Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ես հարուստ մարդ չեմ, բայց հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ»

«Ես հարուստ մարդ չեմ,  բայց հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ»
17.01.2014 | 11:39

Այնպե՜ս եմ ափսոսում, որ առայժմ շատ բան չգիտեմ այս զարմանալի մարդու մասին, չգիտեմ հայրանունը, ծննդյան տարեթիվը, չկարողացա գեթ մի լուսանկար հայթայթել: Բայց անկեղծ երախտագիտությամբ կշարադրեմ ինչ հայտնի է: Որովհետև մի բան հաստատ գիտեմ՝ նման մարդիկ են ազգը պահել:
Երվանդ Հակոբյանը ծնվել էր Կ. Պոլսում, աղքատ ընտանիքում: Արամյան վարժարանում երաժշտություն էր դասավանդել, ապա դպրապետ եղել Սբ. Թագավոր եկեղեցում: Սակայն ուսուցչությունը տարրական կենսապայմաններ չէր ապահովում, ու Երվանդը որոշեց բիզնեսով զբաղվել: Եվ քանի որ երաժշտության մարդ էր՝ սկսեց դաշնամուրներ վաճառել: Բայց դա անհեռանկար գործ էր, «Եվրոպայի հիվանդ մարդու»՝ հետամնաց Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաքում քանի՞ մարդ կուզենար իր տանը դաշնամուր ունենալ:
Երբ 1890-ական թվականներին հայոց հալածանքները զանգվածային բնույթ ստացան, Երվանդն ասես կանխազգալով կոտորածները՝ արտագաղթեց Փարիզ: Այստեղ սկսեց զբաղվել թանկագին քարերի միջնորդական առևտրով, բայց կրկին անհաջողության մատնվեց, որովհետև մրցակցությունը մեծ էր, իսկ շահույթի զգալի մասը բաժին էր ընկնում ուղղակի մատակարարներին: Սկսեց հետաքրքրվել, թե մարգարիտները որտեղից են տեղ հասնում: Պարզեց՝ Նոր Գվինեայից, և առանց վարանելու որոշում կայացրեց: Ճանապարհ ընկավ ու բազում ամիսներ անց հասավ Սիդնեյ:
Այստեղ որոշ ժամանակ ապրեց, ընկերացավ մի օվկիանացու հետ, օրերով թրև եկավ նավահանգստում, հարցուփորձ արեց ու պատրաստվեց ճամփորդության: Նավահանգստում հանդիպեց հինգ պապուասների, որոնք առագաստանավ ունեին ու խոստացան նրան և օվկիանացուն Նոր Գվինեա հասցնել: Երբ հանդերձանքը, ուտելիքը, ջուրը, անհրաժեշտ պարագաները բարձեցին նավ, պապուասներից մեկը սեղմեց Երվանդի թևը և ազգակիցներին իրենց լեզվով ասաց. «Այս սպիտակամորթը պարարտ միս ունի ու լավ կտապակվի»: Սակայն պապուասը չգիտեր, որ սպիտակամորթը հասցրել էր սովորել նաև իրենց լեզուն...
Հենց որ բաց ծով դուրս եկան, Երվանդը 15-լիցքանի հրացանը քաշեց, պապուասներին հրամայեց հավաքվել կողք կողքի և առանց դադարի թիավարել: Դա տևեց 5 օրուգիշեր, ընդ որում, երբ Երվանդը քնում էր, հերթապահությունն ստանձնում էր ընկերը:
Հասան Նոր Գվինեա: Ափ իջան թե չէ, տեղացիներից բացի, նրանց դիմավորեց նաև եվրոպացի փոստապետը, որը Երվանդին ասաց, թե պապուասների համար ամենահամեղ խորտիկը սպիտակամորթի միսն է, և իր 13 նախորդներին արդեն կերել էին։
Երվանդը, բնականաբար, ամենևին ցանկություն չուներ պապուասի կերակուր դառնալու: Նա ընկերոջ հետ բնակություն հաստատեց... նավակի վրա, ափից ոչ հեռու, մատը մշտապես հրացանի ձգանին: Եվ այդպես՝ 4 տարի շարունակ: Նա սովորեց մարգարտաորսություն՝ անձամբ սուզվում էր ջրի հատակը, հանում կակղամորթներին ու դրանց միջից կորզում մարգարիտներ: Ապա պարբերաբար թանկագին քարերի որոշակի խմբաքանակներ առաքում էր Փարիզի բանկերից մեկը: Մարգարտախուզությանը զուգահեռ՝ ուսումնասիրեց նաև տեղացիների բարքերն ու սովորույթները և, մասնագիտական հետաքրքրությունից դրդված, նոտագրեց նրանց երգ-երաժշտությունը:
Այս կենսական առօրյային վերջ դրեց դեղին տենդախտը, հիվանդությունը Երվանդին ստիպեց թողնել Նոր Գվինեան ու վերադառնալ Փարիզ, ուր նրան սպասում էր կուտակած հարստությունը:
Հայտնի չէ հետո ինչ եղավ, բայց նա բնակություն հաստատեց Ատլանտյան օվկիանոսի ափին, Բրետան նահանգի Դինար քաղաքում, որն այն ժամանակ նոր-նոր էր կառուցապատվում և որն այսօր բարձրաշխարհիկ հասարակության հանգստավայրերից մեկն է, իսկ 1995-ին այստեղ բացվեց Գառզուի թանգարանը:
1913 թ. հունվարի 9-ին, նամակի մեջ դնելով 25 հազար ֆրանկի չեկ, որն այն ժամանակ հավասար էր 1000 անգլիական ֆունտ սթեռլինգի, ուղարկեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պողոս Նուբարին, մասնավորապես գրելով. «Ես հարուստ մարդ չեմ, բայց հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ… Ներփակ Ձեզ կը հանձնիմ 25000 ֆրանքի չեք մը մեր սիրելի Միութեան համար և կը խնդրեմ, որ իմ համեստ նվիրատվութեանս տարեկան տոկոսները հատկացնիք Սասունի Դալվորիկ գիւղի պէտքերուն: Պէտք ըսելով կը հասկնամ նպաստ հիշեալ գիւղի դպրոցին, որբերուն կամ քաջալերութիւն երկրագործութեան»:
Իսկ 1919 թ. հունվարի 1-ին կազմեց հետևյալ բովանդակությամբ կտակ.
«Ստորագրյալս՝ Երվանդ Հակոբյան, ծնված Կ. Պոլսում, ամուրի, առանց զավակի, բնակիչ Դինարի (Իլ-է-Վիլեն գավառ), ֆրանսիական հպատակ, լինելով մարմնով և մտքով առողջ, ցանկանալով անել իմ կարգադրություններն այն օրվա համար, երբ իմ ժառանգությունը կսկսի, արեցի սույն կտակը՝ ամբողջապես իմ ձեռքով գրված.
1. Տասը հազար ֆրանկ՝ հայկական «Միացյալ ընկերությանը», որի նստավայրն է Կ. Պոլիսը, օժանդակելու համար վերականգնմանը այն դպրոցների, որոնք վնասվել են 1914 թ. պատերազմի հետևանքով:
2. Տասը հազար ֆրանկ ընտանիքներին այն նավաստիների, որոնք սպանվել, խեղդվել և ամենից շատ չարչարվել են «Դեզե», «Գիշան», «Ադմիրալ Շառնել», «Ֆուդր» և «Դ’Էտրես» նավերի վրա, արիաբար աջակցելով Մուսա լեռան վրա ապաստանած 5000 հայերի ազատագրման գործին, վերջին ֆրանկո-գերմանական պատերազմի ժամանակ:
3. Իմ շարժական և անշարժ կայքը Հայաստանի Պետին (Մեծ Հայաստան- Վան, Էրզրում), հայկական որբանոց հիմնելու համար, ուր պիտի հավաքվեն հայ ազգի և հայ ծնողներից ծնված որբերն ու որբուհիները:
Փափագս է, որ հայ ազգային ուսուցումը, ինչպես և ֆրանսերենը, այնտեղ լինեն պարտադիր:
Ինչ վերաբերում է որբանոցի հիմնմանը, այնտեղ ընդունվելիք որբերի քանակին, նրանց պահպանման, ինչպես նաև ուսուցման ծախսերին ու ռոճիկներին և այլն, ապա որբանոցի երկրի ու տեղի ընտրությունը և նման հարցերի որոշումը ես ամբողջովին թողնում եմ Հայաստանի Պետի բացարձակ հայեցողությանը:
Կազմվեց Դինարում, 1919 թ. հունվարի 1-ին:
Երվանդ Հակոբյան»:
Կտակարարը վախճանվեց 1923 թ. դեկտեմբերի 3-ին, Դինարում:
25 հազար ֆրանկ գումարի տոկոսները մինչև 1925 թ. մնացին անգործադրելի: Նույն թվականի դեկտեմբերի 31-ին ՀԲԸՆ-ն որոշեց գոյացած տոկոսները, այն է՝ 415 ֆունտ սթեռլինգ, ուղարկել Հայաստան՝ Արագածի լանջերին վերաբնակեցված սասունցիների գյուղերից մեկում վարժարան հիմնելու համար, և գումարն ուղարկեց Հայաստան:
Ե. Հակոբյանի կտակի դրամագլուխը՝ տոկոսներով, հավասար էր շուրջ 400 հազար ֆրանկի:
Վախճանից հետո նրա ժառանգները՝ Հակոբ Հակոբյանը, Նարդիկ Հակոբյանը և Վերգինե Հակոբյանը, դատ են բացել կտակի վավերական լինելու դեմ, մասնավորապես փաստարկելով, որ 1) Մեծ Հայաստան՝ Վանով և Էրզրումով, գոյություն չունի, 2) կտակը գրված է 1919 թվականին, մինչդեռ թղթի վրա կա 1920 թվականի ջրանշան: Սրա հիման վրա ֆրանսիական դատարանը 1923 թ. դեկտեմբերի 3-ի վճռով մերժեց Հայաստանի կառավարության պետի՝ Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինի հայցը:
Երկրորդ անգամ, վերաքննության կարգով, խնդիրը քննվեց 1926 թ. հունիսի 23-ին՝ Ռենի քաղաքային դատարանում: Հայաստանի շահերը պաշտպանեց փաստաբան Մարմարյանը: Նա ապացուցեց, որ, նախ, Հայաստանը դաշնակից, բայց անկախ պետություն է, որ, ճիշտ է, Վանն ու Էրզրումը չեն մտնում Հայաստանի սահմանների մեջ, սակայն վանեցիներն ու էրզրումցիներն ապրում են ներկայիս Հայաստանում, և որ Հայաստանի պետությունն ունի իր պետը՝ համաձայն իր սահմանադրության՝ Հայաստանի Կենտգործկոմի նախագահը:
Այդ տեսակետից Հայաստանի փաստաբանը դատը շահեց, սակայն վերջնական որոշում չկայացվեց կտակի մի շարք ձևական թերությունների պատճառով (տարեթվի խնդիր և այլն):
Բայց դա այժմ կարևոր չէ: Երվանդ Հակոբյանն ի՞նչ սիրտ պիտի ունենար, որ տանջանքով, քրտինքով, կյանքի գնով վաստակածը նվիրաբերեր ազգին ու գրեր. «…Հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ