «Սա Քրիստոսն է, Աստծո Որդին, Երրորդության Երկրորդ Անձնավորությունը»: Առարկայական անորոշությունն ըստ Կյերկեգորի բնորոշման, փիլիսոփայական մի շրջաբանություն է՝ նշելու համար հավատը և նրա անհրաժեշտությունը: Աստծուն կարելի է միայն «հավատալ», ուրիշի կոչումին էլ կարող են միայն «հավատալ», բայց նաև ու ամենից առաջ «հավատալ» այն կոչումին, որն ստացել ես ինքդ:
Այսպիսով, անորոշությունն առարկայական է այնքանով, որքանով խնդրահարույց համոզմունքի առարկան ապացուցելի չէ, նաև այնքանով, որքանով կոչումի «խաղագրավը» կարող է կասկած առաջացնել կամ նույնիսկ ժխտվել, որքանով այդ «խաղագրավն» ի վերջո կարող է կատարելապես երևակայական լինել:
Սրան կավելացնենք ենթակայական անորոշությունը, որն առնչվում է այն դրդապատճառներին, որոնք կարող են անհատին մղել անելու այս կամ այն գործողությունը... «Արդյոք իմ թաքնված բնավորությունն է՞ր, թե միտքը, որ խոսեց»:
Արդարև, կոչումի մարդը թաղված է կրկնակի անորոշության և մշտական վտանգի մեջ: Գոյություն չունի որևէ ստուգված միջոց կամ դատողություն, որը կարողանար նրան օգնել: Մարդը հանձնառու է իր գործողության համար և ամեն ինչ գրավ է դնում հանուն մի բանի, որը մնում է թաքնված՝ որքան նրա, այնքան էլ մյուսների համար:
Վերջին անգամ դառնանք դրամայի զուգահեռին: Պետք է ընդունենք վերջապես, որ Համլետի ստանձնած առաքելությունն իսկական կոչում չէ այն առումով, որ իր բնույթով չի ներկայացնում հավատի գործին կապված առարկայական անորոշություն: Համլետը հստակ գիտի, թե ինչ պիտի անի. սպանել հափշտակողին, սպանված արքայի վրեժը լուծել: Այսպիսով, նրա նպատակը զուրկ է երկդիմությունից, հիմնական գործողության մեջ նրա դերակատարումը հստակորեն գծված է: Նրանում անորոշություն կարող է լինել միայն միջոցների ընտրության մեջ, հետևաբար վերջնական հաջողության հարցում: Կյերկեգորի պարագան, գերազանցապես որպես քրիստոնյայի, ուրիշ բնույթ է ստանում: Պետք է գտնել այն դերը, որը պիտի խաղա անվերջանալի դրամայում՝ նույնքան ընդարձակ, որքան մարդկության պատմությունը, որի տանող թելը և ամբողջությունը ոչ ոք չի կարող ճանաչել, և չնայած դրան, պետք է խաղալ, մեզնից անկախ հայտնվել ենք աշխարհում, բեմի վրա...
Վերն ասացի, որ Կյերկեգորն իր առաջին հրապարակումներից սկսած մշակել էր գործողությունների մի ծրագիր, որը ծածկանունների և «խաբեությունների» մի ամբողջ ռազմավարություն էր պարունակում, ինչպես նա է հարկ համարում կրկնել: Մեզ կարող է թվալ, թե սկզբից ևեթ, Համլետի պես հստակորեն տեսնում էր պատմական այն գործը, որը պիտի իրականացներ: Սակայն կյանքն այդքան պարզ չէ: Շատ հաճախ գործն ավարտելուց հետո է, որ մեր գործողությունները թվում են մի ընդհանուր մտադրությամբ կազմակերպված: Ստույգ է, որ առաջին իսկ քայլերից գործում էր առխարխափ, սակայն առաջանալու հետ է նկատվում նրա ներկայությունը գործի մեջ: Կյերկեգորն այդ բանը լավ ճանաչեց և այդ մասին գրեց իր գրքույկի մեջ («Տեսակետ հեղինակի իմ գործունեության վերաբերյալ»).
«Ես պետք է ճշտեմ նախախնամության բաժինն իմ գործի մեջ: Քանի որ Աստծո հանդեպ խարդախություն գործած կլինեի, եթե սկզբից ևեթ հավակնեի մի ընդհանուր հայացք ունենալ իմ ստեղծագործության դիալեկտիկական կառույցի վրա... Ոչ, պիտի անկեղծ ասեմ, որ ինձնից վրիպել է այն, ինչը հիմա ներկայանում է որպես իմ ամբողջության ըմբռնում և միաժամանակ չեմ կարող հաստատել, թե հենց սկզբից ես դա ձեռք բերեցի ներկայիս հստակությամբ. այնուհանդերձ, այս գործը ես եմ կատարել, և քայլ առ քայլ, իմ խորհրդածությամբ հասցրել ավարտին:
...Եթե հարկ լիներ ամենայն խստապահանջությամբ և հնարավոր ամենայն ճշտությամբ խոսել նախախնամության չափի մասին իմ ամբողջ ստեղծագործության մեջ, ես ավելի համարժեք ձևակերպում երևի չկարողանայի տալ, քան այս մեկը. նախախնամությունն ինձ դաստիարակել է, ինչն արտահայտվել է իմ աշխատանքի ընթացքում: Ինչ-որ չափով հերքվել են նախկինում արտահայտված հայացքներս, ասել է, թե գեղագիտական ողջ արտադրանքս կեղծիք է, քանզի այդ բանաձևը չափից շատ զիջողական է գիտակցության հանդեպ: Բայցև լրիվ կեղծ չէ, քանզի ի սկզբանե, այդ դաստիարակության ընթացքում ես իմ գիտակցությունն ունեի:
Առաջին իսկ պահից կրոնական տարրը տրված է վճռական կերպով, այն մի աներկբա գերակայություն ունի, բայց համբերատար սպասում է, որ բանաստեղծը վերջապես հոգին զեղի, միաժամանակ հազարաչյա Արգոսի պես հսկելով, որպեսզի չթողնի իրեն խաբեն մի ստեղծագործության մեջ, ուր բանաստեղծն է ազդարարվում»:
Վերջապես, գրքի ավարտական էջերում ավելացնում է հետևյալը. «Իմ ամբողջ ստեղծագործությունը միաժամանակ իմ զարգացումն է եղել. ես դրա մեջ եմ տեսել իմ գաղափարը, իմ անելիքը»:
Նույն գրքի մեկ այլ հատվածում նկարագրում է այն, ինչը կարող ենք անվանել կիրառման մեջ գտնվող կոչումի հոգեբանություն. նա խոսում է իր կատարյալ մենակությունից: Ըստ նրա իսկ նկարագրության ոչ միայն սրտակից չունի կողքին, այլև մենակ է մի «ես»-ի հետ, որը նույնպես նրան չի հասկանում.
«...Զուր փորձեր պիտի անեի՝ պատմելու այն առիթները, երբ Աստված զգացնել էր տալիս իր աջակցությունը: Ինձ հետ հաճախ մի բան էր պատահում, որը չեմ կարողանում բացատրել. երբ անում էի մի բան, ինչն անկարելի էր պատճառաբանել, չէի մտածում նույնիսկ այդ մասին. երբ հետևում էի իմ նկարագրի մղումներին, այն, ինչ ինձ համար զուտ անձնական արժեք ուներ, գրեթե պատահականորեն բացահայտում էր կատարելապես ուրիշ և զուտ իդեալական նշանակություն, որն այնուհետև դրսևորվում էր իմ ստեղծագործության մեջ: Շատ բաներ իմ արածներից, որ մասնավոր բնույթ ունեին, պարզվել է, որ հենց դրանք պիտի անեի որպես հեղինակ: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես իմ կյանքի շատ պատահական հանգամանքները, իմ երևակայության օժանդակությամբ ահռելի չափեր ստանալով, ինձ համակում էին որոշակի տրամադրությամբ: Ես չէի հասկանում, ես ընկնում էի մելամաղձության մեջ և տարօրինակ էր, որ դրանից բառացիորեն և ճիշտ պահին բխում էր տվյալ պահի աշխատանքիս անհրաժեշտ տրամաբանությունը: Մի խոսքով, ես ստեղծել եմ իմ բոլոր երկերը, ասես արել եմ լոկ այն, որ յուրաքանչյուր օր արտագրել եմ արդեն տպագրված գրքի որոշակի հատվածները»:
Այսպիսով, կոչումը կազմակերպում է հավանականություններ և ամեն հնարք բանեցնում, հաճախ առանց մեր գիտության: Սակայն այս հատվածն ամենից առաջ լուսաբանում է կոչումի էական պարադոքսը. քայլում ես մի ճանապարհով, որն ասես հորինում ես հենց այդ պահին, մի ճանապարհ, որը տեսանելի է դառնում այն ժամանակ, երբ համարձակվում ես քայլել նրանով: Այդ «շավիղներիս լույսը»(Սաղմոս, 119, 105), որի մասին մեզ ասում է Դավթի սաղմոսը, նախապես գծված ճանապարհը չի լուսավորում, ոչ, այն կարող է լուսավորել միայն առաջին կատարելիք քայլը, և շավիղը ծնվում է ոտքերի տակ:
Մարդկային միակ գործունեությունը, որի հետ կարող ենք դա համեմատել, իմ կարծիքով պոետականն է : Բանաստեղծը նույնպես չգիտի և երբեք չի իմանա՝ միայն թափառիկ հանգերը զուգավորի՞, թե նորն ստեղծի՝ հավատալով, որ հաջորդ հանգն է գալու:
Այսպիսով, առաջանալ կյանքում, գործնականորեն նշանակում է ապրել անհավանականի մեջ, միշտ պատրաստ լինել դիմագրավելու աներևակայելին: Եթե իսկական կոչումի առաջին բնորոշիչը առարկայական անորոշությունն է, աներևակայելիի ընդունումը դրա անհրաժեշտ հետևանքն է:
Կյերկեգորն անվերապահորեն ընդունում է այս վերջին հանգամանքը: «Նա, ով չի հրաժարվում հավանականից, երբեք չի հարաբերվի Աստծո հետ»: Եթե Աբրահամն աներևակայելին չընդուներ, երբեք չէր մեկնի մի երկիր, որի մասին ոչինչ չգիտեր: Սակայն ընդունել աներևակայելին, նշանակում է ոչ միայն հրաժարվել հաջողության համընդհանուր դեղատոմսերից, այլև ամեն տեսակի արդարացումից՝ հանրային կարծիքի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարոյականության առջև: Դա նշանակում է՝ բացարձակ վտանգին ենթարկվել:
Ինչպիսի՞ օգնություն, ինչպիսի՞ ուղենշաններ, առաջնորդող ինչպիսի՞ սկզբունքներ կառաջարկի մեզ Կյերկեգորը: Ճիշտն ասած, միակ ուղեցույցը տառապանքն է, որ տալիս է մեզ՝ գրելով այս ծանրակշիռ նախադասությունը. «Ճանապարհը չէ, որ դժվար է, այլ դժվարինն է ճանապարհը»:
Այսպիսով, տեսնում ենք, որ կոչումի հասկացությունն ըստ Կյերկեգորի, տրամագծորեն հակադրվում է ընթացիկ հասկացությանը: Քանզի, համաձայն վերջինիս, հետևել սեփական կոչումին, նշանակում է գնալ այն ուղղությամբ, ուր մղում է մեր բնույթը, գնալ մեր տաղանդների, մեր «հնարավորությունների» ուղղությամբ, մինչդեռ Կյերկեգորը մեզ առաջարկում է տառապանքը՝ ոչ միայն որպես ճշմարիտ ուղու նշան ու երաշխիք, այլև, ավելի արմատական իմաստով, որպես բուն ուղի...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 49099

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ