Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում»

«Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում»
11.01.2014 | 14:05

«Պայքար հակահայկական նյութերի դեմ» (ՊՀՆԴ) ֆեյսբուքյան խումբը գործում է 2011-ից: Խումբը պայքարում է վիրտուալ և արտաքին դաշտում հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դեմ: «Ցավալի է, երբ youtube.com կամ այլ ցանցերում Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում»,- ասում է խմբի ադմինիստրատոր Գոհար Ֆահրադյանը՝ նշելով, որ ՊՀՆԴ-ն դարձել է շատերի առօրյայի անբաժան մասը, նրանց համար ուղղակի անհրաժեշտություն է ամեն օր լինել խմբում, մասնակցել ընտրված հակահայկական տեսանյութերի, էջերի ու խմբերի դեմ պայքարին` դրանց բողոքարկման անընդհատ գործընթացին:

-Գոհար, հակահայկական նյութերը հիմնականում ադրբեջանցի օգտատերե՞րն են տարածում:

-Հիմնականում՝ ադրբեջանցի, բայց վրացական խումբ էլ կա, որ հատուկ խեղաթյուրում է պատմութունը:

-Ի՞նչ բնույթ ունեն հակահայկական նյութերը:

-Տեսանյութերը հիմնականում փորձում են մեզ որպես ագրեսորներ, մարդասպաններ, ահաբեկիչներ ներկայացնել: Շեշտը հիմնականում դրվում է սումգայիթյան ողբերգության և Խոջալուի իրադարձությունների վրա: Նպատակը հայի նկատմամբ ատելություն սերմանելը, մեր մասին թյուր կարծիք ստեղծելն ու իրենց արդարացնելն է. իբր արձագանքել ու պատասխանել են մեր անմարդկային արարքներին: Կան նաև հայերին ու Հայաստանը, մեր պետական խորհրդանիշները` դրոշն ու նախագահին բացահայտ անարգող տեսանյութեր: Հետաքրքիր է, որ դրանք բողոքարկելիս հաճախ ավելի դժվար է հաջողության հասնելը: Ասեմ, որ Խոջալուի մասին նյութերը տեսնելով՝ մի բելոռուս օգտատեր, որ մասնակցել է պատերազմին, գրեց, որ մարդու ծիծաղ է գալիս, այնքան անհավանական բաներ են ներկայացնում: ՈՒզում եմ մեջբերել նրա խոսքերը` հայը ՙգայլ է կռվում՚, բայց հավ անգամ չի սպանի, անմեղ մարդուն հայը երբեք չի վնասի: Հայերի մասին ցանկացած հրապարակման տակ կարող եք տեսնել ադրբեջանական վիրավորական, մեղադրական մեկնաբանություններ, հաճախ լեզվակռիվ է սկսվում, նույնիսկ այդ դեպքում, հայերը տարբերվում են:

-Կարծում եք՝ ադրբեջանցիների տարածած ստահոդ լուրերը հասնո՞ւմ են իրենց նպատակին, արձագանք գտնո՞ւմ են օտարերկրացիների շրջանում:

-Օտարերկրացիների շրջանում, կարծում եմ, ոչ այնքան։ Նրանք, ովքեր հետաքրքրվում են, ունեն իրենց ձևավորված կարծիքը, բայց երբ այցելում ես ադրբեջանական էջեր, կարդում ես մեկնաբանությունները, հասկանում ես, որ այդ ստահոդ քարոզչությունը տալիս է իր արդյունքը հարևան պետության հանրության դեպքում. մարդիկ մտածում են, որ Սումգայիթի ջարդը մեր արածի պատասխանն է: Մեր նպատակներից մեկն էլ հենց համացանցում, հետևաբար և հասարակական մտածողության մեջ, Հայաստանի Հանրապետության մասին նպաստավոր կարծիք ձևավորելն է:

-Ձեր խումբը միա՞կն է իր գործառույթով:

-Միակը չէ, անհատներ էլ կան, որ բողոքարկում են իրենց նախաձեռնությամբ: Մեր խումբը, երևի մեծ թվով անդամներ ունի ու շատ ակտիվ է: Մենք հետևողականորեն, անընդհատ նոր նյութեր ենք տեղադրում, ու բողոքարկողներ միշտ լինում են: Խմբում ընդգրկված են մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից:

-Ե՞րբ է պայքարը հաջողությամբ պսակվում: Ի՞նչ ասել է գրագետ բողոքարկում:

-Գրագետ բողոքարկում ասելով նկատի ունենք առավել խոցելի նյութի ընտրությունն ու համապատասխան պատճառաբանությամբ բողոքարկումը, այսինքն` մտածված ու նպատակաուղղված: Ցավոք, ուշադրության արժանի ոչ բոլոր նյութերն են հնարավոր բողոքարկման միջոցով հեռացնել, վերլուծական, իբր պատմական փաստեր ներկայացնող տեսանյութերը բողոքարկելու համար հնարավորությունները սահմանափակ են:

-Խումբը պետական աջակցություն ունի՞: Կա՞ն անհատներ, կազմակերպություններ, որոնց հետաքրքրում է ձեր գործունեությունը:

-Պետական աջակցություն չունի, երևի տեղյակ էլ չեն մեր խմբի գոյության մասին: Անհատների ու կազմակերպությունների փորձել ենք տեղեկացնել` հետագա համագործակցության համար: Խմբի անդամներից Հայկ Առաքելյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստվում ենք գործարկել մեր կայքը, բայց դա դեռ նախապատրաստական փուլում է, քննարկվում են կառուցվածքը և մնացած մանրամասները:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ