USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

«Ցավալի է այն, ինչ տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում»

«Ցավալի է այն, ինչ տեղի է  ունենում «Ժառանգություն»  խմբակցությունում»
17.01.2014 | 00:22

«Հայաստանում պայքար է սկսվել ապագա իշխանության ձևավորման համար»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ հընթացս նշելով, որ բոլոր քաղաքական ուժերը կորցրել են կապը հասարակության հետ։ «Սրա պատճառն այն է, որ կուսակցությունների, թիմերի ներսում առաջացել են ճգնաժամեր, որոնք դժվարացնում են նրանց առաջ շարժվելը»,- ընդգծեց ակումբի հյուրը, անդրադառնալով իրենց կուսակցության ներքին խնդիրներին, մասնավորապես, կուսակցության լիդերափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Բանախոսի դիտարկմամբ, այսօր մամուլում աղավաղված բովանդակությամբ տեղեկություններ են տպվում, որոնք չեն արտացոլում իրական վիճակը։ «Այն, որ «Ժառանգությունն» էլ խնդիր ունի նոր ռազմավարությամբ հանդես գալու, կասկած չկա։ Այն, որ դա կարող է ենթադրել վարչության, կուսակցության նախագահի փոփոխություն, ոչ մեկը չի կարող հերքել կամ հաստատել, քանի որ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը։ Այնպես չէ, որ այդ խնդիրը նոր է ծագել, ու հիմա ներկայացնում են, թե վերջ, Րաֆֆի Հովհաննիսյանը ճամպրուկները կապել և գնում է»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը, հավելելով, որ Արմեն Մարտիրոսյանին կուսակցության ղեկը հանձնելու մասին լուրերը դեռ անցյալ տարվանից են շրջանառվում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայելու էր հանրապետությունից և հայտարարել էր, որ կուսակցության տեսակետը կներկայացնի Արմեն Մարտիրոսյանը։
«Ցավալի է այն, ինչ տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում։ Բայց դա արդեն փաստ է։ Բարեբախտություն է, որ այն չափազանց մեծ ազդեցություն չի ունենում կուսակցության վրա։ «Ազատ դեմոկրատներից» բաժանվելը նոր տեղի չի ունեցել։ ՈՒ դա անշրջելի է։ Հիմա, եթե ամբողջ խմբակցությունը զիջելու խնդիր լինի, դա էլ կատարված փաստ կլինի։ Մենք այս սխալի հետ ապրելու ենք մինչև հաջորդ, գուցե նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչ էլ այնտեղ հիմա տեղի ունենա, ինձ ցավ կպատճառի, բայց դա հիմք չէ, որ իմ կապերը «Ժառանգության» հետ խզվեն»,- վստահեցրեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը։
Հունվարի 18-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ հարցին՝ կհաջողվի՞ քաղաքական չորս ուժերին նաև այլ խնդիրների շուրջ համախմբվել, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Սա չորս ուժերի հանրահավաք չէ, նրանք դիտորդի կարգավիճակով կլինեն այնտեղ։ Խոսակցություններ եղան սոցիալական ցանցում, որ կա զգուշավորություն, որպեսզի քաղաքական ուժերը չվերցնեն իրենց ձեռքն այդ շարժումը և չվերափոխեն այլ բանի։ Մյուս կողմից էլ, քաղաքական ուժերի մեջ չկա ցանկություն ինչ-որ բան վերափոխելու։ Այն չի վերաձևվել իշխանության, նույնիսկ կառավարության փոփոխության խնդրի։ Հետևաբար, նաև քաղաքական ուժերի համար դա գրավիչ չէ»։
Ստեփան Սաֆարյանը խոսեց նաև միջազգային մամուլում օրերս հրապարակված մի հոդվածի մասին, որն առնչվում է Սերժ Սարգսյանին։ «Ես խորապես վստահ եմ, որ նախկինում ՀՀ ղեկավարության մասին նման հոդվածների բացակայությունն առավելապես պայմանավորված է եղել արտաքին քաղաքական դաշտում Արևմուտքին հաճելի ուղղություն հետապնդելու փաստով։ Այսօր արդեն հնչում են որոշակի նախազգուշացումներ։ Խորացման դեպքում, կարծում եմ, շատ ավելի ուշագրավ բացահայտումների կհանդիպենք»,- եզրակացրեց Ստեփան Սաֆարյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ