Չինաստանի Շանհայ քաղաքում բողոքի ակցիաներ են. ցուցարարները դժգոհ են կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանությունների չափազանց կոշտ միջոցներից, պահանջում են վերացնել արգելափակումները և վերադառնալ բնականոն կյանքին։               
 

«Այս քաղաքում ամեն ինչ հանգիստ է արդեն 1500 տարի»

«Այս քաղաքում ամեն ինչ հանգիստ է արդեն 1500 տարի»
17.01.2014 | 15:06

Հեղինակ-կատարող ԿԱՐԵՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ հազարից ավելի երգերի, մեծ թվով աֆորիզմների հեղինակ է, նկարում է, պատմվածքներ գրում: Մեր զրույցի թեման հեղինակային երգն է, մեր ժամանակը: Հարցերը, որոնց պատասխանում է Կարեն Մամիկոնյանը, հիմնականում քաղված են նրա երգերից:


-Բաժանումները պատահական լինո՞ւմ են:
-Ոչինչ պատահական չի լինում:
-Իսկ հանդիպումնե՞րը։
-Ոչինչ: Այսինքն, այն, որ ես և դուք պետք է հանդիպեինք, արդեն կանխորոշված էր:
-Կարոտների հետ ի՞նչ եք անում:
-Վայելում եմ: Ես վայելում եմ ամեն ինչ` և կարոտը, և բաժանումը: Գորշ մարդկանց է տրված հին օրերին, հին կարգերին, հին մարդկանց կարոտելը:
-Ի՞նչն է փոխվել աշխարհում:
-Մտածելակերպն է փոխվել, մարդիկ դարձել են ծույլ: Առաջ նամակներ էին գրում, հիմա sms, միմյանց տեսնելու համար կիլոմետրերով ճանապարհ էին անցնում, հիմա սկայպով են խոսում: Ո՞նց են շանը կապում շղթայով իր բնին, կամաց-կամաց մարդը շղթայով կապվում է համակարգչին, հեռուստացույցին, հեռախոսին, սոցցանցերին: Երևի սատանան գտավ ունիվերսալ միջոցը, որով կարելի է մարդուն գամել մի տեղ և իմանալ նրա բոլոր պահանջմունքներն ու «բավարարել»:
-Իսկ մեր քաղաքի մասին ի՞նչ կասեք:
-Քաղաքը շատ վատ տեղ է: Աշխարհի բոլոր քաղաքները, որտեղ մարդիկ հավաքվում են, բացասական էներգիայի կետեր են: Կան դրական կետեր, որտեղ մարդ չկա: Բնության գրկում միանգամից հանգստություն եք զգում: Մեծ քաղաքը, եթե դու չունես պաշտպանություն, քեզ միանգամից հոգնեցնում է: Եթե կարողանաս անընդհատ «պոկել» քաղաքից, այդ դեպքում քաղաքը հրաշալի տեղ կլինի:
-Ի՞նչ եք «պոկում» դուք:
-Ես` վայելք, որն արտահայտվում է երգերով, նկարներով, աֆորիզմներով:
-Ձեր երգերը մեղմ են, չտխրեցնող ու բարի... Երգը խառնվա՞ծք է:
-Գուցե, բայց չէի ասի, թե մեղմ են, բարի: Իմ երգերը ռեալ են, ես երգում այն, ինչ տեսնում եմ
-Կենսաբան եք, դեղագործ, անասնաբույժ: Հեղինակային երգեր գրելու համար անպայմա՞ն է ոչ երաժշտի մասնագիտությունը:
-Ես երաժիշտ չեմ, ես երգահան եմ, պոետ: Պոետի համար էական չէ մասնագիտությունը, պետք է Աստծո կայծը լինի և կապը այն ոլորտների հետ, ոտեղից ձեզ մի բան տալիս են:
-Պատմվածքներ եք գրում, տպագրվե՞լ են դրանք, ընթերցողը ճանաչո՞ւմ է արձակագիր Կարեն Մամիկոնյանին:
-Իհարկե ոչ: Մեկ-երկու գործ է տպագրվել «Աղբյուր» հանդեսում: Պատմվածքը կոչվում էր «Ճագար», իրենք դարձրել էին «Նապաստակ», ասում են` որովհետև ճագարը ընտանի է, նապաստակը` վայրի: Մինչդեռ ճագարն ու նապաստակն իրար հետ ոչ մի կապ չունեն, եթե իրենց խաչասերես, սերունդ չեն տա, տարբեր կենդանիներ են:
-Զբաղվում եք նաև նկարչությամբ: Ցուցահանդես ունեցե՞լ եք: Կարող էիք համատեղել գրքի շնորհանդեսը, մենահամերգն ու ցուցահանդեսը:
-Եղել է նման բան, իմ 50-ամյակի առիթով ընկերներս կազմակերպեցին, տպագրեցին գիրքս 50 օրինակով, ուր և՛ նկարներս են, և՛ աֆորիզմները, և՛ պոեզիան, և՛ «Հնարավոր է» սկավառակը:
-Եվս մի քանի հարց ձեր երգերից: Քաղաքում ամեն ինչ հանգի՞ստ է:
-Ինչպես միշտ: Այս քաղաքում ամեն ինչ հանգիստ է արդեն 1500 տարի: Երբ կարդացի Խորենացու ողբը, հասկացա, որ 1500 տարի այս քաղաքը հանգիստ է, և ոչինչ չի փոխվել:
-Ստեղծագործելը մենակության ձևերի՞ց է:
-Ինձ համար` ոչ, որովհետև դա շփվելու միջոց է վերին ոլորտների հետ: Երբ գիտես, որ կա ինֆորմացիոն դաշտ, կատարյալ դաշտ, որտեղ բոլոր երգերն արդեն գրված են, բոլոր աֆորիզմներն ասված են:
-«Եթե երգիչների քանակն ավելանում է լսողների քանակից, ուրեմն շահավետ ձև են գտել մարդկանց խաբելու կամ կորցնելու անարժեքը»: Հեղինակային երգն, ասում են, մտածող մարդկանց մասին է, իմ կարծիքով` քեզ պես մտածող մարդկանց համար է: Իսկ նրանք շատ լինել չեն կարող, այդպես չէ՞:
-Մի առիթով ասել եմ, որ հայկական էստրադան ու ռաբիսը ցածրակարգ խավի համար են, բարձր խավը լսում է դասական երաժշտություն, իսկ հեղինակային երգ լսում է ընտրյալ խավը: Ինչո՞վ է առանձնանում հեղինակային երգը: Մեծ թվով հեղինակային երգեր կան, որ ոչնչով չեն տարբերվում հայկական էստրադային կամ ռաբիս երգերից: Հեղինակային երգը ժամանակակից է, խոսում է այն ամենի մասին, ինչ դու ես մտածում: Լա՛վ հեղինակային երգը: Եվ դա քոնն է: Սայաթ Նովան էլ քոնն է, բայց լսում եք, 70 տոկոսը չեք հասկանում` ի՞նչ երգեց, ի՞նչ ասաց, ուրիշ մշակույթ է, ուրիշ մտածելակերպ, ուրիշ ժամանակ: Ինչպե՞ս կարող է ձեզ բավարարել, եթե համակարգիչ չի տեսել: Նույնը՝ դասական երաժշտությունը, այն բոլորի համար է, բայց հենց ձերը չէ:
-Ձեր աֆորիզմներից մեկը շատ եմ հավանում: Ասում եք. «Վերջին խոսքը միշտ տղամարդունը պետք է լինի՝ ներիր, սիրելիս»: Հնարավո՞ր է:
-Այո: Մեկ է, կնոջը չես կարող մտափոխել: Հայ տղամարդը կնոջը մտափոխելու խնդիր չունի: Հայ կինը շատ ճիշտ է մտածում, գործունյա է, ամեն ինչ հաջողվում է նրան, բացի քաղաքականությունից: Քաղաքականության մեջ հայ կինը անտանելի է:
-«Մարդկանց մեծ մասն ապրում է այն հույսով, որ Աստված ուրիշներով է զբաղված»: Իսկ մտավախություն չե՞ք ունենում որ Աստված զբաղված է ուրիշներով ու մոռացել է ձեզ:
-Ընդհակառակը, Աստված միշտ հիշում է ինձ, մեկ-մեկ էլ հիանում է ինձնով, մանավանդ, երբ ես գրում եմ մի բան, որը ես չէի կարող գրել:
-«Քո մեջ օրենքով Աստծուն պատկանող տարածքը աղբով մի՛ լցրու» Ո՞ր տարածքն է դա:
-Ամբողջը: Ամբողջ ներաշխարհը պատկանում է Աստծուն և չի կարելի այն ախտոտել:
-«Տե՛ր իմ, օգնիր` չկորցնեմ ինձ, որովհետեւ չգիտեմ՝ ով է գտնելու»: Կորցրե՞լ եք ձեզ երբևէ:
-Չգիտեմ, գուցե չեմ էլ գտել: Մարդը երեք հարցի առաջ է կանգնած` ո՞վ է ինքը, որտեղի՞ց է և ո՞ւր է գնում: Դուք տալիս եք հարց, որի պատասխանը ոչ ոք չի գտել:
-Ծրագրերի մասին:
-Շուտով լույս կտեսնի ռուսերեն երգերիս ձայնասկավառակը: ՈՒղղակի մի օր ընկերս ասաց, որ ուզում է ֆինանսավորել ձայնասկավառակս, բայց ռուսական երգերի: Ինքնատիպ ալբոմ է, բոլոր երգերը աֆորիզմներով են:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ