Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը

Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը
21.01.2014 | 01:10

Սույն թվականի հունվարի 14-ին «Новое время» թերթում կարդացի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի հոդվածը, որն օրեր շարունակ խորհելու և մտածելու տեղիք է տալիս: Մեր ժամանակի հզոր և հարուստ, միլիարդանոց ազգաբնակչությամբ երկրի դեսպանը, ի դեմս մեզ, փոքր երկրին ոչ միայն դիվանագիտական խելացի դասեր է տալիս, այլև դաշնակից է ման գալիս: Իր այդ հոդվածով դեսպան Թիան Չանչունը ցույց է տալիս, որ անկախ լսարանի մեծությունից և հզորությունից, դիվանագետը պիտի աշխատի, անմնացորդ ներկայացնի իր երկրի շահը: Այդ հոդվածի կապակցությամբ մտորումներս թղթին հանձնելուց առաջ կցանկանայի մի երկու բառով ընթերցողին ներկայացնել դեսպանի հոդվածի իմաստը: Տասնյակ տարիներ առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն չինացիների, այլև աշխարհի հազարավոր մարդկանց արյան գնով: Մենք դեռևս լավ ենք հիշում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին չինացիների հետ սովետական բանակի կազմում ուս ուսի տված կռվում էին հազարավոր հայ զինվորներ, որոնք իրենց պատմական ներդրումն են կատարել ճապոնացի նվաճողներից Չինաստանի ազատագրման գործում: Այստեղ տեղին հարց է ծագում` իսկ ի՞նչ է անում Չինաստանում Հայաստանի դեսպանը: Այդ ո՞ր հայ պատմաբանն է ուսումնասիրել այդ թեման և վեր հանել այն զինվորների անունները, որոնք իրենց արյունն են տվել այդ մեծ երկրի ազատագրման համար: Հետաքրքիր է, Չինաստանում Հայաստանի դեսպանը երբևէ հետաքրքրվե՞լ է այդ թեմայով, կամ էլ երբևէ չինական որևէ թերթում շարադրե՞լ է իր մտքերը այդ զինվորների երկրի, հայ-չինական վաղեմի բարեկամական կապերի մասին, փորձե՞լ է երբևէ միջնորդել չինական պետությանը նրա ազատության համար մեռած զինվորների պատվին հուշարձան կանգնեցնել, կամ էլ որտեղ են թաղված այդ զինվորները: Հայ դեսպանը երբևէ փորձե՞լ է այդ հզոր երկրում խոսել ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության, հայոց գենոցիդի (դիտավորյալ չասացի եղեռն, որովհետև գենոցիդին համարժեք այդ բառը ոմանք դիվանագիտորեն օգտագործում են իրերն իրենց անունով ուղղակի չասելու համար) մասին: Ո՞րն է չին դեսպանի զայրույթի պատճառը և նրա ուսանելի դասերը մեր դեսպանների համար: «Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2013 թվականի դեկտեմբերի 26-ին այցելել է Յասուկունի վանք, որով բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել բոլոր այն ժողովուրդներին և պետություններին, որոնք տուժել են ճապոնական միլիտարիզմի ագրեսիայից»,- գրում է դեսպանը:
Այստեղ կուզենայի հարցնել` մեր երկրի դեսպանները Սումգայիթի, Բաքվի ջարդերի, հայ գենոցիդի թեմայով երբևէ հոդվածներով հանդես եկե՞լ են իրենց դեսպանած երկրներում, թե՞ ոչ: Հիշում եմ մի պատմություն: Տարիներ առաջ աղջիկս սովորում էր Հռոմում: Հռոմից զայրույթով էր գրում, թե ինչպես իտալական հեռուստատեսությամբ քրդերը ելույթ են ունենում և ամբողջ Արևմտյան Հայաստանը ներկայացնում որպես իրենց բնօրրան: Իսկ թե ուր էր նայում մեր դեսպանը, Աստված գիտի: Գուցե ոմանք կասեն, թե էն ժամանակ անփորձ էին մեր դեսպանները: Իսկ ես կասեմ, որ այստեղ դիվանագետ լինելը պարտադիր չէ, այլ գրագետ և իր պատմությունը լավ իմացող և համարձակ մարդ է պետք:
«Այդ վանքն առայսօր,- գրում է դեսպանը,- ստիպում և բացահայտ արդարացնում է իր ագրեսիան, պատերազմի «Ա» դասի հանցագործներին ներկայացնելով որպես հերոսների և պրոպագանդում է բացահայտ միլիտարիստական աշխարհայացք»:
Մի՞թե այսօր նույնը չէ Թուրքիայի պարագայում: Հայ ժողովրդի դահճի արձանն են դնում, փողոցներ են կոչում նրանց անուններով, ներկայիս վարչապետ Էրդողանն իր վարքագծով և գործունեությամբ իսկ և իսկ Թալեաթ է: Հապա Դավութօղլո՞ւն: Վազգեն Մանուկյանը հանդիպում է վերջինիս հետ Երևանում և հիշեցնում, որ տատն ու պապը զոհ են գնացել թուրքի յաթաղանին, որին Դավութօղլուն հիշեցրել է իրենց զոհերի մասին և ցինիկորեն ասել, թե ես կաղոթեմ նրանց հոգիների համար: Որ Վազգեն Մանուկյանն իր մեջ ջարդել է թուրք պաշտոնյայի բացասական կերպարը, դա իր գործն է, բայց թող ուրիշին չփորձի տանել իր հետքով: XXI դարի Էրդողանը, Դավութօղլուն XX դարասկզբի թուրք արյունարբուներից ոչնչով չեն տարբերվում:
Դեսպանի վերջում արտահայտած միտքը, թե այսօր Չինաստանը վարում է բարիդրացիական և բարեկամական քաղաքականություն, անշեղորեն գնում է խաղաղ զարգացման ճանապարհով և Հայաստանի ու մյուս երկրների հետ կուժեղացնի իր ուժերը, որ հաղթանակի պատմական ճշմարտությունը, և կայուն խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում:
Այսօր չին դեսպանի նշած պատմական ճշմարտությունը բոլորից շատ վերաբերում է մեզ` հայերիս: Իսկ այդ ճշմարտության վերականգնման ճանապարհին այսօր դարձյալ կանգնած է Թուրքիայի ռեակցիոն կառավարությունը` Էրդողանի գլխավորությամբ: Նրա տված հրահանգները թուրք դիվանագիտական կորպուսին հայ ժողովրդի գենոցիդի 100-ամյակին դիմակայելու և խանգարելու աշխարհի շատ երկրների կողմից նրա ճանաչմանը, ևս մեկ անգամ հաստատում են Շահան Նաթալիի խոսքերը. «Թուրքն ավազակ է, եթե քաղաքակրթվի, կդառնա քաղաքակիրթ ավազակ»: Թուրքը գերմանացի չէ և ոչ էլ Էրդողանը` Վիլլի Բրանդ:
ՈՒրեմն ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը մինչև 2015-ի ապրիլի 24-ը: Պատրաստել համառոտ ակնարկ, հայոց գենոցիդի պատմություն, այնտեղ ներառելով այլազգի ականատեսների վկայությունները, արխիվներում առկա սահմռկեցուցիչ նկարներով և այլ փաստերով ու դեսպանատների միջոցով ուղարկել տվյալ երկրի ողջ ղեկավարությանը: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի միջոցով տարածել այն ՄԱԿ-ում և միջնորդել գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ում 100-ամյակի կապակցությամբ որպես առաջին գենոցիդը դատապարտող փաստաթուղթ ընդունել:
Ըստ իս, Չինաստանի դեսպանի հոդվածը մեր դիվանագիտությանը ուսանելի դասեր է տալիս:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ