Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հետաքրքիր է՝ Արտաշատի պարոն գանձապետն ինչո՞վ կբացատրի օրենքի աստիճանի բարձրացրած իր կամքը

Հետաքրքիր է՝ Արտաշատի պարոն գանձապետն ինչո՞վ  կբացատրի օրենքի աստիճանի բարձրացրած իր կամքը
17.01.2014 | 11:37

Այսօր ամբողջ աշխարհը թաղված է կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի բնութագրմանն առաջին անգամ հանդիպեցի մոտ քառասուն տարի առաջ (ասեմ, որ քառասուն-հիսուն տարի առաջ աշխարհում, նաև մեր երկրում` ԽՍՀՄ-ում, խոսվում էր կաշառակերության մասին, իսկ Գորբաչովի ժամանակ շրջանառության մեջ դրվեց «ոչ աշխատանքային եկամուտներ» հասկացությունը, թեպետ առօրյա կյանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ էն ժամանակ ԽՍՀՄ-ում, նաև աշխարհում կատարվող նման կարգի բոլոր երևույթները կոռուպցիա էին) Եղիշեի «Վարդանանց» հայտնի պատմության մեջ: Կոռուպցիան բնութագրվում էր որպես ծախվածություն, բարոյական անկում, կաշառակերություն: Ինչպես նկատեցիք, կաշառակերությունը կոռուպցիայի երրորդ ատրիբուտն է: Վարդանանց պատմության մեջ հայ իշխանավորների մի մասին օտարը սիրաշահում էր՝ նրան նվիրելով կալվածքներ, հարստություն, որոնց դիմաց հայ պաշտոնյան ծախվում էր օտար իշխանությանը: Վերցնելով նվերը, ընծան կալվածքի, հարստության կամ փողի տեսքով՝ պաշտոնյան բարոյապես կորցնում էր իր կերպարը. նա դառնում էր նվիրատուի հլու-հնազանդ կամակատարը, նրա անբարո կամքի արտահայտողը: Բյուզանդական հզոր կայսրությունը կործանվեց հենց կոռուպցիայի պատճառով:
Կաշառքով անարժան մեկը հասնում է իրեն ոչ արժանի պաշտոնի, և այդ պաշտոնին նստածի համար աշխարհը ճոճք է, իսկ կյանքը՝ ծիրանագույն բուրաստան: Նա պաշտոնի բարձունքից լկտի ցինիզմով է նայում իրեն դիմողներին, նրան թվում է (ասենք ինչու է թվում, հենց այդպես էլ կա), կարող է իրեն թույլ տալ գործով իր մոտ եկողներին ընդունարանի նախասրահից դուրս հանել և հրամայել իր աշխատակցին փակել հիմնարկի մուտքի դուռը և հարյուրավոր մարդկանց դրսում տասնյոթ աստիճանի սառնամանիքի պայմաններում աստիճանների վրա սպասեցնել, այդպես ցույց տալով, որ ինքը խիստ զբաղված է, մենակ է, կառավարությունն իրեն հաստիք չի տալիս, ինքը չի հասցնում։ Իսկ դրսում կանգնած…
Տեղին է հարցնել. մի՞թե միայն շահ ստացողն է բարոյապես ընկած, թե՞ նրանից առավել նա, ով հարյուրավոր մարդկանց միջից փորձում է ճարպիկ երևալ, իր գործն առաջ տանել, սակայն վերջին հաշվով իրեն բարոյապես ստրկացնողի կամքին ենթակա, ինքն էլ է բարոյապես ընկնում: Կասեի՝ վերջինս առաջինից ավելի, որովհետև սա էլ իր հերթին շորթում է իր ենթականերից: Աստված գիտե, դա որքանով է ճիշտ, թե գումար հավաքեք, տանեմ գանձապետին տամ, որ մեր փոխանցումները, կամ էլ թե աշխատավարձը ժամանակին տա: Այստեղ օրինական հարց է ծագում՝ գյուղապետն ի՞նչ գործ ունի գանձապետի հետ: Վերջապես թող թույլ տրվի հարցնել, ո՞վ է գանձապետը ի պաշտոնե։ Գյուղապետարանների, հիմնարկ-ձեռնարկությունների հաշիվ պահո՞ղ, թե՞ թելադրող, որից պիտի հայցեն աշխատավարձ ստանալը, փոխանցում կատարելը, մահացածին ժամանակին ձեռք մեկնելը, թե՞…
Վերջապես մի հարցադրում էլ թող թույլ տրվի կատարել. արդյոք գյուղապետարանների հաշվապահները չե՞ն կարող իրենց հաշիվները պահել, համապատասխան փոխանցումներ կատարել առանց միջնորդավորված այս կառույցի: Հաշվապահները ներկա պահին չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, գուցե եզրակացնեն ոմանք: Այդ դեպքում կառավարությունը թող համապատասխան մասնագետների միջոցով տարին մեկ կամ երկու անգամ սեմինարներ կազմակերպի հաշվապահների համար և ավելորդ այդ կառույցը, որը բոլորը բնութագրում են որպես կոռումպացված, մեջտեղից կվերանա: Կոռումպացվա՞ծ է արդյոք Արտաշատի համապատասխան կառույցը, միանշանակ այո ասել չեմ կարող, բայց այն քաշքշուկը, որ առկա է Այգեստանի գյուղապետարանի փոխանցումներում, փաստ է: Հետաքրքիր է՝ Արտաշատի պարոն գանձապետն ինչո՞վ կբացատրի օրենքի աստիճանի բարձրացրած իր կամքը. «Արտն իմն է, կուզեմ՝ բակլան խաշած կցանեմ»: Ժամանակը չէ՞ արդյոք այդ կամքը օրենքով վերացնելը, որով, ըստ իս, երկրում կպակասի մի կոռումպացված կառույց:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Հարգելի պարոն վարչապետ, Դուք ճիշտ եք, այդ կառույցի գործառույթը վաղուց պիտի հանձնվեր գյուղապետարաններին:

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ