Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞Ւմ համար է ղողանջում միտինգի զանգը

Ո՞Ւմ համար է ղողանջում միտինգի զանգը
21.01.2014 | 01:29

Կարելի՞ է ասել` Քոչարյան-ՀՀԿ փոխհրաձգության ֆոնին անցկացված միտինգը քաղաքական նոր սեզոնի մեկնարկն էր: Մասամբ: Հատկապես ո՞ւմ համար: Հարցն առկախ է:
Արձանագրենք` կողմերն այս խաղում շատ չեն: Դեռևս հստակ չէ նաև հարցադրումը` գեոխաղացողները որքա՞ն են շահագրգիռ հայաստանյան ներքաղաքական նոր դասավորությամբ և արդյո՞ք շահագրգիռ են:
Այնուհանդերձ, հունվարի 18-ին տեղի ունեցավ վերջին շրջանի ամենամարդաշատ հավաքը: Միտինգի «նոու-հաուն» այն էր, որ բոլորովին անծանոթ դեմքեր, այլ կերպ ասած` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին մոդերատորի դերում, չնայած չորս հայտնի կուսակցությունների բեք-վոկալին:
Միտինգը, կարելի է ասել, ընդամենը մկանների ցուցանք էր կողմերի համար:
ա) Քոչարյանը ցանկացավ Սերժ Սարգսյանին ցույց տալ` էսքան մարդ ունեմ, էս մարդիկ հանգիստ-եկել-«կաղնել» են հրապարակում, առայժմ` հանգիստ, հետո՝ կերևա: Ի՞նչ ես ասում:
բ) Ոչ մի բան՝ «ասաց» Սարգսյանը ի պատասխան. ինչքան քոնն են, էնքան էլ` իմը: Նույն ԲՀԿ-ն, նույն ՀՅԴ-ն, ՀԱԿ-ից մնացել է «կամուֆլյաժը», իսկ «Ժառանգության» մասին մի քիչ անհարմար է խոսելը: Ինչ վերաբերում է քաղաքացիականի ժողովրդին, հայտնի չէ՝ խոշոր հաշվով ում «տակն» են նրանք` ի՞մ, թե՞ քո:
Այսինքն, ոչ ոք բացառել չի կարող, որ ինչ-որ պահի Սերժ Սարգսյանը կրկին կարող է հայտնվել սույն «ապամոնտաժողների» կողքին ու ասել` «սիրուն չի, տղերք», և անղեկավարելի քաոսը կդարձնի ղեկավարելի՝ «մի ուրիշ ձև»:
գ) Դա էր պատճառը, որ կողմերից ոչ մեկն իր խաղաքարտերը չբացահայտեց մինչև վերջ: Քոչարյանի խաղը նույնպես բավականին «ղեկավարելի» էր՝ չկային քաղաքական պահանջներ, չկար նույնիսկ Անդրիաս Ղուկասյանը: Ավելին, Քոչարյանն այնքան է «առաջ» գնացել քաղտեխնոլոգիայի բնագավառում, որ թույլ էր տվել Անդրիասը իր մասին շատ «թթու» խոսի` մի երկու օր առաջ, որպեսզի հետո «ի պիտո օգտագործել» լինի:
դ) Իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա այս միտինգը շատ ավելի ձեռնտու էր Սերժ Սարգսյանին, քան այլ «մեկին» (սխալ չկարդաք): Ինչո՞ւ: Շատ պարզ: Նույն Րաֆֆու տեխնոլոգիայի հանգույն` «օդ» բաց թողնվեց, և որքան էլ ցավալի է, ժողովուրդ բերվեց միտինգի, պտտեցվեց Երևանով մեկ, քոչարի պարեցվեց, ուղարկվեց տուն:
Այնքան, որ ոչ անհայտ Զորավարը նույնիսկ հարկ չհամարեց գալ և աղոթել ժողովրդի հետ: Ակնառու էր, որ ոստիկանները շատ անհանգստացած չեն, ոչ մեկը մարզերից չէր խոչընդոտել, որ «իշխանական ռեկետի» վրա տնքացող ԲՀԿ-ի լիդեր Գագիկ Ծառուկյանը շատ խաղաղ ու հանգիստ ցուցարարներ բերի, հասցնի Երևան` «մասովկան» ապահովելու համար:
Հացը` հաց, բայց թե՛ մարզերից, թե՛ բուն Երևանից եկած ժողովուրդը նաև թատրոն է սիրում: ՈՒ միտինգները կարող են երկար կյանք ունենալ երկու դեպքում. եթե կա էներգետիկա, ու կա թատրոն: Երկուսն էլ բացակայում էին:
Ընդ որում, գնդակն այս պահին որևէ մեկի դաշտում չէ. Սերժ Սարգսյանը սոցիալական բումի էներգիան պարպեց լավագույնս, Քոչարյանն էլ ցուցանեց, որ կարող է «էսքան թիվ» ժողովուրդ հանել Ազատության հրապարակ:
Կարևորը շարունակությունն է:
Եթե լինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ